Իրանի հետ կապ ունեցող հաքերները շարքից հանել են Մեծ Բրիտանիայի փոքր էլեկտրակայանը
Իրանի հետ կապ ունեցող հաքերները չորս օրով շարքից հանել են Մեծ Բրիտանիայի փոքր էլեկտրակայանը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Պարբերականի տվյալներով՝ հարձակման նպատակը, հնարավոր է, ոչ այնքան վնաս հասցնելն էր, որքան ցույց տալը, որ հնարավոր է մուտք գործել Մեծ Բրիտանիայի ենթակառուցվածքներ և շարքից հանել կարևոր օբյեկտ։ Միևնույն ժամանակ, կիբերհարձակման ստույգ հանգամանքները պաշտոնապես չեն հրապարակվել։
Բրիտանացի պաշտոնյաները անվտանգության նկատառումներով չեն հայտնել, թե որ էլեկտրակայանն է տուժել։ Միջադեպից հետո կառավարությունը տեղեկացրել է էներգետիկ ընկերությունների ղեկավարներին և ձեռնարկություններին ուղարկել հետագա պաշտպանական միջոցների վերաբերյալ առաջարկություններ։
Մարտին Մեծ Բրիտանիայի Ազգային կիբերանվտանգության կենտրոնը կազմակերպություններին խորհուրդ էր տվել վերանայել անվտանգության ապահովման իրենց մոտեցումները։ Կենտրոնի տվյալներով՝ նախորդ տարվա ընթացքում արձանագրվել է կարևոր ենթակառուցվածքների օբյեկտների դեմ ավելի քան 200 հարձակում։
Սա Իրանի հետ կապ ունեցող հաքերների կողմից Մեծ Բրիտանիայում էլեկտրակայանի աշխատանքը դադարեցնելու առաջին հայտնի դեպքն է։ Միևնույն ժամանակ, փոքր օբյեկտի աշխատանքի դադարեցումը չի ազդել երկրի էներգամատակարարման վրա ընդհանուր առմամբ։

