Հայաստանի իշխանական գործիչներն ավելի ռուսամետ են, քան Պուտինը
«Ես սովոր չեմ բողոքելու»,- հունվարի 30-ին Պրահայում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի դաշնակից Ռուսաստանը հսկայական քանակությամբ զենք է վաճառում կազմակերպության անդամ չհանդիսացող Ադրբեջանին և անտարբերությամբ հետևում է, թե ինչպես է Ադրբեջանը գնդակոծում մեր սահմանամերձ շրջանները:
«Բնավ պետք չէ կասկածի տակ դնել հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը: Այո՛, Ռուսաստանը համագործակցում է նաև Ադրբեջանի հետ, բայց դա չի նշանակում, որ մենք իրավունք և հնարավորություն ունենք ռուսական կողմին արգելելու համագործակցությունն Ադրբեջանի հետ»,- մասնավորապես ասաց Սերժ Սարգսյանը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը` ասաց, թե օբյեկտիվ չի համարում այն. «Եթե իսկապես այնպիսի քաղաքականություն իրականացնես, որ գործընկերդ հասկանա` ոչ արդար քայլերի դեպքում կզրկվի քո գործընկերությունից, այդ դեպքում` միանշանակ համոզված եմ, որ Ռուսաստանը նմանատիպ քաղաքականություն չի վարի»: Ըստ Մարտիրոսյանի` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը քաղաքական նոնսենս է: «Սա բնական չէ: Եվ եթե Հայաստանը չի կարողանում Ռուսաստանի հետ այնպիսի հարաբերություններ հաստատել, որ Ռուսաստանը մեր հակառակորդին, թշնամուն զենք չվաճառի, ապա դրանք արդեն ոչ բարեկամական, այլ վասալային հարաբերություններ են:
Նույնն է, որ Միացյալ Նահանգները սպառազինություն վաճառեր Մերձավոր Արևելքի երկրներին` Իրանին, Սիրիային կամ Լիբանանին, որոնք խնդիրներ ունեն Իսրայելի հետ: Նման բան պատկերացնո՞ւմ եք, բացառվում է»,- նշեց Մարտիրոսյանը:
Իսկ Հայոց համազգային շարժում՝ ՀՀՇ կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանն ընդհանրապես նշեց, թե զարմանում է, երբ նման բացատրություններ է լսում իշխանության ներկայացուցիչներից:
«Ես զարմանում եմ, որ Հայաստանի քաղաքական գործիչները, հատկապես իշխանական գործիչները և նաև Սերժ Սարգսյանն անում են հայտարարություններ, որ կարող էր Լավրովն անել կամ Պուտինը: Նրանք շատ հաճախ ավելի կաթոլիկ են ձևանում, քան Հռոմի պապը. ավելի ռուսամետ են, քան ինքը` Պուտինը: Բոլոր դեպքերում ես գտնում եմ, որ Սերժ Սարգսյանը պետք է իր անհամաձայնությունը և դժգոհությունը հայտնի` Ռուսաստանի այս դիրքորոշման հետ կապված: ՀՀ արտգործնախարարությունը պետք է նոտաներ հղի Ռուսաստանին, և այլն: Այսինքն` եթե հայկական կողմը չի կարողանում ազդել Ռուսաստանի վրա, գոնե «դիսկոմֆորտ» պետք է ստեղծի, որ այդքան էլ համաձայն չէ Ռուսաստանի հետ կամ ուղղակի դժգոհ է»,- նշեց Իգիթյանը:
Հարցին, թե, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանի` «մենք իրավունք և հնարավորություն չունենք ռուսական կողմին արգելելու» արտահայտության մեջ կա՞ դիվանագիտորեն քողարկված դժգոհություն, միջազգային հարաբերությունների փորձագետ Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում` մենք իրավունք կամ հնարավորություն չունենք: Դիվանագիտության մեջ դժգոհություններն արտահայտելու ձևեր կան, և սովորաբար դա արվում է հայտարարություններով կամ բողոքի նոտաներով: Ես նույնիսկ թաքնված դժգոհություն չեմ տեսնում, ես տեսնում եմ վախեցած մարդու արտահայտություններ: Կարող է` ինքը հոգու խորքում ինչ-որ դժգոհություն ունի, որն արտահայտում է խոհանոցում կամ իր ընկերներին` սեղանի շուրջ, բայց դիվանագիտության մեջ այդպես չի արվում»:
Ի դեպ, այս համատեքստում Հովհաննես Իգիթյանը նաև շոշափեց ղարաբաղյան հակամարտության շփման գծում ադրբեջանական դիվերսիոն խմբերի իրականացրած վերջին գործողությունների վերաբերյալ ՀԱՊԿ-ի ներկայացուցչի մեկնաբանությունը: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել էր, թե առաջին անգամ է տեղեկանում զինված ընդհարումների մասին, հետևաբար` որևէ կարծիք հայտնել չի կարող:
«Ես համոզված եմ, որ Ռուսաստանը տեղյակ է այն ամենից, ինչ կատարվում է Հայաստան-Ադրբեջան և ԼՂՀ-Ադրբեջան սահմանին: Օրերս կարդացի, որ Պուտինը նույնիսկ տեղյակ է ուկրաինացի մի հոգևորականի` Ուկրաինայում կատարվող դեպքերի վերաբերյալ հայտարարությունից, որն արվել է Ուկրաինայի ինչ-որ մի գյուղում, և Պուտինը Եվրամիության հետ գագաթաժողովի ժամանակ նույնիսկ անդրադարձավ դրան: Եթե Պուտինը տեղյակ է գյուղական կրոնավորի հայտարարության մասին, ապա համոզված եմ, որ Պուտինը և Ռուսաստանի ողջ էլիտան տեղյակ են նաև Ադրբեջանի կողմից աղմկոտ և արյունոտ դիվերսիաների մասին, որոնք կատարվում են նաև ռուսական զենքով: Եվ զարմանալի է, որ թե՛ Պուտինը, թե՛ ՀԱՊԿ չինովնիկները որևէ կերպով չեն արձագանքում»,- ասաց Հ. Իգիթյանը:
Մեր զրուցակիցներն անդրադարձան նաև ադրբեջանական դիվերսիայից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության վերջին հայտարարություններին, որոնցում հնչած գնահատականները, ըստ էության, լղոզված են, ուղղված երկու կողմերին:
«Սա ևս ցույց է տալիս, որ այստեղ գործընկերային ոչինչ չկա: Չի մատնանշվում, թե կոնկրետ ով է իրականացրել դիվերսիան, ովքեր են նշանառուների հրացաններից կրակում: Այդ բոլորը լղոզվում է, և կոչն ուղղվում է «կողմերին»: Այդպես բոլորին էլ կարող էին ասել, կարող էին մի հատ հայտարարություն տարածել, որ աշխարհում խաղաղություն է պետք: Ակնհայտ է, որ այստեղ գործ ունենք ոչ ճշմարիտ գնահատականի հետ: Եվ սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի անվտանգության թիվ մեկ երաշխավորը և, ցավոք սրտի, դեռևս միակը ՀՀ բանակն է և հայ ժողովուրդը: Եվ մենք մեր ներսը պետք է ուժեղացնենք»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Միաժամանակ նա նշեց մի պատճառ, որը, իր խոսքերով, ազդել է Մինսկի խմբի վերջին ոչ այնքան հայանպաստ հայտարարության վրա:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի` Եվրոպան որոշակիորեն փոխել է իր վերաբերմունքն այս հարցում` Մաքսային միությանը միանալու վերաբերյալ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո: «Երբ Հայաստանը փորձում էր խորը հարաբերություններ կառուցել Եվրամիության հետ, մենք տեսնում էինք, որ Եվրոպան իրեն շատ չեզոք էր պահում Արցախի հարցում և ոչ հայանպաստ որոշումներ չէր ընդունում, բայց երբ եղավ սեպտեմբերի 3-ի հայտարարությունը, Եվրախորհրդարանը նույնիսկ բանաձև ընդունեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ՄԱԿ-ի 4 բանաձևերի լույսի ներքո: Մինչև հիմա չէին հիշում, մեկ էլ 93 թվականի բանաձևերը հիշեցին:
Պարզ է, որ Հայաստանն իր այդ որոշմամբ խախտեց որոշակի ստատուս-քվո: Եվ, ցավոք սրտի, այժմ մենք Եվրոպայի կողմից պաշտպանված չենք, Ռուսաստանն էլ գործընկերություն չի անում: Էլ չեմ խոսում այն մասին, որ Հայաստանի իշխանություններն ուզում են մտնել Մաքսային միություն, մի միություն, որտեղ դեռ չմտած` Ղազախստանը և Բելառուսը պաշտպանում են Ադրբեջանի շահերը: Հայաստանն այսպիսի տեղ է վազելով գնում, որ Ադրբեջանի շահն ավելի լավ պաշտպանվի,- ասաց Արմեն Մարտիրոսյանը` ավելացնելով,- Այս ամենի մեջ մեկ լուսավոր կետ կա, նկատի ունեմ դիվերսիոն խմբերի սադրիչ գործողությունները. մեր զինվորները` ի դեմս Արմեն Հովհաննիսյանի, հստակ ցույց տվեցին, որ հայ զինվորը, ինչպես` 20 տարի առաջ, այնպես էլ` հիմա խիզախ է, քաջ և մասնագիտական բարձր պատրաստվածություն ունի, հայ սպաները պատրաստ են վճռական որոշումներ ընդունել, դրանք ի կատար ածել և արժանի հակահարված տալ»:
Իսկ Հովհաննես Իգիթյանն իր հերթին` ավելացրեց, որ դրանում կա նաև Հայաստանի իշխանությունների մեղքը, քանի որ «տանուլ ենք տալիս քարոզչական պայքարում», Ադրբեջանը մեծ աշխատանք է տանում քարոզչական դաշտում և խեղաթյուրում են իրականությունը, ինչը նաև ազդում է հարցի վերաբերյալ Մինսկի համանախագահների պատկերացման վրա, քանի որ նրանք լրատվությունը երկու կողմից են ստանում:
«Այստեղ պետք է ավելի հստակ ներկայացվի ճշմարտությունը` նկարահանելով, աղմուկ բարձրացնելով: Եվ նաև պետք է աշխատել դիվագիտական դաշտում. Հայաստանի քաղաքական և դիվանագիտական ղեկավարները պետք է բողոքի նոտա հղեն: Միայն այդ դեպքում պարզ կերևա, որ այստեղ անհավասարություն կա, որ Ադրբեջանն է անընդհատ զինվում, զենք կիրառում և փորձում լարվածություն մտցնել հակամարտության մեջ»,- նշեց Հովհաննես Իգիթյանը:
Հիշեցնենք, որ թե՛ Ռուսաստանի արտգործնախարարությունը, թե՛ Մինսկի խումբը, ըստ էության, խուսափել էին Ադրբեջանի կողմից վերջին դիվերսիոն հարձակումները դատապարտելուց: Մինսկի խմբի համանախագահները հունվարի 24-ի հայտարարության մեջ հակամարտության կողմերին կոչ էին արել` «անվերապահորեն պահպանել զինադադարի ռեժիմը», իսկ ՌԴ ԱԳՆ-ն հունվարի 30-ի հայտարարությամբ պարզապես մտահոգություն էր հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ և հակամարտող կողմերին կոչ էր արել` «ձեռնարկել հավելյալ միջոցներ՝ ուղղված իրավիճակի կայունացմանը»: