Սերժ Սարգսյան. Եթե մենք որոշել ենք միանալ ՄՄ-ին, ապա դա պետք է անենք հնարավորինս արագ, ինչո՞ւ դանդաղեցնենք (տեսանյութ). «Ազատություն»
Չեխիայում պետական այցով գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հանդիպում է այդ երկրի նախագահ Միլոշ Զեմանի հետ: Այս մասին փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: Չեխիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ «Ազատություն»ռադիոկայանի լրագրողը հարց է ուղղել ՀՀ նախագահին, թե, ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, հայկական կողմն այնքան ջանասիրաբար է լծվել ՄՄ-ին միանալու գործին, որ իրենք չեն հասցնում Հայաստանի հետեւից, ի՞նչն է Հայաստանին ստիպում այդքան արագ միանալ այդ միությանը, եւ սա այն դեպքում, երբ այդ միության նախաձեռնող երկիր ՌԴ-ն անտարբերությամբ հետեւում է, թե ինչպես են մեր սահմանամերձ շրջաններն ամեն օր գնդակոծության ենթարկվում Ադրբեջանի կողմից: Եվ եթե Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի դաշնակիցն է, ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ Ռուսաստանը հսկայական քանակությամբ զենք է վաճառում Ադրբեջանին:
Պատասխանելով հարցին` Սերժ Սարգսյանը նախ հայտարարել է, թե սովոր չէ բողոքելուն, հետո նշեց, որ հնարավորություն կա Երեւանում այս հարցերն իրեն ուղղելու:
«Ցանկացած գործ, որին ձեռնամուխ ես լինում, պետք է հնարավորինս արագ եւ որակով անել: Եթե մենք որոշել ենք միանալ ՄՄ-ին, ապա դա պետք է անենք հնարավորինս արագ, ինչո՞ւ դանդաղեցնենք: Եթե մեր որոշման հիմքում ընկած է ազգային շահը, ապա այդ որոշումը պետք է օր առաջ իրականություն դարձնել: Մաքսային միությունը տնտեսական կառույց է եւ ոչ ռազմական: Բնավ, պետք չէ կասկածի տակ դնել հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը: Այո, ՌԴ-ն համագործակցում է նաեւ Ադրբեջանի հետ, բայց դա չի նշանակում, որ մենք իրավունք եւ հնարավորություն ունենք ռուսական կողմին արգելելու համագործակցությունը Ադրբեջանի հետ»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը եւ վստահեցրել, որ իրավիճակը սահմանին վերահսկվում է, եւ մենք ունենք բոլոր հնարավորությունները` պաշտպանելու մեր տարածքները: