Ծառուկյանը՝ Մելիք-Ադամյանում, Շարմազանովը՝ ԲՀԿ-ում

Տիգրան Սարգսյանի կառավարությունը պաշտոնանկ արվեց, մի քանի օր անց ԱԺ-ն կհաստատի Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագիրը, և քաղաքական կյանքը կվերադառնա նախկին՝ բնականոն հուն: Իրականում այն այդ հունից դուրս էլ չէր եկել, պարզապես իշխանությունը հասկացավ, որ նախկին՝ տարիներ շարունակ քարացած վիճակը կարող է վտանգավոր դառնալ, և փոփոխությունների իմիտացիա կազմակերպեց: Բայց այնպես չէ, որ կարելի է Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագիրը հաստատել ու գնալ Դուբայ հանգստանալու՝ քաղաքական դաշտը թողնելով անտեր, առանց կառավարելի ինտրիգների: Այդ դեպքում հանկարծ այն կարող է լցվել որևէ իրական քաղաքական բովանդակությամբ, ինչն իշխանությանն ամենաքիչն է պետք: Իսկ ի՞նչ է անում իշխանությունը՝ այդ տեղը դատարկ չթողնելու համար: Մեծ փոփոխություններից հետո կազմակերպում է ավելի մանր, բայց դիտարժան ինտրիգներ: Հենց դրանց շարքին պետք է դասել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը՝ առաջիկա տասը տարում քաղաքականությամբ զբաղվողներին Մելիք-Ադամյան փողոց ուղարկելու մասին, և, որ ավելի կարևոր է՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունը՝ ուղղված Շարմազանովին: «Այնպես որ, կարող եմ ասել, այս ընտրությունները, դա կլինի խորհրդարանական թե նախագահական, որ, ասենք թե, այս անգամ հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը»,- հայտարարեց ԲՀԿ նախագահը:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ԲՀԿ-ՀՀԿ հակամարտությունն իջեցվել է Ծառուկյան-Շարմազանով մակարդակի: Դա Գագիկ Ծառուկյանի անձնական ճաշակի և, ինչպես երեկ ինքն է ասել, արժանապատվության հարցն է: Չարժե անդրադառնալ նաև այն աննշան դիպվածին, թե ինչպես էր նույն միջոցառման մասին պատմող տեսանյութում այդ խոսքերն արտասանելիս՝ մեղմ ժպտում Գագիկ Ծառուկյանը՝ փորձելով ցույց տալ դեմքի հեգնական արտահայտություն, որն իրականում ավելի շատ հիշեցնում էր ակնարկ՝ «ինձ սխալ չհասկանաք» մոտիվներով:
Ծառուկյանի այս հայտարարությունը երեկվանից որոշակի աշխուժություն է առաջացրել քաղաքական շրջանակներում, սոցիալական ցանցերում: Հիմնական լեյտմոտիվն այն է, թե Ծառուկյանն, ահա, դուրս է գալիս ՀՀԿ-ի դեմ, նա ասաց իր խոսքը, ու այլևս հետդարձի ճանապարհ չկա: Իրականում, սակայն, Գագիկ Ծառուկյանը մինչև ապագա իշխանության երթուղուն անցելն արել է շատ ավելի կարևոր հայտարարություն, որը շատ պատահաբար ու, բնականաբար, ոչ միտումնավոր, դուրս է մնացել ԲՀԿ-ի «վճռականությամբ» ոգևորվողների ուշադրությունից: «Մենք մեր սկզբունքները, մեր մոտեցումները, ես՝ անձամբ, ոչ մի բան չի փոխվել: Ինչ որ ասել ենք համագումարում, կետ առ կետ պահել ենք: Ու դա մինչև վերջ ես պահելու եմ պահպանեմ, իմ արժանապատվության խնդիրը ես ոչ մի բանի հետ չեմ փոխելու»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:
ԲՀԿ վերջին համագումարում, հիշեցնենք, նա իր կուսակիցներին հորդորեց դուրս գալ աշխատասենյակներից, լինել փողոցում, շփվել մարդկանց հետ, և այլն: Այդ հայտարարությունն այն ժամանակ գնահատվեց մոտավորապես այնպես, որ ԲՀԿ-ն գնում է փողոց՝ փողոցով իշխանությունը վերցնելու: Դրանից հետո ԲՀԿ բարձր հովանու ներքո գործող ոչ իշխանական ուժերի քառյակի ներկայացուցիչները հաղթականորեն հայտարարեցին, որ ապրիլի 28-ին եռօրյա շուրջօրյա հանրահավաքներ են սկսելու, որ  մինչև այդ գնալու են մարզեր, և այլն: Հանրահավաքներ, բնականաբար չեղան, փոխարենը՝ վարչապետ դարձավ Գագիկ Ծառուկյանի խնամին՝ Հովիկ Աբրահամյանը: Համաձայնեք, որ հայ մարդու համար իր մերձավորին, բարեկամին բարձր պաշտոնի հասնելու հարցում աջակցելուց ավելի արժանապատիվ քայլ դժվար է անգամ պատկերացնել: Այնպես որ, այս հարցում Գագիկ Ծառուկյանի խոսքը միանգամայն գործ է: Այսինքն՝ այդ մասով Ծառուկյանը չի շեղվել համագումարյան թեզիսներից:
Բայց ամենակարևորը՝ Գագիկ Ծառուկյանը հավատարիմ է մնացել անցած տարի իր իսկ կառուցած եկեղեցու բակում իր իսկ կողմից արված հայտարարությանը՝ «ԲՀԿ-ն ընդդիմություն չի դառնալու»: Հայաստանի քաղաքական դաշտում հնարավոր չէ գտնել երկրորդ կուսակցություն ու երկրորդ կուսակցապետի, ով այդքան հետևողական է եղել իր խոստման մեջ: Ի տարբերություն Գագիկ Ծառուկյանին ու ԲՀԿ-ին իշխանությունից պոկելու՝ ՀԱԿ-ի խոստումների ու դրանց հիման վրա հասարակությանը մոլորեցնելու մարտավարության: Այդ ամենի արդյունքում՝ հիմա Ծառուկյանն ընկալվում է որպես իշխանության դեմ պայքարող ուժի առաջնորդ՝ իրականում լինելով իշխանության օրգանական, անքակտելի բաղկացուցիչներից մեկը: Ու քանի որ իշխանության հիմնասյուներից մեկը կարողանում է իշխանության դեմ պայքարի իմիտացիայում թեկուզ որոշակի դիվիդենտներ ստանալ, պետք է բնական համարել, որ քաղաքականությունն այլևս վերածվել է մոտավորապես պետավտոտեսուչի գործի. քաղաքականությամբ զբաղվողները ոչ թե հայտարարում են, թե ինչ գաղափարներով, ինչ ծրագրերով այս կամ այն ուժերը պետք է գան իշխանության, այլ ընդամենը խոսում են իշխանության երթուղիների մասին:
Հայաստանի նորանկախ հանրապետության իշխանությունը ձևավորվեց Մաշտոցի պողոտայով, Կորյունի, Թումանյան փողոցներով պարփակված տարածությունում՝ Ազատության հրապարակում, Մատենադարանում: Հիմա ժամանակները փոխվել են՝ իշխանությունն անցնում է Մելիք-Ադամյան փողոցով կամ, եթե շրջանցում է դա, Իսակով պողոտայով: Որովհետև 1988 թվականին Հայաստանն անկախանում էր ԽՍՀՄ-ից, ու խորհրդանշական էին նաև այդ նպատակի համար մղվող պայքարի վայրերը: Հիմա Հայաստանն անկախությունը հանձնել է նրանց, ովքեր ցանկանում են վերականգնել ԽՍՀՄ-ը, որին, ի դեպ, ժամանակին իրենց ծառայություններն են մատուցել ինչպես՝ Մելիք-Ադամյանը, այնպես էլ՝ Հովհաննես Իսակովը:
Իսկ թե այդ փողոցներից հատկապես որով կանցնի Հայաստանի իշխանությունը, այլևս որևէ կապ չունի հասարակության հետ: Ակնհայտ է, որ իշխանությունը՝ նոմինալ ու այլընտրանքային իշխանության ամբողջությունը, աստիճանաբար Հայաստանը տանում է երկկուսակցական համակարգի: Երկկուսակցականությունը  կարող է առաջին փուլում արտահայտվել 4-5 կուսակցություններով, սակայն դա խնդրի մեխանիկական կողմն է: Էությունն այն է, որ այս սցենարի հեղինակները ցանկանում են,  որպեսզի իշխանությունը պատկանի երկու բևեռների՝ ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին: Մնացածը ձևականություններ են: Ինչպես այն, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահն է, Ռոբերտ Քոչարյանը ոչ մի բանի նախագահն էլ չէ: Բացառված չէ, որ ապագայում Սերժ Սարգսյանը դառնա ԲՀԿ նախագահ, Ռոբերտ Քոչարյանն էլ ղեկավարի ՀՀԿ-ն, Շարմազանովը լինի ԲՀԿ-ի խոսնակը, Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակն էլ տեղափոխվի Մելիք-Ադամյան փողոց: Դրանք տեխնիկական, մանր դետալներ են, որոնք քողարկում են Քոչարյան-Սարգսյան իշխանությունը երկարաձգելու, հավերժացնելու պլանները: Իսկ Շարմազանով-Ծառուկյան և նմանատիպ հակադրություններն ընդամենը մի նպատակ ունեն՝ շեղել հասարակությանը, որպեսզի մարդիկ հանկարծ չմտածեն Մաշտոց-Թումանյան գնալու մասին:

Տեսանյութեր

Լրահոս