Տուրչինովն ու Մերկելը քննարկել են Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ժամանակ կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Կողմերը քննարկել են նաև մայիսի 25-ին Ուկրաինայում նշանակված նախագահական ընտրությունների հարցը և երկկողմ համագործակցության ակտիվացման հարցը:
Տուրչինովի խոսքերով՝ Կիևը պատրաստ է շփվել արևելքի այն մարդկանց հետ, որոնք պատրաստ են քննարկել իրենց դիրքորոշումը, սակայն պատրաստ չէ շփվել նրանց հետ, ովքեր զենք են բարձրացնում ու կիրառում Ուկրաինայի քաղաքացիների դեմ: Տուրչինովը հավելել է, որ իրենք անում են ամեն ինչ՝ կայունացնելու համար երկրի արելքում տիրող իրավիճակը.
«Հակաահաբեկչական գործողության դանդաղ ընթացքը կապված է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր թույլ չտալու Կիևի ձգտման հետ: Կիևը ձգտում է անցկացնել ազնիվ ու թափանցիկ նախագահական ընտրություններ»:
Մերկելն իր հերթին հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է ամբողջովին աջակցել Ուկրաինային և պատրաստ է ամեն կերպ օգնել խնդրի կարգավորմանը:



