Առողջապահական ապահովագրության բեռը կդնեն գործատուների վրա
Ընտրություններից հետո առողջության ապահովագրությունը Հայաստանում փաստացի չդադարեց գործել, բայց դարձավ կիսավճարովի։ Ապահովագրավճարից բացի, քաղաքացիներն այլևս պարտադրված են համատարած համավճարներ կատարել։ Ամեն մանրուքի համար բժշկական հաստատությունները համավճար են պահանջում։
Համավճար են վճարում նաև այն քաղաքացիները, որոնք մինչև առողջության ապահովագրություն, օգտվում էին բացառապես անվճար բուժօգնությունից։
Խոսքը՝ ինչպես մինչև 18 տարեկանների, այնպես էլ՝ այն քաղաքացիների մասին է, որոնց համար նախկինում բուժծառայություններն անվճար էին, պետությունն էր վճարում դրա դիմաց՝ պետպատվերի շրջանակներում։
Պետպատվերի շրջանակներում նախկինում անվճար բուժօգնություն էին ստանում սոցիալապես անապահով ընտանիքները, հաշմանդամները, նաև մի շարք այլ կատեգորիաների քաղաքացիները։ Այդպես էր տասնյակ տարիներ շարունակ։ Սակայն ապահովագրության ներդրումից հետո, այս մարդիկ, ըստ էության, զրկվեցին լիարժեք անվճար բուժօգնություն ստանալու նախկին հնարավորությունից ու հիմա՝ ունենալով բժշկական ապահովագրություն, պարտադրված են վճարել համավճարներ։
Այս խմբերի քաղաքացիներին ապահովագրության ներդրումը ոչ միայն նոր բան չտվեց, մի բան էլ վատթարացրեց նրանց վիճակը։ Նրանք, քիչ է, զրկվեցին պետական աջակցության շրջանակներում բժշկական ծառաություններից անվճար օգտվելու հնարավորությունից, պարտավոր են համավճար կատարել նաև նախկինում անվճար տրամադրվող դեղորայքի համար։
Համավճարները բավական լուրջ գումար են շատ քաղաքացիների համար։
Երբեմն էլ մարդիկ վճարում են՝ չիմանալով՝ ինչի համար։ Նույն ապահովագրական համակարգում ընդգրկված քաղաքացիները միշտ չէ, որ կարողանում են օգտվել անգամ իրենց հասանելիք ծառայություններից՝ չնայած ամեն ամիս ապահովագրավճար են վճարում։
Առողջության ապահովագրությունն այս կարճ ժամանակում այլևս այնպիսին չէ, ինչպիսին էր ներդրմանը հաջորդած մի քանի ամիսներին, քանի դեռ ընտրություններ տեղի չէին ունեցել։ Ընտրություններից հետո որոշ քաղաքացիներ նույնիսկ զրկվեցին ապահովագրությունից օգտվելու հնարավորությունից։
Օրենսդրական այն փոփոխություններով, որոնցով ժամանակավորապես դրսում գտնվող Հայաստանի քաղաքացիներին զրկեցին ընտրելու իրավունքից՝ զրկում են նաև ապահովագրությունից։ Վերջերս 65+ տարեկան մի քաղաքացի բողոքում էր, թե ինչպես են այդ պատրվակով իրեն դուրս թողել ապահովագրության համակարգից։
Մի քանի ամիս առաջ ապահովագրության շրջանակներում բժշկական ծառայությունից օգտվելու պատվերը բացել են, բայց հետո հրաժարվել են շարունակել, հայտարարել են, թե ապահովագրության շահառու չէ, որովհետև Հայաստանում մշտական բնակության պայմաններին այլևս չի բավարարում։
Մինչ ապահովագրության համակարգն արդեն հասցրել է մեծապես կորցնել իր իմաստը, նախատեսվում է հաջորդ տարվանից այն ավելի ընդլայնել՝ քաղաքացիների նոր խմբերի հաշվին։ Մինչև հիմա միայն 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողներն էին ընդգրկված, հաջորդ տարվանից նաև ցածր ստացողները կընդգրկվեն։ Խոսքն աշխատող քաղաքացիների մեծ մասի մասին է, որոնց աշխատավարձերը երբեմն 100 հազար դրամի չեն հասնում, երբեմն նույնիսկ շատ ավելի ցածր են։
Հայաստանում աշխատող տասնյակ-հազարավոր քաղաքացիներ նվազագույն աշխատավարձ են ստանում, որը կազմում է հազիվ 75 հազար դրամ։ Պատկերացնո՞ւմ եք՝ դրանից մի բան էլ ապահովագրավճար վճարեն։
Սա խնդիր է, որն այս փուլում մտադիր են լուծել գործատուների հաշվին։
Հակված են այդ բեռը դնել բիզնեսի վրա։ Վերջնական որոշում դեռ չկա, բայց այս պահին դա ամենահավանական տարբերակն է, որը քննարկվում է։
«2027 թվականի ընթացքում գուցե կառավարությունը սուբսիդավորի անհրաժեշտ 10800 դրամը, ծախսի 4400 դրամը, աշխատողները վճարեն 2000 դրամ, այն 2000 դրամը, որը նախկինում՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը, վճարում էին «Զինապահ» հիմնադրամին, և պակասող 4400 դրամը վճարեն գործատուները»,- օրերս կառավարությունում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Աշխատողների ապահովագրավճարի պարտավորությունը, թեկուզ մասնակի, գործատուների վրա դնելը, որքան էլ դա ազատում է քաղաքացիներին հավելյալ ծախսերից, բեռ է լինելու բիզնեսի համար։ Այն ուղղակի հարկ չէ, բայց ֆինանսական լրացուցիչ ծանրաբեռնվածություն է, որը ձևով գուցե տարբերվում է հարկից, սակայն բովանդակությամբ բացարձակ նույն բանն է։ Բիզնեսի համար բոլորովին էական չէ, թե պարտադիր վճարման ենթակա գումարն ինչ նպատակով է։ Այդ փողը դուրս է գալու գործատուի գրպանից ու լինելու է ի վնաս նրա։
Չնայած ժամանակին հավաստիացնում էին, թե պետությունն իր վրա է վերցնելու ցածր եկամուտներ ունեցող քաղաքացիների ապահովագրավճարի մեծ մասը, ինչպես տեսնում ենք, մտադիր չեն այդպես վարվել։
Ավելին՝ քննարկվում է 1 տարի անց ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիների ապահովագրավճարների սուբսիդավորումից ընդհանրապես հրաժարվելու, այն ամբողջությամբ քաղաքացիների ու գործատուների վրա դնելու տարբերակը։
Այդ տարբերակի համաձայն, քաղաքացիները պարտադրված կլինեն վճարել՝ ամսական 6000, իսկ գործատուները՝ 4800 դրամ։ Դա էլ այն դեպքում, եթե մինչ այդ ապահովագրավճարի չափը չավելանա։ Կառավարության վերջին խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանն ակնարկեց, որ գնաճով պայմանավորված՝ շուտով ապահովագրական փաթեթի տարեկան 129.6 հազար դրամ արժեքը կարող է վերանայվել։
«Մենք ասում ենք, որ կենսաթոշակառուների թոշակի գնողունակությունը, ըստ էության, պետք է ինդեքսավորենք, որովհետև գնաճն անխուսափելի է։ Առողջության ապահովագրության համակարգի համար էլ է գնաճն անխուսափելի, որովհետև այն ազդում է ամեն ինչի վրա։ Հետագայում այս խնդիրներին նույնպես պետք է անդրադառնանք»,- նույն խորհրդակցության ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Մնում է սպասել, թե այս փոփոխություններից հետո, վերջում ի՞նչ կմնա առողջության ապահովագրության տակ և դա ի՞նչ կտա քաղաքացուն՝ բացի ծախսերի ավելացումից։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

