Տուրչինովը չի բացառել համաուկրաինական հանրաքվեի անցկացումը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը չի բացառում, որ խորհրդարանի կողմից համապատասխան որոշում ընդունվելու դեպքում նախագահական ընտրությունների հետ միասին կարող է անցկացվել նաև Ուկրաինայի միասնության վերաբերյալ հանրաքվե:
Տուրչինովն այս մասին հայտարարել է խորհրդարանի հանձնաժողովների նախագահների ու խմբակցությունների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ. «Մենք դեմ չենք հանրաքվեի անցկացմանը:
Ավելին, ես համոզված եմ, որ ուկրաինացիների ճնշող մեծամասնությունն այդ հանրաքվեի ժամանակ, որը կարող է անցկացվել նախագահական ընտրությունների հետ միասին, կողմ կարտահայտվի անկախ, ժողովրդավարական, անբաժանելի ու միասնական Ուկրաինային»:
Ուկրաինայում նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 25-ին: