Դու ո՞վ ես, որ էս պետությունը վերացնես, ամեն մոմ վառող եկեղեցու բարենորոգո՞ղ է. էդքանդ պիտի դատվեք… Դե դո՛ւրս արի ՀԱՊԿ-ից, գնում ես Պուտինին ի՞նչ ասես. Էդգար Ղազարյան
«Դասեր» հաղորդաշարի հյուրն Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Ազգային ժողովում իմ ելույթում «սրիկայաբար շահարկում» բառակապակցությունը բացարձակապես վիրավորանք իր մեջ չի պարունակում: Պատգամավորն օրենքով իրավունք չունի վիրավորել մեկ այլ պատգամավորի կամ ԱԺ-ում գտնվող այլ անձի: Դա օրենքով է սահմանված, բայց դա չի խանգարում, որ ես, որպես պատգամավոր, տամ քաղաքական գնահատականներ: ՔՊ-ում ինձ հետ կապված նախատրամադրվածություն կար, ու հիմա էլ ամեն ինչ անում են, որ ինձ խոսքից զրկեն, դիտողություն անեն:
- Իմ ելույթները բանավոր խոսք են, ես չեմ կարդում թղթից: Ես անգամ չէի պլանավորել ասել այդ արտահայտությունը, իմ ելույթը հուզական էր… Բայց հետո նայում եմ՝ էնտեղ ինչ-որ պատգամավորներ կան, որ ուզել են իմ հետևից դահլիճից դուրս գալ` Սիսակ Գաբրիելյան և այլն.. Դուրս եք գալիս, որ ի՞նչ անեք։ Ենթադրենք՝ մարդ եմ, չէ՞, դուրս եմ եկել հանգստանալու ելույթից հետո, հետ եմ վերադարձել, դուք դուրս եք գալիս, որ ի՞նչ անեք, որ վիճաբանե՞ք։ Ազգային ժողովում, ասենք, ամեն ելույթից հետո մարդիկ պիտի իրար հետ վիճաբանե՞ն։ Բա Ազգային ժողովում էթիկայի հանձնաժողով չկա՞, չէ՞ որ մենք ունենք էթիկայի հանձնաժողով, եթե որևէ մեկի ելույթը կամ որևէ պատգամավորի պահվածքը չի համապատասխանում կանոնակարգին, հարցը դրվում է էթիկայի հանձնաժողովում, քննարկվում է, և եզրակացությունը բերվում Ազգային ժողով։ Հիմա ես մտածում եմ՝ եթե մենք պիտի բոլոր հարցերը, բոլոր ելույթները քննարկենք Ազգային ժողովի միջանցքում՝ վիճաբանելով, իրար ծեծելով, խփելով… իջնենք, գնանք շենքի հետև՝ տղաների զուգարան, հա՞, բա էթիկայի հանձնաժողովն ի՞նչ պիտի անի… Պառլամենտում էդպես չեն հարցեր պարզում, հարցեր քննարկում…

- Ի դեպ, ասեմ, որ էդ լարվածության պատճառը նախագահողից էր գալիս՝ Հայկ Կոնջորյանից. ՔՊ-ի ներսում էլ էդքան համերաշխություն չկա։ Նկատե՞լ եք՝ Ալեն Սիմոնյանն էլ շատ ակտիվ է Ազգային ժողովում լարվածություն հրահրելու հարցում, անգամ գրառումներ է անում, թե Ազգային ժողովում էս է ասված, էն է ասված… Որոշ մարդիկ ՔՊ-ում կարծես ուզենան լարվածություն ստեղծել, տապալել Ազգային ժողովի աշխատանքները, որ ասեն՝ «բա Ալենը լիներ, էսպես կլինե՞ր…»։ Նկատել եմ՝ ինչքան Հայկ Կոնջորյանն է նիստ նախագահում, սկանդալ է լինում: Ռուբինյանն էլ է դա նկատել. Ռուբինյանը, ինչքան հնարավոր է՝ նիստի նախագահությունը թողնում է Վահագն Ալեքսանյանին, և միայն ծայրահեղ դեպքում, երբ իրենցից երկուսն էլ դահլիճում չեն լինում, նոր թողնում են Կոնջորյանին։ Կոնջորյանն ինքը հրահրեց այդ օրը։ Կարող էր, օրինակ, իմ ելույթից հետո ասեր, թե՝ «պարոն Ղազարյան, չգիտեմ, խնդրում եմ սրանից հետո մի քիչ ավելի ուշադիր եղեք ձեր արտահայտությունների հարցում», հանգիստ ձևով, քաղաքակիրթ… բայց ինքն ասում է՝ «մեկուսացվեք ստեղից», «եթե չեք հեռանում, դահլիճից կշպրտեմ»… Հաղորդում եմ տալու հանցագործության մասին՝ Կոնջորյանը բռնության կոչ է անում՝ նստած լինելով նախագահողի աթոռին։ Եվ հիմա, եթե դահլիճում նստած մեկը լսում է, որ Կոնջորյանը նման բաներ է ասում, դա ընդունում է որպես հրահանգ՝ լարվածություն ստեղծելու:
Ու այդ լարվածության մեջ, փաստացի, իրավիճակը կարողացավ փրկել Նարեկ Կարապետյանը։ Տեսնելով, որ բոլորը սադրում են ու տանում ինչ-որ անհասկանալի ու ավելորդ կոնֆլիկտի, որին մենք երբեք շահագրգիռ չենք, Նարեկ Կարապետյանը չափազանց հավասարակշռված և զուսպ պահվածքով փորձեց հանգստացնել իրավիճակը, ասելով՝ «եկեք դարձնենք քննարկման առարկա, հասկանանք իրավիճակը», և չգնաց հավելյալ սրացման։
- Ի՞նչ մանդատ դնել, ինչի՞ համար: Անհասկանալի է դա. Էդգար Ղազարյանը չի արել մի բան, որի համար պետք է մանդատ դնի:

- Ես Նիկոլ Փաշինյանին հարց չեմ տվել, նրան ասել եմ՝ ԱԺ-ում պատգամավորները հարց չպիտի տան քեզ, այլ կարևորագույն գործերով քննիչը: ԱԺ-ում էլ կառավարության ծրագիրը ներկայացնելիս նրա արտաբերած թեզերը այն մասին էին, որ նրան, բացի քննիչից, ոչ ոք առհասարակ այլ հարց չպետք է տա:
- Դու հայտարարում ես «Չորրորդ Հանրապետության» մեկնարկը: Դա նշանակում է պետականության տապալման մասին հայտարարել, ու մենք քեզ պետք է հարցեր տա՞նք: Դու գրել ես՝ ես հարձակվելու եմ Հայ Առաքելական եկեղեցու ու Կաթողիկոսի վրա, իսկ մեր երկրի սահմանադրությամբ եկեղեցին պետությունից անջատ է: Քեզ ո՞վ է էդ իրավունքը տվել: Ինչքան ՔՊ-ական որ քվեարկել է կառավարության այդ ծրագրի օգտին, պետք է դատվի: Քեզ ո՞վ է իրավունք տվել ասելու՝ էս պետությունը վերացնում եմ… Դու քո ունեցածը կարող ես վերացնել:
- Մինչև դու բանակ չունենաս, չես կարող բանակցել: Ո՞վ է ասում, որ պետք է բանակցես, հետո բանակը պահես որպես պահեստային տարբերակ: Ադրբեջանում ճիշտ հակառակն է: Ու դա գրել, բերել է՝ որպես կառավարության ծրագիր: Ինչ գրել է, հակասում է Սահմանադրությանը:
- Կառավարության ծրագրում եկեղեցու մասին Փաշինյանը գրել է՝ եկեղեցին պետք է հեռու պահենք հիբրիդային արտաքին ազդեցություններից, որի մեջ իրենք հայտնվել են… Եթե պետության, կառավարության ծրագրում գրում ես՝ «արտաքին հիբրիդային ազդեցություն», ուրեմն դու ինչ-որ բան գիտես, և ավելին՝ գիտես՝ ով է հիբրիդային պատերազմ մղողը… Բա ինչո՞ւ չես գրում՝ որտեղի՞ց է։ Հիբրիդային սպառնալիքը ռազմական սպառնալիքն է՝ ուղեկցվող տեղեկատվականով։ Հիմա ես ուզում եմ իմանալ՝ Հայաստանի դեմ եկեղեցու միջոցով հիբրիդային սպառնալիք արտաքին ո՞ր երկիրն է իրականացնում։ Իմ տրամաբանությամբ ես եկել եմ այն եզրահանգման, որ իր գրածը Ռուսաստանի մասին է։ Այսինքն՝ դու, փաստորեն, որպես երկրի ղեկավար, Ռուսաստանին մեղադրում ես մեր պետության դեմ հիբրիդային պատերազմ մղելու համար, որն իրականացնում է եկեղեցու մեխանիզմներով։ Հլը մի հատ ասա, տեսնեմ․․․
Ելույթում ասում է՝ «Կրեմլի կողքի շենքից ընդդիմադիրներից մի քանիսին ասել են՝ կգնաք իշխանափոխություն կանեք, հիմա էլ զանգում են, ասում են՝ բա ի՞նչ եղավ»… Որքան գիտեմ՝ Կրեմլը մենակ Մոսկվայում է։ Այսինքն՝ Փաշինյան, դու ասում ես, որ Ռուսաստանի նախագահը ուզել է Հայաստանում իրականացնել իշխանության փոփոխություն, որը չի հաջողվել։
Գիտե՞ք ինչ մեղադրանք է դա։ Դու հասկանո՞ւմ ես՝ ինչ մեղադրանք է։ Հիմա դու սեպտեմբերի 1-ին գնալու ես, նստես նույն Ռուսաստանի նախագահի հետ, հանդիպելու ես Պուտինին։ Դու իրեն ապօրինի մեղադրել ես այլ երկրում իշխանության փոփոխություն իրականացնելու, երկրի ներքին քաղաքական կյանքի վրա ներազդելու մեջ, իսկ դա միջազգային կոնվենցիաներով արգելված երևույթ է։ Դու գնում, էդ մարդու հետ նստում, խոսում ես, ու գալիս-կանգնում ես Ազգային ժողովում, կոնկրետ մեղադրանք ես ներկայացնում, ու հետո նորից գնում-նստում ես իր հետ բան բանակցելո՞ւ։ Տենց բան ո՞նց է անում, կամ ո՞նց ես համարձակվում սենց բան անես։ Ու սա վերաբեուրմ է ոչ միայն Ռուսաստանին, նույն բանը կասեի, եթե նույնն աներ Միացյալ Նահանգները կամ այլ երկիր:

- Նիկոլ Փաշինյանի ներկայացրած կառավարության ծրագրում արտաքին քաղաքականության առաջին ուղղությունը գիտեք՝ ո՞րն է՝ Ադրբեջանը։ Երկրորդը՝ Թուրքիան, երրորդը՝ նոր ուրիշ երկրները, իսկ ութերորդը՝ Ռուսաստանը։ Ընդ որում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին չի գրում, որ ռազմավարական բնույթի են, բարեկամական, գործընկերային։ Այսինքն՝ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջին երկու հիմնական ուղղություններն այն երկրների հետ են, որոնց հետ Հայաստանը դեռևս դիվանագիտական հարաբերություններ չունի, այն երկրներն են, որոնք ուզում են ոչնչացնել հային և որոնք իրենց անվտանգային հայեցակարգային փաստաթղթերով Հայաստանը համարում են իրենց համար անվտանգային սպառնալիք, որը պիտի վերացնեն։
- Եթե ուզում ես ՀԱՊԿ-ից դուրս գանք, ինչի՞ դուրս չես գալիս, ինչի՞ ես սպասում՝ քեզ հանեն: Ինքը համարձակություն չունի այդ կազմակերպությունից դուրս գալու որոշում կայացնել: Եվրոպայում սա տեսնում ու հաստատ մտածում են՝ սա ոչ պայմանագրաունակ պետության ղեկավարի պահվածք է, ու մի օր հնարավոր է՝ հեծանիվ քշելուց հետո քրտնած գա ու իրենց հետ ունեցած պայմանավորվածություններն էլ որոշի չանել…
- Դուք նկատե՞լ եք, որ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի ստորագրած ոչ մի փաստաթուղթ վավերացված չէ ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Հայաստանում: Ալիևը գիտի, որ Նիկոլ Փաշինյանը Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելու իրավասություն էլ չի ունեցել, և եթե ինքը դա ստորագրի, դրանով իրավական ուժ կտա այդ փաստաթղթին: Դա իրեն ձեռք չի տալիս, մտածում է՝ թող սենց մնա, մեկ է՝ տարածքն իմ վերահսկողության տակ է:
- Վաշինգտոնում Խաղաղության այդ փաստաթղթի ստորագրումից առաջ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը եղել են Թուրքիայում: Էրդողանը նրանց հերթով է ընդունել: Հետո Ալիևն ու Փաշինյանը հանդիպել են Աբու-Դաբիում, ուր 5 ժամանոց զրույց են ունեցել երկուսով: Անգամ Արարատ Միրզոյանը չի լսել ոչ մի բառ այդ զրույցից: 5 ժամ առարկայական խոսել են, Ալիևը եկել է համաձայնության, ու նոր գնացել են Վաշինգտոն:
- Փաշինյանը նախաստորագրությամբ լուծարեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, մինչդեռ մինչ այդ ասում էր՝ կլուծարեմ, եթե «Խաղաղության պայմանագիրը» ստորագրվի ու վավերացվի Պառլամենտների կողմից և մտնի ուժի մեջ: Բայց Ալիևը պահանջեց մինչ այդ անել՝ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, Փաշինյանն էլ արեց: Իսկ Մինսկի խումբը միակ ձևաչափն էր, որը զբաղվում էր Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմամբ:

- Միջազգայնորեն ճանաչված սահման հասկացություն գոյություն չունի: Միջազգայնորեն ճանաչված սահմաններ են այն սահմանները, որ պետությունները ճանաչում են միմյանց հանդեպ: Լիտվան ու Լատվիան, որ Ալմա Աթայի հռչակագիր չեն ստորագրել, սահմաններ չունե՞ն: Ձե՞ռ եք առնում:
- Ամեն մոմ վառող եկեղեցու բարենորոգո՞ղ է: Դա ի՞նչ բան է: Ինքը քրիստոնյա չէ ու կապ չունի Հայ Առաքելական եկեղեցու հետ: Ես կանոնավոր պատարագ գնացող մարդ եմ: Որ գնում եմ պատարագի, հո չե՞մ գնում քահանային, եկեղեցին բարեփոխելու համար:
- Ես ունեմ կենսագրություն, իմ ապրած կյանքի յուրաքանչյուր օր հիշում եմ հպարտությամբ, այդ թվում՝ այն օրերը, երբ եղել եմ մարզպետ, երբ 5 տարի լինելով ՀՀԿ-ական՝ ոչ մի պաշտոն չեմ զբաղեցրել: Չկա նախկին ու ներկա, կա լավ ու վատ: Անդրանիկ Քոչարյան, դու ո՞ւմ օգնականն էիր… Վազգեն Սարգսյանի: Վազգեն Սարգսյանը ո՞ր կուսակցությամբ էր դարձել վարչապետ՝ ՀՀԿ-ի: Երբ Ռուբեն Ռուբինյանը Հանրապետականից է խոսում, ՔՊ-ի ցուցակով պատգամավոր դարձած Անդրանիկ Քոչարյանին ասում եմ՝ վեր կաց, ձե՛ն հանի: Սասուն Միքայելյան, Մարտի 1-ից ես խոսում, բա ինչի՞ ոչ մեկը չի ասում, որ Մարտի 1-ից առաջ եղել է նախագահի ընտրություն, որի թեկնածու Սերժ Սարգսյանին, որպես ՀՀԿ խորհրդի անդամ, դու ինքդ ես առաջարկել: Քո առաջարկից մի շաբաթ հետո գնացել, քո առաջարկի դեմ պայքարել ես, բռնվել ես… Մարտի 1-ը հիշում ես, բայց քո առաջարկը չե՞ս հիշում: ՔՊ-ական պատգամավորներ կան, մարտի 1-ին մանկապարտեզում են եղել, այսօր հրահանգով Մարտի 1-ից են խոսում…
- Ձեր մարզպետների մեջ կարա՞ք գտնեք մեկին, ով ինձնից լավ մարզպետ է եղել: Եկել, նախկիններից եք խոսում… Գնացե՛ք, օրինակ, Արմավիրի ձեր մարզպետի հայտարարագիրը նայեք:
- Մենք բարդ իրավիճակում ենք, որովհետև գործ ունենք ապօրինի հանցախմբի հետ, որն ապօրինի զավթել է իշխանությունն անօրինական եղանակով, իր ձեռքում կենտրոնացրել է հսկայական իրավապահ ռեսուրս, որը բռնությունների միջոցով ճնշում է հասարակական զարգացման բոլոր ուղղությունները: Ես հիմա մեղադրական վերդիկտով այստեղ նստած եմ ձեզ հետ հարցազրույցի: Ցանկացած պահի կարող են ինձ էլ տանել կալանքի: Այդ կարգավիճակում են Նարեկ Կարապետյանը, Դավիթ Ղազինյանը, Լևոն Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը, շատերը… Ինքը սեղմում է բոլորին, որ Ալիևի պահանջները կատարի:
- Փաշինյանն էլ է գերի, որին Ալիևը ժամանակավոր ազատություն է տվել: Բակո Սահակյանին Ալիևի մեղսագրածը վերաբերում է նաև Փաշինյանին: Ուղղակի Ալիևը Փաշինյանին ասել է՝ հիմա քեզ ազատություն եմ տալիս, որ գնաս, հալածես Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Սամվել Կարապետյանին, պայքարես Վազգեն Սարգսյանի, Մոնթե Մելքոնյանի, 18 տարեկան զոհված նահատակների հիշատակի դեմ:

- Պառլամենտում մենք պետք է պայքար տանենք, ու հենց հանդիպենք դիմադրության, կդիմենք հասարակության օգնությանը՝ ի դեմս արտախորհրդարանական քաղաքական ուժերի ու հանրության: Եվ կլինի այն, ինչի մասին մենք խոսում էինք՝ Խորհրդարանի համադրությունը արտախորհրդարանական հասարակական զարգացումների հետ:
- Ալիևը Փաշինյանից պահանջում է նոր Սահմանադրության ընդունում, բայց օրինական ճանապարհով: Ասում է՝ գլուխդ տուր պատին, բայց դա պետք է անես օրինական ճանապարհով, որ ես լեգիտիմության խնդիր չունենամ հետագայում:
- Ժողովրդի կողմից ընտրված Արցախի 4 նախագահներից 3-ը՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում են, Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ էր, կալանավորվեց: Դա պատահական չէ: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն Արցախի հերոսներ են, պատահական չեն նրանց նկատմամբ քաղաքական այս հետապնդումները… Արցախի բոլոր հերոսները Բաքվի բանտում են: Իրենց գործից մաս է առանձնացված, որով մեղադրյալներ են Սեյրան Օհանյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, գեներալները: Ալիևն ակնկալում է, ու դրա մասին Ադրբեջանը պարզ ասում է, որ ակնկալում են, որ հայ գործընկերները նրանց կհանձնեն Բաքվին: Ես կարծում եմ՝ հիմա դա է տեղի ունենում: Այդ նույն գործընթացի շարունակությունն է: Եվ դա սկսվեց Մանվել Գրիգորյանի «տուշոնկա շոուից»: Իլհամ Ալիևը չի խոսում Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, որովհետև նրա հետ չի բանակցել: Իլհամ Ալիևին ստորացրել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:
- ՔՊ-ն պետությունից ամենամեծ թալանողն է, բայց ներկայանում է՝ որպես թալանը հետ բերող ուժ: Որ ասում ես՝ դպրոց ու ճանապարհ եմ կառուցել, կարա՞ս ասես՝ քանի՞ կմ ասֆալտապատ ճանապարհ ու դպրոց ես հանձնել Ադրբեջանին, քանի՞ գործարան ու հյուրանոց ես հանձնել: Տարին մի միլիարդ պարտք են հավաքել պետության վրա, մենակ իրենք են հարստանում: Էդ թալանչիները հասել են բարեկեցության, ժողովուրդը մնացել է աղքատության մեջ: 13 միլիոն դրամ Փաշինյանն իրեն դեկտեմբերին պարգևատրել է, Ֆեյսբուքում գրում է՝ 1 միլիոն 400 000 դրամ արժեքով ինչ-որ գյուղում հող է հետ բերել…
- Քանի որ ՔՊ-ի՝ իշխանությունից հեռանալը մարդկանց կամքի հետ կապ չունի, դրա համար թքած ունեն հասարակական կարծիքի վրա, ում էլ կուզեն, կձերբակալեն՝ ինձնից սկսած մինչև ձմերուկ վաճառող, որովհետև ոչ մի կաշկանդվածություն չունեն նման բան անելու:
- Եվրոպայում վարչապետները նաև հրաժարական են տալիս: Սա՝ ի գիտություն: Ավստրիայի վարչապետը հրաժարական տվեց իր մասին մի կոռուպցիոն հրապարակման պատճառով: Ճապոնիայի վարչապետը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հրաժարական տվեց իր կառավարության ծրագրի ընդամենը մեկ կետ չկատարելու համար:
- Էդ հիմա որ Արփինե Սարգսյանը Խոր Վիրապը զուգարանի կողմից նկարել, դրել է, ասում է՝ կենսաչափական անձնագիր եմ տալիս, լեհական ընկերությունը վաղուց կենսաչափական անձնագիր Հայաստանում ներդրել էր, 2019թ. սրանք եկան, վերացրին: Եթե ժամանակին հետևեին CEPA-ի պահանջներին, վաղուց վիզաներն ազատականացված կլինեին:
- Գովազդային հարթությունում շատ լավ է՝ լիքը նկարներ, վիդեոներ… ասենք՝ Լեհաստանի նախագահը՝ Տուսկը, Նիկոլ Փաշինյանի հետ սրտիկ են անում իրար… բայց մյուս կողմից՝ Լեհաստանում Հայաստանը 1.5 տարի է՝ դեսպան չունի։ Կարելի է, չէ՞, ասենք, սրտիկի փոխարեն՝ դեսպան նշանակել, հարաբերություններ կառուցել, լրջացնել էդ հարաբերությունները։

- Արծվաշենը Հայաստանին տվող ապուշ Ադրբեջանում չի գտնվելու։ Ադրբեջանում երբևէ չի գտնվելու մի ապուշ, որ առհասարակ Հայաստանին մի միլիմետր հող հանձնի։ Թե՛ նախկինում զավթված, թե՛ 2022 թվին զավթված, թե՛ երբևէ զավթված որևէ միլիմետր հող առհասարակ հանձնելու մարդ այնտեղ չի գտնվելու։ Այլ բան է, թե իրենք ինչ նոր տարածքներ են Նիկոլ Փաշինյանից տանելու։
Հիմա Տիգրանաշենը, Տավուշի մարզի տարածքները Նիկոլ Փաշինյանը հանձնելիս ի՞նչ է ասում՝ «անկլավ», «էքսկլավ» և այլն։ Մեր երկրի Սահմանադրության օրենքների մեջ «անկլավ», «էքսկլավ», «փլավ» հասկացություններ գոյություն չունեն։ Կա՛ Հայաստանի տարածք՝ իր բնակավայրերով նկարագրված, այդ թվում՝ Տիգրանաշեն գյուղը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի խոշորացված համայնքում, ընդ որում՝ կա Պարույր Սևակ բնակավայր, Տիգրանաշեն բնակավայր… Դու քո երկրի տարածքն առանց որևէ իրավական հիմքի, առանց որևէ հանրաքվեի՝ ո՞նց ես մտածում հանձնել։ Սահմանադրությամբ գրված է՝ Հայաստանի տարածքի ցանկացած փոփոխություն կարող է լինել միայն համապետական հանրաքվեով։
Հիմա մարդիկ կան, չէ՞, գրում են՝ Տիգրանաշենը ՔՊ-ին էսքան ձայն է տվել․․․ Ի՞նչ կապ ունի։ Այսինքն՝ հիմա, որ ՔՊ-ին ձայն տված չլինեին, պիտի տայի՞ն․․․ Էդ հո Տիգրանաշենի հա՞րցը չի, դա համայնքային ռեֆերենդումի որոշելիքը չէ, դա համապետական հարց է։
Ինչո՞ւ է Ալիևն էդ տարածքն ուզում։ Որովհետև Տիգրանաշենով է անցնում Հայաստանը Իրանին կապող միջպետական ավտոճանապարհի 12 կիլոմետրանոց հատվածը, որն անցնում է այդ բնակավայրին պատկանող վարչական տարածքում։ Հիմա, եթե տարածքին Ադրբեջանը տիրացավ, նշանակում է՝ էդ ճանապարհի այս ու այն կետերում դնելու է ադրբեջանական սահմանային հսկիչ անցակետեր, ոնց որ դրել է Գորիս-Կապան 21 կմ-անոց ավտոճանապարհին, որը Փաշինյանը հանձնեց Ալիևին։ Հիմա մենք Գորիսից Կապան կարողանո՞ւմ ենք գնալ միջպետական ճանապարհով։ Ո՛չ, չենք կարողանում։
Դա նշանակում է, որ այդ հատվածով էլ չենք կարողանալու անցնել։ Էդ որ ասում ենք՝ 300 000 ադրբեջանցի պիտի գան, բայց էդ 300 000 ադրբեջանցիների առաջին 500 հոգին գալու են այդ գյուղ, չէ՞։ Ու էդ 500 հոգու հետ միասին ակնհայտորեն այնտեղ տեղակայվելու է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հատուկ նշանակության մի վաշտ, որ այդ երկու սահմանային կետերը հսկի, և Նախիջևանի համազորային բանակի միակ մոտոհրաձգային գունդը՝ 2000 անձնակազմով, ծանր տեխնիկայով, հրետանիով, հետևակով՝ որպես ռազմական բազա։
Դա նշանակում է, որ մենք ստիպված պիտի լինենք Վայոց ձոր և Սյունիք գնալ շրջանցող ճանապարհով, որը փակ է լինելու, ոնց որ Գորիս-Կապանն է փակ։ Շրջանցող ճանապարհը Վեդիով գնացող ճանապարհն է, որը գյուղերն իրար կապող սովորական ճանապարհ է, այսինքն՝ միջպետական ճանապարհ չէ իր լայնությամբ․ էնտեղ երկու բեռնատար մեքենա միաժամանակ իրար կողքով չեն կարող անցնել, ու էդ ճանապարհը հնարավոր չէ լայնացնել, որովհետև գյուղերի միջով է անցնում։
Ընդ որում՝ այդ ճանապարհը գալիս միանում է հիմնական գլխավոր ճանապարհին՝ Տիգրանաշենից ընդամենը 1-1.5 կիլոմետր հեռավորության վրա։ Մի հատ ականանետ որ արդեն զավթված Տիգրանաշենի տարածքից ադրբեջանցիները դնեն, երկու ժամը մեկ ուղղակի անկապ կրակելու են այդ ճանապարհի ուղղությամբ։
Եվ ես ու դուք իմանալու ենք, որ այդ ճանապարհը հրետակոծվում է, և երբևէ Վայոց ձոր կամ Սյունիք գնալու պլաններ չենք կազմելու։ Այսինքն՝ Վայոց ձորը և Սյունիքը հայտնվելու են տոտալ շրջափակման մեջ՝ ճիշտ այնպես, ոնց որ Հակարիի կամրջում Ադրբեջանի սահմանապահ զորքերի տեղադրած հսկիչ անցակետից հետո՝ 2023 թվին, տոտալ շրջափակման մեջ հայտնվեց Արցախը։ Արցախը տոտալ շրջափակման մեջ հայտնվելուց հետո ի՞նչ արեց․ սննդի ճգնաժամ, հայաթափում․․․ Կարող է Կարմիր խաչի մեքենաները դիալիզով հիվանդներին բերեն-տանեն իրենց հսկողության տակ, բայց այնտեղ լինելու է համատարած սով, որից հետո մի գործողությամբ Ադրբեջանը զավթելու է տարածքները։

Հիմա վերադառնանք Նիկոլ Փաշինյանի 2024 թվականի օգոստոսի 30-ին և դրանից հետո արած արտահայտություններին։ Ի՞նչ էր ասում նույն Փաշինյանը․ Հայաստանի գործող տարածքի 60-70%-ը, այդ թվում՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերից առանձին հատվածներ պատկանում են Ադրբեջանին՝ ըստ Ադրբեջանի գործող Սահմանադրության։ Ինքն էր անգամ գրառում արել այդ մասին: Հիմա Ադրբեջանի գործող նախագահը կարդում է իր երկրի գործող Սահմանադրությունը (որտեղ ինքն իր երկրի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության երաշխավորն է), լսում է Նիկոլ Փաշինյանի ելույթը և անցնում գործողությունների։ Դրա համար ասում է՝ հիմա ինձ պիտի տաս Տիգրանաշենը, ընդ որում՝ կտրվում է Հայաստան-Իրան սահմանն ու ճանապարհը։
- Ալեն Սիմոնյանը հավակնում էր ԱԺ նախագահի պաշտոնին, ինքը հասկանում է՝ ՔՊ վարչությունում առաջադրվելն ու չընտրվելն ընդամենը թատրոն է: Այնտեղ ընդամենը մի հոգի է որոշում: Ես կարծում եմ՝ Ալեն Սիմոնյանի նշանակման մեջ նաև արտաքին հետք կա:
- Ես կարծում եմ՝ Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպման ժամանակ շատ ծանր խոսակցություն է սպասվում: Ամենայն հավանականությամբ դա կլինի նրանց վերջին հանդիպումներից մեկը: Կլինի հարաբերությունները վերջնականապես դադարեցնելու մեկնարկ: Ռուսաստանը, ըստ էության, շատ վճռական է տրամադրված: Երբ ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն ասում է՝ եթե Ռուսաստանում մոբիլիզացիա լինի, ռուսները թող գան այստեղ, դա Ռուսաստանի համար ահազանգ է: Սրանք եռապատերազմի կուսակցություն են. ես մտավախություն ունեմ, որ կլինի նաև չորրորդ պատերազմը:
Մանրամասները՝ տեսանյութում։

