ՀՀ-ն այժմ կիսաֆեոդալական ինչ-որ կառույցի է նման, երկրում «լկտիություն» կա
«168 Ժամի» զրուցակիցն է բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը
– Պարոն Մարտիրոսյան, այսօր Հայաստանի խնդիրներից որո՞նք են, ըստ Ձեզ, առաջնահերթ լուծում պահանջում:
– Շատ մասնագետներ առաջնահերթ խնդիրների շարքում նշում են տնտեսությունը, կյանքի մակարդակի բարձրացումը, արտագաղթի տեմպի և մակարդակի նվազեցումը: Գուցե: Համակարգային մոտեցումը պահանջում է մտքի կարգապահություն և հիմնական պատճառահետևանքային շղթաների որոնում, առանց որոնց փոփոխության` հնարավոր չէ իրավիճակը մեռյալ կետից շարժել: Սա, ինչպես այն հեքիաթում է, երբ փնտրում են ասեղ, որը ձվի մեջ է, ձուն` բադի, բադը` նապաստակի, նապաստակը` սնդուկի, իսկ սնդուկը բարձր կաղնու վրա էգ Վերադառնալով տնտեսությանը` ինչպե՞ս ազդակ հաղորդել տնտեսական զարգացմանը: Դրա համար այն պետք է մրցունակ դառնա: Ի՞նչ է հարկավոր դրա համար, ինչո՞ւ մինչ այժմ դա տեղի չի ունեցել:
Մրցունակ տնտեսության համար հարկավոր են համապատասխան հավասար պայմաններ մրցակցային պայքարի ժամանակ: Եթե միտքը զարգացնենք այս ուղղությամբ, ապա այդ դեպքում «ասեղը» կլինի օրենքի առջև բոլորի և յուրաքանչյուրի հավասարության ու հասարակության մեջ արդարության զգացումի հաստատումը: Սակայն ճիշտ չէ կարծել, թե այդ խնդիրը պետք է լուծի միայն իշխանությունը, կամ, որ ընդդիմությունն իշխանության գալով` անմիջապես կլուծի այն: Սա համազգային խնդիր է, քանի որ արդարությունը մեր ինքնահաստատման անկյունաքարերից մեկն է: Դրա լուծմամբ պետք է շահագրգռված լինեն բոլորը, ով անտարբեր չէ երկրի ճակատագրի հանդեպ:
– Դուք տեսակետ եք հայտնել, որ ՀՀ-ում առաջնորդության ճգնաժամ է, և նոր սերնդի ղեկավարների անհրաժեշտության խնդիր եք առաջ քաշել: Ինչպե՞ս է դա հնարավոր, եթե երկրում քաղաքական ապատիա է, ժողովուրդը կուսակցություններին այլևս չի հավատում, իսկ իշխող կուսակցությունը գրավել է ամեն ինչ և ամենուր մեծամասնություն է կազմում:
– Ձեր հարցում 2 միֆ կա. առաջինը կապված է հերոս-փրկչի սպասումների հետ, երկրորդը` իշխող կուսակցության կողմից ամեն ինչի տոտալ վերահսկողության հետ: Հայկական հասակարությունում ապատիայի պատճառներից մեկը հերոս-փրկչի մասին սպասումների չիրականացած լինելն է, որը պետք է լուծեր Հայաստանի բոլոր խնդիրները: Դրանք չափազանց շատ են, իսկ հերոս-առաջնորդի մոդելը վաղուց չի համապատասխանում առավել բարեկեցիկ երկրների ժամանակակից մարտահրավերներին: Բայց օրակարգի հարցն առաջնորդի խնդիրն է, որը կկարողանա իր շուրջ համախմբել առաջնորդների:
Նոր գեներացման առաջնորդներին ծնում ու կոփում է միջավայրը, այն, ինչը գերմանացիներն անվանում են Zeitgeist, նրանց բնատուր ունակություններն ու ձեռք բերած գիտելիքները և հմտությունները: Փոփոխությունները տեղի կունենան բնականոն ձևով՝ սերունդների հերթափոխի արդյունքում: Արթուր Շլեսինջեր-կրտսերն ամերիկյան քաղաքականության ցիկլերի համար սահմանել է 12 տարի:
Մենք չգիտենք, թե ինչպիսին է հայկական քաղաքականության ճոճանակի ընթացքը: Մեր քաղաքական ժամացույցը կոտրվել էր և կրկին ընթացք ստացել 20 տարուց քիչ ավելի առաջ: Բայց ցիկլը կա, և այն մենք չենք որոշում, այլ բնության ծերացման և սերնդափոխության անողոք օրենքները: Տոտալ վերահսկողություն չի եղել անգամ խորհրդային ժամանակաշրջանում: Այն չի կարող լինել նաև ժամանակակից Հայաստանում:
Տեղեկատվական տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են ընձեռում քաղաքական մոբիլիզացիայի ինովացիոն ձևերի համար: Այլ բան է, որ ես դեռևս կարող եմ Հայաստանում նման մոբիլիզացիայի միայն մի երկու դեպք նշել` գրագետ նպատակադրմամբ և միջոցների թափանցիկությամբ, մեթոդներով և ձեռք բերված արդյունքներով: Ամենագլխավորն այն է, որ հարկավոր է փոխել շրջանակը կարճաժամկետ, «այստեղ» և «հիմա» մոտեցումներից` դեպի երկարաժամկետի` քաղաքական և քաղաքացիական մշակույթի դիմադրության հաղթահարումով: Բողոքի կամ այլ պոլիտտեխնոլոգիական մոդելների կրկնօրինակումով խնդիր չի լուծվի:
Առաջնորդությունը պետք է ի դերև գա արժեքների ստեղծագործաբար վերաիմաստավորման և մարտահրավերների հետ ծանր աշխատանքի արդյունքում: Հասարակությունում դիմադրողական այսպիսի լարվածության առկայության պայմաններում մարդկանց փողոց դուրս բերելը տեխնիկական խնդիր է և` ոչ առաջնորդության, քանի որ անհաս նպատակները միայն մեծացնում են հուսախաբությունը և ապատիայի մակարդակը: Առաջնորդությունը հասկանալու և իմաստավորելու խնդիրն է, ինչի համար է այն անհրաժեշտ, ինչ կոնկրետ նպատակ կամ խնդիր պետք է լուծի, այս կամ այն ակցիայի արդյունքում ինչը կփոխվի համակարգային ձևով: Պայքարի հաջող օրինակ է հասարակական տրանսպորտի 100 դրամի հարցը, երբ մարդիկ մոբիլիզացվեցին և հարցը դրական ձևով լուծեցին: Գոնե առայժմ:
Երկրում պետք է դրական փոփոխությունների հնարավորություն լինի: Այդ առումով իշխանությունից շատ բան է կախված, և իրենք պետք է գիտակցեն, որ եթե նրանք արգելափակեն այդ հնարավորությունները, ապա իրավիճակը կարող է զարգանալ ավելի քիչ ցանկալի սցենարով:
Օրինակ` մենք դեռ չգիտենք, թե Ուկրաինայում ինչպես է զարգանալու հակամարտությունը: Բայց արդյոք մեզ հարկավո՞ր է նման հակամարտություն, երբ ազգն այդքան շատ խնդիրներ ունի լուծելու առաջիկա 18 ամսում: ՀՀ իշխանությունները պետք է այս ձմեռն օգտագործեն կրկին մտածելու համար, թե ինչպես հասարակության լայն շետերին ներգրավեն անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ երկխոսությունում:
– Դուք ասում եք՝ Հայաստանում առաջնորդության հետ կապված իրավիճակը կփոխվի սերնդափոխության արդյունքում, բայց արտագաղթը շատ մեծ ծավալների է հասել: Արդյոք ՀՀ-ն ունի՞ ժամանակ: Եվ Ձեր կարծիքով` ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիները պայքարելու փոխարեն` լքում հայրենիքը:
– Հարցերի լուծման խնդիրն արդարության հաստատումն է և հույսի բացակայության վերացումը: Մեզ հույսի առաջնորդություն է պետք: Մենք ունենք իրավիճակ, որ մարդիկ, ամեն անգամ պայքարին միանալով, արդյունքի չեն հասնում, ավելի շատ են հուսահատվում և տարբեր պատճառներով, ինչպես տնտեսական վատ պայմաններն են, լքում են երկիրը: Խնդրի կարճ ու կտրուկ լուծում չկա: Եթե որևէ առաջնորդ նման խոստում տա, ապա ժողովուրդը կրկին խաբվելու է: Պետք է երկարատև ծրագրեր լինեն, որոնք կարճատև ժամանակաշրջանում արդյունք կցուցաբերեն, որ այդ նպատակներն իրագործելի են:
Եվ այս ամենում ամենակարևորն արդարության խնդիրն է, շատ հայեր այսօր չեն զգում, որ արդարություն կա: Իսկ ինչպե՞ս փոխել այդ զգացումը, դա արդեն պետք է մանրամասն քննարկել: ՀՀ-ն այժմ կիսաֆեոդալական ինչ-որ կառույցի է նման, երկրում «լկտիություն» կա, մարդիկ կան, որ կարծում են, թե օրենքից վեր են, ինչ ուզեն` կանեն, և կան մարդիկ, որ ամբողջությամբ անպաշտպան են: Դա պետք է փոխվի:
– Առկա իրավիճակում ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացն ինչպե՞ս եք գնահատում: Նախագահների հանդիպումներն ամեն անգամ բնորոշվում են` որպես «քայլ առաջ»: Դուք իրականում տեսնո՞ւմ եք դրական զարգացումներ: Ի՞նչ է հարկավոր խնդրի վերջնական լուծման համար:
– Եթե «վերջնական լուծում» ասելով` դուք հասկանում եք` պարադիգմատիկ տեղաշարժ կոնֆրոնտացիայից դեպի կոոպերացիա Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև, ինչպես երկու համաշխարհային պատերազմներից հետո դա տեղի ունեցավ Ֆրանսիայի և Գերմանիայի միջև, ապա մենք դեռ շատ հեռու ենք դրանից: Իրական բանակցային գործընթաց, որի ժամանակ արտաքին խաղացողների միջնորդությամբ կողմերը փնտրում են առավել փոխընդունելի լուծումների տարբերակներ, քան կողմերի ընկալման մեջ ոչ բանակցային այլընտրանքները, չկա և, հավանաբար, մեր դեպքում երբեք էլ չի եղել իրականում:
Պատճառն այն է, որ, թեև տարբեր կերպով, բայց ստատուս-քվոն բավարարում է բոլոր կողմերին, այդ թվում՝ միջնորդներին: Ալիևների Ադրբեջանն առաջնորդվում է նրանով, որ իրենք ժամանակի ընթացքում կարող են ավելի շատ շահել` տարածաշրջանային մեկուսացման քաղաքականության արդյունքում, պատերազմի սպառնալիքով և սպառազինությունների մրցավազքով թուլացնելով Հայաստանը, այսինքն` պատերազմելով այլ միջոցներով և հյուծելով երկիրը: Հայկական պետություններին ստատուս-քվոն թույլ է տալիս ամրացնել Արցախի դե ֆակտո անկախ պետականությունը, ակտիվ զսպման սկզբունքների վրա անվտանգության համակարգեր կառուցել և հող նախապատրաստել դե յուրե ճանաչման համար: Պարադիգմատիկ տեղաշարժի համար հարկավոր է, որ Ադրբեջանի մոտ բանակցային լուծումներին այլընտրանքների ընկալումը փոփոխվի: Եթե անգամ Ադրբեջանում տնտեսական իրավիճակը փոփոխվի դեպի վատացում, իսկ դա կսկսի նկատվել արդեն առաջիկա տարիներին, Ալիևը չի կարողանա ներկայիս դիրքորոշումը փոխել` առանց դիմագծի կորստի, ինչը կհանգեցնի իշխանության կորստի:
Բանակցային սեղանի շուրջ ոչ մի տարբերակ չի կարող նրան բավարար փոխհատուցում տալ: Դրա համար առաջիկա 10 տարում մենք պետք է ի նկատի ունենանք, որ տեղաշարժը մոտեցնելու համար հիմնական աշխատանքը կպահանջի ներքին կենտրոնացում այնպես, որ Ադրբեջանի հետ իրական բանակցությունների ժամանակ Արցախը՝ ուղիղ և փոխաբերական իմաստով, լինի լիովին զինված:
– Այսինքն` տարածաշրջանային մեկուսացում Հայաստանին չի՞ սպառնում:
– Ինձ թվում է, որ չի ստացվի մեկուսացնել Հայաստանը: Այժմ Իրանի հետ ևս իրավիճակը փոխվում է, թեև ես այդքան լավատես չեմ, որ ամեն ինչ կհարթվի, բայց երբ պարզվի, թե ԱՄՆ-ը ու ԵՄ-ն որ պատժամիջոցներն են պատրաստ հանել, պարզ կլինի, թե ինչ զարգացումներ կլինեն: Ակնհայտ է, որ յուրաքանչյուրը կշահեր տարածաշրջանային ավելի բարձր մակարդակով համագործակցությունից: Սակայն, ցավոք, մենք գործ ունենք հարևանների հետ, որոնց արտաքին քաղաքականությունը ձևավորվում է թերաճ ռեալպոլիտիկի՝ զրոյական ելք ունեցող խաղերով:
Թուրքիան ավելի հզոր պետություն է, որ ուրիշ լեզու է ընտրել և ուրիշ ոճով է հարցեր ուզում լուծել մեր տարածաշրջանում: Կարո՞ղ ենք մենք ճնշում գործադրել նրանց վրա, որ Գերմանիայի նման վարվեն, որն օրերս լրացուցիչ 700 մլն եվրո է տրամադրել Հոլոքոստից տուժածներին: Արդյոք մենք կարո՞ղ ենք նույնը սպասել Թուրքիայից: Իհարկե, լավ կլիներ, որ իրենք էլ նույն հումանիզմը դրսևորեին, բայց, դժբախտաբար, իրենք այդպիսին չեն: Եվ մենք պետք է անենք այն, ինչն այսօր հնարավոր է՝ մեր ազգային շահերի առաջմղման համար:
– Ինչպե՞ս եք գնահատում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին որոշումը: Արդյոք դա՞ էր ՀՀ-ի համար լավագույն ընտրությունը, և ընդհանրապես կա՞ր ընտրության հարց: Շատերի գնահատմամբ` Հայաստանը դառնում է Ռուսաստանի խամաճիկը, և ՌԴ-ն մի թել ձգելով` ՀՀ-ին պարտադրում է իր կամքը, օրինակ՝ վերջերս «Գազպրոմի» հետ կնքված գազային պայմանագրի փաստը:
– Ես չեմ համարձակվի միանշանակ ասել, թե ինչն է Հայաստանի համար ավելի լավ` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագի՞րը, թե՞ Մաքսային միությունը: Ակնհայտ է, որ ինտեգրացիոն երկու նախագծերն էլ ենթադրում են ինքնիշխանության պատվիրակում և սահմանափակում, որ այդ երկու նախագծերից յուրաքանչյուրը Հայաստանի ազգային շահերի առումով ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Կարճատև կտրվածքով, կարծես, ավելի շահավետ է և քիչ կորուստներ է առաջացնում ՄՄ-ն, սակայն երկարատև կտրվածքով` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրն է շահավետ:
Ցավոք, Հայաստանում հասարակության տեղեկատվական անբավարար պատրաստվածության պատճառով դիսկուրսը, կարծես, 2 հակադիր ճամբարների միմյանց անհանդուրժող ներկայացուցիչների միջև «հաճոյախոսությունների» փոխանակում լինի: «Ռուսամետ» և «եվրոպամետ» հայերի միջև այդ քննարկումների ժամանակ հաճախ ստեղծվում է, հուսով եմ, կեղծ տպավորություն, որ չկա գլխավորը` հայամետ ճամբարը: Ես համաձայն չեմ նրանց հետ, ովքեր կարծում են, որ 2013 թ. սեպտեմբերի 3-ի ընտրությունն «անսպասելի» էր կամ, առավել ևս, որ այդ ամսաթիվը նշանավորում է Երրորդ Հանրապետության վախճանի սկիզբը: Իրականում ինձ համար անսպասելի կլիներ, եթե Հայաստանը Վիլնյուսում ստորագրեր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:
Որպեսզի հասկանանք, թե ինչու Ռուսաստանն այդպես դաժանորեն ֆորմատավորեց ընտրությունը, պետք է ճիշտ պատկերացնենք Ռուսաստանի շահերը, և թե ինչու, անկախ նրանից, թե ով կլինի Կրեմլում իշխանության ղեկին, աշխարհաքաղաքական սպառնալիքները դիտարկվելու են միևնույն տեսանկյունից: Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով` վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի ազգային էական շահերի այլընտրանքային լուծումներն այնպես թույլ են մշակվել, որ «ոչ ՄՄ-ին» և «այո ԵՄ Ասոցացման համաձայնագրին» դաժան ընտրության իրավիճակում կարճաժամկետ կորուստները կարող էին այնքան լուրջ լինել, որ նման ընտրությունն իրապես լիներ ոչ ռացիոնալ:
Ինքնիշխան և անկախ պետության պրագմատիկ մոտեցումը ենթադրում է ոչ այնքան քննադատություն և բողոք այլ երկրի դեմ, որքան մտորում այն մասին, թե ինչո՞ւ այլ երկիրը հնարավորություն ստացավ այդպես կոշտ «խաղալ» մեզ հետ: Տհասության հիմնական նշանը պատասխանատվությունից խուսափելն է: Որքան ուժեղ են այլընտրանքները, այնքան ավելի շատ մեզ հետ հաշվի կնստեն բանակցային սեղանի շուրջ:
Եթե այլընտրանքները թույլ են, ապա ստիպված պետք է համաձայնել սեղանին դրված տարբերակի հետ, որը մեր թույլ այլընտրանքներից քիչ ավելի լավը կլինի: Այլընտրանքները չեն ստեղծվում և չեն բարելավվում անմիջապես: Դրա համար հարկավոր են ռազմավարական, երկարատև խորության քաղաքական միտք և ժառանգաբար փոխանցվող արտաքին քաղաքականություն:
– Աշխարհաքաղաքական զարգացումները բավականին արագ են ընթանում: ԱՄՆ-Իրան հարաբերությունների ջերմացումն, ըստ Ձեզ, ինչի՞ կհանգեցնի, և դրա արդյունքում ինչպե՞ս կփոխվի իրավիճակը ՀՀ-ի համար:
– Մեր տարածաշրջանում կա մի անփոփոխ երևույթ՝ փոփոխությունները: Հիշենք «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթի Թագուհու խոսքը` «միայն տեղում մնալու համար հարկավոր է վազել ամբողջ ուժով, իսկ ինչ-որ տեղ հասնելու համար հարկավոր է վազել առնվազն կրկնակի արագ»:
Իրանի և Արևմուտքի միջև միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորումը և պատժամիջոցների հնարավոր վերացումը նոր բարենպաստ պայմաններ են ստեղծում Հայաստանի համար` որոշ ուղղություններով այլընտրանքների դիվերսիֆիկացման և ուժեղացման համար: Սակայն ես չէի շտապի այդ հնարավորությունների մասին հեռահար եզրակացություններ անել, քանի որ Իրանի և Իսրայելի միջև անտագոնիզմն օրակարգից հանված չէ, և հերթական էսկալացիան չի կարող բացառվել հնարավոր սցենարների ցանկից: Դրա համար հայկական պետությունների խնդիրը շարունակում է նույնը մնալ՝ այդ իրավիճակից առավելագույնս շատ օգուտներ քաղել ազգային շահերի համար: