Ե՞րբ Րաֆֆիին կհռչակեն դավաճան
Ոչ իշխանական չորս ուժերի համագործակցությունը՝ ԱԺ խմբակցությունների մակարդակով, շարունակվում է: Խմբակցությունների ընդգծումը կարևոր է առնվազն «Ժառանգության» պարագայում: Ոչ միայն այն պատճառով, որ վերջինիս խորհրդարանական խմբակցությունը քաղաքական դաշտի ամենաանհասկանալի ու անմեկնելի միավորն է, այլ որովհետև՝ դրա ղեկավար Ռուբեն Հակոբյանի և կուսակցականների զգալի մասի, այդ թվում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքներն արմատապես տարբերվում են առնվազն մի քանի սկզբունքային հարցերում:
Քառյակի գործունեության հետ կապված տարաձայնությունն, առաջին հերթին, արտահայտվում է նրանով, որ Հովհաննիսյանը կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը համարում է կիսաքայլ՝ հայտարարելով, որ առանց ամբողջական իշխանափոխության, այդ թվում՝ նախագահ Սերժ Սարգսյանի, որևէ փոփոխության մասին մտածելն անիմաստ է: Այն դեպքում, երբ քառյակի պառլամենտական ֆունկցիոներների համար Սերժ Սարգսյանի հրաժարականի թեման տաբու է:
Ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանն իր խմբակցության ղեկավարին թույլ տալիս մասնակցել քառյակի հանդիպումներին ու այդքան ոգևորվել կիսաքայլով՝ Հակոբյանի վրա ազդեցություն չունենալո՞ւ, թե՞ քառյակի, եթե ոչ՝ ներքին բովանդակության, ապա՝ արտաքին «գծի» հետ կապված հաշվարկներ ունենալու հետ: Թեև հաշվի առնելով Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակը, առաջին տարբերակն ավելի հավանական է թվում, սակայն պետք չէ բացառել, որ, այնուամենայնիվ, տեղի ունի նաև չոր հաշվարկը, այն է՝ քառյակի միջոցով ընդունելի դառնալ ռուսական շրջանակների կողմից:
Դա նրա համար այնքան էլ երկրորդական չէ. անցած տարվա ընտրություններից հետո Հովհաննիսյանը մեկնեց Մոսկվա՝ «Պուտինից հաղթանակը բերելու», բայց այդպես էլ չարժանացավ վերջինիս ընդունելությանը: Բայց եթե Ր. Հովհաննիսյանի հաշվարկը քառյակի միջոցով «ռուսական գծում» տեղավորվելն է, ապա քառյակը ոչ միայն չի ընդունելու, այլ ամեն ինչ անելու է նրանից ազատվելու համար: «Ռուսական գծում» առանց այն էլ տեղերը սահմանափակ են: Բացի ոչ իշխանական ուժերից, այնտեղ է նաև իշխանությունը:
Րաֆֆիի՝ առաջիկայում քառյակից դուրս մղվելու տեսանելի նախանշաններ արդեն իսկ կան: Դրանցից մեկը պետք է համարել «եռյակի» կողմից մարտի 28-ի «Ժառանգության» հանրահավաքը տոտալ բոյկոտելու քայլը: Բայց Րաֆֆիին հազիվ թե «լավով», հենց այնպես հեռացնեն քառյակից: Նրան, ըստ ամենայնի, հեռացնելուց առաջ կհռչակեն դավաճան կամ Բաղրամյան 26-ի կողմից ներդրված ական: Դրա «գաղափարական նախադրյալները» ևս արդեն իսկ կան: «Այս գործընթացն արդեն արդյունքներ է տալիս. իշխանությունները ջղաձիգ քայլեր են անում, նրանց զայրացնում է, որ մենք ամեն քառօրյայում ինչ-որ մի հարցով հրապարակ ենք գալիս: Փորձում են պիտակներ կպցնել, ինչ-որ բաներ են ասում, բայց իրենց իրականության մեջ այլ բան է զայրացնում. որ մենք շարունակում ենք միասնականության հետ կապված ինչ-որ քայլեր կատարել, որն իշխանությունների համար կատաստրոֆա է: …Եվ բոլոր նրանք, ովքեր սրան դեմ կամ սրան հակառակ քայլեր են կատարում, իշխանության դրածոներն են, այն ականներն են, որ դրված են մեր մեջ»,- խոսելով կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության մասին՝ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ակնհայտ է, որ «ականի» ամենահավանական թեկնածուն այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանն է, ով պիտակներ է կպցնում քառյակի նախաձեռնությանը՝ այն որակելով՝ որպես կիսաքայլ:
Թե երբ տեղի կունենա Րաֆֆի Հովհաննիսյանի «ականազերծումը», դժվար է ասել: Գուցե հենց հաջորդ շաբաթ:
Ապրիլի 9-ին «Ժառանգության» առաջնորդը պատրաստվում է հանրահավաք կազմակերպել՝ նախագահի ընտրություններում իր տապալման կուլմինացիայի տարելիցի կամ գուցե Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթքի տարեդարձը նշելու համար: Ի դեպ, հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն կլինի Ռուբեն Հակոբյանի դիրքորոշումը՝ Րաֆֆիին դավաճան հռչակելուց հետո. նա կմնա «Հրաշալի եռյակո՞ւմ», թե՞ «Ժառանգությունում»: