ԼՂՀ վարչապետ. «Արցախը Հայաստան է, բայց Հայաստանի հանրապետություն չէ»
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի վարչապետ Արա Հարությունյանը կարծում է, որ իր ղեկավարած կուսակցությունը եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը կայացման փուլում են, ի տարբերություն Հայ հեղափոխական դաշնակցության:Այս մասին Արա Հարությունյանն ասել է Արցախի պետական համալսարանի պատմա-քաղաքագիտական ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է «Ազատ հայրենիքը» տարբերվում ԱԺԿ-ից՝ Արա Հարությունյանն ասել է, որ ծրագրային տարբերություններ կան, որ վերաբերում են երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ուղիներին:
Չմանրամասնելով դրանք, Արա Հարությունյանը մեկ գաղափարական առանձնահատկություն է նշել՝ «Ազատ հայրենիքում» կարծում են, որ Լեռնային Ղարաբաղը պետք է անկախ հանրապետություն լինի: «Արցախը Հայաստան է, բայց Հայաստանի հանրապետություն չէ, Արցախի հանրապետություն է: Մենք կարծում ենք, որ ինտեգրումը, որ ունենք Հայաստանի հանրապետության հետ բավարար է, ավելի շատ մերձեցում , մոտեցում չենք տեսնում», -ասել է Արցախի վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արա Հարությունյանը:
Այսօր Արցախի խորհրդարանական քաղաքական ուժերը համախմբված են գործող նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրի շուրջ, որը նաեւ կուսակցությունների ծրագրերի հիման վրա է ստեղծվել:
Քաղաքական ակտիվություն Արցախում ակնկալվում է գալիք տարվա առաջին կիսամյակում, երբ քաղաքական ուժերը կսկսեն նախապատրաստվել խորհրդարանական ընտրությունների: 2015 թվականի խորհրդարանական ընտրություներով ձեւավորվելու է մշտական հիմունքներով գործող Ազգային ժողով, փոփոխվելու է նաեւ մանդատների համամասնությունը: Սկսված են Ընտրական նոր օրենսգիրքի մշակման աշխատանքները:
karabakh-open.info