Ամանորը և թեղին

Չինական պարբերական օրացույցն ընդունվել է Ք.ա. 2697թ. և համընկնում է Խուան Դի առասպելական կայսրի թագադրման առաջին օրվա հետ։ Չինական լուսնի տարին բաղկացած է 12 ամսից` յուրաքանչյուրը 29 կամ 30 օր տևողությամբ (լուսնի կամ այլ կերպ՝ սինոդիկ ամսվա տևողությունը 29,5306 օր է)։ Ըստ այդ օրացույցի՝ Նոր տարին կարող է սկսվել հունվարի 21-փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում, ամանորը համընկնում է ձմեռային արևադարձից հետո երկրորդ նորալուսնի օրվա հետ (օրինակ` 22 հունվարի 2004թ. և 18 փետրվարի 2007թ.)։
Ինչպես մեզ հայտնի է՝ չինական օրացույցում յուրաքանչյուր տարին կապված է 12 կենդանիներից մեկի անվան հետ։
Չինաստանը 1911թ. նոյեմբերի 20-ից անցել է Գրիգորյան օրացույցին, իսկ 1912թ. Առնետի տարին էր։ Չինական օրացույցի հերթական պարբերությունը սկսվել է 2008թ., որն Առնետի տարին էր և շարունակվում էր՝ ըստ հետևյալ կարգի. 2009թ.- Ցուլ, 2010թ.- Կատու (Ճագար), 2012թ.- Վիշապ, 2013- Օձ, 2014- Ձի, 2015- Ոչխար (Այծ), 2016- Կապիկ, 2017- Աքաղաղ, 2018- Շուն, 2019- Խոզ։

Հուլյան օրացույց
Ք.ա. 49թ. հունվարի 10-ին Կեսարն անցավ Ռուբիկոնը, որից հետո սկսվեց քաղաքացիական պատերազմը, իսկ 45թ. նա գլխավորեց Հռոմը։ Նույն 45 թ. հունվարի 1-ից Հռոմը սկսեց հաշվել ժամանակը՝ ըստ Հուլյան օրացույցի։ Հուլիոս Կեսարի հանձնարարությամբ այն կազմեց Ալեքսանդրիայից աստղագետների խումբը` Սոզիգենոսի ղեկավարությամբ։ Հունվարի 1-ն ընտրվեց որպես ամանոր՝ այն պատճառաբանությամբ, որ այդ օրը Հռոմի նորընտիր կոնսուլներն անցնում էին իրենց պարտականությունների կատարմանը։ Ք.հ. 325 թ. կայացած Նիկեյի ժողովում այդ օրն օրացույցն ընդունեցին աշխարհի գրեթե բոլոր քրիտոնյաները։

Գրիգորյան օրացույց
Ըստ Հուլյան օրացույցի՝ մարտի 21-ը գարնանային գիշերահավասարի օրն է, որին հաջորդող առաջին լիալուսնից հետո` կիրակի օրը նշվում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը։ Ըստ Հուլյան օրացույցի՝ տոնը նշվում է մարտի 22-ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում։
Քանի որ Հուլյան օրացույցում յուրաքանչյուր 128 տարին մեկ կուտակվում էր 1 օրվա սխալ (հավելյալ), ապա Գրիգորի 13-րդ պապը կազմավորեց հանձնաժողով (Իտալացի մաթեմատիկոս Լուիի Լիլիոյի ղեկավարությամբ), որը ճշտեց 1257 տարիների ընթացքում կուտակված սխալը։ 1582թ. հոկտեմբերի 4-ին հաջորդեց հոկտեմբերի 15-ը, այլ ոչ թե 5-ը։ Սկսած 1900-ից, հին և նոր (Հուլյան և Գրիգորյան օրացույցների) տարբերությունը կազմեց 13 օր, որը հավանաբար կպահպանվի մինչև 2100թ.։
Կատարված փոփոխությունը վերջ դրեց հաճախակի բնույթ կրող վեճերին, քանի որ որոշ եկեղեցիներ դժվարանում էին Ս. Հարության օրը որոշելիս (տե՛ս Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն)։

Թեղին՝ որպես ամանորի խորհրդանիշ
Թեղին (Ulmus) արդեն մոտ 40 միլիոն տարի աճում է Երկիր մոլորակի վրա, առաջին ծաղկավոր, ծածկասերմ բույսերից մեկն է։
Հին կելտական (դրուիդների) օրացույցում, որն ի հայտ է եկել Ք.հ. 1-ին դարի կեսին, այս ծառատեսակին հատկացված է առավել մեծ ժամանակաշրջան (12-01-24.01 և 15.07-25.07)։
Թեղու օրերը համընկնում են հուլյան ամանորյա տոների հետ։ ՀՀ բնական պայմաններում անհիշելի ժամանակներից աճել են թեղու 3 տեսակներ` էլիպսաձևը, տերևաշատը և խցանայինը, նաև թեղազգիների ընտանիքին պատկանող կարկս (celtis) կովկասյանը, որի պտուղներն ուտելի են, իսկ տերևները պիտանի են շերամի որդերին կերակրելու համար։
Թեղու արմատից, կեղևից և տերևից ստացված պատրաստուկները հնուց օգտագործվել են ժողովրդական բժշկության մեջ` ցիստիտի, այտուցների, ռևմատիզմի, հոդատապի, պլևրիտի, ստոմատիտի, մաշկային ցանի, խոցային վերքերի, ականջից արտադրության, այրվածքի բուժման համար։
Ժամանակակից բժիշկներից շատերը կարծում են, որ դրուիդների օրացույցում ընդգրկված 22 ծառերից ստացված պատրաստուկներն օգտակար են համապատասխան օրերին ծնված մարդկանց ծանր հիվանդությունների դեպքում` անկախ հիվանդության բնույթից թեթևացնում են վիճակը (տե՛ս, Ջ. Սահակյան, Պահապան ծառերի բուժիչ զորությունը, Երևան 2012թ.)։
* Այրվածք, դժվար ապաքինող վերքեր. 20 գ փոշիացրած կեղևին ավելացրեք 500 մլ եռջուր, պահեք մարմանդ կրակի վրա` մինչև մնա հեղուկ կեսը։ Թրմեք 30 րոպե, քամեք։ Եփուկով լվացեք վերքը և թրջոց դրեք վնասված հատվածին։
* Ինֆեկցիոն բնույթի ցան, չիբան. 300 գ մանրացրած թարմ կեղևին ավելացրեք 2 լ եռջուր, 30 րոպե եփեք մարմանդ կրակի վրա։ Թրմեք 1 ժամ, քամեք, ավելացրեք լոգանքի ջրին, ջերմաստիճանը` 37-38 C, տևողությունը՝ 15-20 րոպե։ Շարունակեք 8-10 օր։

Տեսանյութեր

Լրահոս