Դուք ի՞նչ եք ասում, մսյո Մակրոն, որ Սարկոզիի սիլուե՞տն է եկել Հայաստան, թե՞ Օլանդի, թե՞ վաստակաշատ Ժակ Շիրակի. Արմեն Հովասափյան
Այսօր՝ մայիսի 8-ին, Հայաստանում պաշտոնապես մեկնարկում է հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Մայիսի 8-ը նաև հիշարժան է պատմական նշանավոր իրադարձություններով, մասնավորապես՝ Շուշիի հաղթական օպերացիայով։ 1992 թ. մայիսի 8-ին հայկական զինուժն ու կամավորական ջոկատներն ազատագրեցին հայկական Շուշին ադրբեջանական գերությունից՝ նշանավորելով Արցախյան ազատամարտի և Հայոց նորագույն պատմության ամենափառավոր էջերից մեկը։
Ճակատագրի հեգնանքով կամ էլ զարմանալի զուգադիպությամբ՝ այդ նույն ամսաթվին՝ 2018 թ. մայիսի 8-ին, Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ընտրվեց ՀՀ վարչապետ՝ գալով Հայաստանում իշխանության՝ դրանից բխող բոլոր ծանրագույն հետևանքներով, այդ թվում՝ նույն հայկական վերստին օկուպացումով ու գերեվարումով։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս թեմաների շուրջ իր տեսակետները հայտնեց ՀՀԿ խորհրդի անդամ, քաղաքագետ Արմեն Հովասափյանը՝ ընդգծելով, որ երբևէ Հայաստանում այսպիսի թունավոր միջավայր չի եղել, այսքան կեղտոտ բառամթերք ու ատելության խոսք չի գրանցվել հանրային խոսքում։

«Կասկած չունեմ, որ Փաշինյանի թիմն ավելացնելու է գռեհկաբանությունը, սպառնալիքները, մատթափտվոցիները, «ասֆալտին փռելը», «գետնով տալը», «պատերին ծեփելը»՝ այս բառերն առաջիկա մեկ ամսվա ընթացքում շատ ենք լսելու։ Վերջին 20 տարվա մեջ նման կեղտոտ բառամթերք երբևէ լսած չկամ՝ ինչ լսում եմ վերջին հատկապես մեկ տարվա մեջ։
Այն բառապաշարը, որ սրանք են շաղ տալիս, այսքան ատելության խոսք, այսպիսի տոքսիկ միջավայր երբևիցե գոյություն չի ունեցել Հայաստանում։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը երեկվանից է սկսել իր քարոզարշավը՝ Կառավարության նիստում։ Ժամացույցով ֆիքսել եմ՝ 77 րոպեանոց նիստ էր, որից 52 րոպեն խոսում էր ընտրություններից, բացել էր բյուջեով հատկացված սուբսիդիաները, թե ինչ ճանապարհներ են կառուցել, ու լեգենդար ասֆալտը նորից եկավ օգնության…
Ամբողջ ցավը դրա մեջ է, որ իրենց պարտականությունը ծախում են հանրությանը՝ որպես լավություն։ Այսինքն՝ դուրս է գալիս, որ Հայաստանում մինչև 2018 թիվը ո՛չ ասֆալտ է եղել, ո՛չ ճանապարհ է եղել, ո՛չ թունել է եղել, ո՛չ լույս է եղել, ո՛չ ջուր է եղել, ոչ մի բան չի եղել, փրկիչներ էկել են ու լույս են ճառագում բոլորին, սեր են բաշխում բոլորին։ Ո՞ր սերն են բաշխում՝ էս ատելությունը, որ բերե՞լ են։ Գիտեք, սրանք ողբերգական օրեր են»,- հավելեց քաղաքագետը։
Արմեն Հովասափյանը հորդորում է ընդդիմությանը՝ իր ասելիքը հասցնել ժողովրդին և շատ խոսել մարդկանց հետ՝ հատկապես մարզերում։
«Ճիշտ աշխատանքից և քարոզարշավից շատ բան է կախված։ Ընդդիմությունը պետք է աշխատի ճիշտ մեխանիզմով, յուրաքանչյուրն աշխատի իր թիրախային խմբերի հետ։ Ես տեսնում եմ, որ դերաբաշխումը, կարծես թե, ճիշտ է կատարվել։ Այս մեկ ամիսը շատ բան է փոխելու»,- կարծում է քաղաքագետը։
Հովասափյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը լավ է հասկանում, որ իր հույսը մարզային բնակչությունն է։ Քաղաքագետն իր կանխատեսումներն է անում ԱԺ ընտրության հնարավոր արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ Փաշինյանը նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարող հավաքել իր ցանկալի՝ ընտրողների ձայների 65 և ավելի տոկոսը՝ Ազգային ժողովում սահմանադրական մեծամասնություն ստանալու համար։

«Նա իր համար նշաձող է սահմանել, որովհետև ունի խնդիր՝ սահմանադրական հանրաքվե անցկացնելու, Սահմանադրությունը փոխելու, բյուջե հաստատելու և այլն։ Հիմա, կարող է լինել իրավիճակ, որ, օրինակ՝ ընդդիմությունը չհաղթի, բայց հավաքի 47 տոկոս ձայն, Նիկոլ Փաշինյանը՝ 53 տոկոս ձայն։ Առաջին հայացքից թվում է՝ ընդդիմությունը պարտվեց, բայց սա Փաշինյանի համար բավականին կատաստրոֆիկ իրավիճակ է, քանի որ նա ունենալու է պարզ մեծամասնություն, սակայն չի կարողանալու հաստատել Կառավարության ծրագիր, չի կարողանալու անցկացնել Սահմանադրության փոփոխություն, չի կարողանալու ԱԺ սահմանադրական օրենքներին համապատասխան քվե ապահովել։
Ստացվում է, որ ճիշտ աշխատելու դեպքում ընդդիմության 47 տոկոսը կարող է խնդիր լուծել հենց Ազգային ժողովում»,- մեկնաբանեց քաղաքագետը։
Քաղաքագետն ընդգծում է՝ ընտրությունների որևէ սցենար չի բացառվում, և գլխավոր խնդիրը Փաշինյանի իշխանությունից ազատվելն է։
Արմեն Հովասափյանը նաև կարևորեց Շուշիի ազատագրման օրվա պատմական ու ազգային նշանակությունը՝ նշելով. «Այսօր մեր փառապանծ հաղթանակի օրն է, որը Նիկոլ Փաշինյանի սև ձեռքով մեր եռատոնը վերածեց մի անհասկանալի իրավիճակի… Հոգու խորքում բոլորս էլ հասկանում ենք, որ քոչարին Շուշիում պետք է պարվի… Էլի հաղթական քոչարի պետք է պարենք մի օր»։
Իր կարծիքը հայտնելով Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովների, Զելենսկու, Մակրոնի, Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Անտոնիու Կոշտայի ու մյուսների ելույթների, մի խոսքով ասած՝ եվրոպացիների այս «արիշ-վերիշների» մասին՝ Արմեն Հովասափյանն ասում է, որ այս ամենը մեկ խնդիր է լուծում՝ հաղթական ավարտին հասցնել տարածաշրջանից Ռուսաստանի դուրսբերման գործընթացը և Հայաստանի «հակառուսականությունը» մի քանի մակարդակով բարձրացնել վերև։
«Այս ամենը նաև Զելենսկու համար էր հարթակ, որ Հայաստանից իր ուղերձը հղի, որ ցույց տան, որ «տղե՛րք, Հայաստանն էլ ձերը չի, Հայաստանում մենք ուրիշ ծրագրեր ունենք»։ Իսկ Զելենսկու դեպքը մեր համար ունենալու է ծանր հետևանքներ։ Մենք դեռ «տաք ենք»՝ ինչպես ժողովուրդն է ասում»,- նշում է Հովասափյանը։
Նաև հավելում է. «Սրանք էժան տեսարաններ են. ապրում ենք «հաց և տեսարաններ» իրականության մեջ»։
Անդրադառնալով Փաշինյանի հայտնի ստերին ու Արցախի համար մեղքն ուրիշների վրա գցելու փորձերին՝ Արմեն Հովասափյանն ասում է. «Շատ անշնորհակալ գործ է՝ մեկնաբանենք մի մարդու ասած, որը վերևից ներքև ֆեյք է. առաջին ասածը հակասում է երկրորդին, երկրորդը՝ չորրորդին, չորրորդը՝ վեցերորդին։ Ոչ մի տրամաբանական շղթա չկա։ Եթե մարդ ասում է. «Ես ժամանակին «դաշնակցական» էի, մտածել եմ «դաշնակցականի» նման…
Ասում է. «Մենք կրթվում ենք, մենք փորձ ենք ձեռք բերում»։ Հետո ասում է. «Մենք 7 տարի մնացել ենք նույն դասարանում»։ Ասեմ՝ ինքն անկեղծ էր ասում։ Հետո ասում է. «Գիտեք, մենք շփոթվել ենք, գնացել ենք, օրինակ, Աղդամում նռներով նկարվել ենք՝ մտածելով, որ դա մեր հայրենիքն է, բայց հետո էկանք, էդ թղթերը կարդացինք, հասկացանք, որ 1992 թվից…», հետո էդ թիվը դարձավ 1996 թիվ, հետո՝ 1999 թիվ, հետո՝ 2001 թիվ, հետո՝ 2007 թիվ։ Հետո էդ թիվը՝ ոչ ոք էդպես էլ չհասկացավ, որ իրենց ասած այդ լեգենդար ֆեյքը, թե «Արցախը նախկին իշխանություններն են հանձնել», բայց որ մեկին հարցնես, մեկն ասում ա՝ 2008-ին, մեկն ասում ա՝ 2006-ին, մեկն ասում ա՝ 2007-ին, մեկն ասում ա՝ 91-ին… Ժողովո՛ւրդ, սա արդեն ծիծաղելի էլ չի, սա ողբերգություն է՝ համազգային ողբերգություն է»։

Քաղաքագետը նաև մեկնաբանեց Ֆրանսիայի նախագահի հայտնի հայտարարությունը Երևանում՝ նշելով, որ Մակրոնը Փաշինյանի պրոտոտիպերից է.
«Ասում էր՝ 8 տարի առաջ ո՞վ ա էկել Հայաստան… Ես առնվազն երեք նախագահի տեսել եմ Երևանում՝ Շիրակ, Սարկոզի, Օլանդ… Ասում է՝ «եկեք ազնիվ լինենք»։ Ազնի՛վ ենք, Մսյո Մակրոն, այսինքն՝ Դուք ի՞նչ եք ասում, Մսյո Մակրոն, որ Սարկոզիի սիլուե՞տն է եկել Հայաստան, թե՞ Օլանդի, թե՞ վաստակաշատ Ժակ Շիրակի ստվերն էր Հայաստանում՝ «Ջազվե»-ում նստած սուրճ խմում»։
Հիշեցնենք, որ դեռևս մարտի 22-ին Նիկոլ Փաշինյանն իր կուսակիցների հետ զրույցում հրապարակայնորեն խոսել էր ՔՊ-ի՝ խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն կազմելու անհրաժեշտության մասին. «Լինելու է պատերազմ սեպտեմբերին, ընդ որում՝ աղետաբեր պատերազմ, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, չեմ ասում՝ ընտրություններում հաղթի, սահմանադրական մեծամասնություն չստանա»։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



