Ո՞ր երկրները դեմ քվեարկեցին Թուրքիայի համակարգած բանաձևին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է ՄԱԿ-ի և Իսլամական համագործակցության կազմակերպության համագործակցությանը վերաբերյալ բանաձևը՝ A/81/L.13 համարով, որը ներկայացվել էր Իրաքի կողմից, իսկ Թուրքիան զբաղվել է բանակցային գործընթացի համակարգմամբ և միջնորդությամբ։
Իսլամական համագործակցության կազմակերպությունը, որը միավորում է 57 անդամ պետություն և հանդես է գալիս որպես մուսուլմանական աշխարհի շահերը ներկայացնող կարևորագույն միջազգային հարթակներից
Տվյալ բանաձևի շուրջ առաջացած հակասությունները վերաբերում են ոչ միայն ՄԱԿ-ի և ԻՀԿ-ի ինստիտուցիոնալ համագործակցությանը, այլև փաստաթղթում ներառված որոշ դրույթներին և դրա մշակման գործընթացին։ Հատկապես կարևոր էր ԻՀԿ-ի 2025 թվականի Գործողությունների ծրագրին հղումը, որտեղ առկա են մի շարք քաղաքական դրույթներ, որոնք վերաբերում են տարբեր տարածաշրջանային հակամարտություններին, այդ թվում՝ Կիպրոսի հիմնախնդրին։
Հենց այս դրույթներն էլ դարձան Հունաստանի, Կիպրոսի առարկությունների հիմնական պատճառներից մեկը։ Թուրքիան այս գործընթացում հանդես էր գալիս որպես բանակցությունների համակարգող կողմ։ Սակայն, ըստ պնդումների, բանակցությունների ընթացքում չեն ապահովվել անհրաժեշտ թափանցիկությունն ու ներառականությունը, իսկ որոշ պատվիրակություններ փաստացի դուրս են մնացել քննարկումներից։
Քվեարկության արդյունքում բանաձևին կողմ է քվեարկել 112 պետություն, դեմ՝ 6, իսկ 39 պետություն ձեռնպահ մնաց։ Դեմ քվեարկած երկրներն են Հայաստանը, Կիպրոսը, Հունաստանը, Իսրայելը, ԱՄՆ-ը և Հնդկաստանը։
Պետությունները՝ ըստ դիրքորոշումների.
ԿԻՊՐՈՍ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆ
Կիպրոսի և Հունաստանի համար խնդրահարույց էր այն հանգամանքը, որ ԻՀԿ-ի 2025 թվականի Գործողությունների ծրագրում առկա են Հյուսիսային Կիպրոսի վերաբերյալ դրույթներ, որոնք, նրանց գնահատմամբ, հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին։
Կիպրոսը պնդում էր, որ Թուրքիան, լինելով բանակցությունների համակարգող, իրեն դուրս է թողել փաստաթղթի քննարկման և համաձայնեցման գործընթացից։ Հունաստանի դիրքորոշումը նույնպես պայմանավորված էր Կիպրոսի հարցով։ Աթենքը պնդում է, որ ծրագրում առկա ձևակերպումները կարող են խաթարել Կիպրոսի հիմնախնդրի կարգավորման միջազգային իրավական հիմքերը։
ՀԱՅԱՍՏԱՆ
Հայկական կողմը ուշադրություն է հրավիրել փաստաթղթի նախաբանում ԻՀԿ-ի բանաձևին, որտեղ առկա են անհիմն ձևակերպումներ և Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ ուղղված պնդումներ։ Հայաստանը նաև նշել է, որ բանակցային գործընթացը թափանցիկ և ներառական չի եղել, իսկ Հայաստանի պատվիրակությունը մի շարք այլ պետությունների հետ չի հրավիրվել ոչ պաշտոնական խորհրդակցություններին։
ՀՆԴԿԱՍՏԱՆ
Հնդկաստանի հիմնական դժգոհությունն այն էր, որ մի շարք պետություններ, որոնք ունեն այլ դիրքորոշումներ տվյալ հարցի վերաբերյալ, դուրս էին մնացել խորհրդակցություններից և փաստաթղթի նախագծի հաջորդական տարբերակների շրջանառությունից։ Նյու Դելին դժգոհ էր նաև ԻՀԿ-ի՝ Հնդկաստանի ներքին հարցերին խառնվելու փորձերից։ Խոսքը մասնավորապես Քաշմիրի հիմնախնդրի մասին է։ Հնդկաստանը բազմիցս քննադատել է Պակիստանի ազդեցությունը ԻՀԿ-ի ներսում՝ պնդելով, որ կազմակերպությունն օգտագործվում է իր դեմ քաղաքական ճնշում գործադրելու համար։
ԻՍՐԱՅԵԼ
Իսրայելի համար ԻՀԿ-ն ավանդաբար հանդիսանում է Իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ քննադատական դիրքորոշում ունեցող միջազգային հարթակ, որի մի շարք փաստաթղթեր և հայտարարություններ խիստ քննադատում են Իսրայելի քաղաքականությունը Պաղեստինի նկատմամբ։ Հետևաբար, ԻՀԿ-ի հետ ՄԱԿ-ի համագործակցության խորացման վերաբերյալ բանաձևի բովանդակությունը կարող էր Իսրայելի համար ունենալ ոչ միայն ինստիտուցիոնալ, այլև քաղաքական նշանակություն։
ԱՄՆ
ԱՄՆ-ի պարագայում կարևոր է ֆիքսել, որ Վաշինգտոնը նույնպես պարբերաբար առարկություններ է ներկայացրել ԻՀԿ-ի որոշ փաստաթղթերի ձևակերպումների վերաբերյալ՝ դրանք համարելով քաղաքականացված կամ միակողմանի։
ԵՄ
Եվրամիությունը նույնպես արտահայտել է իր դժգոհությունը։ ԵՄ անունից Իռլանդիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ բանակցային գործընթացը բավարար չափով թափանցիկ և ներառական չի եղել, իսկ փաստաթղթի վերջնական տարբերակում պահպանվել են չլուծված բովանդակային խնդիրներ։
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք

