Վաշինգտոնն ու Թեհրանը՝ փխրուն հուշագրի և նոր պատերազմի սահմանագծին
Հուլիսի առաջին օրերին Իրանի ու ԱՄՆ-ի միջև ծավալվող ուղղակի ու անուղղակի ռազմական հարվածները, կտրուկ հռետորաբանության բռնկումը ցույց տվեցին, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև առկա ժամանակավոր պայմանավորվածություններն ու փոխըմբռնման հուշագիրն ի զորու չեն ապահովել լիակատար կայունություն: Հետևաբար, տարածաշրջանում ցանկացած պահի իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։
Կողմերը փաստացի վերադառնում են կառավարվող ճգնաժամի տրամաբանությանը, որտեղ ռազմական ճնշումն ու դիվանագիտական գործընթացը կիրառվում են զուգահեռաբար։ Եթե նախորդ շաբաթների ընթացքում հիմնական նպատակն էր՝ պահպանել պատերազմից հետո ձևավորված փխրուն հրադադարը, ապա հուլիսի առաջին շաբաթվա սրացումները դարձան բանակցային հաջորդ փուլի նախապատրաստման ռիսկային շրջան, որի ընթացքում երկու կողմերն էլ ուժի ցուցադրման միջոցով փորձեցին ուժեղացնել իրենց բանակցային դիրքերը՝ հաշվի չնստելով հնարավոր անդառնալի հետևանքների հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 6-ին հայտարարեց, որ Միացյալ Նահանգները կա՛մ գործարք կկնքի Թեհրանի հետ, կա՛մ «ավարտին կհասցնի գործը»՝ նկատի ունենալով փետրվարի 28-ին մեկնարկած ամերիկա-իսրայելական համատեղ հարձակումն Իրանի վրա։ Իրանական կողմից ԱՄՆ նախագահի խոսքերը «պատրանքային» էին որակել՝ կոչ անելով հարգանքով խոսել իրանցի ժողովրդի հետ, «այլապես մենք այլ լեզվով կպատասխանենք»։ Սրան հաջորդեցին արևմտյան պարբերականների տեղեկությունները, թե իրանցի զինվորականները հուլիսի 6-ի երեկոյան առնվազն երկու հրթիռ են արձակել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա։
Ըստ AXios-ի հրապարակման՝ Թեհրանի հարվածները սպառնում են խախտել հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որով Իրանը համաձայնել է դադարեցնել հարձակումները Հորմուզի նեղուցում, ԶԼՄ-ն նաև կանխատեսում է, որ ԱՄՆ-ը, հավանաբար, պատասխան հարվածներ կհասցնի իրանական թիրախներին։
Իր հերթին, Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը (UKMTO) հայտնել էր, որ հուլիսի 6-ին Հորմուզի նեղուցով՝ Օմանի ափերի երկայնքով դեպի հարավ ուղևորվող լցանավն անհայտ արկի հարվածի է ենթարկվել, ինչը հրդեհ էր առաջացրել։ Հուլիսի 7-ի երեկոյան ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) կողմից իրականացված օդային հարվածներին՝ ուղղված Սիրիայի արևելքում ԻՀՊԿ-ի և նրա դաշնակիցների ռազմական հենակետերին, Թեհրանը պատասխանեց հուլիսի 8-ի վաղ առավոտյան՝ Հորմուզի նեղուցի շրջանում ամերիկյան հետախուզական ԱԹՍ-ի խոցմամբ և Իրաքում ամերիկյան կոնտինգենտի տեղակայման վայրերի հրթիռակոծությամբ։
Ռազմական գործողություններին զուգահեռ՝ հնչեցին կոշտ հայտարարություններ: ԱՄՆ պաշտպանության նախարարը շեշտեց.
«Մենք թույլ չենք տա սպառնալ մեր ուժերի անվտանգությանը և պատասխանելու ենք ցանկացած ագրեսիայի՝ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները», ինչին ի պատասխան՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարեց.
«Ամերիկյան կողմի ցանկացած սխալ հաշվարկ և տարածաշրջանային կայունության խաթարումը կստանա անհամաչափ և ջախջախիչ հարված՝ անմիջապես մեր իսկ կողմից»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու նպատակով ստորագրված փոխըմբռնման հուշագիրն «ավարտված է», հավելելով, որ այլևս չի ցանկանում շփվել Թեհրանի հետ։
«Ինձ համար, կարծում եմ՝ ամեն ինչ ավարտված է։ Ես այլևս չեմ ցանկանում նրանց հետ գործ ունենալ։ Նրանք ստոր մարդիկ են»,- ասել է Թրամփը։
«Նրանք հիվանդ մարդիկ են։ Նրանց ղեկավարում են հիվանդ մարդիկ։ Նրանք դաժան, բռնի մարդիկ են, և եթե նրանք միջուկային զենք ունենային, կօգտագործեին այն։ Ինձ համար այս հարցն ավարտված է»,- հայտարարել է նախագահ Թրամփը: ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Իրանի հետ բանակցությունները կարող են շարունակվել, սակայն հավելել է.
«Ինձ համար նրանց հետ գործ ունենալը պարզապես ժամանակի վատնում է։ Նրանք ստախոսներ են»։
Թրամփն այս հայտարարությունն արել է Անկարայում՝ Թուրքիայի մայրաքաղաքում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ լրագրողներին հայտնել էր, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա նոր հարձակումները «բացարձակապես անհրաժեշտ» էին։
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասն էլ ավելի ուշ X-ում գրել է. «ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխհրաձգություններն ավելի են բարդացնում արդեն իսկ լարված բանակցությունները՝ պատերազմին վերջ տալու նպատակով։ Իրանի հարձակումները Բահրեյնի և Քուվեյթի վրա անընդունելի են»։
Իրանի խորհրդարանի խոսնակ ու գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ մեղադրել է ԱՄՆ-ին՝ հրադադարի համաձայնագիրը խախտելու համար:
Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ ռազմական էսկալացիան և դիվանագիտական գործընթացը փոխկապակցված են, և դաշտում տեղի ունեցող ցանկացած տակտիկական քայլ անմիջապես վերաձևում է Իսլամաբադի սպասվելիք բանակցությունների օրակարգը։ Նրա խոսքով, կա իրավիճակի զարգացման մի քանի սցենար, որոնցից մեկը կառավարելի դեէսկալացիան է, որի համաձայն՝ փոխադարձ հարվածները հանդիսանում են կողմերի «կարմիր գծերի» վերահաստատում, չկա մեծ պատերազմ վարելու ձգտում։ Մեկ այլ սցենարի համաձայն, նրա խոսքով, Էսկալացիան կարող է դուրս գալ վերահսկողությունից:

«Կարող է ձևավորվել նաև փակուղի՝ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակ: Այս բոլոր սցենարների պարագայում էլ փոխվում է օրեր անց նշանակված բանակցությունների տրամաբանությունը՝ դրանց արդյունավետությունը դնելով կասկածի տակ:
Այս ճգնաժամը ցույց տվեց, որ ԱՄՆ-Իրան հարաբերություններում դիվանագիտությունն՝ առանց ռազմական ճնշման, և ռազմական ճնշումն առանց դիվանագիտական պատուհանի՝ այլևս չեն գործում։ Ամենայն հավանականությամբ, տարածաշրջանը կգնա առաջին սցենարի ճանապարհով. Իսլամաբադի հանդիպումը կդառնա «կրակի դադարեցման» քաղաքական հարթակ, որտեղ կողմերը կփորձեն կապիտալիզացնել վերջին օրերին դաշտում արձանագրված ռազմական արդյունքները։ Սակայն կայունության երաշխիքների բացակայությունը նշանակում է, որ ցանկացած հաջորդ սխալ կարող է վերսկսել էսկալացիայի ավելի վտանգավոր ալիք»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:
Նրա կարծիքով, ԱՄՆ-Իրան հարաբերությունների այս նոր սրացումն ուղղակիորեն պրոյեկտվում է Հարավային Կովկասի միջավայրի վրա՝ էլ ավելի մեծացնելով տարածաշրջանի խոցելիությունը, մրցակցությունը, լարվածությունը տարածաշրջանում և դրա շուրջ։
«Վաշինգտոնի և Թեհրանի միջև ճգնաժամի խորացումն անդրադառնում է Հարավային Կովկասի վրա, ցանկացած արևմտյան ներկայություն Կովկասում Իրանի կողմից այժմ ընկալվում է՝ որպես ԱՄՆ-ի հնարավոր շրջափակման փորձ։ Միևնույն ժամանակ, տնտեսական ճնշումների վերականգնումն ու տարածաշրջանային կոմունիկացիաների հարցը մտահոգում են Իրանին և ստիպում ավելի ակտիվ աշխատել ռեգիոնում՝ փորձելով չեզոքացնել իր համար հնարավոր ռիսկերը»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:

