Արցախի էջը մենակ ժողովուրդը կարող է փակել, էն էլ՝ մոռանալով. չպե՛տք է թույլ տալ դա. Արմեն Աշոտյան
Մենք մշտապես ենք ասել, որ Արցախի էջը չի փակվել և չի կարող փակվել: Սա քաղաքական կոնյունկտուրայի հարց չէ, արժեհամակարգի հարց է: Արցախի հարցը կարող է փակել միայն հայ ժողովուրդը, այն էլ՝ միայն մոռանալով Արցախի մասին: Սա այն է, ինչ անում է Նիկոլը: Էս կռվի ամենակարևոր, բազային մակարդակը չմոռանալն է, որովհետև եթե դա տեղի ունեցավ՝ վերջ: Դատարկ խոստումներ տալ չի կարելի, բայց հարցը պետք է պահել կենդանի: Արցախի հարցը էքզիստենցիալ ճգնաժամի մեջ է Նիկոլի և Ալիևի համատեղ ջանքերով ու որոշ շրջանակների՝ ոչ բավարար մակարդակով դրա մասին չխոսելու պատճառով: Եթե Արցախին առաջ պետք էր ճանաչումը, հիմա ամեն ինչ այնպես է գլորվել, որ մենք վերադարձել ենք էլեմենտար իրավունքների ապահովմանը՝ վերադարձի, սեփականության իրավունքի, հոգևոր-մշակութային ժառանգության իրավունքի ապահովման հարցին: Դա մեր հետքն է Արցախում: Ալիևը դրա համար է դրանք ջնջում: Երբ աշխարհը վերադառնա կանոնակարգված հարաբերությունների, կարևոր է, որ հայ ժողովրդին ներկայացնի հայ պետությունը:
Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Ինչ վերաբերում է TRIPP նախագծին, Արմեն Աշոտյանը կրկին շեշտեց՝ TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանցքն» է:
«Տղերք, եթե TRIPP-ը «Զանգեզուրի միջանցքն» է, ո՞նց եք կողմ TRIPP-ին: Մոտս կոգնիտիվ դիսոնանս է առաջանում: «Զանգեզուրի միջանցքին» LEVIS շալվար են հագցրել ու ասում են՝ TRIPP-ն է: Իրանական պատերազմի պատճառով այդ պրոյեկտը առկախվել է, բայց թուրքերն ու ադրբեջանցիներն ակտիվ աշխատում են իսրայելցիների ու Մեծ Բրիտանիայի լոբբինգով, «Զանգեզուրի միջանցքը» սարքում են ու պատրաստվում են 4-5 տարի հետո բացել… Ընդդիմության մեջ այդ առումով տարօրինակ ինքնահանգստացում եմ տեսնում: TRIPP-ը կարող է չլինել իրանական պատերազմի արդյունքում, այն կարող է հանել ամերիկյան փաթեթավորումը, բայց պանթուրքական կոմպոնենտը չի վերացել, և եթե այսպես շարունակվի, «Զանգեզուրի միջանցքը» լինելու է»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:



