«Խնդիրը բնավ Արցախի ներկայացուցչության շենքի մեջ չէ. արցախցիներին «ցավեցնելու» գիծը վաղուց են անցել. կարող ենք հանդիպել նույնիսկ այգում». Մետաքսե Հակոբյան

Օրերս փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգել էր, որ Գլխավոր դատախազությունը գրավոր դիմել է Վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով ավելի արագացնել Արցախի սեփականազրկման հարցը։

«Հիշեցնեմ, որ վերաքննիչ վարչական դատարանն արդեն իսկ որոշել էր գործը քննել կայծակնային արագությամբ և դատական ակտը հրապարակել սույն թվականի նոյեմբերին (համեմատության համար նշեմ, որ, օրինակ, մեկ այլ գործով ակտի հրապարակումը նշանակված է 2029 թվականի փետրվարի 02-ին), սակայն գլխավոր դատախազությանը պետք է, որ հարցի լուծումը տրվի գերբնական արագությամբ և Արցախի Հանրապետությունը վերջնականապես սեփականազրկվի»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Ռոման Երիցյանը։

Մինչ այդ, փաստաբանը դիմել էր նաև խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին՝ բարձրաձայնելու խնդիրը, հիշեցնելով.

«Խորհրդային տարիներին նույն շենքում Երևանում գործել է Ադրբեջանի դրամատիկական թատրոնը։ Չեմ բացառում, որ ստեղծված գործընթացների շարունակության դեպքում այն կրկին կարող է նման ճակատագիր ունենալ արդեն մոտ ապագայում։ Հենց այդ պատճառով այս շենքի նկատմամբ Արցախի սեփականության իրավունքի պահպանումն ինձ համար ոչ միայն իրավական, այլև պատմական ու ազգային նշանակության հարց է»։

Կարդացեք նաև

Ի՞նչ են պատրաստվում անել Արցախի ԱԺ պատգամավորները, քանի որ նրանք նիստերն անցկացնում են Արցախի ներկայացուցչության շենքում, բացի այդ, արցախահայերի խնդիրները լսելու և քննարկելու համար նրանց հետ հանդիպումները նույնպես այդ շենքում են անցկացվում։

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ այս պահին շենքի հետ կապված դեռևս որևէ տեղեկություն չկա։

«Հայաստանի իշխանությունն այս հարցում միանշանակ Բաքվի պահանջով առաջ է գնում, արագացված գործընթաց են սկսել շենքը վերցնելու համար։ Փաստորեն սա միակ բանն է, որ մնացել է արցախահայերին, ուզում են ունեզրկել։

Կարծում եմ՝ այստեղ բնավ խնդիրն Արցախի ներկայացուցչության շենքի մեջ չէ, երբ ցանկություն կա աշխատանք կատարելու, մենք ցանկացած վայրում այդ աշխատանքները կարող ենք անել։ Ամենածայրահեղ իրավիճակում կարող ենք նույնիսկ այգում հավաքվել, հանդիպել արցախահայերի հետ, հարցերը քննարկել։ Այսինքն՝ այստեղ ամբողջ խնդիրն այն քաղաքականության մեջ է, որն իրականացնում է ՀՀ իշխանությունը»,- 168.am հետ զրույցում ասաց Մետաքսե Հակոբյանը։

Ըստ նրա, ՀՀ իշխանությունը վաղուց անցել է արցախահայերին «ցավեցնելու գծերը» և վերջին օրերին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցող փոխադարձ մեղադրանքների խառնաշփոթի մեջ իրականության զգացողությունը մարել է, քանի որ Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական բուռն գործընթացներ են տեղի ունենում, որը, ցավոք, երկրի ներսում աննկատ է մնում։

«Վերջին օրերին, երբ փաստաբանը հայտարարեց Արցախի ներկայացուցչության շենքի շուրջ մեկնարկած արագացված գործընթացների մասին, տեղի ունեցած մի քանի այլ պրոցեսներ։ Հենց այդ օրն Ալիևն իր հարցազրույցում 2 անգամ անդրադարձ կատարեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, արդեն խրոխտ ասաց, որ պատերազմից հետո իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանը պետք է կատարի Բաքվի պահանջները։ Ավելին՝ այդ պահանջները կատարվում են, քանի որ պատերազմից հետո Հայաստանում իշխանությունը նույնն է մնացել, այն իշխանությունն է, որը պարտվել է։

Այս ամենից հետո, մեկ ժամ էլ չանցած Ադրբեջանի տեղեկատվական դաշտում շրջանառվեց միտք, որով պահանջում էին փակել Արցախի ներկայացուցչության շենքը, վերացնելով Արցախի «անջատողական» կառույցները»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ բազմիցս են ասել՝ Նիկոլ Փաշինյանն Արցախի ներկայացուցչության շենքին կանդրադառնա այն ժամանակ, երբ հստակ պահանջ կձևավորվի Ադրբեջանի կողմից։

«Բաքուն պահանջում է վերացնել Արցախից մնացած հետքերը, դատարանն էլ անցավ գործի, ինչը հանրային ու քաղաքական մեծ ուշադրության չարժանացավ»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի (Նաիրի Զարյան փողոց 17/2) նկատմամբ սեփականության իրավունքը վիճարկելու և այն անվավեր ճանաչելու պահանջով Վարչական դատարան էր դիմել դեռևս 2025 թվականի հուլիսին:

Դատախազությունը հայց էր ներկայացրել Կադաստրի կոմիտեի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել շինության նկատմամբ Արցախի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Մինչև դատարան դիմելը ՀՀ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանն էր հայտարարություն արել ներկայացուցչության շենքի վերաբերյալ, ասելով, որ «ներկայացուցչության շենքի իմաստը պետք է վերանայել, այդ շենքը չպետք է ծառայի հավաքների համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31