«Պոռնիկի աշխատանքը բիզնե՞ս է, թե՞ բիզնես չէ». Հայրիկյանը` ռուս-ադրբեջանական ռազմական գործարքի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հանդես եկավ բավական ուշագրավ հայտարարություններով և անդրադարձավ այսրկովկասյան տարածաշրջանում` մասնավորապես ղարաբաղյան հակամարտության խնդրի շուրջ ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանն ու հայ դիվանագիտության «անկատարությանը»:

Հայրիկյանը նշեց, որ վերջին 20 տարիների ընթացքում հարևան Ադրբեջանը` Հայաստանի Հանրապետության դիվանագիտության «ուղղակի բացակայության» պայմաններում, կարողացել է Հայաստանը միջազգային հանրության պատկերացման մեջ ներկայացնել որպես «հանցավոր պետություն», որը «օկուպացրել է Ադրբեջանի տարածքները» և այլն, մինչդեռ, ըստ նրա, Հայաստանի արտաքին քաղաքականության բանաձևը պետք է լիներ 1921 մարտին Մոսկվայում կնքված քեմալա-բոլշևիկյան պայմանագրի բարձրաձայնումը միջազգային բոլոր ատյաններից, ինչի շնորհիվ «կչեզոքացվի» Հայաստանի կողմից «ադրբեջանական տարածքների օկուպացիայի» մասին միջազգային ընկալումը:

«Բոլոր առիթներով բոլորը պետք է հիշեն` հայերի տարածքների 80 տոկոսը ցեղասպանության հետևանքով գտնվում է Ադրբեջանի և Թուրքիայի տրամադրության տակ: Եթե հայերն ինչ-որ տարածքներ էլ վերցրել են, ուրեմն հետ են վերցրել ցեղասպանության հետևանքով, բոլշևիկյան օկուպացիայի հետևանքով: Ինչ վերաբերում է Ադրբեջանի նշած տարածքներին և տարածքային ամբողջականությանը, դա ոչ թե միջազգային իրավունքի հիման վրա ընդգծված սահմաններ են, այլ Ստալինի գծած սահմաններն են: Համաշխարհային հանրությունը միջազգային իրավունքո՞վ պիտի առաջնորդվի, թե՞ Ստալինի կամայականություններով: Բնականաբար միջազգային իրավունքով:

Ո´չ ՄԱԿ-ի ամբիոններից, ո´չ եվրոպական կառույցների ամբիոններից այս ճշմարտությունը երբևէ չի մատուցվել: Չի´ մատուցվել մի քանի պատճառներով. տգետ են եղել մեր նախագահները, մանադանդ առաջին նախագահը, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ գնում էր Հայաստանը ՄԱԿ-ում գրանցելու և գրանցում էր այսօրվա սահմաններով` առանց վերապահություն անելու, մինչդեռ կարգ կա` մենք այս սահմաններով ենք ՄԱԿ-ի անդամ դառնում, մինչև Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ընդունումը»,- ասաց Հայրիկյանը` ավելացնելով. «Եղել են գործակալ, որովհետև խոսել այս երևույթի մասին, նշանակում է հակադրվել Մոսկվային, ինչպե՞ս հակադրվել, այս սահմանները ձևավորվել են Մոսկվայի պայմանագրի հետևանքով»:

«Ռուսական գործակալների» հիշատակման համատեքստում Պարույր Հայրիկյանը, ըստ ավանդույթի, խոսեց Հայաստանի վրա «ռուսական իմպերիալիզմի» ծանր ազդեցության մասին` հիշեցնելով, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունը մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլլարին համարժեք նորագույն զինտեխնիկա է վաճառել Ադրբեջանի հանրապետությանը:

Ի՞նչ էր ուզում Ռուսաստանը հասկացնել Հայաստանին Ադրբեջանի հետ այդ գործարքով: Այս հարցի վերաբերյալ ԱԻՄ առաջնորդն ունի հստակ պատասխան`«այն ինչ Ռուսաստանն ուզում էր մեր սակավամիտներին, վաղուց հասկացրել է` դուք մեր ստրուկն եք, մեր ստրուկն էլ պիտի մնաք»:

«Նախ խոսենք պաշտոնական դիրքորոշման մասին. ասում են` «դա բիզնես է»: Պոռնիկի աշխատանքը բիզնե՞ս է, թե՞ բիզնես չէ: Բիզնես է, չէ՞: Այսինքն` կան բիզնեսի տեսակներ, որոնք համարվում են անբարո, անթույլատրելի, հանցավոր: Պատերազմող կամ պատերազմով սպառնացող երկրի հետ այդ ոլորտում բիզնես կատարելու ցանկությունը, մանավանդ` դաշնակցի կողմից, անառողջ մոտեցում է, անբարո, նաև` հանցավոր, որովհետև տրված է զենք, որը կարող է օգտագործվել հարևան երկրի նկատմամբ: Եթե դու բանակցությունների կողմնակից ես, ինչո՞ւ ես զենք վաճառում»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

«Ինձ նման մարդկանց, ովքեր պայքարել են ռուսական իմպերիալիզմի դեմ իրենց ամբողջ կյանքի ընթացքում և հակադրվելով ընդհանուր մտայնությանը` կարողացել են ժողովրդին տանել դեպի առողջ դիրքորոշում, հասկացնելու բան չկա, իրենք ուզում են ասել` դուք ճիշտ էիք մեր նկատմամբ ձեր գնահատականներով, մենք մնացել ենք նույն դիրքերի վրա»,-ավելացրեց Հայրիկյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու վերաբերյալ ռուսական մամուլի հրապարակումներից շուրջ մեկ շաբաթ` հունիսի 26-ին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևանում կայացած ՀԱՊԿ ռազմավարական-քաղաքական երկրորդ համաժողովին լրագրողների հետ հանդիպմանը, ի պատասխան հարցին, թե արդյոք այդ գործարքը չի՞ հակասում Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին, ասել էր. «Դա բիզնես է, դա շուկա է, դա ՌԴ-ի տնտեսությունն է»:

Տեսանյութեր

Լրահոս