Հայաստանի ծամվող հանրապետություն

Հայաստանի քաղաքական օրակարգը, որն առավելապես ոչ թե քաղաքական, այլ քարոզչական օրակարգ է, լցված է սարսափելի մեծ կոնտրաստներով, որոնք քաղաքացիների համար ամենօրյա դիսոնանսի պատճառ են դառնում։ Պարզ մարդիկ իշխանության կողմից ամեն օր լսում են գերպրիմիտիվ, գռեհկության մակարդակի տեքստեր՝ պայմանականորեն, բանանի տեսքով։

Մյուս կողմից ընդդիմության ճամբարից հնչում են ալիևյան սահմանադրության դեմ պայքարի, արժանապատվության, ինքնիշխանության պահպանման մասին կոչեր՝ ազգային երանգավորումներով։

Քաղաքական օրակարգը, ահա, տատանվում է ազգայինի ու պայմանական բանանի ծայրահեղությունների տիրույթում։ Բանանն իր պարզունակությամբ կենցաղային է, մոտ է մարդկանց առօրյա կյանքին, բայց անգամ ամենապրիմիտիվ զանգվածի համար կարող է ինչ-որ պահից տհաճ լինել։ Հակառակ տրամաբանությամբ՝ Սահմանադրությունը, անկախությունն ու ինքնիշխանությունն իրենց բովանդակությամբ չափազանց վերկենցաղային են, չեն դիպչում քաղաքացիների ամենօրյա հոգսերին. կոմունալ վճարումներից՝ մինչև առողջապահության ծախսեր։

Այս հակադրությունը, բովանդակային այս ծայրահեղությունն առանց այդ էլ քաղաքականությունից հոգնած մարդկանց էլ ավելի է վանում պետության իրական խնդիրներից ու մխրճում անձնական, անհատական տիրույթ, որտեղ ամեն մեկը զբաղված է սեփական հոգսերով։ Ընդ որում, իշխանության էժանագին բովանդակության ծաղրը կամ հեգնանքն անգամ ծառայում է իշխանության օրակարգին, քանի որ նույնիսկ հայհոյանքն ավելացնում է քարոզչական աղմուկն ու իշխանության նկատմամբ ուշադրությունը։

Կարդացեք նաև

Այս կոնտրաստի հանրագումարն այն է, որ իշխանությունը սեփական հակապետական օրակարգն առաջ մղելու համար ապավինում է քաղաքացիների ամենացածր բնազդներին, լայն իմաստով՝ տգիտությանը, իսկ ընդդիմությունը սեփական՝ պետությունը փրկելու ծրագրերի իրականացման հարցում ապավինում է նույն քաղաքացիների բարձր գիտակցությանն ու քաղաքացիական պատասխանատվությանը։

Ահա այս հակասականության մեջ մարդիկ ամբողջությամբ հեռանում են քաղաքականությունից՝ պետական ու հանրային կյանքին ներգրավվածությունը սահմանափակելով նախկին խոհանոցային գյալաջիներին այսօր փոխարինած սոցցանցային քննարկումներով։ Իրավիճակի ողջ նրբությունն այն է, սակայն, որ ինչպես նախկին գյալաջիները, այնպես էլ ներկայիս գրառումները որևէ ազդեցություն չունեն քաղաքական գործընթացի վրա։

Այն գլխավոր պատճառով, որ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում ո՛չ ընտրությունները, ո՛չ էլ հանրաքվեն կամ էլեկտորալ որևէ այլ ակտ, իշխանության ձևավորման և/կամ կենսական որոշումների կայացման հետ որևէ աղերս չունեն։

Իսկ այդ պայմաններում իշխանության համար միշտ ձեռնտու է լինելու քաղաքական օրակարգի վուլգարացումը, որին ընդդիմության կողմից բարձր մատերիաների վրա հիմնված հակադրությունը՝ ավելի օտար լինելով մարդկանց համար, նրանց մղելու է դեպի  բանան։

Արդյունքում պետության հետ կատարվելու է այն, ինչ տեղի ունեցավ վերջին մեկ շաբաթը քաղաքական օրակարգը լցրած բանանի պարագային՝ Նիկոլ Փաշինյանը խժռելու է այն նույնքան հաճույքով, ինչպես բանանը կերավ վերջին տեսահոլովակում։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30