Արիֆ Յունուս. Ադրբեջանում չկա հետաքրքրվածություն ընտրություններով, քանի որ ընտրություններ չկան

Ադրբեջանում քիչ մարդու են հետաքրքրում հոկտեմբերի 9-ին անցկացվելիք նախագահական ընտրությունները. այսօր՝ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ նշել է ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսը:

«Բնակչությունը քիչ է տեղեկացված ընտրություններից: Այն պարզապես կորցրել է իր հետաքրքրվածությունը: Մարդիկ մտածում են, որ անկախ նրանից՝ կգնա՞ն քվեարկության, թե՞ ոչ, արդեն ամեն ինչ որոշված է»,- ասել է Արիֆ Յունուսը:

«Ադրբեջանում չկա հետաքրքրվածություն ընտրություններով, քանի որ ընտրություններ չկան: Այդ ընտրությունների արդյունքը նախօրոք հայտնի է բոլորին և’ Ադրբեջանի ներսում, և’ դրանից դուրս»,- նշել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Արիֆ Յունուսի կարծիքով` Ադրբեջանում գրանցման, թեկնածության առաջադրման գործընթացն ուղեկցվել է ճնշումներով, վարչական ռեսուրսի կիրառմամբ: Թեկնածուներին, հատկապես ընդդիմադիր, շատ դժվար է կոնտակտի մեջ մտնել բնակչության հետ: Նախագահի թեկնածուները ելույթ են ունենում հեռուստատեսությամբ, բայց չեն քննադատում նախագահին ու չեն ներկայացնում իրենց ծրագրերը:

Քննարկման ընթացքում բանախոսներն իրենց դիտարկումները ներկայացրին նաև Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման վերաբերյալ: Ալեքսանդր Իսկանդարյանը դժվարացավ ասել՝ արդյոք Հայաստանը կմտնի՞ Մաքսային միություն, այդ հարցն օրակարգում կլինի՞ դեկտեմբերից և հատկապես փետրվարից հետո: Քաղաքագետի խոսքով՝ հնարավոր չէ, որ Հայաստանը մեխանիկորեն ստորագրի փաստաթղթերի այն բազան, որը պատրաստվել է Ղազախստանի, Բելառուսի ու Ռուսաստանի համար:

«Այսինքն՝ պետք է մշակվի Հայաստանի ու Ռուսաստանի կամ Մաքսային միության միջև փոխգործողության որոշակի եղանակ, որը վերջին հաշվով կարելի է անվանել [Մաքսային միություն] մուտք գործել, եթե լինի դրա քաղաքական կամքը: Իրականում լինել այնպիսին, ինչպիսին Ղազախստանն է, Հայաստանը պարզապես չի կարող»,- ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա կարծիքով՝ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ երկիրը ցանկանում է միանալ Մաքսային միությանը, նշանակում է, որ ընտրություն կատարելով ԵՄ ասոցիատիվ անդամության և Մաքսային միության միջև՝ Հայաստանն ընտրել է ՀԱՊԿ-ին:

Խոսելով այն մասին, թե Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշումն ինչ արձագանք է գտել Ադրբեջանում՝ Արիֆ Յունուսն ասաց, որ Ադրբեջանում շատերը կարծում էին, թե սեպտեմբերի 3-ին նախորդող ժամանակահատվածում իրադարձությունները, օրինակ՝ Ադրբեջանին զինելը, «Ռուսաստանի՝ Ադրբեջանի մեջքին կանգնելը» նպատակ ունեին Ադրբեջանին օգտագործել Հայաստանի դեմ, որպեսզի Հայաստանի համար առաջանա Ղարաբաղը կորցնելու սպառնալիք, Հայաստանը չմտածի Եվրամիության հետ մերձենալու, փաստաթղթեր ստորագրելու մասին և շահագրգռվի մուտք գործել Մաքսային միություն:

Քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձան նաև Սիրիայում ստեղծված իրավիճակին: Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ Սիրիան Մերձավոր Արևելքի կարևոր երկրներից է, մի երկիր, որը զգալիորեն որոշում է ներկայիս Մերձավոր Արևելքի կառուցվածքը:

Իսկանդարյանը կարծիք հայտնեց, որ հայերը կամ ադրբեջանցիները չեն կարող զգալիորեն ազդել Սիրիայի իրադարձությունների վրա, թեև այդ իրադարձությունները Հայաստանի ու Ադրբեջանի վրա ազդեցություն ունեն:

Արիֆ Յունիսը հավելեց, որ թեև Ադրբեջանում ցանկացած գործողություն պայմանավորում են արտաքին խաղացողներով, ինքը կարծում է, որ Սիրիայում տեղի է ունենում քաղաքացիական պատերազմ: Յունուսի խոսքով, սակայն, նման բան եղավ Մերձավոր Արևելքի ոչ բոլոր երկրներում, այլ միայն այն երկրներում, որտեղ ժամանակին կառուցում էին արաբական սոցիալիզմ:

«Մեդիա կենտրոն»

Տեսանյութեր

Լրահոս