Վրաստանի կամրջող դերը նվազեցնելու փորձը Բրյուսելին բնորոշ մանր վրեժխնդրության ևս մի դրսևորում է. Շալվա Պապուաշվիլի
Վրաստանի կամրջող դերը նվազեցնելու փորձը Բրյուսելի բյուրոկրատիային բնորոշ մանր վրեժխնդրության ևս մի դրսևորում է․ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
Նա նշել է, որ նման քայլեր ձեռնարկելով՝ Եվրամիությունն իրականում վնասում է իրեն, այլ ոչ թե Վրաստանին։
«Մենք կարևոր դեր ենք խաղում Միջին միջանցքում՝ թե՛ աշխարհագրական, թե՛ ցամաքային և ծովային տրանսպորտի հեշտացման առումով։ Վրաստանը Եվրամիության և նրա անդամ պետությունների համար անբաժանելի օղակ է», – հայտարարել է խորհրդարանի խոսնակը։
Շալվա Պապուաշվիլին ընդգծել է, որ կա Վրաստանին և վրաց ժողովրդին քաղաքական, տնտեսական և սոցիալական վնաս հասցնելու կոնկրետ ծրագիր։
«Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը և նրա դեսպանատունն անմիջականորեն ներգրավված են Վրաստանին վնասելուն ուղղված այս ծրագրի իրականացման գործում», – հավելել է նա։
Նշենք, որ նոյեմբերի 16-ին Բրյուսելում ԵՄ նախաձեռնությամբ կկայանա «Միջտարածաշրջանային անվտանգություն և կապակցվածություն» թեմայով բարձր մակարդակի հանդիպում։ Վրացական կողմը միջոցառմանը հրավիրվել է համեմատաբար ցածր մակարդակով։

