Իրենց պետք է, որ Հայ եկեղեցին կաթողիկոս չունենա, զրոյացնեն, վերացնեն… Հայաստանի տարածքը 34. 539 ք/կմ էր․ 1923թ. փաստաթղթի բացահայտումը. Միքայել Մալխասյան

«Դասեր» հաղորդաշարի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Խնդիրն այն է, որ մեր Անկախության հռչակագրում շատ պարզ և հստակ գրված է՝ Հայաստանի Հանրապետության անկախությունը հռչակվում է՝ հիմք ընդունելով մի շարք հանգամանքներ, որոնցից մեկը Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին ակտն է։ Դա հստակ գրված է մեր Անկախության հռչակագրի նախաբանում։ Ադրբեջանը և Հայաստանի իշխանությունները դա համարում են խնդրահարույց, բայց Անկախության հռչակագիրն արդեն եղել և անցել է։ Այսինքն՝ եթե մենք վերանայում ենք Անկախության հռչակագիրը, նշանակում է՝ լուծարվում է Երրորդ հանրապետությունը։ Այդ դեպքում հռչակվում է ինչ-որ նոր հանրապետություն։ Բայց տարօրինակն այն է, որ նոր հանրապետություն հռչակելիս նշվում են միայն խորհրդային սահմանները։ Եվ այստեղ է, որ շատերի՝ շարքային քաղաքացիներից սկսած մինչև պատմաբանների շրջանակներում, մասնագիտական հարց է առաջանում. եթե գնում ենք ձեր հռչակած «Իրական Հայաստանի» ճանապարհով, ինչո՞ւ է այդ Իրական Հայաստանն այդքան Խորհրդային։ 
  • Նախ, մենք պետք է ֆիքսենք, որ Անկախության հռչակագիրն իրողություն է և չի՛ կարող վերանայվել։ Երկրորդ՝ Անկախության հռչակագիրը բխում էր այդ շրջանի պատմական իրադարձություններից։ Բանն այն է, որ Հայաստանի անկախացման գործընթացը, ի տարբերություն, օրինակ, Մերձբալթյան հանրապետությունների, ունեցել է շատ հստակ արցախյան համատեքստ։ Այսինքն՝ 1988 թվականին Հայաստանի անկախացման գործընթացը պարզապես չի սկսվել։ Սկսվել է արցախյան խնդրի բարձրաձայնման փուլը, արցախյան շարժման ակտիվ փուլը։ Եվ քանի որ խորհրդային կենտրոնն անարդարացի մոտեցում է ունեցել Արցախը Մայր Հայաստանի հետ վերամիավորելու հարցում, այդ ժամանակ մեր էլիտաների կողմից առաջ է բերվել անկախության օրակարգը։ Դա եղել է ավելի ուշ՝ Արցախյան շարժման մեկնարկից մոտ երկու տարի անց։ Այսինքն՝ ի սկզբանե նման մտադրություն Խորհրդային Հայաստանում, այսպես ասենք՝ բազմահազարանոց զանգվածների կամ էլիտայի մեծ մասի կողմից չի եղել։ Իհարկե, եղել են առանձին մարդիկ, որոնք դեռևս 1960-ականներից՝ 1965 թվականի շարժման ժամանակներից, բարձրացրել են այդ հարցը, բայց նրանք ընդամենը 100-ից մի փոքր ավելի՝ կոնկրետ գործերով ֆիքսված մարդիկ են եղել։ Այսինքն՝ նման համազգային օրակարգ չի եղել, այն ծագել է Արցախի խնդրից։ Եվ բնական է, որ Անկախության հռչակագրում պետք է հստակ հղում կատարվեր հենց Արցախի հարցին, որովհետև Հայաստանի անկախացման օրակարգն առաջ է եկել Արցախի հարցի պատճառով։

Կարդացեք նաև

  • Կարևոր է շեշտել, որ Հայաստանի անկախացման ժամանակ, Խորհրդային Միության 15 հանրապետություններից, նույնիսկ Ռուսաստանը ներառյալ, Խորհրդային Միության կազմից ամբողջական իրավական ընթացակարգով դուրս է եկել միայն Հայաստանը։ Սա շատ էական է։ Ադրբեջանը չի պահպանել այդ ընթացակարգը։ Եվ երբ այսօր կան մարդիկ, որոնք անգիր արած ասում են՝ «միջազգայնորեն ճանաչված սահմաններ», հարց է առաջանում՝ արդյո՞ք նրանք Խորհրդային սահմաններն են համարում միջազգայնորեն ճանաչված սահմաններ։ Դա կարելի էր ասել միայն այն դեպքում, եթե Խորհրդային բոլոր հանրապետությունները, պահպանելով այդ իրավական ամբողջ գործընթացը, լիարժեքորեն անկախացման ճանապարհով գնային՝ գոնե նույն Խորհրդային Միության օրենսդրության և միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն։ Էական է նշել, որ 1990թ. ապրիլի 3-ին Խորհրդային Միությունում ընդունվել է օրենք, որի ամբողջական անվանումն է՝ «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու կարգի մասին», որտեղ շատ հստակ սահմանումներ էին տրված։ Օրինակ՝ նշվում էր, որ ԽՍՀՄ կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն կարող է անցկացվել գաղտնի քվեարկությամբ, ընդ որում՝ այդ որոշումն ընդունելուց առնվազն վեց ամիս հետո և առավելագույնը՝ ինը ամսվա ընթացքում։ 
  • Շատ կարևոր է իմանալ, որ ԽՍՀՄ բարձրաստիճան պաշտոնյա, Բելառուսական ԽՍՀ Գեոդեզիայի կոմիտեի ղեկավար, սահմանագծման ու սահմանազատման հարցերով մասնագետ Գեորգի Տարազևիչը 1991թ. Գորբաչովին նամակ է գրում, որտեղ ասում է՝ Հայաստանը հստակ պահպանելով օրենքի տառը, ժամկետները, հայտարարել է անկախության հանրաքվե անցկացնելու մասին: Կարևոր է նաև, որ ԽՍՀՄ կազմից դուրս գալու համար Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում նույնպես պետք է հանրաքվե անցկացներ, ինչը տեղի չի ունեցել: Գեորգի Տարազևիչը 1991թ. օգոստոսի 25-ին Միխայիլ Գորբաչովին նամակ է գրում, որտեղ շատ պարզ ասում է, որ Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գրավոր տեղեկացրել է Լուկյանովին, որը Խորհրդային Միության Գերագույն խորհրդի նախագահն էր։

Այդ գրության մեջ նշվում է, որ պահպանելով օրենքի բոլոր դրույթները՝ դեռևս 1991թ. մարտի 1-ին, այսինքն՝ օրենքի ընդունումից 11 ամիս անց, Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշել է հանրաքվե անցկացնել սեպտեմբերի 21-ին։ Այսինքն՝ պահպանվել է օրենքով սահմանված 6-ամսյա և 9-ամսյա ժամկետների պահանջը։ Հանրաքվեն նախատեսվել էր անցկացնել սեպտեմբերի 21-ին՝ մարտի 1-ի որոշումից 6 ամիս և 20 օր անց։ Ավելին՝ նույնիսկ հրավիրում են, որ խորհրդային կենտրոնից դիտորդներ ուղարկեն։ 

Հիշեցնենք, Գեորգի  Տարազևիչը խորհրդային և բելառուսական պետական ու քաղաքական գործիչ է, ով 1985-1989 թվականներին զբաղեցրել է Բելառուսական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի պաշտոնը:

Հայկական համատեքստում նա առավել հայտնի է Ղարաբաղյան շարժման տարիներին (1980-ականների վերջին) ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Ազգությունների խորհրդի ազգային քաղաքականության և միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի դերում։ Որպես Միխայիլ Գորբաչովի վստահված անձ՝ նա հաճախ էր գործուղվում «թեժ կետեր», այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ և Հայաստան, որտեղ ղեկավարում էր պատգամավորական հատուկ հանձնախմբեր՝ փորձելով միջնորդ հանդիսանալ հակամարտության կարգավորման հարցում: ԽՍՀՄ փլուզումից հետո աշխատել է Բելառուսի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, իսկ 1994-1995 թվականներին եղել է Լեհաստանում Բելառուսի դեսպանը։ 1995 թվականին ազատվել է դեսպանի պաշտոնից այն բանից հետո, երբ հրապարակայնորեն քննադատել է Բելառուսի նորընտիր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարած քաղաքականությունը։

  • Ադրբեջանը 1989 թվականի սեպտեմբերի 23-ին ընդունում է սահմանադրական օրենք՝ հռչակելով իր ինքնիշխանությունը, որը հետագայում Խորհրդային Միության կենտրոնը ճանաչում է հակասահմանադրական։ Դրա վերաբերյալ որոշում կա նաև Խորհրդային Միության վերջին տարիների փաստաթղթերի՝ Ռուսաստանի արխիվի հրատարակած ժողովածուում։ Ադրբեջանի անկախության վերականգնման փաստաթղթում հայտարարվում է, որ իրենք Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդներն են։ Հետևաբար, 1921-1923 թվականներին ձևավորված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը չէին կարող լինել այդ պետական կազմավորման կազմում։ Բացի այդ, իրենց սահմանադրության մեջ որպես հակադիր կողմ են ամրագրում նախ Ռուսական կայսրությանը՝ նշելով 1804-1813 և 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմների ընթացքում օկուպացիայի մասին, ապա նաև Խորհրդային Ռուսաստանին՝ 1920 թվականի ապրիլի 28-ի ագրեսիվ ինտերվենցիայի համար։ 
  • Մեր Անկախության հռչակագիրը, ի տարբերություն ադրբեջանական փաստաթղթերի, որևէ հակադիր կողմ չի ֆիքսում։ Այնտեղ չկա Ադրբեջանի հետ հակամարտության, Հայաստանի տարածքների օկուպացիայի կամ դրանք ազատագրելու մասին որևէ դրույթ։ Այլ բան է Արցախի Ազգային խորհրդի հետ ընդունված վերամիավորման հռչակագիրը, և բոլորովին այլ բան՝ Հայաստանի օկուպացված լինելու մասին պնդումը: 
  • Հայաստանի Անկախության հռչակագրի հիմքում հայկական ինքնության բանաձևն է։ Հայկական ինքնությունը վաղուց կարիք չունի հակադիր կողմ ունենալու։ Մեզ պետք չէ որոշել, թե ով է մեր թշնամին, որպեսզի հասկանանք՝ ով ենք մենք։ Մենք արդեն ունենք պատկերացում մեր ինքնության մասին, իսկ թշնամու գործողություններն են ձևավորում մեր վերաբերմունքը նրա նկատմամբ, ոչ թե մեր ընկալումը, թե ով պետք է լինի մեր թշնամին։ Դրանով է պայմանավորված նաև, որ անկախության տասնամյակների ընթացքում մեր դասագրքերում ազգակերտող, հակադիր թշնամի չի ձևավորվել։ Եթե կոնստրուկտիվիզմի տեսությամբ ասենք, մեզ մոտ չկա կառուցարկող օտար, որովհետև ինքնության համակարգն արդեն ձևավորված է։ Մեզ պետք չէ այն նորից կառուցարկել։ Մեր մեջ անհատական մակարդակում արհեստականորեն դրված ատելություն չկա։ Եթե Ադրբեջանի գործողությունները չլինեին այն տրամաբանությամբ, որով իրականացվել են, նույնիսկ խորհրդային շրջանում հայերի մոտ նման հակակրանք չէր ձևավորվի։ Իսկ Ադրբեջանի պարագայում հակառակն է. պետական և քաղաքական մակարդակով, մանկապարտեզից սկսած, քարոզվում է հայատյացություն։ 
  • Ինչ վերաբերում է մեր Անկախության հռչակագրին, ապա այն ուղղակիորեն չի հայտարարում, որ Հայաստանը Խորհրդային Հայաստանի կամ Առաջին Հանրապետության իրավահաջորդն է։ Առաջին հոդվածով ամրագրվում է, որ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն։ Իսկ նախաբանում հղում է արվում Արցախի հետ 1989 թվականի վերամիավորման ակտին և 1918-1920 թվականների Առաջին Հանրապետության ժողովրդավարական ավանդույթներին։ Այսինքն՝ հռչակագիրը ճկուն կապ է հաստատում թե՛ Առաջին Հանրապետության, թե՛ Խորհրդային Հայաստանի հետ, բայց իրավական առումով ուղղակիորեն չի հայտարարում դրանց իրավահաջորդը լինելու մասին։ 
  • Մեր մեջ արհեստական ատելություն Ադրբեջանի նկատմամբ չկա դրված, ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ հայատյացությունը պետական քաղաքականություն է։ Ընդհակառակը, մեր զգուշավորությունն անգամ ինչ-որ տեղ թմրած է։ Եվ դա նույնիսկ վտանգավոր է մեզ համար։

  • Ալմա Աթայի հռչակագիրն ընդունվել է նշված գործընթացներից հետո՝ 1991 թ. դեկտեմբերի 21-ին։ Մինչ այդ արդեն տեղի էին ունեցել Անկախության հռչակագրի ընդունումը և հանրաքվեն․ այն անցկացվել է սեպտեմբերի 21-ին, իսկ արդյունքները հայտարարվել են սեպտեմբերի 23-ին՝ պահպանելով Խորհրդային Միության և միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները։ 
  • Ալմա Աթան պարզապես իրավական թուղթ չէ, այլ նոր աշխարհակարգի թուղթն է։ Խորհրդային Միության՝ որպես սուբյեկտի վերանալու գործընթացն իրականում ամրագրվել էր ավելի վաղ՝ դեկտեմբերի 8-ին, երբ Բելովեժյան անտառում Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները որոշեցին լուծարել Խորհրդային Միությունը։ Դրանից հետո միայն հրավիրվեցին մյուս հանրապետությունները՝ ստորագրելու համապատասխան փաստաթուղթը Ալմա Աթայում։ Այդ հավաքը բոյկոտեցին Մերձբալթյան երեք հանրապետություններն ու Վրաստանը։ 
  • Այս իշխանությունները Ալմա Աթայի հռչակագրին հղում են անում՝ ելնելով այն կանխավարկածից, թե Խորհրդային Միության հանրապետություններն անկախանում էին այդ պահին գոյություն ունեցող խորհրդային սահմաններով։ Բայց իրականում այդպես չէ։ Հայաստանի Գերագույն խորհուրդը փաստաթուղթը վավերացրել է վերապահումներով՝ հստակ նշելով նաև Արցախի հետ կապված հարցերը։ Բացի Արցախի հանգամանքից, կա ևս մեկ էական գործոն, որը աչքաթող է արվում․ Խորհրդային Հայաստանի տարածքը խորհրդայնացման պահին, հարևանների հետ սահմանների սկզբնական ճշտման ժամանակ և 1991 թվականին տարբերություններ է ունեցել։ 1922-1936 թվականներին Խորհրդային Հայաստանը եղել է Անդրֆեդերացիայի կազմում, մինչև Ստալինյան Սահմանադրությունը։ Տարածքային ամենամեծ շեղումները հենց այդ ժամանակ են եղել։ 1926 թ. մարդահամարով՝ ադրբեջանցիները թուրքեր են անվանվել, 1939-ի մարդահամարում արդեն դարձել են ադրբեջանցիներ։ Մինչև 1936 թ. ադրբեջանցիները Հայաստանից ինչ կարողացել, կճմթել, տարել են։ Հավաքվել են գյուղսովետներում, կոլխոզներում, որոշել, որ քանի որ, ասենք, տվյալ տարածքում իրենք թվաքանակով շատ են, էդ տարածքն իրենցով անեն։ 
  • 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնանում է, իսկ հաջորդ տարվա հուլիսին խորհրդային իշխանություն է հաստատվում նաև Սյունիքում։ 1922 թվականին սկսվում է Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միավորման գործընթացը, և դեկտեմբերի 30-ին երեք հանրապետությունները դառնում են Խորհրդային Միության մաս՝ Անդրֆեդերացիայի կազմում։ Այդ կազմավորումը գոյություն է ունեցել մինչև 1936 թվականի ստալինյան Սահմանադրությունը։ Այսինքն՝ այդ ժամանակ գործ ենք ունեցել ընդհանուր ներքին սահմանների հետ, և սահմանային փոփոխությունների ժամանակ միջազգային վավերացման մեխանիզմները չեն գործել։ Դրա համար ամենամեծ խեղումներն ու սահմանային փոփոխությունները եղել են հենց այդ շրջանում։

  • 1922-1936 թվականներին՝ Անդրֆեդերացիայի ժամանակ, սահմանային փոփոխությունների վերաբերյալ կան նաև մենագրություններ և քարտեզագրական ուսումնասիրություններ։ Գեղամ Բադալյանը, Կարեն Խաչատրյանը, Համո Սուքիասյանը մանրամասն ներկայացնում են, թե ինչպես 1930-ականների առաջին կեսին Սյունիքի և ներկայիս Քաշաթաղի շրջանի մի շարք տարածքների վերաբերյալ տեղական մարմիններում որոշումներ էին ընդունվում՝ դրանք Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու համար։ Այդ ժամանակ տեղական բնակչության՝ հիմնականում մուսուլմանների, կովկասյան թաթարների (1926 թվականի մարդահամարում՝ «թուրքեր») թվաքանակի հիմքով քննարկվում էր Խորհրդային Հայաստանի կազմից դուրս գալու և Ադրբեջանի կազմի մեջ մտնելու հարցը։ 1936 թվականին միայն փոխվեց այդ անվանումների կարգը, և ԽՍՀՄ Սահմանադրության համաձայն՝ հանրապետությունների տիտղոսակիր ազգերը պետք է կոչվեին այդ հանրապետությունների անուններով։ Սակայն այս հարցում կուզենայի ոչ թե հայ հետազոտողի ուսումնասիրությանը հղում անել, այլ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի 1986 թ. հրատարակած՝ Յուրի Պոլյակովի աշխատությանը։ Նա համարվում էր Խորհրդային Միության և հետագայում Ռուսաստանի լավագույն մասնագետներից մեկը պատմական աշխարհագրության ոլորտում։ 

Պոլյակովը, համադրելով տարբեր տարիների պաշտոնական տվյալներն ու արխիվային փաստաթղթերը, նշում է, որ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն ի սկզբանե ընդգրկում էր Երևանի և Ելիզավետպոլի նահանգների տարածքները, և դրա ընդհանուր տարածքը կազմում էր 39 019 քառ. կմ, այդ թվում՝ Նախիջևանի մարզը՝ 4 480,2 քառ. կմ։ 1923 թվականին Նախիջևանի մարզն առանձնացվել է որպես ինքնավարություն, ինչից հետո Հայկական ԽՍՀ տարածքը կազմել է 34 539 քառ. կմ։

Իսկ ԽՍՀՄ վարչատարածքային բաժանման վերաբերյալ 1923 թվականի մայիսի 15-ի պաշտոնական տեղեկագրի համաձայն՝ Խորհրդային Հայաստանի տարածքը, առանց Նախիջևանի, կազմել է 34 539 քառ. կմ։ Այսինքն՝ այդ ցուցանիշը մոտ 5 հազար քառ. կմ–ով ավելի է, քան այսօր ՀՀ գործող իշխանությունների կողմից անընդհատ նշվող՝ Հայաստանի 29 740 քառ. կմ տարածքը։ Ես, ինչպես հասկանում եմ այս իշխանությունների խոսքից, մենք գնում ենք դեպի ինքնիշխանության՝ կոնկրետ երկրից կախվածությունից ազատվելու ճանապարհով։ Այսինքն՝ խոսքը կոնկրետ երկրից՝ Ռուսաստանից կախվածության վերացման մասին է, ասում են, որ պետք է ազատվել Ռուսաստանից։ Իհարկե, ինձ համար այստեղ շատ տարօրինակ բաներ կան, որովհետև, իմ կարծիքով, այն թեզերը, որոնք նրանք այսօր կիրառում են, ծայրից ծայր ռուսական կայսրության և Խորհրդային Միության թեզեր են։ Բայց ամեն դեպքում ֆիքսենք իրենց տարբերակը. իրենք ասում են՝ Ռուսաստանից պետք է ազատվել, և փորձենք հասկանալ։ Հիմա, եթե, ինչպես իրենք են ասում, մենք Ռուսաստանից ենք ազատվում և գնում դեպի ինքնիշխանություն, այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ ենք մենք դա անում Խորհրդային սահմաններով։ Եթե դրանք Խորհրդային սահմաններ են, ուրեմն ռուսական կողմի հովանավորությամբ ձևավորված սահմաններ են, չէ՞, ժամանակին՝ 1921-1923 թվականներին ձևավորված։ 

  • Երկրորդ հանգամանքը. եթե մենք գնում ենք Խորհրդային ճանապարհով, այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ ենք մենք դա անում հենց այն Խորհրդային սահմաններով, որոնք որոշվել են ադրբեջանական ինչ–որ գյուղսովետների, կոլտնտեսությունների նախագահությունների նիստերով և նման այլ տեղական մարմինների որոշումներով։ Չէ՞ որ մենք Անդրկովկասյան դաշնության ձևաչափի ներսում ենք եղել։ Անդրկովկասյան դաշնությունը, ըստ էության, նույն միութենական պետությունն էր՝ այսօրվա տերմինաբանությամբ։ Բայց հարցը հետևյալն է՝ այդ դեպքում ո՞վ էր մեր վերադասը։ Եթե իրենք ասում են, որ մենք ազատվում ենք վերադասից, և այդ վերադասը, ենթադրենք, Մոսկվան է, ապա Անդրկովկասյան դաշնության ներսում վերադասը Թբիլիսին էր։ Հիմա այստեղ ո՞վ է դառնում վերադասը։ Բաքո՞ւն է դառնում։ 
  • Ըստ 1923 թվականի այն փաստաթղթի, որին հղում է կատարում ակադեմիկոս Պոլյակովը, այդ տարածքները Խորհրդային Հայաստանինն են։ Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ դրանք հետագայում այդպես են դարձել։

  • Ես ուզում եմ, որ մեր հանրությունը հստակ արձանագրի՝ ի՞նչ է նշանակում «միջազգայնորեն ճանաչված սահմաններ» արտահայտությունը։ Չէ՞ որ չկա մի գիծ, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն սահմանված սահման համարվի, հատկապես արևելյան հատվածում։ Այսինքն՝ չկա այնպիսի սահմանազատման և սահմանագծման գործընթաց, որն իրականացված լինի միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների լիարժեք պահպանմամբ։ Նույնիսկ հայ–թուրքական սահմանը, որը լիարժեքորեն գծվել է սահմանազատման և սահմանագծման սկզբունքներով, խնդիրներ ունի։ Որովհետև երբ 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով որոշվել է սահմանագիծը, այդ պայմանագրերը ստորագրած կողմերն այդ ժամանակ միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտներ չեն եղել։ Բայց այդտեղ գոնե Թուրքիան և Ռուսաստանը սահմանը գծել են։ Իսկ այս ուղղություններում ներքին սահման է եղել, և ոչ մեկին հետաքրքիր չի եղել միլիմետրերով գծել, թե որ կողմը ինչ է։ Նման պարագայում այս գործընթացն իրականացնելը՝ զուտ ադրբեջանական կողմին բավարարելու և խաղաղություն հաստատելու համար, իսկապես դառնում է միակողմանի զիջում։ 
  • Երաշխավորների մասին. խնդիրը ո՞րն է, ո՞վ ասաց, որ եթե խոսում ենք երաշխավորի մասին, հարցին իրավական և պատմական տեսանկյունից նայելու դեպքում՝ առանց ներքաղաքական կամ արտաքին քաղաքական կողմնորոշման մեջ մտնելու, այդ երաշխավորը պարտադիր պետք է կոնկրետ պետություն լինի։ Մեխանիզմները կան։ Բա քանի՞ անգամ էիք ասում՝ միջազգային իրավունքն է մեր երաշխավորը, կամ՝ «Միջազգայնորեն ճանաչված սահմաններով գծենք», դա արդեն երաշխիք է… Հիմա էլ ասում են՝ մենք ենք երաշխավորը, Արցախում էլ ասում էին՝ հայ զինվորն է մեր երաշխավորը։ Միջազգային հարաբերություններում անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում։ Պատմականորեն անվստահելի գործընկերոջը հարցի լուծումը թողնելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Երաշխավորը կարող է երկու կամ երեք երկիր լինել, այդ թվում՝ արևմտյան երկիր։ 
  • Իսկ Ադրբեջանի հոխորտանքները լսո՞ւմ եք։ Դուք, երևի, նայել եք «Ենի Ադրբեջան»՝ «Նոր Ադրբեջան» կուսակցության համագումարում Ալիևի ելույթը։ Նա շատ պարզ հայտարարում էր, որ իրենց բոլոր պահանջները պետք է կատարվեն մինչև վերջ։ Ընդ որում՝ նա այդ ելույթում իր հանրությանը շատ կարևոր ուղերձներ էր հղում՝ կապված պետականակերտման և պետական ինքնության հետ։ Դա մտահոգիչ է։ 
  • Օրինակ՝ Ադրբեջանի պետությունը, եթե փաստաթղթերով ենք դիտարկում, կառուցվել է երկու հակադիր նախագծերի հիման վրա։ Մեզ մոտ երկու հակադիր ուղղություն չի եղել։ Մեզ մոտ եղել է մեկ հստակ գիծ․ ընթացակարգերը պահպանվել են, գործընթացն իրականացվել է իրավական ճանապարհով, ինքնության ճգնաժամ չի եղել։ Դրա համար մեզ մոտ դեկոմունիզացիան շատ արագ իրականացվեց… 90-ականների սկզբին ամեն ինչ շատ պարզ էր՝ ով հակահայ բոլշևիկ էր եղել, նրա արձանն էին հանում, փողոցի անունն էին փոխում։ Իսկ եթե բոլշևիկ էր, բայց հակահայ բոլշևիկ չէր, հայկական գործիչ էր․ Մյասնիկյանի արձանն ինչո՞ւ հանեինք կամ Շահումյանի արձանը։ Հանեի՞նք Ադրբեջանի պահանջները բավարարելու համար։ Ի դեպ, Ստեփանակերտում Ալիևն առաջին հերթին հենց Շահումյանի արձանի հետևից էր գնացել։ Որովհետև նա այն մարդն էր, որը Ադրբեջանի պետության հռչակման ժամանակ վերահսկում էր Բաքուն։ Խոսքը Ստեփան Շահումյանի մասին է։ Հիմա նա բոլշևիկ է, թե բոլշևիկ չէ՝ դա ի՞նչ կապ ունի։ Նա հայ էր, և այնտեղ հայկական նախագիծն էր առաջ տանում։ Բնականաբար, քանի որ բոլշևիկ էր, այդ նախագիծը պատկերացնում էր Խորհրդային Ռուսաստանի հետ համագործակցությամբ, բայց դա կապ չունի․ նա այնտեղ Ադրբեջան չէր պատկերացնում։ Եվ հայերն ու ռուսները միասին թվաքանակով գերազանցում էին ադրբեջանցիներին՝ այն ժամանակվա կովկասյան թաթարներին։

  • Վերադառնալով կովկասյան թաթարների և մեր այստեղի խնդրին՝ Ադրբեջանի պետական ինքնությանը։ Սկզբից երկու նախագիծ է եղել։ Մեկը՝ Ազգային ճակատն է, որը տանում էր Ադրբեջանի անկախացման գործընթացը, կազմակերպեց նաև Բաքվի ջարդերը և իշխանության եկավ։ Դա ազգայնամոլական, թուրքական նախագիծն էր, որը տանում էր Արցախի և նույնիսկ Նախիջևանի բացարձակ օտարման ճանապարհով։ 
  • Ադրբեջանի պետական ինքնության 2 պրոյեկտ կար սկզբից։ Մեկը՝ Ազգային ճակատը, որը տանում էր անկախացման գործընթացը և որը կազմակերպեց Բաքվի ջարդերը, բացարձակ ազգայնական նախագիծ էր ու գնում էր Արցախի և Նախիջևանի բացարձակ օտարման ճանապարհով, բացառում էր հայերի հետ համակեցության որևէ տարբերակ։ Երկրորդ մոդելը նախիջևանյան մոդելն է։ Իլհամ Ալիևը այդ մոդելի ծնունդ է։ Փաստաթղթեր կան՝ ինչպես է Նախիջևանը՝ Հեյդար Ալիևի ղեկավարությամբ, առանձին գիծ տարել։ Հետո պիտի հաղթեին, Ադրբեջանում վերցնեն իշխանությունը, հաստատեին իրենց մոդելը ու արդյունքում՝ վերցնեին Արցախը։ 
  • Ալիևն իր «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարի վերջին ելույթում ասում է՝ Արցախյան հարցը՝ որպես լոկալ կոնֆլիկտ, ավարտված են համարում, բայց իրենց տարածքային հավակնությունները նույնն են մնում։ 
  • ՀՀ այս իշխանությունների կողմից խնդիր է դրված մեր ազգային ինքնության մեջ առանձնացնել պետական ինքնությունը: Ըստ իրենց՝ եթե Ավստրալիայում ես ապրում, ու հայ ես, դու կապ չունես Հայաստանի հետ: Դա շատ վտանգավոր մոտեցում է: Մեզ ասում են՝ Հայաստանում ապրող ժողովուրդն է պետականամետ հայը: Դա կեղծ մոտեցում է և շատ վտանգավոր միտում, որը կարող է հանգեցնել օտարման, և դրա արդյունքում ձուլման գործընթացը կարագանա Սփյուռքում։ Ես բազմաթիվ հայ ընկերներ ունեմ, որոնց նախնիները թեկուզ չորս կամ հինգ սերունդ առաջ են հեռացել Արևմտյան Հայաստանից կամ նույնիսկ մերօրյա Հայաստանի Հանրապետության տարածքից, միևնույն է, նրանք իրենց հայ են համարում, և անպայման ուզում են կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ գալ Հայաստան, տեսնել այն։ Հայի համար ինքնությունը տարածքի հետ փոխկապակցված է։ Ընդ որում՝ նրանք հաճախ գնում են նաև Արևմտյան Հայաստան։ Մեր պարագայում պատմական հիշողության և տարածքի միջև փոխկապակցվածությունը շատ հստակ է։ Եվ այդ մարդուն չես կարող ասել՝ «Իրական Հայաստան» կամ «Պատմական Հայաստան», նա դա չի հասկանա։ Պետք էլ չէ, որ հասկանա։ Եթե ինչ–որ պահի հասկանա, ազգային ինքնությունը կանջատվի։ 
  • Ալիևը շարունակում է չնշել Հայաստանի տարածքի չափը։ Եվ չի էլ նշելու, որովհետև եթե ինքը նշի Հայաստանի տարածքի չափը, նախ պետք է ասի՝ այդ դեպքում Ադրբեջանի տարածքի չափը որքա՞ն է։ Եթե նույնիսկ գնում ենք խորհրդային սահմանների մոդելով, այդ սահմանները չեն նախատեսում միջազգային վերահսկողական մեխանիզմներ։ Օրինակ՝ միջազգային վերահսկողություն, ինչ–որ Թրամփի ուղի, TRIPP կամ նման բաներ։ Խորհրդային սահմանների մոդելը նման բաներ չի նախատեսում՝ լինի դա Իրանի, Ուզբեկստանի կամ որևէ այլ երկրի դեպքում։ Այսինքն՝ մենք ի՞նչ ենք ընտրում։ Հիբրիդայի՞ն մոդել։ Եթե հիբրիդային մոդել ենք ընդունում, ուրեմն դա մեր ինքնիշխանության նկատմամբ հիբրիդային հարձակում է՝ այն տերմինով, որը շատ են սիրում կիրառել։

  • Իրենց ասած «Իրական Հայաստանը», իմ պատկերացմամբ, դա 1922-1936 թվականների Սովետական Հայաստանն է, ոչ թե 1991 թվականի Հայաստանը։ Իրենց իսկ ասածի պարագայում մեկ այլ հարց է առաջանում. այդ դեպքում մենք ի՞նչ կապ ունենք Տրդատի ու Պապի հետ։ Ես իրենց տեսանկյունից եմ ասում։ Ես, բնականաբար, տեսնում և հասկանում եմ մեր փոխկապակցվածությունը թե՛ Տրդատի, թե՛ Պապի, թե՛ մեր պատմական անցյալի բոլոր գործիչների հետ։ Խնդիրն այն է, որ իրենց հայտարարածը հաջորդ հայտարարության հետ չի համընկնում։ Եթե մենք խոսում ենք «Իրական Հայաստանի» մասին, և իրական Հայաստանը Սովետական Հայաստանն է՝ Սովետական Հայաստանի սահմաններով, ապա Տրդատն ի՞նչ կապ ունի, Պապն ի՞նչ կապ ունի։ Չէ՞ որ նրանք Մեծ Հայքի թագավորներ են։ Հակասություն կա։ 
  • Փաշինյանը հիմա էլ ասում է՝ հայերը քրիստոնեությունն ընդունած առաջին ժողովուրդն են, պետությունն է այն ընդունել, 301 թվականին Տրդատ թագավորն է որոշել, որ մենք քրիստոնյա ենք։ Այսինքն՝ մենք քրիստոնյա ենք դարձել մեր թագավորի հրովարտակով, պետության որոշմամբ։ Պատմական մանիֆեստներ հռչակելը պատմաբանների գործն է։ Դա քաղաքական գործիչների որոշելիքը չէ։ Մինչ այդ էլ ասում էր, որ Պապ թագավորն անկախացրեց մեր եկեղեցին Բյուզանդիայից և այլն։ Նախ՝ Պապ թագավորի ժամանակ Բյուզանդիա գոյություն չուներ։ Մինչև 395 թվականը գոյություն ուներ Հռոմեական կայսրությունը։ Պապը սպանվել է 374 թվականին։ Բյուզանդիան՝ որպես Արևելահռոմեական կայսրություն, ձևավորվել է 395 թվականից հետո։ Իսկ «Բյուզանդիա» անվանումը դրան տվել են նոր շրջանի պատմաբանները՝ 18-րդ դարում։ Նպատակը հստակ է․ փորձ է արվում հարցականի տակ դնել եկեղեցու դերն ու գործառույթը։ Նմանատիպ հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված մեղադրանքներն ու տարբեր վերապահումները, ինչպես նաև նրա դեմ հարձակումները պայմանավորված չեն անձով։ Այսինքն՝ եթե եկեղեցու պատմության դեմ են պայքարում, եթե հայտարարում են, որ եկեղեցին միշտ թուլացրել է պետությանը, միշտ դավաճանել է, միշտ օտարի գործակալ է եղել, նշանակում է՝ խնդիր են տեսնում հենց եկեղեցու ինստիտուտի հետ։ Շատ պարզ է՝ ինչու։ Որովհետև հնչող թեզերը, որոնց համաձայն՝ եկեղեցին պատմականորեն միշտ խանգարել է և թույլ չի տվել պետականություն կերտել, առաջ են տանում նաև որոշ ինտելեկտուալներ՝ պայմանականորեն ասած, չակերտավոր ինտելեկտուալներ։ Արևելյան քրիստոնեության համատեքստում սա ծիծաղելի կլիներ։ 
  • Եթե, օրինակ, նման բան ասեին Եթովպիայում, որտեղ նույնպես արևելյան ուղղափառ եկեղեցի է, կամ ուղղափառ միջավայրում՝ Վրաստանում կամ Ռումինիայում, ուղղակի կծիծաղեին։ Հասկանո՞ւմ եք՝ ինչու։ Որովհետև, ի տարբերություն կաթոլիկ աշխարհի, այստեղ ի սկզբանե՝ դեռ Տրդատի ժամանակներից, իշխանությունների տարանջատում է եղել։ Այսինքն՝ նախ՝ Տրդատը մի օր զրոյից չի արթնացել ու հայտարարել, թե բոլորը պետք է քրիստոնյա դառնան։ Հայաստանում արդեն առաջին դարից սկսած գոյություն են ունեցել առնվազն երեք նվիրապետական՝ եպիսկոպոսական աթոռներ։ Դրանք արդեն այն ենթակառուցվածքներն էին, որոնց վրա պետք է կառուցվեր նոր կրոնի՝ պետական կարգավիճակ ստացած համակարգը։ Հիմա այս պարագայում պետք է նկատի ունենալ, որ Տրդատն ի սկզբանե տարանջատում է իշխանությունը։ Այսինքն՝ ի տարբերություն ներկայիս «հանճարների»՝ Տրդատն իսկապես հանճարեղ էր այն առումով, որ գիտակցում էր իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Այդ տարանջատումը ծագման առումով չէր․ թագավորական և կաթողիկոսական իշխանությունները գալիս էին Աստծուց։ Տվյալ դեպքում՝ Սուրբ Երրորդության միջոցով էին հիմնավորվում։ Բայց նրանց վարչական իշխանությունները միմյանցից առանձնացված էին։ Սա շատ էական է, որովհետև արևմտյան աշխարհում՝ կաթոլիկ միջավայրում, Հռոմի պապը համարվում էր ընդհանուր պետը, իսկ աշխարհիկ պետերը գահակալում էին նրա հավանությամբ։ Հետագայում սա պետք է կոչվեր ինվեստիտուրայի համակարգ։ Մեզ մոտ նման բան չի եղել։ Մենք զոռով մեր միջավայր ենք բերում եվրոպական, այն էլ՝ միայն կաթոլիկ աշխարհին բնորոշ սկզբունքները, որոնք մեր պատմության հետ որևէ ընդհանրություն չունեն։ Ընդ որում՝ այս ամենի արդյունքում փոխեցին նաև առարկայի անվանումը դպրոցներում։ Հանրակրթական ծրագրերում «Հայոց պատմությունը» վերանվանվեց «Հայաստանի պատմություն»։ 
  • Գերմանիայում որևէ մեկին չես կարող համոզել, որ Ստրասբուրգն իրենց հայրենիքը չէ, թեպետ գերմանացիները ոչ մի տարածքային պահանջ չունեն Ֆրանսիայի դեմ։ Չկա աշխարհում պետություն, որն ասի՝ իմ հայրենիքը կոնկրետ պետության տարածքով է սահմանված։ 
  • Չես կարող քո ծննդյան վկայականին՝ Անկախության հռչակագրին, ասել՝ դա պատերազմի թուղթ է։ Սահմանադրություն վերանայելու համար ներքին պահանջարկ պետք է լինի, ոչ թե արտաքին պահանջ։ Արտաքին դերակատարների կողմից պարտադրված Սահմանադրությունը պետականության դեմոնտաժ է դառնում։ Փորձում են մեզ տանել 1922-1936 թթ. կարգավիճակի, երբ մենք մի աստիճան այլ պետություններից ցածր էինք ու հազարավոր կիլոմետրերի տարածք ենք կորցրել կոլխոզնիկների պահանջով։ Հիմա մի կողմն ասում է՝ մենք այսպես ենք սահման գծում, մյուս կողմն էլ ասում է՝ դե լավ, միայն պատերազմ չլինի, գծենք, ոնց ուզում եք։
  • Ասում են, թե Արցախը միջազգային ճանաչում չուներ։ Բայց ո՞վ ասաց։ Այս արխիվային փաստաթղթերում ներկայացված բոլոր փաստաթղթերով Արցախի հետ կապված շատ հստակ ամրագրված էին ոչ միայն բնակչության իրավունքները, այլև նրա՝ որպես ինքնավար մարզի կարգավիճակ ունեցող սուբյեկտի իրավունքները։ Նույնիսկ Խորհրդային Միության կազմից առանձին դուրս գալու իրավունք էր ամրագրված։ Արցախը կարգավիճակ ուներ, և անգամ ֆիքսված էր ԽՍՀՄ-ից նրա դուրս գալու կարգը։ Իսկ այսօր մենք նույնիսկ չենք կարողանում խոսել այնտեղ բնակվելու իրավունքի մասին։

  • Եթե Ալիևի պահանջը կատարվի, ու Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը դուրս գա, մեզ սպասվում են նոր պահանջներ։ Վաղը կարող են պահանջել մեր տարածքների անունները փոխել։ Ադրբեջանի Սահմանադրությամբ Հայաստանի տարածքների 60 տոկոսն իրենցն են համարում և պահանջելու են։ 
  • Իրենք խնդիր չունեն Կաթողիկոսի անձի հետ, խնդիր ունեն Կաթողիկոսի ինստիտուտի և եկեղեցու հետ։ Իրենց ուղղակի պետք է, որ մենք կաթողիկոս չունենանք։ Պարզ ասում են՝ տեղապահ քահանա պետք է լինի, կաթողիկոս պետք չէ, իսկ դա խախտում է Հայ եկեղեցու կանոնական կարգը։ Հայ եկեղեցին կդառնա զրոյացված կառույց, ոչ մի հեղինակություն չունեցող։ Այ սա են ուզում։ Ոչ մի կանոնական եկեղեցի այդ ժամանակ մեր եկեղեցին չի ընդունելու։ Ու մեր ժողովուրդը սա պիտի հասկանա՝ անկախ նրանից՝ սիրում են Վեհափառին, թե չէ։ Մինչև հիմա կանոնական եկեղեցիները չեն հասկանում՝ ինչ անել Քենթըրբերիի արքեպիսկոպոսի հետ, որովհետև նա կին է։ Անգլիկան եկեղեցու առաջնորդը կին է, ու չգիտեն՝ դրա հետ ինչպես վարվեն։ Կաթոլիկ եկեղեցին առհասարակ չունի ամուսնացյալ քահանաների ինստիտուտ։ Մեր եկեղեցին վերացնել են ուզում։ Այդքան բան։ 
  • Գիտե՞ք՝ ինչի վրա եմ զարմանում։ Կոնկրետ մարդկանց եմ ճանաչում, իրենց ֆեյսբուքյան պրոֆիլի նկար են դնում Գարեգին Նժդեհի լուսանկարը, բայց երբ այդ նույն մարդու հետ խոսում ես, ասում է՝ TRIPP-ը պիտի լինի։ Ասում ես՝ հարգելիս, Գարեգին Նժդեհի կռիվն ի՞նչն էր։ Ասում է՝ դե Ռուսաստանի դեմ… Ասում եմ՝ Ռուսաստանի դեմ չէր Նժդեհի կռիվը։ Իր կռիվը՝ կոնկրետ 1920-21 թվականների, նրա համար էր, որ Սյունիքը մնա Հայաստանի կազմում։ Վերջին նամակում էլ պարզ ասում էր՝ եթե կարմիր զինվորը Երևանից գա, մի դիմադրեք, եթե գա Բաքվի, Ադրբեջանի կողմից, դիմադրեք։ Այսինքն՝ ինքը դարձյալ դեմ չէր լինի, եթե Սյունիքը լիներ Խորհրդային Հայաստանի մաս, միայն թե Հայաստանի մաս լինի, և Նժդեհին արհեստականորեն դարձնում են հակառուսական կերպար։ 
  • Ուզում եմ հասկանալ՝ մենք ի՞նչ ենք ուզում։ Մենք՝ որպես հասարակություն, որպես հանրույթ… Կան, իհարկե, առանձին գործիչներ, պատմաբաններ, մշակույթի գործիչներ, տարբեր մասնագետներ, որոնք խոսում են, կարծիք են արտահայտում… բայց հասարակության մեջ այսօր դժվար է տեսնել առանձին դիրքորոշումներ։ Իմ ասածն այն է, որ մենք՝ որպես հասարակություն, չենք ձևակերպում, թե ինչ ակնկալիքներ ունենք տարածաշրջանից և ապագայից։ Եվ անընդհատ նեղանում ենք, որ, չգիտեմ, դրսից, վերևից այսպիսի վտանգավոր թեզեր են հնչում։ Իհարկե, դրանք վտանգավոր են, բայց մենք չունենք որևէ ներքին մեխանիզմ՝ պայմանական ասած՝ հակամարմինների մեխանիզմ, որը կպահպանի հասարակական օրգանիզմի իմունիտետը։ Մենք լիարժեք չենք տեսնում այդ խնդիրը։ Մի փոքր, իհարկե, դա տեսանելի դարձավ եկեղեցու դեմ հարձակումների ընթացքում, երբ պարզվեց, որ հասարակության մեջ, այնուամենայնիվ, կա այդ խորքային ինքնության նկատմամբ զգացողությունը։ Բայց դա չի վերածվում ապագայի հետ կապված քաղաքական օրակարգի։ Ես նկատի չունեմ ներքաղաքական օրակարգը։ «Գլոբալ Հայաստանը»՝ որպես նախագիծ, մենք հետագայում ի՞նչ ենք ուզում տեսնել։ Սա խնդիր է։ Եվ, բնականաբար, այս համատեքստում կրկին գալիս ենք նույն TRIPP-ի հարցին կամ ցանկացած այլ հարցի։ Ռուսներն էլ իրենց տարբերակներն էին առաջարկում՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակում։ Ամերիկյան տարբերակը TRIPP-ն է, իսկ թուրքերը և ադրբեջանցիները դա անվանում են միջանցք։ Իսկ մենք ի՞նչ ենք ուզում։ Նախ՝ ի՞նչ կարգավիճակ պետք է ունենա այդ ճանապարհը։ Երկրորդ՝ մեր ակնկալիքները զուտ տնտեսակա՞ն են։ Այսինքն՝ մենք ապագային նայում ենք զուտ բարեկեցության տեսանկյունի՞ց։ Եթե մեր մտածելակերպն այն է, որ «որտեղ հաց, այնտեղ կաց», ապա դա արդեն այլ հարց է։ Նախ՝ դա հայկական ասույթ չէ, ինչպես ներկայացվում է՝ որպես հայկական ժողովրդական ասույթ։ Դա հին հռոմեական ասույթ է, նույնիսկ նրանց տաճարներից մեկի վրա է գրված եղել։ Հիմա, ցավոք, մենք այդ միտքը մտցնում ենք մեր գիտակցության մեջ և այդ ճանապարհով գնում։ Իսկ այդ ճանապարհով գնալու դեպքում ի՞նչ տարբերություն՝ դու Հայաստան ես, Հունգարիա՞, Մոզամբի՞կ, թե՞ Մոնղոլիա։

  • Սա շատ էական հանգամանք է։ Մենք անդրազգային կառույց չենք, բազմազգ պետություն չենք, դաշնային պետություն չենք։ Մենք ազգային պետություն ենք՝ կոնկրետ տիտղոսակիր ազգի հիման վրա ձևավորված պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը։ Ընդ որում՝ այդպիսին են եղել նաև մեր թագավորությունները։ Դրանք կոչվել են «Թագավորություն Հայոց Մեծաց»։ Օրինակ՝ Մեծ Հայքի թագավորությունը՝ Արշակունիների ժամանակ, կամ Հայոց թագավորությունը՝ Բագրատունիների ժամանակ։ Երբեմն այդպես էլ գրել են՝ «Թագավորություն Հայոց Մեծաց»՝ Արշակունիների հետ կապն ընդգծելու համար։ Նույնիսկ Կիլիկիան Հայաստանն է այդպես կոչվել։ Պատմաբաններն են այն անվանում Կիլիկիա՝ տարբերակելու համար։ Այսինքն՝ Կիլիկիայում ապրող հայությունը և հայ քաղաքական վերնախավն իրենց գիտակցության մեջ ունեցել են այդ նախագիծը՝ որպես Հայոց թագավորություն։ Այդպես են այն անվանել, այդպես են մակագրել, ստորագրել և այդպիսի մակագրությամբ դրամներ հատել։ 
  • Հարավկովկասյան երկաթուղու 100%-ի տերը ռուսներն են, բայց աշխատակիցների 90%-ը հայեր են։ Սրա անալոգ թուրքական երկաթուղում, որը կառուցված է Վրաստանում, ոչ մի վրացի աշխատակից չկա. թույլ չեն տալիս, միայն թուրքեր և ադրբեջանցիներ են աշխատում։ Եվ այդ հարցը բարձրացվել է… 
  • Թյուրքագետ լինելու հավակնություններ չունեմ, բայց ակնհայտ է, որ թուրքական տանդեմի համար TRIPP-ը լավ հնարավորություն է Հայաստանը ցանկացած պահի կտրել Իրանից ու հետագայում հասնել նաև Հայաստանի չգոյությանը։
  • Իրանի նախկին արտգործնախարար, Գերագույն առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայեթիի ուղերձի մասին. շատ կարևոր և հետաքրքիր խոսույթ է, միայն իրենք կարող են այդպես՝ 2500 տարվա կտրվածքով խոսել։ Խոսքը պետական մտածողության և պետական հիշողության այն շղթայի ընկալման մասին է, որն իրենք ունեն։ Շատ հետաքրքիր է։ Նույնիսկ նախորդ խորհրդարանի նիստերից մեկում իրենց նախկին նախագահի ելույթում էլ այդպես՝ 2500 տարվա պատմությանն էին անդրադառնում։ Հետաքրքիր է՝ մենք կարճ ժամանակահատվածում ասում ենք՝ չէ՛, մենք Հայաստանի հետ պատմական կապ չունենք, իսկ իրենք պահպանում են իրենց պատմական շղթան… Ինչպես հասկանում եմ, իրենք չեն ցանկանում նման կոշտ հայտարարություններ անել պաշտոնական գործող օղակների միջոցով։ Դրանք փոխանցում են այն մարդկանց միջոցով, որոնք, գուցե, խոսքի արտահայտման ավելի մեծ ազատություն ունեն։ Կարծում եմ՝ պետական օղակներից եկող միջնորդավորված ուղերձներ են։ Բնականաբար, դրանք նաև ամերիկյան կողմին ուղղված՝ իրենց բնորոշ կոշտ ձևակերպումներ են։ 
  • Ես, իհարկե, ամերիկյան պետության նկատմամբ մեծ հարգանք ունեմ, բայց, ելնելով դրանից, հասկանում եմ, որ ամերիկյան պետությունը նույնական չէ որևէ կոնկրետ վարչակազմի հետ։ Եվ դատելով վերջին շրջանի իրողություններից՝ կարելի է եզրակացնել, որ այդ TRIPP նախագիծն աստիճանաբար փակուղի է գնալու։ Այդ նախագծով Հայաստանի տարածքով այլընտրանքային ճանապարհ էր նախատեսվում, որով Իրանը դուրս կգար դեպի Սև ծովի ափ՝ Հայաստանով և Վրաստանով, իսկ հետո կարող էր ցամաքային կապ ունենալ Ռուսաստանի հետ։ Թեև նրանց համար ավելի հարմար է Ադրբեջանի տարածքով կապը։ Բայց այստեղ շատ էական հանգամանք կա։ Ի սկզբանե հայտարարվում էր, որ պետք է ներգրավված լինի մասնավոր հատվածը։ Սակայն ամերիկյան ընկերություններն այդ նախագծի նկատմամբ հետաքրքրություն չունեին։ Վերջում տեսանք, որ ներգրավված է ինչ–որ ռուսաստանցի գործարար՝ իսրայելական ծագմամբ։ Այո՛, շատ տարօրինակ իրավիճակ է։ Սա արդեն այն սցենարի նախերգանքն էր, որը տեսանք։ Իսկ ԱՄՆ–ում այս ընտրություններից հետո նրանք հազար ու մի այլ՝ ներքաղաքական մտահոգություններ են ունենալու, և չեմ կարծում, որ TRIPP-ի հարցով զբաղվելը նրանց համար առաջնահերթություն կդառնա։ 
  • Պարզ է, որ Սյունիքը հենց Իրանի և Ռուսաստանի ռազմավարական շահերի հատման կետն է։ Սա այն հատվածն է, որի հարցում, ինչ տարաձայնություններ էլ ունենան, նրանք միշտ գալիս են կոնսենսուսի։ Եվ այդ կոնսենսուսն այնպիսի կարմիր գիծ է, որ Սյունիքը պետք է մնա հայկական ինքնիշխան տարածք։ Այլ հարց է, որ նրանք տարբեր ընկալումներ ունեն։ Օրինակ՝ Ռուսաստանի հայտարարություններում ասվում է, որ հաղորդակցության ուղիները կարող են գործել։ Իրանի համար նույնիսկ այդպիսի գործարկումն է խնդրահարույց։ Իրենք ասում են՝ հիմա իմ տարածքով են գնում–գալիս Նախիջևան։ Իրանը նույնիսկ առաջարկել է իրենց տարածքով այլընտրանքային ճանապարհ։ Այդ հարցով, կարծես, բանակցություններն ավարտին են հասել։ Ավելի լայն համատեքստում էլ են խոսել այդ մասին։ Կարող եմ ասել՝ խնդիրն այն է, որ Ալիևը մերժել է։ Ընդամենը մոտ 40 կիլոմետրի կարգի լրացուցիչ ճանապարհ կառուցելու հարց է։ Հարցն այն է, թե ով պետք է ներդրում կատարի։ Հիմա իրենք չեն կարող Ադրբեջանի կողմից ուղղակի ներդրումն այստեղ որևէ կերպ արդարացնել կամ փաթեթավորել։ Դրա համար էլ ներկայացրել էին մասնավոր հատվածի անունով։ Բայց հիմա էլ պարզվում է, որ չկա որևէ մեկը, որը ցանկանա այդ գումարը ներդնել։ Ահա թե ինչու շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել։ Եվ ինձ մոտ որոշակի համոզմունք կա, որ թուրք–ադրբեջանական այդ նախագիծը պարզապես չի կարող իրականություն դառնալ։ Հույս ունեմ, որ այդ կանխատեսումը կիրականանա։ Իսկապես վտանգավոր կլիներ, եթե դա լիներ։

  • Վրաց ուղղափառ եկեղեցու նախկին պետը՝ Իլյա 2-րդը, 5 անգամ եղել է Մոսկվայում 2008 թ. վրաց–ռուսական քառօրյա պատերազմից հետո։ Որևէ մեկը Վրաստանում չէր կարող համարձակվել նրան անվանել ռուսական գործակալ։ Նույն կերպ Ռուս ուղղափառ եկեղեցին, ի տարբերություն ռուսական պետության, որը ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը, այդ պետությունների տարածքը ճանաչում է վրաց ուղղափառ եկեղեցու ազդեցության տարածք։ Սրա հետ խնդիր ունեն օսերն ու աբխազները, բայց հասկանում են, որ տեղ է թողնված երկխոսության համար։ Մենք ուզում ենք միանգամից ամեն ինչ կտրել։ 
  • Փաշինյանի բոլոր պատմական թեզերը բացառապես կամ Ռուսական կայսրության, կամ Խորհրդային Միության պաշտոնական թեզեր են։ Ռուսական կայսրության որոշումն է այն, որ Տրդատն է Հայոց եկեղեցու հիմնադիրը։ Սա երեկ կրկնեց Փաշինյանը։ 
  • Վասակ Սյունու ռեաբիլիտացիան մի փոքր զեկուցմամբ իրականացրել է Նիկողայոս Ադոնցը 1903 թ.։ Հիմա հարց՝ այդ զեկուցումը որտե՞ղ է տպագրել… 1904 թ. հրատարակվել է Սանկտ Պետերբուրգի կայսերական ակադեմիայում՝ պետական միջոցներով։ Հիմա էլ ասում են՝ ռուսական թեզերը բերում են ռևանշիզմի։ Դուք եք առաջ բերում ռուսական թեզեր։ Ի դեպ, Նիկողայոս Ադոնցի նման գիգանտ պատմաբանն իր հոդվածում ընդամենը 6 հղում է տեղադրել։ Նման բան չէր կարող լինել։
  • Ենթադրենք՝ Արտավազդ 3-րդ թագավորը շատ վատն էր, և իսկապես վատն էր, անտաղանդ, Հայաստանը ներքաշեց ավանտյուրայի, պատերազմի մեջ, ուրեմն պետք է ասենք՝ պետությունը վատ բա՞ն է։ Հիմա եթե 132 կաթողիկոսների մեջ 5-ը վատ են եղել, ուրեմն պիտի ասենք՝ եկեղեցին վա՞տն է։
  • Իլհամ Ալիևն ամեն տարի Հայրենական պատերազմի հաղթանակի առթիվ իր շնորհավորական ուղերձում պարտադիր հիշում է Գարեգին Նժդեհին, թե իբր դավաճանել է ռուսներին։ Բայց չեն ասում, որ խորհրդային բանակի 64 գեներալ են ունեցել հայերը պատերազմի արդյունքում։ 
  • Ժամանակակից ռուսական պետական ինքնությունը կառուցվում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի վրա։ Ես Ռուսաստանում միշտ ասում եմ՝ մի հատ Եվրոպայում պատերազմի հերոսի տախտակ են հանում, համաշխարհային աղմուկ եք բարձրացնում, Ավիացիայի մարշալ Արմենակ Խամփերյանցի տունը Հադրութում ադրբեջանցիները պայթեցրին, բա ինչի՞ ձայն չհանեցիք։ 
  • Պապը պատերազմող թագավոր էր, բայց երբ նրան դարձնում ենք սիմվոլ, պետք է հիշենք, որ նա ողբերգական ավարտ է ունեցել։ Մարդուն 20 տարեկանում սպանել են՝ արտաքին քաղաքականության հետ կապված։ Ի դեպ, նա Արցախի տարածքը վերականգնում էր՝ այն հայկական տարածք համարելով։ 3 պատմական աղբյուրներ ասում են, որ Պապին սպանել են հռոմեացիները, բայց Ստեփան Զորյանի «Պապ թագավոր» վեպում սլաքներն ուղղված են դեպի եկեղեցին։
  • Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլյա Երկրորդը մահացավ՝ որպես եկեղեցու պետ։ 2008 թվականի վրաց-ռուսական քառօրյա պատերազմից հետո նա հինգ անգամ եղել է Մոսկվայում։ Վրաստանում որևէ մեկը չէր կարող համարձակվել նրան հայտարարել ռուսական գործակալ կամ նման մի բան։ Նա հինգ անգամ այցելել է Մոսկվա, բարձրագույն մակարդակով հանդիպումներ ունեցել և փորձել լուծել եկեղեցական դիվանագիտության որոշակի հարցեր։ Նույն կերպ՝ Ռուս ուղղափառ եկեղեցին, ի տարբերություն ռուսական պետության, որը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, այդ երկու մասնակի ճանաչված հանրապետությունների տարածքները համարում է Վրաց ուղղափառ եկեղեցու կանոնական տարածք։ Սա շատ հետաքրքիր հանգամանք է։ Եվ դրա հետ խնդիր ունեն թե՛ աբխազները, թե՛ հարավօսերը, բայց նրանք ընդունում են, որ եկեղեցին, կանոնական սկզբունքից ելնելով, դրանով նաև երկխոսության տեղ է թողնում։ Մենք միանգամից ուզում ենք ամեն ինչ կտրել, վերացնել հետագայի համար ցանկացած հնարավորություն, վերջնական ապամոնտաժում իրականացնել և դրա անունը դնել ինքնիշխանություն։ Բայց սա ինքնիշխանության խորհրդային մոդել է, որն իրականում ինքնիշխանություն չէ։ 
  • Ընդ որում, խորհրդային մոդելն էլ տարբեր ժամանակներում տարբեր է եղել։ Օրինակ՝ 60-ականների կեսերից և 70-ականներին այն բավականին ազգային շերտեր ուներ։ Իսկ 1922-1936 թվականներին գործ ունեինք Չարենցյան «Երկիր Նաիրի» մոդելի հետ, որին անընդհատ հղում են անում։

  • Չարենցը հանճարեղ գրող է, իմ սիրելի գրողներից մեկը։ Հատկապես ոճական առումով՝ ֆանտաստիկ։ Բայց «Երկիր Նաիրի» ստեղծագործությունն ունի շատ հստակ քարոզչական երանգներ, և «Իրական Հայաստանի» գաղափարների ակունքներն իրականում հենց այնտեղ են։ Չարենցը «Երկիր Նաիրին» սկսել է գրել 1921 թվականին, ավարտել՝ 1924-ին։ Այն հրատարակվել է 1924-ին։ Ի դեպ, այդ շարքը հրատարակվում էր որպես քարոզչական գրականություն։ Հենց այդպես էլ կոչվում էր՝ քարոզչական։ Եվ այստեղ նա փորձում է պատմական հայրենիքի գաղափարը որոշակիորեն հարցականի տակ դնել, մարգինալացնել։ Բայց ոչ թե այն պատճառով, որ ինքը ուրանում էր այդ ամենը, այլ որովհետև պատմության մեջ տեսել էր Ցեղասպանության արհավիրքները, անցել էր նաև Վանի ինքնապաշտպանության միջով, իսկ հետո տեսել էր, որ այդ արհավիրքներից հետո ունեցած սպասումները, թե պետք է ազատագրվեինք, չեն արդարացել։ Այսինքն՝ պատմության ուրացմանն ուղղված այդ մոտեցումները նոր չեն։ Այդ կոնցեպցիաները նոր չեն, և նոր չեն նաև խորհրդայնացումից հետո։ Ի՞նչ տեղի ունեցավ 1921 թվականին։ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացվեց։ 1921 թվականի ապրիլի 2-ին ավարտվեց նաև ներքին քաղաքացիական պատերազմը, և բոլշևիկներն ամբողջությամբ հաստատեցին իրենց իշխանությունը Հայաստանում։ Այդ պայմաններում սկսվեց գրվել այս ստեղծագործությունը։ Այն լույս տեսավ արդեն այն ժամանակ, երբ երկու տարի գոյություն ունեին Անդրֆեդերացիան և Խորհրդային Միությունը։ Այն երեք մասից է կազմված։ Առաջին մասում փորձ է արվում ազգային գաղափարներ կրողներին՝ մեծ պետության, պատմական հայրենիքի վերականգնման կողմնակիցներին, ներկայացնել որպես ոչ լեգիտիմ ուժեր, որոնք ընդամենը թաղային հեղինակությունների դեր ունեն և գտնվում են լուսանցքում։ Երկրորդ մասում մեջտեղ է գալիս, նրա ձևակերպմամբ՝ երազած՝ «միացյալ ու անկախ ծովից ծով Նաիրին»։ Ի դեպ, այսօր նաև սկսել են ծաղրի առարկա դարձնել Տիգրան Մեծի ժամանակների «ծովից ծով Հայաստանը», ներկայացնում են որպես ծաղրելի գաղափար… Իսկ վերջում՝ երրորդ մասում, այդ մարդուն կախաղան են հանում և նրա վրա փակցնում Արքա Նաիրիի ծաղրական պատկերը։ Այսպիսով, եզրակացությունն այն է, որ այդ ամենը հանգեցնում է հենց այդպիսի ավարտի։ Եվ հիմա էլ նույն եզրակացություններն են առաջ քաշում, չէ՞, ասելով՝ եթե խոսում եք պատմական Հայաստանից, ապա այդ ճանապարհով եք գնալու։ Բայց, ի տարբերություն նրանց, Չարենցը հետագայում վերանայեց իր մոտեցումները։ Հայտնի է, որ Եղիշե Չարենցն ունեցել է ձախակողմյան որոնումների շրջան, որն արտահայտվել է նաև նրա բանաստեղծությունների շարքերում։ Բայց հետագայում, երբ հասունացավ և սկսեց նոր ստեղծագործություններ գրել, նրա մոտեցումները փոխվեցին։ «Երկիր Նաիրիի» հրատարակման պահին նա ընդամենը 27 տարեկան էր և դեռ ապրում էր իր ապրումների ազդեցության տակ։ Նա հույս ուներ, որ Խորհրդային նախագիծն իսկապես լավը կլինի։ Նույնիսկ գովերգող բանաստեղծություններ էր գրում Լենինի և Ստալինի մասին։ Բայց հետո, երբ տեսավ, որ իրականությունն իր պատկերացումներին չի համապատասխանում, սկսեց բոլորովին այլ օրակարգեր առաջ քաշել, այլ բանաստեղծություններ գրել։ Եվ մենք այսօր առաջին հերթին հիշում ենք Եղիշե Չարենցին, օրինակ՝ «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությամբ և նրա մյուս ստեղծագործություններով, որոնք ցույց են տալիս նրա ազգային մտածողությունը։ Այնտեղ կա նաև Արարատ լեռը, կան ազգային բոլոր խորհրդանիշները։ Դրանք մանիֆեստ են, որոնք ցույց են տալիս, թե ինչ հայացքներ ուներ Չարենցը։ 
  • Ներկայիս իշխանություններն ասում են՝ 1920 թվականը չի կրկնվելու, մինչդեռ իրենք իրենց բոլոր գործողություններով մեզ տանում են դեպի 1920 թվական։ Ընդ որում՝ այդ գործողությունների մեջ ներգրավված են նաև այն մարդիկ, որոնք ամենից շատն են խոսում Ռուսաստանի դեմ։ Նրանք հիշեցնում են այն մարդկանց, որոնք 1920 թվականին հանդես էին գալիս նման գործելաոճով, իսկ հետո՝ 1922-1923 թվականներին, Մոսկվայում բնակարաններ էին ստանում։ Եվ հարց է առաջանում՝ ինչպե՞ս։ Այսինքն՝ այն մարդիկ, որոնք ամենից շատն էին դեմ խոսում, հետո պարզվեց, որ նախապատրաստում էին այն գործընթացը, որը պետք է տեղի ունենար 1922-1923 թվականներին՝ 1920-ից մինչև 1923 թվականն ընկած ժամանակահատվածում։ Դրա համար ես զուտ նեղ քաղաքական շահերից բխող հայտարարություններին այլևս լուրջ չեմ վերաբերվում։ Նույնիսկ այն հստակ հայտարարություններին, որոնք ինչ–որ կողմնորոշում են արտահայտում՝ արևմտամետ, և այլն… 
  • Երբ աշակերտ էի և կարդում էի մեր պատմությունը, քննարկում էի, օրինակ, մորաքրոջս հետ, որը պատմաբան էր, ինձ մոտ միշտ այն տպավորությունն էր, որ մենք անընդհատ պայքարել ենք՝ պետությունը կորցնելուց հետո կրկին պետություն ունենալու համար։ Երբ արդեն ուսանող դարձա և սկսեցի կարդալ նեղ մասնագիտական գրականություն, հիշեցի, որ մորաքույրս միշտ որոշակի վերապահում էր անում։ Ասում էր՝ բոլորը չէ, որ այդպես են մտածել։ Եվ ինձ համար երբեմն տհաճ բացահայտում էր այն պատկերը, որ պատմության ընթացքում միշտ եղել է նաև զուգահեռ գաղափարական հոսանք, ըստ որի՝ պետք է հարմարվել, պետք է պահանջված հարկերը վճարել, անհրաժեշտության դեպքում՝ ավելին տալ, անհրաժեշտության դեպքում՝ հարևաններին մատնել և այլն։ Այսինքն՝ զուգահեռ այդպիսի օրակարգեր միշտ են եղել։ Եվ պատահական չէ, որ, օրինակ, 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվողների ցուցակը թուրքերը չեն կազմել։ Դրանում հայերի որոշակի ներգրավվածություն է եղել։ Այդ մարդկանց անունները հայտնի են, և «Նեմեսիս» գործողության ժամանակ առաջին թիրախներից հենց նրանք էին՝ հայ դավաճանները։ Հայերին ինչպե՞ս կարող էին թուրքերը ճանաչել՝ հայ համայնքի ներսում ո՞վ է ավելի ազդեցիկ, ո՞վ ինչ կապեր ունի. նրանք այդ ամենը գիտեին իրենց իսկ հարաբերությունների միջոցով։
  • Այդուհանդերձ, համոզված եմ, որ դրսից և այս իշխանությունների կողմից թելադրվող օրակարգը երբեք չի կարող գերիշխող դառնալ ամբողջ հայության համար, նույնիսկ եթե պետական բարձրագույն էշելոնից խրախուսվի։ Միևնույն է, այն չի կարող բոլորի համար համընդհանուր ընդունելի դառնալ։ Եվ դրա առանձին նշաններ մենք տեսնում ենք տարբեր ոլորտներում։ Որքան արգելեցին Արարատը, այնքան ավելի շատ մարդիկ սկսեցին այն շրջանառության մեջ դնել… Մենք պատմության մեջ իսկապես օրինակներ ունենք։ Ինչքան մեզ տարել են այդպիսի ուղղությամբ, մենք ի վերջո դուրս ենք եկել այդ իրավիճակից։ Երբ արդեն հասել ենք այն կետին, երբ թվում է՝ ամեն ինչ պետք է առոչինչ դառնա, ինչ–որ ներքին մեխանիզմ է գործի դրվել, ինչ–որ ինքնապաշտպանական բնազդ։ Բայց մենք, ցավոք սրտի, միևնույն է, կորուստներով ենք դուրս եկել։ Կարողացել ենք շարունակել հայկական նախագծի թելը՝ հայկական տարածքային, մարդկային և այլ բաղադրիչների պահպանման իմաստով։ Սակայն դա մեզ համար դաս չի դառնում։ Իրականում մենք անընդհատ հենց նման օրակարգերի պատճառով ենք տուժել։ Օրինակ՝ 1289 թվականին Կիլիկյան Հայաստանում Հեթում Երկրորդ թագավորը որոշեց գնալ ամբողջական լատինականացման ճանապարհով։ Մուսուլմաններով շրջապատված տարածաշրջանում նա ցանկանում էր երկիրը դարձնել կաթոլիկ և խնդրել նոր խաչակրաց արշավանք։ Կաթողիկոսը դեմ էր եկեղեցիների միավորմանը, և նրա դեմ մեղադրանքներ հորինեցին։ Ասացին, թե իբր նա ընտանեկան ինչ–որ հանգամանքներ ունի և այլն։ Կեղծ մեղադրանքներով զրպարտեցին ու ձերբակալեցին կաթողիկոսին։ Եկեղեցու ներսում փոփոխություններ կատարեցին և կաթողիկոս նշանակեցին իրենց ուզած մարդուն, որը պետք է աներ այն, ինչ իրենք էին ցանկանում։ Շատ հետաքրքիր ձևով կազմակերպեցին այդ ամենը․ կաթողիկոսից գաղտնի մի քանի եպիսկոպոսների հավաքեցին, կաթողիկոսի հասցեին մեղադրանքներ հնչեցրին… 1289 թվականին դա արեցին, իսկ 1292 թվականին Եգիպտոսի մամլուքները եկան և գրավեցին Հռոմկլայի կաթողիկոսարանը։ Դրանից առաջ նրանք վերացրել էին խաչակիրների վերջին հենակետը՝ Ակրան, Միջերկրական ծովի արևելյան ափին։ Այլևս խաչակրաց պետություն չկար․ մնացել էին Կիպրոս կղզին և Կիլիկյան Հայաստանը՝ որպես քրիստոնեական պետություններ։ Դրանից հետո գրավեցին Հռոմկլան։ Մինչ այդ նրանք հայերին դիտարկում էին որպես քրիստոնյաների, բայց միաժամանակ հասկանում էին, որ հայերը տարբերվում են արևմտյան քրիստոնյաներից։ Մենք ունեինք Հայ առաքելական եկեղեցու առանձին դավանաբանություն և առանձին վարչական կառույց։ Ստեղծվել էր նոր իրողություն․ վերցնում ես ամբողջ պետական համակարգը, ամբողջ եկեղեցական ինստիտուտը և փորձում այն մտցնել կաթոլիկ եկեղեցու մեջ։ Ինչի՞ համար։ Որպեսզի Կիլիկյան Հայաստանը դարձնե՞ս մուսուլմանների դեմ շարունակվող պայքարի հենակետ։ Եվ դրա համար էլ մամլուքները գրավեցին կաթողիկոսարանը։ Նորընտիր կաթողիկոսն էլ նրանց կողմից գերեվարվեց։ Այնուհետև սկսվեց հաջորդ փուլը։ Հեթում Երկրորդը շարունակեց իր օրակարգը, և, ըստ էության, այդ իմաստով կոտրեց Կիլիկյան Հայաստանի մեջքը՝ այն դարձնելով մուսուլմանների թիրախ։

  • Եգիպտոսը՝ մամլուքյան սուլթանությունը, հետագայում պետք է մինչև վերջ գնար այդ ուղղությամբ։ Եվ այդ ճանապարհով շուրջ 60 տարի, նույնիսկ մոտ 70 տարի էին ընթացել։ Ի վերջո, գալիս է Մեսրոպ Պարտազեցի կաթողիկոսը, որը Կիլիկիայից չէր, այլ, ըստ էության, Արտազ գավառից էր՝ ներկայիս Մակուի մերձակայքից, Սուրբ Թադե վանքի հոգևոր հովիվն էր։ Նա գալիս էր այն վայրից, որտեղ գործել էր Հայ եկեղեցու առաջին նվիրապետական աթոռը՝ Թադեոս առաքյալի գործունեության վայրից։ Նա ասում է. «Եկեք փոխենք այս մոտեցումը։ Այսպես այլևս չի կարելի։ Ամեն ինչ գրավել են, մեզ նայում են որպես թիրախ։ Եկեք փոխենք մեր գործելակերպը, գոնե պահպանենք այն, ինչ ունենք, որպեսզի հետագայում վերաստեղծման, վերազարթոնքի, վերածննդի հնարավորություն ունենանք։ Հակառակ դեպքում մինչև վերջ ոչնչացնելու են ամբողջ համակարգը»։ Եվ նա ժողով է հրավիրում։ Չեղարկում են նախորդ բոլոր որոշումները, բայց արդեն ուշ էր․ թագավորությունը դատապարտված էր։ 
  • Քիչ առաջ ասում էի՝ մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ ենք ուզում։ Պետք է ներքին մեխանիզմ աշխատի։ Մենք նստած՝ ասում ենք՝ քաղաքական ուժերն այս են խոսում, այն են ասում։ Բայց մենք ինքներս ի՞նչ ենք անում։ Դեռ 4-5 տարի առաջ, ձեզ հետ զրույցում ասել եմ, որ ինձ համար տարօրինակ է, երբ 50 տարեկան մարդը հարցազրույցում կարող է ասել՝ տեսնենք՝ 75 տարեկաններն ինչ են որոշում, թող նրանք մի քայլ անեն, հետո մենք անենք, թող իրենք որոշեն։ Ես չեմ ասում, որ ավագ սերունդը չպետք է որոշի։ Բայց միջին սերունդն ինքը որևէ օրակարգ ունի՞, թե՞ չունի։ Եվ երբ ասում եմ սերունդ, նկատի չունեմ դրա բոլոր ներկայացուցիչներին։ Ամեն սերունդ ունի որոշակի շերտեր՝ մտավորականությունից մինչև բանվորներ և հասարակության մյուս խավերը։ 
  • Ես այսօր իրական օրակարգ չեմ տեսնում։ Միակ օրակարգը կարծես ինքնապաշտպանության բնույթ ունի․ հարձակում է լինում ազգային խորհրդանիշների վրա, և մարդիկ արձագանքում են։ Նոր օրակարգ է պետք ձևավորել։ Օրինակ՝ Հեթում Երկրորդը դրեց այդ օրակարգը։ Իսկ դա տեսնելով՝ բուն Հայաստանի հոգևորականության մեջ գտնվեց մի մարդ՝ Ստեփանոս Օրբելյանը, որը և՛ իշխան էր, և՛ եպիսկոպոս։ Նա հավաքեց իր ժամանակաշրջանի Հայաստանի ամբողջ էլիտային և ասաց. «Ժողովուրդ, մենք պետք է ասենք՝ ոչ։ Եվ բոլորդ մինչև վերջ պետք է գնաք այդ ճանապարհով։ Ավելին՝ մեզ նոր գաղափար է պետք»։ Այդ գաղափարն էր՝ կաթողիկոսարանը Կիլիկիայից տեղափոխել Հայաստան, և դրա հիման վրա հետագայում թագավորական աթոռն էլ այստեղ բերել։ Նա չէր սխալվում, երբ ասում էր, որ այնտեղ ամեն ինչ վերանալու է, իսկ այստեղ պետք է վերաստեղծենք։ Նա ասում էր, որ թագավորությունը նորոգվելու է Արարատյան աշխարհում։ Այդպես էլ եղավ․ Առաջին Հանրապետությունը ձևավորվեց Արարատյան դաշտավայրում։ Այսինքն՝ նման մեխանիզմներ կան։ 
  • Կամ, օրինակ, 17-րդ դարում՝ Շահ Աբասի բռնագաղթից հետո, երբ Հայաստանը հայտնվել էր ծայրահեղ ծանր վիճակում, կորցրել էր իր պատմական ամբողջական տեսքը, հանկարծ ի հայտ է գալիս Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի նման մի մարդ։ Նա հավաքում է երեք էլիտար շերտերի՝ հոգևորականությանը, ժամանակի մելիքներին և խոջաներին՝ նոր ձևավորված հարուստ, առևտրական խավին, և ասում. «Ժողովուրդ ջան, մենք այստեղ հավաքվել ենք, իբր, Մայր տաճարում աղոթելո՞ւ համար։ Բայց հարցը շատ ավելի լուրջ է․ պետք է վերականգնել թագավորությունը, թե չէ այսպես երկար չենք դիմանա»։ Եվ պատմության տարբեր փուլերում նման օրինակներ կան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30