Կրեմլում խոսել են Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի հնարավոր ընդլայնման մասին

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով եվրոպական ներկայացուցիչների հետ երկխոսության, եթե նրանք ունեն համապատասխան լիազորություններ և իսկապես շահագրգռված են խաղաղ գործընթացով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտնել էր, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը կարող է անցկացվել Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Պեսկովի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է քննարկել բանակցությունների ձևաչափի ընդլայնումը, սակայն նախ պետք է հասկանալ, թե եվրոպական երկրները որքանով են պատրաստ աջակցել խաղաղ կարգավորմանը:

«Եթե իսկապես եվրոպացիներն ունեն մեկը, ով խոսելու որևէ լիազորություն ունի, եթե եվրոպացիներն իսկապես ցանկություն ունեն, ապա, իհարկե, մենք պատրաստ կլինենք խոսել նրանց հետ»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Նա նաև նշել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը անհրաժեշտության դեպքում կարող է որոշում կայացնել նոր եռակողմ բանակցություններում ռուսական պատվիրակության կազմի ընդլայնման մասին:

Պեսկովը առանձին մեկնաբանել է Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելություն կազմակերպելու Պուտինի նախաձեռնությունը: Ռուսաստանի նախագահն այն առաջարկել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի բանակը վերահսկում է քաղաքը և պատրաստ է ապահովել առաքելության անվտանգությունը, որն առաջարկվում է իրականացնել Ալյոշկիի օրինակով:

Պեսկովը հայտարարել է, որ ամերիկյան կողմն անկեղծորեն շահագրգռված է այդ նախաձեռնության իրականացմամբ՝ հիշեցնելով ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի դերը նման մարդասիրական գործողության կազմակերպման հարցում։

Միևնույն ժամանակ Կրեմլի ներկայացուցիչը հերքել է Կիևի ենթադրություններն այն մասին, որ Ռուսաստանը կարող է առաքելությունն օգտագործել զրահատեխնիկա տեղափոխելու կամ զինծառայողներին ռոտացիայի ենթարկելու համար:

Նրա խոսքով՝ տեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին հայտարարությունները ոչ մի քննադատության չեն դիմանում, քանի որ նման տեղաշարժերին կարելի է հետևել արբանյակների, անօդաչուների և դիտարկման այլ միջոցների օգնությամբ:

ՌԴ զորքի ռոտացիայի մասին Կիևի մտավախությունների մասով Պեսկովը հայտարարել է, որ դրանք իրականում նշանակում են Կոնստանտինովկայի նկատմամբ ռուսական վերահսկողության ճանաչում:

Հիշեցնենք, որ Պուտինի բանակցությունները Ուիթկոֆի և Քուշների հետ տեղի են ունեցել Կրեմլում նախօրեին և տևել են մոտ երկուսուկես ժամ: ԱՄՆ-ի ներկայացուցիչները Մոսկվա են ժամանել Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններին մասնակցելուց հետո:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30