Թուրքական մեղքը նվազեցնելը միայն Հայաստանի իշխանությունների մտքով կարող էր անցնել. Գևորգ Ղուկասյան

Ամբողջ աշխարհի պետությունների ղեկավարների մեջ ամենաթույլ ապրիլքսանչորսյան ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի ուղերձն էր, որ կարող է համեմատվել միայն Էրդողանի ուղերձի հետ։ Այս մասին 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու, քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Ղուկասյանը՝ խոսելով ապրիլի 24-ին՝ ինչպես Հայաստանի իշխանության ղեկավարի, այնպես էլ՝ համաշխարհային առաջնորդների կողմից արված հայտարարությունների մասին։

Հայ Դատի գրասենյակի պատասխանատուն անդրադառնում է հատկապես Փաշինյանի տեքստում այն վիճելի պնդմանը, թե ըստ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հրատարակած Հայոց պատմության հատորյակի՝ «Մեծ Եղեռնը հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք է», և այն հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը նմանատիպ տեսակետներով փաստացի փորձում է Թուրքիային ազատել Հայոց ցեղասպանության պատասխանատվությունից։

Քաղաքագետն ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական մտադրություններն այնքան պարզ ու ակնհայտ են, որ վաղուց արդեն տողատակերում փնտրելու անհրաժեշտություն չկա։ Գևորգ Ղուկասյանի խոսքով՝ միայն Հայաստանի իշխանությունների մտքով կարող էր անցնել Հայոց ցեղասպանության մեջ թուրքական մեղքը նվազեցնելը։

Կարդացեք նաև

«Լավ, եթե նույնիսկ Հայոց ցեղասպանության փաստի մեջ կար միջազգային, չասեմ՝ նախատրամադրվածություն, բայց նպաստավոր իրավիճակ միջազգային հարաբերությունների տեսանկյունից՝ պատերազմ էր, խառնաշփոթ էր, ժողովրդական լեզվով ասած՝ շունը տիրոջը չէր ճանաչում, և թուրքական պետությունն իրականացրեց ցեղասպանություն, սա ինչքանո՞վ է նվազեցնում թուրքական մեղքի բաժինը։

Հիմա հավանաբար Փաշինյանը ցանկացել է ասել, որ միջազգային որոշ դերակատարներ ուղղորդեցին այս հանցագործությունը, ինչն աբսուրդ է, բայց ես այն կարծիքին եմ, որ, այո՛, միջազգային հարաբերությունների ստեղծված իրավիճակը որոշակիորեն նպաստավոր էր Թուրքիայի համար՝ իրականացնելու պատերազմական հանցագործություններ, բայց դրանից Թուրքիայի պատասխանատվության աստիճանը չի նվազում, ընդհակառակը՝ մեծանում է, որովհետև նույնիսկ այդ ժամանակվա միջազգային իրավունքով սահմանված կարգով, դեռ 1949թ. Ժնևյան կոնվենցիաները չկային, բայց նույնիսկ գործող իրավակարգավորումներով թուրքական կողմը պարտավորություն ուներ քաղաքացիական բնակչության պաշտպանության համար։

Թուրքական կողմը ոչ միայն դա է ձախողել, այլև իր պետության տարածքում՝ հայ ժողովրդի սեփական հայրենիքում, սիստեմատիկ ձևով կազմակերպել և իրականացրել է ամբողջ ժողովրդի ցեղասպանություն։ Այստեղ թուրքական մեղքը նվազեցնելը միայն Հայաստանի իշխանությունների մտքով կարող էր անցնել»,- մեկնաբանում է Հայ դատի գործիչը։

Նա խորհուրդ է տալիս Մեծ Եղեռնի մասին նման վիճահարույց մտքեր արտահայտելուց առաջ ծանոթանալ հայոց դեմ մեծ ոճրին վերաբերող փաստագրական նյութերի՝ ամերիկյան, գերմանական, ռուսական, թուրքական, հայկական և այլ երկրների արխիվների, վկայությունների, ի վերջո՝ Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի՝ Թալեաթի «Սև գրքի» կամ «Սև նոթատետրի» հետ, որը ցեղասպանության ամենաարժեքավոր ապացույցներից ու վկայություններից է։

«Թալեաթի գիրքը կա վերջին հաշվով։ Թալեաթի գիրքը՝ «Սև գիրք» կոչվածը, որը հրատարակվել է՝ իր օրագրերը, սարսափելի գիրք է, որտեղ կարդում ես, որ ինչպես է լինում, որ այս ամսին, օրինակ՝ Տրապիզոնում բնակվում է այսքան հայ, այս ամսին՝ այսքան է բնակվում, որից այսքանը տարհանվել են, այսքանը՝ սպանվել, այսքանը երեխաներ են, և այլն։ Ամբողջ Արևմտյան Հայաստանի մասին է։ Այս փաստագրական նյութի վրա վեր կենալ և այսպիսի հայտարարություններ անե՞լ։ Ես նորից եմ ասում՝

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երբեք ինքնանպատակ չի եղել ու չպիտի լինի։ Դա Թուրքիային պատժելու մասին չէ, Թուրքիային ցավեցնելու մասին չէ, Թուրքիային միջազգային հարաբերություններում արժեզրկելու մասին չէ։ Դա ՀՀ և հայ ժողովրդի անվտանգության մասին է։ Դա նույնիսկ, եթե կուզեք ավելի հեռուն գնանք, իրական հայ-թուրքական հաշտեցման մասին է»,- նշում է զրուցակիցը։

Գևորգ Ղուկասյանը շեշտում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք ինքնանպատակ չի եղել ու չպիտի լինի, և այն առաջին հերթին ունի անվտանգային նշանակություն Մեծ Եղեռնից հետո հայկական հայրենիքի մի փոքր հատվածում հիմնադրված Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար։ Նա նաև հավելում է՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիային պատժելու մասին չէ։ Ավելին, եթե փորձենք ավելի հեռուն նայել, այն իրական հայ-թուրքական հաշտեցման մասին է, բայց նախ Թուրքիան պետք է դադարեցնի ժխտողականության քաղաքականությունը, հակառակ դեպքում Թուրքիայի կողմից ժխտողականությունից չհրաժարվելը նշանակում է պահպանել ցեղասպանական մտադրությունը։

Ղուկասյանը պնդում է՝ հայության նկատմամբ թուրքական ցեղասպանական վտանգը չի նվազել։

«Ցեղասպանության միջազգային ճանաչումը, հատուցումը, պահանջատիրությունն առհասարակ՝ երբեք ինքնանպատակ չի եղել այդ պայքարը և տարբեր դրսևորումներ ու նպատակներ է ունեցել։ Նպատակներից ամենակարևորը, թերևս, նոր ցեղասպանություն թույլ չտալն է, որովհետև եթե ցեղասպան կողմը չի ճանաչում սեփական մեղքը, ապա իր կողմից ցեղասպանությունը կրկնելու հավանականությունը շատ մեծ է (սա ցեղասպանագիտական մոտեցում է), և Թուրքիայի կողմից ժխտողականությունից չհրաժարվելը նշանակում է պահպանել ցեղասպանական մտադրությունը, և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարն, ի վերջո, պետք է հանգեցնի Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչմանը, ինչն ինքնին կունենա անվտանգային նշանակություն Հայաստանի Հանրապետության համար։

Մենք վերջին տարիների իրադարձությունների արդյունքում էլ տեսնում ենք, որ հայության նկատմամբ թուրքական ցեղասպանական վտանգը չի նվազել, և դրա իրականացումը մենք տեսանք Արցախում. Էրդողանը մի քանի անգամ է հրապարակայնորեն ընդունել և խոստովանել, որ Արցախում թուրքական բանակը ներգրավվածություն է ունեցել ռազմական գործողություններին»,- նշում է զրուցակիցը։

Իսկ թե ինչ տեղի ունեցավ Արցախում 2023-ին՝ Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչը միանշանակ գնահատական է տալիս՝ դա, ըստ էության, ցեղասպանություն էր՝ համաձայն ՄԱԿ-ի 1948թ. Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու կոնվենցիայի 2-րդ հոդվածում սահմանված դրույթների։

«ՄԱԿ-ի կոնվենցիան ներկայացնում է 5 հնարավոր իրավիճակ, երբ հանցագործությունը կարող է որակվել՝ որպես ցեղասպանություն։ Հինգից երեքն Արցախի մասով ուղղակի տեսնում ենք, մեկը մասնակիորեն ենք տեսնում, և կատարված գործողությունների այս համախումբը հանցագործություն է Ադրբեջանի կողմից։ Փաստ է, որ կատարվածը ցեղասպանություն է։ Ցեղասպանությունը միայն մարդկանց զանգվածային կոտորածը չէ։ Ցեղասպանություն է տեղահանումը, մարդկային որևէ խմբի նկատմամբ կենսապահովման պայմանները դժվարացնելը, նրան հոգեբանական և ֆիզիկական կտտանքների ենթարկելը, մանկածնությունն արգելակելը կամ արդեն ծնված երեխաներին իրենց ընտանիքներից կտրելը»,- պարզաբանում է քաղաքագետը։

Գևորգ Ղուկասյանը վերոնշյալից հանգում է շատ հստակ եզրակացության՝ այս ամենը խոսում է այն մասին, որ ցեղասպանական վտանգը հայության նկատմամբ պահպանվում է, և այս տեսանկյունից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, ինչպես հավելում է Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատուն, ունեցել է նաև անվտանգային նշանակություն։

«Կրկնեմ՝ ցեղասպանական մտադրություններից հրաժարում կարող է համարվել ժխտողականության դադարեցումը, այսինքն՝ եթե Թուրքիան դադարեցնի Հայոց ցեղասպանության ժխտումը, մենք կարող ենք դա ընդունել՝ որպես ցեղասպանական մտադրության դադարեցում։ Քանի դեռ դա չկա, ցեղասպանական մտադրությունը՝ որպես այդպիսին, իբրև դամոկլյան սուր՝ կախված է մեր ժողովրդի գլխին»,- հավելեց Գևորգ Ղուկասյանը։

Անդրադառնալով այն փաստին, որ Փաշինյանը դատապարտեց Ջահերով երթի օրը՝ ապրիլի 23-ին, Երևանում երիտասարդների կողմից Թուրքիայի դրոշն այրելը, սակայն որևէ դատապարտող խոսք չասաց Արցախում հայկական եկեղեցիների ոչնչացման մասին, Գևորգ Ղուկասյանն ասաց.

«Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական վարքով իրեն վաղուց արդեն զրկել է հայկական շահերի պաշտպանության նույնիսկ տեսական հնարավորությունից։ Էդ մարդը, եթե նույնիսկ ցանկանա էլ, չի կարող այլևս հայկական շահ պաշտպանել, և այս լույսի ներքո պետք է դիտել նաև այս հայտարարությունը, որ ըստ էության խայտառակություն է, երբ Արցախում վերանում է հայկական մշակութային ժառանգություն, աշխարհի առաջատար լրատվականները, միջազգային տարբեր կազմակերպություններ բարձրաձայնում են այդ մասին, բայց ՀՀ-ն լուռ է»։

Այս համատեքստում Գևորգ Ղուկասյանն անդրադառնում է Հայաստանի իշխանությունների այն պնդմանը, թե իբր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, կամ, երբ Նիկոլ Փաշինյանը նույն ուղերձում ասում է, թե ունենք ոչ միայն պետություն, այլև խաղաղություն։ Գևորգ Ղուկասյանը՝ որպես նաև մասնագետ, չի տեսնում այն իրավական ակտը, որ այդ խաղաղությունը հաստատվել է։

«Ես՝ իբրև նաև մասնագետ, չեմ տեսնում այն իրավական ակտը, որ այդ խաղաղությունը հաստատվել է։ Հիմա գուցե մեր ընդդիմախոսներն ասեն՝ օգոստոսի 8-ի համաձայնագիրը, բայց օգոստոսի 8-ի համաձայնագիրն ընդամենը նախաստորագրված է, և եթե մենք նայում ենք, օրինակ՝ Միջազգային պայմանագրերի իրավունքի ուժի մասին Վիեննայի 1969թ. կոնվենցիան, ապա տեսնում ենք, որ այնտեղ նախաստորագրումը չի նշանակում պայմանագրի կամ համաձայնագրի ամբողջական կիրարկում և դրա պարտադիր իրավակիրառելի բնույթ։

Այլ խոսքերով՝ մենք այս պարագայում չունենք խաղաղության պայմանագիր իրավակիրառ տեսանկյունից։ Ավելին, ոչ միայն չունենք, այսպես կոչված՝ խաղաղության պայմանագիրը, այլև ունենք ադրբեջանական պահանջ, որ «եթե դուք չփոխեք ձեր Սահմանադրությունը, այդ պայմանագիրը չի ստորագրվելու»։ Եվ բացի այդ, ՀՀ ավելի քան 250 քառակուսի կմ տարածք օկուպացված է ադրբեջանական զինված ուժերի կողմից»,- մեկնաբանեց քաղաքագետը։

Ղուկասյանը շեշտում է՝ ունենք գյուղ Սյունիքում՝ Ներքին Հանդը, որի կյանքն ուղղակի պարալիզացված է ադրբեջանական օկուպացիայի պատճառով, ունենք գերիներ Բաքվում, Արցախում ոչնչացվում է հայկական մշակութային ժառանգությունը, Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը շարունակում է նույն ռազմատենչ հռետորաբանությունը, Բաքվում լիակատար պետական աջակցություն է ցուցաբերվում, այսպես կոչված՝ «արևմտյան Ադրբեջանի» քաղաքական կոնցեպտին, և այս պայմաններում խաղաղության մասին խոսելուն, հայ հասարակության ինքնապաշտպանական բնազդները բթացնելուն և պետությունը սխալ հունով տանելու ներկայիս քաղաքականությանը դժվար է բնորոշում տալ առանց հուզականության։

«Հանուն ներքաղաքական հաշվարկների՝ չի կարելի այսքան թուլացնել պետությունը և պետության դիմադրողականությունը։ Խաղաղության օրակարգն ամբողջությամբ ներքաղաքական հաշվարկ է։ Չկա խաղաղություն բառի դասական ընկալմամբ»,- հավելում է զրուցակիցը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930