Հանտավիրուս․ ինչ է այն, որքան է տարածված և ինչ վտանգ է ներկայացնում
Վերջին օրերին աշխարհում նորից ուշադրության կենտրոնում է հայտնվել հանտավիրուսը՝ զբոսանավերից մեկի վրա արձանագրված դեպքերի պատճառով։ Թեև այս վիրուսը նոր չէ բժշկության համար, այն շարունակում է մտահոգել մասնագետներին իր ծանր հետևանքների պատճառով։
Հանտավիրուսը վիրուսների խումբ է, որը հիմնականում փոխանցվում է կրծողների միջոցով։ Մարդը կարող է վարակվել վարակված կենդանիների մեզի, կղանքի կամ թքի մանր մասնիկները շնչելու կամ դրանց հետ շփման արդյունքում։ Ի տարբերություն շատ վարակիչ հիվանդությունների՝ հանտավիրուսը սովորաբար մարդուց մարդուն չի փոխանցվում, բացառությամբ որոշ հազվադեպ տեսակների։
Մասնագետների տվյալներով՝ հանտավիրուսն առավել տարածված է ԱՄՆ-ում, Չինաստանում, Ռուսաստանում, Արգենտինայում և Չիլիում։ Այն համարվում է համեմատաբար հազվադեպ վարակ, սակայն վտանգավոր է իր ծանր ընթացքի պատճառով։
Հիվանդությունը սկզբնական փուլում հաճախ հիշեցնում է սովորական վիրուսային վարակ՝ բարձր ջերմություն, մկանացավ, գլխացավ, ընդհանուր թուլություն։ Սակայն որոշ դեպքերում այն կարող է արագ անցնել թոքային ծանր ախտահարման՝ առաջացնելով շնչառական խնդիրներ, ինչը կարող է կյանքին վտանգ սպառնալ։
Բժիշկները նշում են, որ հանտավիրուսի որոշ տեսակների դեպքում մահացությունը կարող է հասնել մինչև 30-40 տոկոսի, հատկապես, եթե հիվանդն ուշ է դիմում բուժօգնության։
Վերջին օրերին միջազգային լրատվամիջոցները հաղորդում են հանտավիրուսի հնարավոր բռնկման մասին զբոսանավում, ինչի պատճառով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և տեղական առողջապահական կառույցները հետևում են իրավիճակին։
Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել կրծողների հետ շփումից, պահպանել բնակավայրերի մաքրությունը և զգուշություն ցուցաբերել հատկապես փակ, երկար ժամանակ չօգտագործված տարածքներ մաքրելիս։
Թեև ընդհանուր բնակչության համար ռիսկը շարունակում է մնալ ցածր, մասնագետները զգուշացնում են՝ ախտանիշների դեպքում անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի, քանի որ վաղ ախտորոշումը կարևոր նշանակություն ունի։
Ինչ է տեղի ունեցել MV Hondius զբոսանավում
Վերջին օրերին հանտավիրուսի շուրջ միջազգային անհանգստության հիմնական պատճառը դարձել է հոլանդական դրոշով գործող MV Hondius զբոսանավը, որտեղ արձանագրվել է վիրուսի հազվադեպ բռնկում։
Նավն ապրիլի սկզբին մեկնել էր Արգենտինայից դեպի Հարավային Ատլանտիկայի և Անտարկտիկայի ուղղությամբ գիտարշավային ուղևորության՝ շուրջ 150 ուղևորով և անձնակազմի անդամներով։ Ուղևորության ընթացքում մի քանի ուղևորների մոտ ի հայտ են եկել բարձր ջերմություն, թուլություն և շնչառական խնդիրներ։ Սկզբում ախտանշանները չեն կապվել հանտավիրուսի հետ, սակայն վիճակն արագ ծանրացել է։
Այս պահի տվյալներով արձանագրվել է առնվազն 7 դեպք, որոնցից 3-ը՝ մահվան ելքով։ Մահացածների թվում եղել են հոլանդացի ամուսնական զույգ և մեկ գերմանացի ուղևոր։
Առանձնահատուկ մտահոգիչն այն է, որ հաստատվել է վիրուսի Andes strain տեսակը՝ այն հազվադեպ ենթատեսակը, որը կարող է փոխանցվել նաև մարդուց մարդուն՝ շատ սերտ շփման դեպքում։ Սա է պատճառը, որ առողջապահական մարմինները սկսել են միջազգային կոնտակտների որոնում, քանի որ ուղևորների մի մասն արդեն հասցրել էր լքել նավը մինչև վարակի հաստատումը։
Նավը սկզբում կանգ էր առել Կապե Վերդեի մոտ, սակայն տեղական իշխանությունները սահմանափակել էին մուտքը։ Այժմ այն ուղևորվում է դեպի Տեներիֆե, որտեղ նախատեսվում է ամբողջական բժշկական զննում, կարանտին և ախտահանում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գնահատում է, որ ընդհանուր հանրային ռիսկը շարունակում է մնալ ցածր, սակայն դեպքը դիտարկվում է որպես աննախադեպ, քանի որ հանտավիրուսի նման բռնկումները փակ միջավայրում՝ միջազգային ուղևորներով, չափազանց հազվադեպ են։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում ևս իրավիճակը վերահսկելի է, և բնակչության համար վտանգ չկա։
«Հանտավիրուսի տարածման ռիսկը մեր երկրում ներկայումս գնահատվում է ցածր, իսկ առողջապահական կառույցները շարունակում են հետևել միջազգային համաճարակաբանական զարգացումներին։ ԱՀԿ-ն այս պահին խորհուրդ չի տալիս կիրառել որևէ ճանապարհորդական կամ առևտրային սահմանափակում»։
Սիրարփի Աղաբաբյան



