Բաժիններ՝

Թրամփը հայտնել է, որ Սի Ծինփինի հետ կքննարկի առևտուրը և Իրանի դեմ պատերազմը

Չինաստան մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահ Սի Ծինփինի հետ կքննարկի Իրանի դեմ պատերազմը, սակայն բանակցությունների առանցքում կլինեն առևտրային հարցերը։ Նրա զրույցի տեսանյութը տարածել է LiveNOW from FOX-ը։

«Մենք շատ երկար զրույց կունենանք այդ մասին։ Անկեղծ ասած, կարծում եմ՝ նա համեմատաբար լավ է տրամադրված։ Շրջափակման առումով խնդիր չկա։ Նրանք այդ շրջանից մեծ քանակությամբ նավթ են ստանում։ Մենք խնդիր չենք ունեցել», – ասել է նա։

Թրամփին հարց են ուղղել՝ արդյոք կարիք կա, որ Սի Ծինփինը միջամտի Իրանի հարցում։

«Կարծում եմ՝ մենք նրանցից Իրանի առումով օգնության կարիք չունենք։ Մենք այսպես թե այնպես կհաղթենք։ Կհաղթենք խաղաղ ձևով կամ այլ ձևով։ Նրանց նավատորմը ոչնչացված է։ Նրանց օդուժը ոչնչացված է։ Նրանց պատերազմի մեքենայի յուրաքանչյուր տարր ոչնչացված է», – ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հավելել է, որ Իրանի ծովային շրջափակումը շատ արդյունավետ է։ Նա կրկնել է, որ Իրանը միջուկային զենք չի ունենա։

Սպիտակ տան ղեկավարը միևնույն ժամանակ նշել է, որ Սի Ծինփինի հետ շատ հարցեր ունի քննարկելու, և Իրանը չի լինի այդ հարցերից գլխավորը, քանի որ այն վերահսկողության տակ է։

«Մենք կա՛մ գործարք կկնքենք, կա՛մ նրանք կոչնչացվեն: Այսպես թե այնպես, մենք կհաղթենք», – ասել է նա։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ Սի Ծինփինի հետ քննարկման գլխավոր թեման կլինի առևտուրը։

Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ Թրամփը նշել է, որ դրա ավարտը մոտենում է, և շուտով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանգուցալուծում կլինի։

Հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն պատրաստ է երկարաձգել ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների մեղմացումները՝ էներգետիկ ճգնաժամը զսպելու համար, Թրամփը պատասխանել է, որ կանեն, ինչ անհրաժեշտ է։

Նա նաև նշել է, որ ինքն ու Չինաստանի նախագահը սպասում են այդ հանդիպմանը, որը «հրաշալի» է լինելու։ Թրամփը շեշտել է, որ Սի Ծինփինն իր ընկերն է։

Թրամփին ուղեկցող պատվիրակության կազմում են տարբեր ոլորտների ղեկավարներ, այդ թվում՝ Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը, Tesla-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Էլոն Մասկը, Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը:

Թրամփի պետական այցը Չինաստան կտևի մինչև մայիսի 15-ը։ Սա կդառնա ԱՄՆ գործող նախագահի առաջին ուղևորությունը Չինաստան 2017 թվականից ի վեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031