«Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած երեխայի գործով դատական նիստում ցուցմունք են տալիս վկաները
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2.5 տարեկան Լիա Միսակյանի գործով դատական նիստը, որտեղ ցուցմունք տվեցին բժշկական կենտրոնի բժիշկները:
Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի բժիշկ Կարինե Մարտիրոսյանը դատարանում հայտնեց, որ հունվարի 2-ին հերթապահ մանկաբույժն իրեն հրավիրել է կոնսուլտացիայի՝ գնահատելու Լիա Միսակյանի վիճակը: Ռեանիմատոլոգի խոսքով՝ ինքը Լ. Միսակյանին տեսել է պառկած վիճակում, նա հևոց է ունեցել, երեխան աշխույժ չի եղել, բայց թույլ էլ չի եղել: Կ. Մարտիրոսյանի խոսքով՝ ինքը լսել է երեխայի թոքերը, գնահատել շնչառություը, սրտի աշխատանքի հաճախականությունը, արյան հագեցվածությունը թթվածնով. «Վիճակը գնահատեցի միջին ծանրության, որոշակի խորհուրդներ տվեցի հետագա բուժման վերաբերյալ ու ասացի, որ եթե անհրաժեշտություն լինի, հետո նորից կանչեն կոնսուլտցիայի, եթե վիճակի փոփոխություն կամ վատացում դիտվի»:
Ըստ վկայի՝ ավելի ուշ ինքը կիկին խոսել է հերթապահ մանկաբույժի հետ, ով ասել է, որ երեխայի վիճակը չի փոխվել: Դատարանում վկային հարցեր ուղղեցին նաև համացանցում հրապարակված Բժշկական Ազատ-Անկախ Արհմիության բաց նամակի վերաբերյալ, որում խոսվում է Լիա Միսակյանի հիվանդության, դրա պատճառների մասին. Լիա Միսակյանի հոր խոսքով՝ բաց նամակը ստորագրել են նաև այս գործով որոշ բժիշկներ:
Դատավոր Լևոն Ավետիսյանը նշեց, որ բաց նամակում նշված է, թե «վերջերս դատավարության ընթացքում նաև պարզվեց, ինչը պնդում էին նաև բժիշկները, որ արյան ընդհանուր քննության տվյալները հասանելի են եղել միայն հունվարի 2-ին հերթափոխն ընդունած բժշկին, որը և, ելնելով այդ տվյալներից, կազմակերպել է հետագա բուժական գործընթացները» և վկային հարցրեց, թե այդ ո՞ր դատական քննության ընթացքում է նման բան պարզվել: «Ես չգիտեմ»,- ի պատասխան ասաց վկան:
Դատարանում ցուցմունք տվեց նաև քիթ-կոկորդ-ականջաբան Հասմիկ Գևորգյանը, ով ասաց, որ հունվարի 2-ի երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում իրեն զանգահարել է մանկաբույժ Իրինա Մամյանը (Ի. Մամյանը բժշկական կենտրոնում հերթապահել է հունվարի 2-ին:- Օ.Հ.) զանգահարել է իրեն, խնդրել զննել Լիա Միսակյանին, ինքը զննել է երեխային, նշանակումներ արել: Դրանից հետո խոսել է Իրինա Մամյանի հետ, զգուշացրել նշանակումների մասին, իսկ արդեն ժամը 24:00-ի սահմաններում տեղեկացել է, որ Լիա Միսակյանը մահացել է:
Հասմիկ Գևորգյանը պատմեց, որ Լ. Միսակյանը փսխում էր ունեցել, որում մուգ զանգված է եղել: Բժիշկն ասաց, որ Լ. Միսակյանի հայրն իրեն հայտնել է, թե երեխան շոկոլադ է կերել, ինչով կարող է պայմանավորված լինել փսխած զանգվածի մուգ գույնը:
Լ. Միսակյանի հայրը՝ Գեորգի Միսակյանն էլ հայտարարեց, որ իր երեխան այդ օրը շոկոլադ չի կերել. «Շոկոլադի մասին ընդհանրապես խոսք չի կարող լինել: Իմ երեխան ջուր չէր կարողանում խմել, նկարած վիդեոն կա, որ ես ներարկիչով ջուր եմ կաթացնում բերանը, ի՞նչ շոկոլադ»: