«Երբ սյունեցու մոտ խոսում են խաղաղության մասին, գլուխն իսկույն շրջում է Իշխանասարի կողմ, որտեղ ադրբեջանական զորքն է նստած». Աշոտ Ավագյան
Հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական հերթական ընտրություններին Սյունիքում տարբեր կերպ են տրամադրված՝ մի մասին առհասարակ այս ընտրությունները չեն հետաքրքրում, մի հատվածն արդեն կողմնորոշված է, թե կոնկրետ որ ուժին է տալու իր վստահության քվեն, կա մարդկանց մի հատված էլ, որ ասում է՝ ընտրություններին մասնակցող բազմաթիվ ուժերի «ծպտունն» այս ընթացքում չի լսել, ինչու պետք է նրանց ընտրի։
«Սիսական» ջոկատի ազատամարտիկ, քանդակագործ Աշոտ Ավագյանը շոշափելով մարդկանց բոլոր տրամադրությունները վստահությամբ ասում է՝ այս տարի ընտրություններին Սյունիքից ավելի շատ մարդ կմասնակցի, քան 2021 թվականին է մասնակցել։
«Կոնկրետ Սիսիանում մարդկանց շրջանում իշխանություններին ատելու այդ տրամադրությունները կան, բայց դժվար է ասել, թե իշխանություններին ատողն ում է վստահության քվե տալու։ Ամեն ինչ կարող է կտրուկ փոխվել պաշտոնական քարոզարշավը սկսելուց հետո։ Հստակ է, որ մեզ մոտ մարդկանց մի մասը մեր ղեկավարին չի սիրում, մի մասը՝ լուրջ չի ընդունում, քիչ հատվածն է, որ նրան, այսպես ասած, համակրում է։
Օրինակ, Սյունիքում, երբ խոսում են Նիկոլ Փաշինյանի նշած խաղաղության մասին՝ քչերն են հավատում: Երբ խոսում են խաղաղության մասին, սյունեցին գլուխն իսկույն շրջում է Իշխանասարի կողմը, որտեղ ադրբեջանական զորքն է նստած։ Ըստ դրա էլ խաղաղության մասին խոսքը, խոսակցությունն արժեզրկվում է, դրա համար էլ այդքան լուրջ չեն վերաբերվում, չեն հավատում, որ խաղաղություն լինելու է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Ավագյանը։
Նրա խոսքով՝ երբ 2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զորքը ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք, հաստատվեց մի քանի հատվածներում, այդ թվում՝ Սյունիքի մարզում, սկզբում սյունեցիները շատ էին խոսում այդ ամենի մասին, բայց հիմա միայն մեկ բան են ասում. «Եթե Նիկոլ Փաշինյանի ասած խաղաղությունը լիներ, ապա ադրբեջանական զորքը դուրս կբերեին ՀՀ տարածքներից»։
Քանդակագործի խոսքով՝ ոչ մի սյունեցի, նույնիսկ Նիկոլ Փաշինյանին համակրող, այսօր չի հավատում, որ ադրբեջանական զորքն իր կամքով հետ կքաշվի հայկական տարածքներից։
«Բոլորն էլ վստահ են՝ ադրբեջանական զորքը հետ չի գնա, միայն կռվով կարող ենք ազատագրել մեր օկուպացված տարածքները։ Կարող է 90 հոգու մեջ մեկը հավատա, որ ադրբեջանցին հետ կգնա հենց այնպես։
Սպասենք ընտրություններին, տեսնենք՝ ինչ կլինի, կարծում եմ՝ շատ խնդիրներ հաշվի առնելով, մարդիկ այս անգամ ավելի մեծ թվով կմասնակցեն ընտրութուններին։ Այսօր իշխանությունը շատ է վախեցած, դրա համար ակտիվ աշխատում է, որ ընտրվի, բայց նկատում եմ, որ ընդդիմադիր հատվածն էլ է աշխատում։ Ըստ իս, բնակչության 50 տոկոսից ավելին կմասնակցի առաջիկա ընտրություններին»,- հավելեց Աշոտ Ավագյանը։
Ըստ մեր զրուցակցի, այս պահին ընդդիմադիր հատվածում Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի ղեկավարծ ուժերը մեծ շանսեր ունեն, առայժմ ավելի շատ խոսում են Սամվել Կարապետյանի մասին։
«Չգիտեմ, թե քարոզչությունն ինչպես կտանեն այս ուժերը, քարոզարշավից հետո ամեն ինչ ավելի շատ ավելի պարզ կլինի»,- ընդգծեց Աշոտ Ավագյանը։



