Բժիշկը զգուշացրել է չափից շատ եփած խորովածի վտանգների մասին
Թերապևտ և գաստրոէնտերոլոգ, «Семейная» կլինիկաների ցանցի բժիշկ Այսել Մամեդովան բացատրել է, թե ինչու չի կարելի չափից շատ տապակել խորովածը։ Այս մասին նա զգուշացրել է «Лента.ру»-ի հետ զրույցում։
Մամեդովայի խոսքով՝ երկարատև ջերմային մշակման ընթացքում կրակի վրա մսի մեջ առաջանում են քաղցկեղածին նյութեր, օրինակ՝ պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններ։ Այս նյութերը նպաստում են օրգանիզմի վաղաժամ ծերացմանը։
Բժիշկը նշել է նաև, որ հատկապես վտանգավոր է ուտել այրված, սևացած կեղևով միսը, քանի որ այն կարող է վնասել ստամոքսաղիքային համակարգը։
Նրա խոսքով՝ ամենավտանգավորներից են նաև այրված երշիկները և այլ մսային արտադրանքներ, քանի որ դրանք պարունակում են շատ աղ և համի ուժեղացուցիչներ, իսկ տապակման ընթացքում դրանցում առաջանում են առավելագույն քանակությամբ քաղցկեղածին նյութեր։
Առողջական խնդիրների ռիսկը նվազեցնելու համար բժիշկը խորհուրդ է տվել խորովածը պատրաստել այնպես, որ միսը չայրվի։ Կարևոր է նաև այն ուտել շատ բանջարեղենի հետ, այդ թվում՝ գրիլի վրա պատրաստված։ Բանջարեղենը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք չեզոքացնում են վնասակար նյութերը, ինչպես նաև մանրաթել, որը նպաստում է ավելի լավ մարսողությանը։



