«Դեմ եմ»-ն ակամա պայքարում է «Դեմ եմ»-ի դեմ
Սահմանադրական դատարանի երեկվա որոշումը միանգամայն իրատեսորեն է ընդունվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող քաղաքացիական ակտիվիստների, առաջին հերթին՝ «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչների կողմից, ովքեր չեն ոգևորվել ՍԴ-ի կողմից իշխանությանը տրված «ժամանակավոր դադարով»: Նրանք հասկացել են, որ, թեկուզև միջանկյալ, այդուհանդերձ, այս հաղթանակը հնարավոր է դարձել ակտիվ պայքարի շնորհիվ, ինչը նշանակում է, որ պետք է ոչ թե դադարեցնել պայքարը, այլ դրան ավելի մեծ թափ հաղորդել՝ վերջնական հաղթանակի, այսինքն՝ օրենքը հակասահմանադրական ճանաչելու համար:
Մյուս կողմից, սակայն, երիտասարդ ակտիվիստները կարծես թե այնքան էլ ճիշտ չեն գնահատել, որ այս ձեռքբերումը հնարավոր դարձավ միայն այն պատճառով, որ պայքարին, այսպես ասած, քաղաքական շունչ հաղորդվեց: Իսկ դա նշանակում է, որ այդ պայքարը կարող է վերջնական հաղթանակ ապահովել միայն այն դեպքում, երբ դրա քաղաքական «բաղադրիչն» ավելի կհզորանա: Սա միգուցե այնքան էլ ցանկալի չէ՝ հատկապես հայաստանյան այսօրվա քաղաքական ներկապնակի պայմաններում, սակայն պայքարի քաղաքականացումն այլընտրանք չունի, եթե դրա նախաձեռնողները ցանկանում են հասնել վերջնական հաղթանակի:
Ընդ որում, դա բխում է նույն քաղաքական այբուբենային տրամաբանությունից, որին հղում անելով՝ երիտասարդ ակտիվիստները բացատրում են իրենց դիրքորոշումը. որևէ պարագայում շարժումը չի կարող քաղաքականացվել:
«Քաղաքականացվելն առնվազն երկու կոմպոնենտ պետք է պարունակի՝ պիտի լինի քաղաքական գաղափարախոսություն, որով դու գնում ես առաջ, և գնում ես դեպի ո՞ւր՝ քաղաքական իշխանության: Եթե դու չես գնում դեպի քաղաքական իշխանություն և չունես քաղաքական գաղափարախոսություն, որով գնում ես դեպի քաղաքական իշխանություն, դու չես կարող քաղաքականացված լինել, բայց դու քաղաքական հարթակում ես, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի չի կարող դրանից զատ լինել, և լուծում ես երկրի սոցիալական քաղաքականության հիմնախնդիր: Բայց շարժումը չի կարող քաղաքականացվել, որովհետև ինքը չունի քաղաքական նկրտումներ, քաղաքական սպասումներ»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է «Դեմ եմ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Մանուկյանը՝ ներկայացնելով գոնե առայժմ քաղաքացիական ակտիվիստների մեծամասնության կողմից ընդունվող դիրքորոշում: Առաջին հայացքից՝ այդ դիրքորոշումն, իհարկե, տրամաբանական ու փաստարկված է թվում:
Մյուս կողմից, սակայն, հենց վերը նշված տրամաբանության մեջ կա հակասություն: Երիտասարդները պահանջում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն ապահովող օրենքը ճանաչել հակասահմանադրական, այսինքն՝ նշանակում է, որ այդ օրենքի ընդունմամբ խախտվել է ՀՀ սահմանադրությունը, ինչը, այսպես ասած, քաղաքական «հանցագործություն» է: Այդ օրենքի ընդունման որոշումը քաղաքական որոշում է եղել՝ կայացված իշխանության ամենաբարձր մակարդակում, այսինքն՝ պայքարի օպոնենտները քաղաքական միավորներ են՝ ի դեմս իշխանության:
Մարմինը, որից ակնկալում են օրենքի չեղյալ հայտարարում՝ ՍԴ-ն, ֆորմալ առումով՝ իրավական, սակայն Հայաստանում՝ քաղաքական մարմին է, այն իմաստով, որ նա որևէ օրենքում որևէ ստորակետի վերաբերյալ անգամ որոշում չի կայացնում՝ առանց իշխանության հետ համաձայնեցնելու, հետևաբար՝ առանց քաղաքական որոշման: Մի խոսքով, այս պայքարը բովանդակությամբ լիովին քաղաքական պայքար է և պահանջում է ամբողջությամբ քաղաքական լուծումներ: Հետևաբար՝ ի սկզբանե չքաղաքականացվելու պայման առաջ քաշելը նշանակում է՝ պայքարը դատապարտել ձախողման:
Այլ հարց է, որ երիտասարդները գուցե մտավախություն ունեն, որ իրենց պայքարը կարող է օգտագործվել ոչ իշխանական քաղաքական ուժերի կողմից՝ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար: Այդ մտահոգությունը միանգամայն հասկանալի է, սակայն նույնքան հասկանալի է ու նորմալ, որ քաղաքական ուժերը պետք է օգտագործեն պայքարի ցանկացած առիթ, այդ թվում՝ կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարը, իրենց քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար:
Հետևաբար՝ քաղաքացիական ակտիվիստները պետք է ոչ թե «չորով» փակեն քաղաքականացվելու հնարավորությունը, այլ փորձեն այնպիսի լուծումներ գտնել, որպեսզի հասնեն իրենց վերջնական նպատակին, միաժամանակ՝ չօգտագործվելով քաղաքական ուժերի կողմից՝ այդ բառի վատ իմաստով: Իհարկե, դա չափազանց բարդ խնդիր է, սակայն, միևնույն ժամանակ՝ անխուսափելի:
Իրավիճակի նրբությունը նաև այն է, որ քաղաքացիական ակտիվիստներն իրենց պայքարը չքաղաքականացնելու դիրքորոշմամբ մի կողմից՝ ցանկանում են խուսափել կուսակցությունների կողմից պայքարն իրենց նպատակներին ծառայեցնելու հեռանկարից, մյուս կողմից՝ ակամա հնարավորություն տալով իշխանությանը՝ օգտագործել այդ դիրքորոշումը քաղաքական հնարավոր բողոքի ալիքից խուսափելու համար: