Հետաձգե՞լ, թե՞ ոչ. կենսաթոշակային կրքերը թեժանում են
ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների նախաձեռնությամբ վաղը կհրավիրվի արտահերթ նիստ` Կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը քննարկելու համար: Արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 44 ստորագրություններն արդեն հավաքված են:
«168 Ժամի» հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախկին փոխնախարար, համակարգի բարեփոխումների մշակման ակունքներում կանգնած Վարդան Արամյանը (ներկայումս զբաղեցնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը) նշեց, որ բարեփոխումների հետաձգումը պետք է շատ փաստարկված լինի, իսկ երբ ասում են՝ դեռ պատրաստ չենք, ապա տրամաբանական հարց է ծագում` իսկ ե՞րբ կլինեն պատրաստ. «Բարեփոխումներն անում են, երբ կա բավականին քաջություն, և երբ, որքան հնարավոր է, մանրակրկիտ մտածված է ծրագիրը: Բոլոր հնարավոր հանգամանքները 100%-ով հաշվի առնել չի կարելի, ընթացքում միշտ ճշգրտումների կարիք է լինում: Բայց ընդհանուր սկզբունքների, գաղափարախոսության վրա 8 տարի է` աշխատանք է տարվում: Բոլոր միջազգային կառույցները միշտ կարմիր գծով ընդգծում են, որ ՀՀ-ն տարածաշրջանում առաջինն է, որ նման համակարգ է ներդնելու, դա նշանակում է, որ որոշակի հիմք կա: Ի՞նչ է փոխվելու այդ 1 տարում, նույն խոսակցությունն ունենալու ենք, ասելու են՝ 1 տարի էլ հետաձգենք: Նման կերպ բարեփոխում չեն անում»:
Վ.Արամյանի խոսքով, պետք է տարանջատել հարկային դրույքը պարտադիր կուտակումներից, քանի որ պարտադիր կուտակումը քաղաքացու սեփականությունն է: Ըստ նրա` եթե մի աշխատող թաքցնի իր եկամուտները և վճարումներ չանի, մյուսը չթաքցնի և ավելի շատ կուտակի, տարիներ հետո խիստ տարբեր չափի կենսաթոշակ կստանան. «Պետությունը տալու է բաշխողական համակարգից թոշակ, իսկ հաշվի առնելով դեմոգրաֆիական խնդիրները` հնարավոր չի լինի աշխատավարձ/թոշակ հարաբերությունը հասցնել 70-80%-ի: Բաշխողական համակարգը դա ուղղակի թույլ չի տալիս և չի տա ապագայում: Այս բազմաստիճան համակարգով մարդիկ կհասնեն 50-55%-ի ու իրենց ավելի լավ կզգան, քան այն մարդիկ, ովքեր այսօր կթաքցնեն իրենց աշխատավարձը: Ամեն մեկն իր որոշման տերն է, բայց այն ժամանակ իրավունք չեն ունենա պետությունից բարձր թոշակ պահանջել»:
Վ.Արամյանը վստահություն հայտնեց, որ կենսաթոշակային վճարումներն ամբողջությամբ կամավոր սահմանելու դեպքում ոչ մեկը փոխանցում չէր անի, իսկ եթե փոխանցումը պարտադիր լինի, միայն չափը` կամավոր, ապա աշխատավարձի 0.1-0.2%-ից ավելի չէր լինի:
«Այժմ այնպիսի մեխանիզմ է ներդրվում, որ ամբողջ կյանքի ընթացքում եկամուտը ճիշտ բաշխի: Այս բարեփոխման մեխը մարդն է, ու փորձում ենք խնդիր լուծել, որ աշխատունակ տարիների ձեռք բերած որոշակի մակարդակի կենսապայմանները թոշակի անցնելուց հետո միանգամից չնվազեն: Դրանից մարդիկ դառնում են պոտենցիալ բողոքողներ, ու դա նորմալ է: Այսօր ամբողջ եվրոպական համակարգը գերի է ընկել բաշխողական համակարգին: Սարկոզին փորձեց լուծում տալ, դա իրեն արժեցավ 2 % վարկանիշի կորուստ և նախագահական աթոռ»,- ասաց Վ.Արամյանը՝ հավելելով, որ բարեփոխումները կմեկնարկեն 2014-ից, և համակարգը կգործի:
Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների ակտիվ գործունեություն է ծավալում քաղաքացիական հասարակությունը` մասնավորապես նշելով, որ 2014թ. հունվարի 1-ից աշխատավարձերի առնվազն 5-9 %-ով փաստացի իջեցում է լինելու 1974-ից հետո ծնված անձանց համար: Օրենքը հակասահմանադրական ճանաչելու համար նախաձեռնող խումբը Մարդու իրավունքների պաշտպանին կոչ է արել դիմել ՍԴ:
Շարժման նախաձեռնողներից փաստաբան Հայկ Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, եթե Ազգային ժողովում լուրջ աշխատանքներ չկատարվեն օրենքի բարեփոխման ուղղությամբ, կենսաթոշակային պարտադիր համակարգի ներդրումը 1 տարով հետաձգելը որևէ օգուտ չի տա. «Մեր պահանջն է, որ պարտադիրը դառնա կամավոր: Մեզ համակարծիք պատգամավորները կփորձեն 1 տարվա մեջ օրենքների փաթեթը քննարկել ու շտկել»:
«Կարծում ենք, հարկավոր է մի քանի տարի կամավոր ներդնել, կենսաթոշակային հիմնադրամներն էլ իրենց մասին ժողովրդին գիտելիք ու աշխատանք ցույց կտան, վստահություն ձեռք կբերեն, նոր պարտադիր կդարձնեն»,- ասում է նա: Հ.Գրիգորյանը նաև նկատեց, որ վճարելու խնդիր չպետք է լիներ, պետությունը պետք է ապահովի քաղաքացիների ապահով ծերությունը, քանի որ բոլորս էլ սոցվճարներ ենք վճարում:
1994-1998 թթ. ԿԲ նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի համոզմամբ՝ ժամկետի յուրաքանչյուր հետաձգում կվնասի բարեփոխումներին, ինչը շատ կարևոր է մեր երկրի, տնտեսության զարգացման համար. «Քաղաքացիների բողոքները շատ բնական են: Սա մի երևույթ է, որ ունի դրական և բացասական կողմեր, բայց դրականն անհամեմատ ավելի մեծ է: Այս սերունդի վրա լրացուցիչ ծախսեր են ավելանում, բայց ապագան է կառուցվում, իսկ կյանքում այդպես է՝ ապագայի համար միշտ դժկամությամբ են անում»:
Անդրադառնալով պնդումներին, թե փոփոխությունները հակասում են Սահմանադրությանը, Բ.Ասատրյանը նշեց, որ չի պատկերացնում, թե որ կետով է այս համակարգը հակասում երկրի Մայր օրենքին:
ԱԺ արտահերթ նիստի նախաձեռնողներից` ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ տեղեկացրեց, որ համակարգի ներդրումը 1 տարով հետաձգելու դեպքում այդ ժամանակահատվածում իրենք մտադիր են իրականացնել մասնագիտական քննարկումներ, սահմանադրական բողոքարկումներ և առաջարկել փոփոխություններ. «Կենսաթոշակային օրենքների փաթեթը լուրջ քննարկումների ժամանակահատված չի անցել, բոլոր 3 ընթերցումներն էլ ընթացել են արտահերթ ռեժիմով: Մեր պահանջը, որ հանրային լայն քննարկումներ պետք է իրականացվեին, քանի որ դա վերաբերում է ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդներին, դրա համար պետք է հանրաքվեով անցներ, անտեսվեց այն ժամանակ:
Հիմա հասարակության մի ստվար հատված ավելի շատ է հետաքրքրվում` օրենքի գործադրման հետ կապված, և մեր խնդիրն է` այդ հնարավորությունն օգտագործել և հանրային, մասնագիտական լայն քննարկումների հիման վրա առաջարկել ամբողջական փոփոխություն օրենքների մեջ»:
Ա.Մինասյանի պնդմամբ՝ բարեփոխումների վրա ոչ թե 8, այլ 15 տարի է` աշխատանք է տարվում, ավելին, 2003 թ. ընդունված պետական կենսաթոշակների մասին օրենքում խոսք էր գնում կուտակային համակարգի անցնելու մասին, բայց կային 3 հիմնարար պայմաններ, որոնք 2010-ին ընդունված 50 օրենքներից բաղկացած փաթեթով ուժը կորցրած ճանաչվեցին: Պատգամավորի կարծիքով, այդ պայմաններն էական էին` ՀՆԱ-ն պետք է անընդհատ աճ արձանագրեր, աշխատավարձերը պետք է անընդհատ աճեին, անձնավորված հաշվառման համակարգը պետք է լիարժեք ներդրված լիներ, բայց այդ պայմանները 2010-ին վերացվեցին, և որևէ լուրջ քննարկում տեղի չունեցավ կուտակային բաղադրիչի հետ կապված:
«2010 թ. հունիսի 24-ի և դեկտեմբերի 21-22-ի ԱԺ նիստերի ընթացքում մեր կողմից բուռն պայքար էր մղվել այս օրենքների ընդունումը չիրականացնելու համար: Ընդ որում, հիմա փորձ են անում ապատեղեկատվություն տարածել, թե իբր 2010-ին ՀՅԴ-ն կողմ է քվեարկել: Դա այդպես չէ, մենք ոչ միայն առաջին ընթերցմանը դեմ ենք արտահայտվել և դեմ ենք քվեարկել, այլ նաև 2-րդ և 3-րդ ընթերցումների ժամանակ հատուկ հայտարարել ենք, որ մեր նպատակն է` չմասնակցելով օրենքի փաթեթի քննարկումներին, տապալել այն, որովհետև սա ՀՀ ապագայի ֆինանսական և սոցիալական ոլորտի վրա խաչ քաշող մոտեցում է»,- ասաց Ա.Մինասյանը:
Պատգամավորը, իր խոսքով, բազմաթիվ կետերից ներկայացրեց 3-ը, որոնցով օրենքները հակասում են ՀՀ Սահմանադրությանը.
1) 117-րդ հոդվածն ասում է, որ սահմանադրական փոփոխություններից հետո ձեռք բերված սոցիալական ծավալն արգելվում է նվազեցնել: Իսկ փաթեթով նվազեցում է տրվում, քանի որ, եթե նախկինում թոշակի անցնելու համար աշխատանքային ստաժի անհրաժեշտ տարիքը 5 տարի էր, փաթեթով սահմանվել է 10 տարի, այդպիսով վատացնելով պայմանները:
2) 14.1 հոդվածն արգելում է տարիքային խտրականության հիմքի կիրառումը որևէ իրավունքի դրսևորման պայմաններում: Իսկ այս փաթեթում կա տարիքային խտրականություն, որը սկսվում է 1974-ից:
3) Սահմանադրության 36 հոդվածի 3-րդ մասով ապահովված է սերունդների համերաշխության սկզբունքը, որ զավակները պետք է հոգ տանեն իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների նկատմամբ: Փաթեթով դա վերացվում է:
«Կա հիմնավոր կասկած, որ ներկա փոփոխությունները նաև հակասում են սեփականության իրավունքի սահմանադրական նորմերին՝ սահմանափակվում է քաղաքացու կողմից իր սեփականությունը հանդիսացող գույքի, այս դեպքում` աշխատավարձի տնօրինման իրավունքը: Իսկ Սահմանադրությունը և օրենքները ամրագրում են, որ նման սահմանափակում կարող է տեղի ունենալ` պետության և հանրության շահից ելնելով, իսկ տվյալ դեպքում ամրագրվում է անհատի շահի գերակայությունը հանրության շահի նկատմամբ»,- հավելեց Ա.Մինասյանը` նշելով, որ իրենք ՍԴ կդիմեն, եթե առաջիկա քննարկումների ժամանակ կառավարությունն ընդունի բերված փաստարկները, և կարելի է պայմանավորվել` հետագա օրենսդրական փոփոխությունների միջոցով վերացնել դրանք:
«168 ԺԱՄ»