Անդրանիկ Քոչարյանի երկակի խաղը․ ինչո՞ւ է նա իրավիճակի լիցքաթափման ճանապարհ մշտապես համարում պաշտպանության նախարարի հրաժարականը
Նոյեմբերի 5-ին կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով բանակում տեղի ունեցող դեպքերին՝ ինքնասպանություն, ինքնասպանության հասցնել, սպանություն, շեշտել է.
«Մենք չենք կարող տեղի ունեցողին դիտորդի պես հետևել, և տեղի ունեցողին վերաբերվել, որ այդպես էլ պիտի լինի: Բացատրությունը՝ բացատրություն, բայց դա չի նշանակում, թե այդ բացատրությունները մեզ բավարարում են:
Իմ ուղերձը հստակ է՝ չեմ պատրաստվում այդ իրադրության հետ համակերպվել, որ այդպես էլ պիտի լինի, և շարունակաբար վիճակագրություն արձանագրող լինենք: Էս ուղերձը շատ հստակ տվել եմ գործընկերներին»:
Սրանից առաջ Փաշինյանը բանակում դեպքերի պատճառների մասին խոսելիս փորձել էր ապացուցել, որ տեղի ունեցող երևույթների մոտավորապես 70 տոկոսի ծագումնաբանությունը կապված չէ բանակի հետ, միաժամանակ շեշտելով՝ սպայակազմն իր մեղավորությունն ունի, իսկ այս թնջուկի լուծումը պարտավոր են գտնել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը:
Եվ չնայած յուրայինների և ոչ յուրայինների կողմից հրապարակավ և ոչ հրապարակավ Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջին, Նիկոլ Փաշինյանն օգոստոսին որոշել էր նրան վերանշանակել Պաշտպանության նախարարի պաշտոնում և հետո նույնիսկ նշել, որ գոհ է իր կուսակից պաշտպանության նախարարի աշխատանքից, կամ՝ առնվազն դժգոհ չէ:
Իհարկե, սա կոնկրետ ժամանակի համար կայացված որոշում է, որը հիմնված է քաղաքական տարբեր հաշվարկների վրա:
Իսկ Սուրեն Պապիկյանի վերանշանակումից շատ չանցած բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան դեպք էր արձանագրվել, ինչին հաջորդեցին պաշտոնանկություններ պաշտպանական գերատեսչությունում: Բացի այս, Փաշինյանի որոշմամբ, 2026 թվականի օգոստոսին ստեղծվել է զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ։
Բայց հանկարծ հոկտեմբերի 6-ին Ctrl Z Infocom հաղորդմանը տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարեց, որ ինքը ևս պատասխանատվություն է կրում բանակում ինքնասպանությունների և ինքնասպանության հասցնելու դեպքերի համար, իհարկե, նաև՝ կառավարությունը, Պաշտպանության նախարարը, սակայն մերժեց այն տրամաբանությունը, թե նման դեպքերի պատճառով պաշտպանության նախարարը պետք է ինքնաբերաբար հրաժարական տա:
Այս հարցազրույցից հետո զինված ուժերում դարձյալ զինվորի մահվան դեպքեր են արձանագրվում՝ հոկտեմբերի 10-ին (հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի դին՝ հրազենային վնասվածքով) և հոկտեմբերի 31-ին (հրազենային վնասվածքով հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Տիգրան Ստեփանյանի դին, երկու զինծառայողի մեղադրանք է ներկայացվել՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով):
Ու սրանից հետո Նիկոլ Փաշինյանը, ինչպես նշեցինք, նոյեմբերի 5-ին հայտարարում է, որ բոլոր տեսակի բացատրություններն այլևս անընդունելի են, չի պատրաստվում համակերպվել բանակում տիրող իրավիճակի հետ: Բայց այս անգամ նա մոռանում է իր պատասխանատվության մասին, ինչի մասին կարճ ժամանակ անց հանկարծ հիշել էր:
Չի բացառվում, որ եթե, Աստված մի արասցե, զինվորի մահվան ևս մեկ դեպք արձանագրվի, Փաշինյանն իրեն մեղավոր և պատասխանատու համարի միայն, որ վերանշանակել է Սուրեն Պապիկյանին և բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի հետ կապված թնջուկը լուծելու ժամանակ և հնարավորություն չի տվել: Իսկ մինչ այդ պետք է որոշակի մթնոլորտ գեներացնել պաշտպանության նախարարության և թիմակից նախարարի շուրջ, հատկապես, երբ կան մարդիկ, որոնք կցանկանան լինել այդ պաշտոնին: Մենք ոչ բոլորի մասին կարող ենք իմանալ:
Ի դեպ, մինչև վերջերս նմանօրինակ խոսակցություններ էին շրջանառվում նաև ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ կապված, որոնք ուղիղ չեն էլ հերքվել նրա կողմից, որի գրքի շնորհանդեսին ՔՊ ազդեցիկ դեմքերից Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չէր մասնակցել:
Հետաքրքիր է, բայց «ԵՄ անդամակցության պատրանքը» վերտառությամբ ԱԽ նախկին քարտուղարի հոդվածը և դրանում արտահայտված մտքերն իշխող ուժի կողմից բացասական առումով այնքան էլ բուռն չընդունվեցին, եթե չասենք՝ լիովին նորմալ ընդունվեցին: Բայց վերադառնանք պաշտպանության գործող նախարարի շուրջ հնարավոր զարգացումներին:
Նոյեմբերի 12-ին ArmLur.am-ին տված հարցազրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը բանակում տեղի ունեցող դեպքերի և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի հարցի համատեքստում նշել է.
«Արդարացված հրաժարականները կարող են լիցքաթափել բևեռացվածությունը՝ լինի դա բանակում, թե՝ այլ տեղ։ Չմոռանանք, որ Վազգեն Սարգսյանը հրաժարական տվեց, երբ բանակը թիրախավորված էր։ Եվ եկավ Վազգեն Մանուկյանը, որպեսզի այդ հանրային թիրախային միջավայրից դուրս գա բանակը, ու դա էֆեկտիվ եղավ։ Ընդդիմությունը թիրախավորել էր բանակը՝ հանձինս Վազգեն Սարգսյանի, որովհետև նրան չէր կարողանում ընդունել։ Վազգենը կողք գնաց, այդ խնդիրը մեղմվեց, և դրանից հետո բանակը հայտնվեց իր ծրագրերի կատարման միջավայրում։
Ես դեմ չեմ պաշտոնանկություններին, դրանք եղան զինված ուժերում։
Ամեն անգամ մենք խնդրին պետք է մոտենանք այն տեսանկյունից, թե որտե՞ղ պետք է փնտրել պատճառահետևանքային կապը։ Բոլորը հոգեբան են ման գալիս, ուզում են լուծումները տեսնել, բայց լուծումը բանակի ներսում է, բանակում փոխհարաբերությունների մեջ է։ Մարդը, երբ զորակոչվեց բանակ, անցավ պահակային կետը, նա այլևս իր ընտանիքինը չի։
Եվ այդ պահից սկսած բանակը պետք է իմանա՝ ի՞նչ կա այս մարդու մեջ, հիվանդություն կա՞, թե՞ չկա, ընտանեկան խնդիրներ կա՞ն, թե՞ չկան։ Եվ երկու տարի հրամանատարն այս մարդու ծառայությունը պետք է այնպես կառավարի, որ նրա մոտ կյանքին վերջ տալու խնդիր չառաջանա։ Այստեղ է շան գլուխը թաղված։
Հիմա ասում են, թե նախկինում էլ է եղել, շատ է, քիչ է, մեկ մահն էլ բանակի նկատմամբ վստահության տեսանկյունից կարող է շատ վտանգավոր զարգացումներ ունենալ։
Բանակի հարցերով զբաղվողները երբեք բանակից չպետք է կտրվեն, և բանակում ծառայողն ազատ ժամանակ պետք է քիչ ունենա։
Բազմաթիվ կառուցվածքային բաներ ունենք` անձնակազմի հետ տարվող աշխատանքների, լիքը հոգեբաններ կհայտնվեն, բայց քանի դեռ զորակոչվածի անձնական գործում չի հայտնվել նրա հոգեբանական նկարագիրը, ուրեմն՝ մենք դեռ չգիտենք՝ էդ զինվորի մեջ ի՞նչ կա թաքնված։
Հիմա ասում են՝ ընտանիք, քնելու պրոբլեմ, դրանք հեշտ է լուծել։ Զորամաս նայողների ինստիտուտը գլխատվեց, և համառ գործողությունների արդյունքում այդ խնդիրը լուծված կարելի է համարել։ Բայց սա «քնած» է, կարող է նորից վերադառնալ, եթե լինենք անտարբեր։ Ասում ենք՝ բանակը հասարակության հայելին է, այո։ Բայց բանակը պիտի պատրաստ լինի հիվանդ զավակին առողջացրած, առողջին ավելի առողջացրած, մարդուն, որ մասնագիտություն չունի, մասնագիտական գիտելիքներով զորացրելու: Շատ կարևոր է ունենալ բանակի բարոյական կոդեքս։ Կանչեցինք, վերակացն արեցինք, հետո քնելու… և վերջ, այդպես չի»:
Սա ասում է այն նույն Անդրանիկ Քոչարյանը, որը վերջին տարիներին տարբեր առիթներով, այդ թվում՝ Ազատի կացարանի հրդեհի, դեմ է արտահայտվել Սուրեն Պապիկյանի հրաժարականին: Արդյո՞ք նեղացած է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահը Սուրեն Պապիկյանից, նախարարությունից, հարցը Քոչարյանը շրջանցել է: Մյուս կողմից, նրա դեպքում նման վարքագիծը բնավ զարմանալի չէ:
Հիշենք, թե ինչպես էր 44-օրյայի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախ ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին մեղադրում «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան հաստատելու համար, հետո, երբ գեներալը գնաց քննիչ հանձնաժողով, Քոչարյանի այդ մեղադրանքները վերածվեցին դիֆերամբների:
Միաժամանակ 44-օրյա պատերազմի համատեքստում իր հրապարակային խոսքում Անդրանիկ Քոչարյանը նաև փորձեց Օնիկ Գասպարյանի «միջոցով» այդ պահին իր քաղաքական հետաքրքրությունների շրջանակում ինչ-ինչ խնդիրներ լուծել, այդ թվում՝ փրկել Նիկոլ Փաշինյանին:
Նոր բան չի նաև այն, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահը բանակին առնչվող կամ ռազմական, ռազմաքաղաքական և նույնիսկ քաղաքական իրավիճակը լիցքաթափելը տեսնում է պաշտպանության նախարարի հրաժարականի միջոցով:
44-օրյա պատերազմի ավարտից օրեր հետո՝ 2020 թ. նոյեմբերի 17-ին, Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր. «Դավիթ Տոնոյանը պետք է հրաժարական ներկայացրած լիներ. իր և պատասխանատու անձանց անպատիժ մնալը սպառնալիք է ՀՀ անվտանգության համար»: Նոյեմբերի 20-ին Տոնոյանը հրաժարական տվեց՝ մասնավորապես նշելով. «Ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման: Եվ ուզում եմ, որ իմ հեռանալն ընկալվի այդ տրամաբանության մեջ»:
Անդրանիկ Քոչարյանը պաշտպանության նախարարի հրաժարականին արձագանքել էր՝ «Դավիթ Տոնոյանն ինքը պետք է հրաժարական տար, ոչ թե սպասեր, որ իրեն հեռացնեն»:
Իսկ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինեց Քոչարյանի մտերիմ Վաղարշակ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է Վազգեն Սարգսյանի օրինակին, Անդրանիկ Քոչարյանը պետք է որ լավ իմանա, թե ինչի արդյունքում էր 1992 թվականի հոկտեմբերին Վազգեն Սարգսյանը հրաժարական տվել՝ Արծվաշենի կորստի և ռազմաճակատում տիրող իրավիճակի ֆոնին:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Tete A Tete» հաղորդման ժամանակ պատմել է.
«1992 թվականի հոկտեմբերին ինֆորմացիա եկավ, որ Վազգենը պետք է հրաժարական տա։ Միանգամից նստեցի մեքենա, եկա Երևան։ Վազգենին ասացի՝ սխալ է հրաժարական տալը, որովհետև, քեզ հավատացնում եմ, մենք արդեն կանգնացրել ենք ադրբեջանցիների առաջխաղացումը։ Վազգենը մի պահ լռեց ու հետո ասաց՝ որոշումը կայացված է։ Ասացի՝ դու սխալվում ես։ Ասաց՝ թող դա էլ իմ սխալը լինի։
Բայց հետո, եթե այսօրվա տեսանկյունից եմ նայում, դա ճիշտ քայլ էր, ճիշտ այն առումով, որ բազմաթիվ զրպարտություններ, ստեր, որոնք նեղում էին Վազգենին, մի պահ դադարեցին։ Դադարեցին նաև ասեկոսեները հայկական նորաստեղծ բանակի մասին, և այլն։ Միգուցե դա միայն Վազգենի որոշումը չէր, բայց դա, կարծում եմ, ճիշտ քայլ էր»:
Իսկ Վազգեն Սարգսյանին կարճ ժամանակով պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինել էր Վազգեն Մանուկյանը:
Իսկ Վազգեն Սարգսյանն ավելի ուշ նորից դարձավ ՀՀ պաշտպանության նախարար, որին Նիկոլ Փաշինյանը մշտապես թիրախավորում էր բանակում տեղի ունեցող դեպքերի ֆոնին:
Ավելին, այս տարվա մարտին 168.am-ը գրել է, որ Անդրանիկ Քոչարյանը հարցազրույցներից մեկում որոշել էր հիշել Նիկոլ Փաշինյանին և Վազգեն Սարգսյանին առնչվող հայտնի մի դեպք, երբ կասկածներ էին եղել Քարվաճառի ազատագրման հետ կապված, և, թե ինչպես էր դրան արձագանքել Վազգեն Սարգսյանը:
Իրականում Անդրանիկ Քոչարյանը Վազգեն Սարգսյանի հրաժարականի դեպքը պիտի համեմատության մեջ դներ 44-օրյա պատերազմը տանուլ տված Նիկոլ Փաշինյանի հետ, որը ոչ միայն պատերազմից հետո հրաժարական չտվեց, այլ մինչև հիմա իշխանության ղեկին է, իսկ պարտության ամբողջ պատասխանատվությունն էլ թողեց բանակի վրա: Անդրանիկ Քոչարյանն ինքն էր վերջերս հուշել 44-օրյայում պարտության համար բանակի և Փաշինյանի պատասխանատվության «գոտիները»:
Այս համատեքստում, թերևս, չէր խանգարի, որ անկուսակցական Անդրանիկ Քոչարյանը համեմատության մեջ դներ, թե ինչպես իրեն դրսևորեց Նիկոլ Փաշինյանը 2021 թ. փետրվարի 25-ի Գլխավոր շտաբի՝ նրա հրաժարականի պահանջից հետո, և ինչ եղավ 1998 թ. փետրվարին, երբ Արցախի խնդրի և Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջը եղած մի շարք մարդկանց շուրջ, ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասել, ուներ հակասություն ՀՀ առաջին նախագսհի հետ: Իհարկե, կարող ենք ասել, որ ինքը Տեր-Պետրոսյանն էր ուզում հեռանալ, կարող ենք ասել, որ 2021 թ.փետրվարի 25-ի ԳՇ հայտարարությանն ու Օնիկ Գասպարյանի հեռանալու հետ կապված կան տարբեր ենթադրություններ, չպատասխանված հարցեր: Բայց կոնկրետ դեպքում հարցը, բնավ, սա չէ, ոչ էլ պաշտպանության գործող նախարարին պաշտպանելը կամ նրա պատասխանատվությունը շրջանցելը:
Խնդիրն այստեղ, ըստ քաղաքական հաշվարկների՝ Անդրանիկ Քոչարյանի երկակի խաղն է. երևալ համարձակ, հաշվարկված չափաբաժնով ընդդիմանալ Փաշինյանի վարած անվտանգային և արտաքին քաղաքականությանը, բայց իրավիճակի լիցքաթափման պատասխանատվությունը դնել ռազմական ղեկավարության, բայց ոչ երբեք Փաշինյանի վրա՝ որպես պատերազմ տանուլ տված, տարածքայի կորուստներ թույլ տված երկրի ղեկավարի, որն առաջին պատասխանատուն է բանակում և նրա շուրջ իրավիճակի համար:
Արդյո՞ք Անդրանիկ Քոչարյանը կարծում է՝ Փաշինյանի իշխանության օրոք ռազմական ղեկավարության փոփոխությունը դրական առումով լուրջ իրավիճակի է հանգեցնելու բանակում և անվտանգային միջավայրում…
Հ.Գ. Ի դեպ, տարբեր առիթներով Անդրանիկ Քոչարյանը գովեստի խոսքեր է ասել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի, ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Դավիթ Ալեքսանյանի և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Արսեն Մանգասարյանի հասցեին, բայց հատկապես՝ գեներալ Երոյանի։ Իհարկե, այդ ժամանակ նա ղեկավարում էր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։

