Բա էդ ո՞նց եք ստորագրում խաղաղության պայմանագիր մի երկրի հետ, որը միշտ պատրաստ է պատերազմ հայտարարել ու հարձակվել
Ֆեյսբուքյան օգտատեր Յանա Գաբելիա-Մանթաշևան գրել է.
«Բուլդոզերային ժողովրդավարություն։
Լսեցի Փաշինյանի ելույթները, ու որևէ նորություն չկար։
Ասենք, կրկին նույն քաղաքական մանիպուլյացիաներն էին և պատերազմի սպառնալիքի միջոցով հանրության վրա ճնշում գործադրելու փորձերը։
Բայց մոտս առաջանում է մի պարզ ու տրամաբանական հարց։ Ո՞նց է ստացվում, որ Ալիևը մի կողմից պատրաստ է խաղաղության, իսկ մյուս կողմից, ըստ հենց Փաշինյանի խոսքերի, ցանկացած պահի պատրաստ է նոր պատերազմ սկսել։ Եթե Ալիևը իսկապես խաղաղություն է ուզում և պատրաստ է հարգել մեր տարածքային ամբողջականությունը, ապա ինչո՞ւ է պատերազմի վտանգն անընդհատ օգտագործվում որպես մահակ՝ մեր իսկ հասարակությանը վախեցնելու և ցանկացած զիջման համաձայնեցնելու համար։ Իսկ եթե Ալիևն իրոք ցանկացած պահի պատրաստ է հարձակվել և նոր պահանջներ դնել, ապա ինչպե՞ս և ի՞նչ երաշխիքներով է իշխանությունը պատրաստվում նրա հետ խաղաղություն հաստատել, և որտե՞ղ են ավարտվելու այդ անվերջ զիջումները։
Պատերազմը սկսում են կամ չեն սկսում, դա հո խաղ ու պա՞ր չի։ Այն կա՛մ կա քաղաքական օրակարգում, կա՛մ չկա, կա՛մ էլ ուղղակիորեն կապված է բանակցությունների ընթացքի հետ։
Ի՞նչ է ստացվում, մի հատ ժամանակագրությունը նայենք, եթե կան կետեր, որոնք բաց եմ թողել, ասեք՝ միասին հասկանանք։
Տավուշի սահմանազատում (մարտ–ապրիլ, 2024)։
Նիկոլի հիմնավորմամբ՝ Տավուշի չորս գյուղերի հատվածում սահմանազատում սկսելն անհրաժեշտ է պատերազմից խուսափելու համար, քանի որ տարածքները չվերադարձնելու դեպքում պատերազմի վտանգ կա։
Ընտրություններ։
Նիկոլն իր ամբողջ նախընտրական ընթացքում ահաբեկում էր, որ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» սահմանադրական մեծամասնություն չունենա, սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու։
Ղարաբաղյան շարժում (մարտ, 2026).
Նիկոլն ԱԺ-ում ելույթի ժամանակ հնչեցրել է, որ ժողովրդի կողմից Ղարաբաղյան շարժումը շարունակելու որոշումը նշանակում է պատերազմ, իսկ չշարունակելը՝ խաղաղություն։
Տիգրանաշեն և անկլավներ (սեպտեմբեր, 2026).
Նիկոլը նշել է, որ Ադրբեջանի մաս կազմող տարածքի նկատմամբ հավակնությունը որոշակի կետից պատերազմի է հանգեցնում։
ԱԺ հարցուպատասխան (այսօր)
Սահմանադրության հետ կապված՝ Նիկոլը հայտարարեց։
«Եվ, այո՛, այս համատեքստում ասում եմ՝ Սահմանադրությունը կարևոր է, որ Հայաստանը դիրքավորվի այնպես, որ իր դեմ պատերազմի լեգիտիմությունն արմատախիլ անի»։
«Գործող Սահմանադրությունը ձևավորվել է հակամարտությունը սպասարկելու տրամաբանությամբ, իսկ նոր Սահմանադրության տեքստը միտված է խաղաղության սպասարկմանը»։
Նիկոլ Փաշինյանի պատասխանը ընդդիմությանը։
«Պարոն Մանուկյան, կախո՞ւմ ենք Ղարաբաղի դրոշները, շատ լավ, դե հիմա ասեք՝ ո՞վ է զոհվելու բայրաքթարների տակ և ո՞վ է կայացնելու այդ որոշումը։ Հենց այստեղ է ամբողջ խնդիրը, որ այդ դրոշները կախել եք և չեք մտածել բայրաքթարի տակ զոհվելու մասին»։
Ղարաբաղյան շարժման մասին խոսելիս էլ Փաշինյանն Արցախի հարցը ներկայացրել է որպես պատերազմի և նոր զոհերի վտանգ պարունակող քաղաքական ուղեգիծ։
Փաստորեն, մեզ առաջարկվում է ընտրություն՝ կա՛մ ընդունել իշխանության քաղաքականությունը, կա՛մ կրել պատերազմի պատասխանատվությունը։
Բա էդ ո՞նց եք ստորագրում խաղաղության պայմանագիր մի երկրի հետ, որը միշտ պատրաստ է պատերազմ հայտարարել ու հարձակվել»։

