Բաժիններ՝

Ուկրաինայում փակվել է Տիմոշենկոյի «գազային գործը»

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն դատարանը փակել է երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «գազային գործը»՝ կապված հանցանքների բացակայության հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Տիմոշենկոյի պաշտպան, պատգամավոր Սերգեյ Վլասենկոն:

Նա մանրամասնել է, որ Գերագույն դատարանի բոլոր պալատների այսօրվա համատեղ նիստին մասնակցել է 48 դատավորից 42-ը, որոնք էլ վերջ են դրել Յուլյա Տիմոշենկոյի «գազային գործի» բոլոր կեղծիքներին: Վլասենկոն հավելել է, որ նիստի ժամանակ հաստատվել է, որ Տիմոշենկոյի գործողություններում բացակայել են հանցանքները.

«Դա նշանակում է, որ գազային վատ պայմանագրերի, Տիմոշենկոյի կողմից իր լիազորությունների գերազանցման մասին խոսակցությունները, որոնք տևեցին գրեթե 2.5 տարի, կեղծիք են: Դատարանի այսօրվա որոշումը Տիմոշենկոյի համար նշանակում է իրավական լիարժեք վերականգնում և վկայում է այն մասին, որ Յանուկովիչի ռեժիմը Տիմոշենկոյին անտեղի է բանտում պահել»:

2011 թվականի հոկտեմբերի 11-ին կիևյան դատարանը Տիմոշենկոյին դատապարտել էր 7 տարվա ազատազրկման՝ 2009 թվականին Ռուսաստանի հետ գազային (ոչ շահավետ) համաձայնագրեր կնքելիս սեփական լիազորությունները գերազանցելու համար, որով և երկրին պատճառվել է 1.5 միլիարդ դոլարի վնաս: 2014 թվականի փետրվարի 22-ին Ուկրաինայի Գերագույն ռադան որոշում ընդունեց Տիմոշենկոյին ազատ արձակելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս