ՏՂԵ՛ՐՔ, «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻՆ» LEVIS ՇԱԼՎԱՐ ԵՆ ՀԱԳՑՐԵԼ, ԱՍՈՒՄ ԵՆ՝ TRIPP-Ն Է, ԴՐԱՆ Ո՞ՆՑ ԵՔ ԿՈՂՄ. ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- ՀՀԿ համագումարն իրադարձություն դարձավ Հայաստանի ներքաղաքական կյանքում՝ և՛ Սերժ Սարգսյանի հաշվետու զեկուցմամբ, և՛ մեր չմասնակցության որոշումով, և՛ ընդդիմությանն առաջարկված ծրագրային փաթեթով:
- Վերջին սոցիոլոգիական հարցումները ցույց էին տալիս, որ փոքր ջանքերով մենք կկարողանայինք հաղթահարել 4%-ի շեմը: Եթե ՀՀԿ-ի տեղը լիներ այլ կուսակցություն, նման ալտրուիստական քայլի չէր գնա, որովհետև մեր խնդիրը մանդատները չեն, այլ իշխանափոխությունն է:
- Մենք ընդդիմադիր դաշտին ալգորիթմային մատրիցա ենք տալիս՝ ինչպես կարող ենք օգտակար լինել ընդհանուր աշխատանքին:
- Այո՛, մեր և 2-րդ նախագահի քարոզչական թիմի միջև գրեթե մեկ տարի կա բախում: Տարանջատումն ավելի վաղ կար, բայց սուր բախումն առավել ակնհայտ դարձավ շուրջ մեկ տարի առաջ: Բայց մեր համագումարն այդ տեսակետից կոնֆրոնտացիոն չէր: Ե՛վ նախագահը, և՛ մյուս ելույթ ունեցողները զերծ մնացին ներընդդիմադիր լարվածությունը սրելուց: Ես դիտավորյալ եմ ասում՝ 2-րդ նախագահի քարոզչական թիմը, որովհետև այնտեղ կա նաև քաղաքական թիմ, որտեղ հասուն մարդիկ կան: Մենք եկել ենք բաց սրտով, բաց առաջարկով՝ տղե՛ք, եկեք միասին աշխատենք՝ հանուն այն նպատակների, որոնք կարծես թե դուք էլ եք հռչակում: Հուսով եմ՝ իրենց իմաստնությունը կհերիքի զսպելու անորակ կայքերի, տելեգրամ ալիքների վայրահաչոցը:
- Արման Թաթոյանին Սերժ Սարգսյանը չի մղել քաղաքական դաշտ: Եթե մարդ մի քիչ քթածակ ունի, կհասկանա, որ Թաթոյանի ու Ռոբերտ Քոչարյանի էլեկտորատները տարբեր են, ուղերձներն էլ են տարբեր: Նման բան ասող մարդիկ ոչ թե ուզում են՝ Նիկոլը գնա, այլ, որ Ռոբերտ Քոչարյանը մնա հավերժ ընդդիմության առաջնորդ: Այդպես այլևս չի լինելու: Չի կարելի ամեն անգամ շեֆին հայելի դեմ տալ, որ նա էլ նայի ու հարցնի՝ зеркальце скажи…
- ՀՅԴ-ն առանձին քաղաքական միավոր է, որը համագործակցային հարաբերության մեջ է 2-րդ նախագահի հետ: Հետևաբար, Քոչարյանի քաղաքական կշիռը կախված է սոսկ իր անձից, ինստիտուցիոնալ չէ, ինչպես ՀՀԿ-ինը: Եվ նորմալ է, որ մի օր գալիս է ժամանակը, երբ բոլորս էլ պետք է թողնենք քաղաքական դաշտը և ճանապարհ տանք նորերին: Ռոբերտ Քոչարյանը բացառություն չէ:
- Մեր ընտրողների ու մեր կուսակցության ճնշող մեծամասնությունը գնալու է ընտրությունների և ձայնը տալու է ընդդիմադիր թեկնածուներից մեկին: Պարզ է, չէ՞, որ մեր էլեկտորատի մի մասն ընդդիմության առաջատարին է ընտրելու, ազգային հատվածը ձայն է տալու ՀՅԴ-ին, և նրա խաթր՝ Ռոբերտ Քոչարյանին, բնական եմ համարում, որ զարգացող, ազատական դիրքավորման պահպանողական երիտասարդների հատվածը ձայն տա Թաթոյանին, մարզաբնակները՝ Գագիկ Ծառուկյանին:
- Մենք վերջին պահին ենք որոշել, որ չենք մասնակցելու, բայց մեր ծրագիրը պատրաստ ենք տրամադրել այն բոլոր ուժերին, որոնք կցանկանան դրանից օգտվել:

- Քաղաքական հայտարարությունները մի բան են, բայց այդ ցուցակում անցողիկ տեղերի անձանց հայտարարությունը Նիկոլենց հետ չհամագործակցելու մասին՝ այլ բան: Մենք էլ 21-ին потеря տվեցինք. Իշխան Զաքարյանն ընտրվեց մեր ցուցակով ու գնաց, «Հայաստան» դաշինքն էլ կորուստ ունեցավ՝ ի դեմս Գեղամ Նազարյանի: Եվ մեր առաջարկը տեղին է, երբ ասում ենք՝ առաջին 30 տեղերում հանգրվանած անձինք բարոյագիր թող ստորագրեն: Քարոզարշավի մեր առաջարկած բանաձևը շատ պարզ է՝ «Գնա՛, որ գնան, գնա՛ ընտրատեղամաս, որ սրանք գնան»:
- ՀՀԿ-ի ներսում, այո՛, եղել են բուռն, ժողովրդավարական ներկուսակցական քննարկումներ մասնակցության մասին:
- Մենք առաջին և երևի թե միակ քաղաքական ուժն ենք, որը մեռավ ասելով՝ որտեղ ենք սխալներ գործել: Անգամ նախագահ Սարգսյանն է ասել, որ ունի հաջողության պատմություններ, և սխալներ, որոնց համար զղջում է: Սպանեցիք, թողեցիք… Պը՛րծ… Հազար անգամ ենք ասել: Մեր եզրափակիչ բանաձևի մեջ սևով սպիտակի մեջ գրված է՝ գնա, ինքդ քո սխալներն ուղղի՛ր:
- Այո՛, այն ուժը, որն այս կամ այն ընտրական ցիկլում չի մասնակցում ընտրություններին, կայացնում է դժվար որոշում, բայց միայն ընտրություններին մասնակցելը չէ քաղաքական ուժի գոյության իմաստը: Քաղաքական ուժի իմաստն արժեքների տարածումն է: Ընտրություններն իշխանության միջոց են, բայց եթե ուժը չի հետևում իր իսկ հռչակած գաղափարաբանությանը, նա կորցնում է բարոյական հրամայականը՝ ուրիշներին բան ասելու, և կարևոր չէ այդ պարագայում՝ դու կմասնակցե՞ս ընտրություններին, թե՞ չէ: Հանրապետականը ծնվել է պայքարից, մենք չենք ստեղծվել կուսակցություն՝ կուսակցության համար: Կուսակցությունը կա ու մնալու է:
- Բոլոր կանայք գեղեցիկ են, բայց դա արդյո՞ք նշանակում է, որ բոլոր գեղեցիկ կանայք պիտի մասնակցեն, ասենք, «Միսս Տիեզերք» մրցույթին: Սա կենցաղային օրինակ է: Իհարկե, մանդատը շատ կարևոր է, բայց երբ Նիկոլը պարտվի, այլևս կապ չի ունենա՝ Հանրապետականը մանդատ ունի՞, թե՞ չէ: Եվ, ի վերջո, մենք՝ հանրապետականներս, ծանր 2018 թվական ենք անցել, մեզ համար այլևս ոչինչ սարսափելի չէ: Աստված չանի, եթե Նիկոլը վերարտադրվեց, նապալմով վառելու է Խորհրդարանում քաղաքական միտքը, բա առողջ սերմեր չմնա՞ն Խորհրդարանից դուրս:
- Կյանքը ցույց է տվել՝ ինչքան էլ քիչ են մնացել արտիստների մեջ մտածող, ձայն բարձրացնող ազգային մարդիկ, բայց նրանք ավելի ազնիվ են ու ազդեցիկ, քան քաղաքական այրու համբավ ունեցող, իրենց վրա չաշխատող, նախնադարում մնացած մեթոդաբանությամբ քաղաքական գործիչները:
- Ընտրությունները միայն ընտրության օրը չէ, այլ դրան նախորդող միջավայրն է, իսկ դա վատթարանում է վախի մթնոլորտի համատարած սերմանմամբ և վարչական ռեսուրսի անխնա կիրառմամբ: Եվ այս առումով, այո՛, փողոցը շատ կարևոր է դրա դեմն առնելու առումով: Ինձ ասում են՝ 2 ամիս է մնացել, ի՞նչ իմպիչմենտ, բայց դա պետք է, որ այդ ընտրությունները կազմակերպի նորմալ կառավարություն, որը բանտերը կազատի քաղբանտարկյալներից, կառավարություն, որը չի լինի դրսի խաղացողների խամաճիկ: Իմպիչմենտը որպես սահմանադրական դամոկլյան սուր՝ պետք է ճոճվի Նիկոլի գլխի վրա, որովհետև ինքն է մեզ վրա ինչ ասես՝ ճոճում. դրսից բերած տղա-աղջիկներից, թուրքական բայրաքթարներից սկսած՝ մինչև ներսի հերթական հաստավիզ բիլակը:

- Սրանք սովորական քաղաքական ընտրություններ չեն միայն, շատ ավելի լուրջ պրոցես է, որի ժամանակ հաջողության չեն հասնում, եթե չես գիտակցում այդ պրոցեսի բոլոր էտապների կարևորությունը: Ամեն ինչ կորած չէ: Պայքարը մարդկանց գիտակցության ու սրտերի համար է: Նիկոլ Փաշինյանի ցուցադրած սրտիկը սրտիկ չէ, հետույք է, ինչի մեջ Նիկոլը ներքաշում է Հայաստանը: Իսկ մեր սիրտը ցավում է:
- ՄԱԿ-ը 197 երկրներից բաղկացած միջազգային կառույց է, որը խոր համակարգային, ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ է: ՄԱԿ-ում հիմնական դերակատարները, բացի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից, որոնց կարծիքը գիտենք, կա՛մ իսլամական պետություններ են, որոնք ազդեցության տակ են, կա՛մ փոքր աղքատ պետություններ: Մտածել, որ ԵՄ, ԵԱՀԿ, ԱՊՀ դիտորդական պատվիրակությունները վատն են լինելու, բայց ՄԱԿ-ինը՝ լավը, միամտություն է: Սա չի աշխատելու: Այո՛, դիտորդական առաքելությունները կարևոր են, բայց տվյալ պարագայում շատ ավելի կարևոր են տեղական դիտորդները, որոնց դեմը Նիկոլն առավ ընտրություններից առաջ: Եթե նման բան մեր օրոք լիներ, ԵՄ դեսպանը Հանրապետության հրապարակում իրեն խարակիրի կաներ:
- Վենսը եկավ Հայաստան, ուղիղ տեքստով սատարեց Նիկոլ Փաշինյանին. ողջ Եվրոպա-լիբերալ համայնքն ուրախացավ, համարեց սատարում Նիկոլին, բայց երբ նույնն արեց Բուդապեշտում, սատարեց Հունգարիայի վարչապետ Օրբանին, ով աչքիս լույսը չէ, նույն այդ սեգմենտը սկսեց վայնասունը: Նույն Բրյուսելը ողջունեց Վենսի հայտարարությունը Նիկոլի վերաբերյալ, բայց նույն Բրյուսելը բերանից թուք է, որ բաց է թողնում, որ նույն բանը Վենսն արեց Հունգարիայում՝ սատարելով Օրբանին: Զզվելի է եվրոպական կոնյունկտուրայի կրկնակի ստանդարտների քաղաքականությունը:
- Հայ ժողովուրդը Երևանում անցկացվելիք եվրոպական գագաթնաժողովի առիթով պիտի ցույց տա, որ ինքը բույս չէ, որ մեզ էշի տեղ չդնեն, որ չգան մեր տուն՝ ուտեն-խմեն ու մի հատ չհարցնեն՝ ոնց ենք… Վա՛տ ենք… Եթե իրենք այդ օրերին գան Երևան ու չտեսնեն պիկետներ, բարձրաձայնումներ, եթե այդ օրը միջազգային լրատվամիջոցները ցույց չտան, որ մենք ձայն ենք բարձրացրել… ուրեմն գնանք-մեռնենք… Իրենք պիտի հասկանան, որ Վիքենդի չեն եկել Հայաստան:
- Մարթա Կոսը լուրջ կին է, ինքը չի կարող գալ Հայաստան ու սուտ խոսել, ասել՝ գիտե՞ք, դուք ունեք ԵՄ անդամ դառնալու հեռանկար: Բայց ես ջղայնացա, որովհետև ինքը եկավ Երևան ու Գյումրի, երկու օր ֆռֆռաց, ու դեմը մեկը մի պլակատ չպարզեց, մի պիկետ չարեց: Մենք բաց թողեցինք թույն շանս: Հիմա էդ կինը գնալու է Բրյուսել ու ասի՝ ամեն ինչ լավ ա, մի փաստաբան ինձ չի մոտեցել, բան չի փոխանցել քաղաքական թեմաներով, ոչ մի ցույց չեմ տեսել, ապրի Նիկոլը… Էսքան մարդ է նստած, բա մեկի երեխեն կամ թոռը չգնա՞ր, ասեր՝ Մարթա Կոս, էս նամակս տուր հորս կամ պապիս… Եվրոպական քաղաքականությունն էդպես է աշխատում: Ցավում եմ, որ մենք դա չենք հասկացել:
- Մենք մշտապես ենք ասել, որ Արցախի էջը չի փակվել և չի կարող փակվել: Սա քաղաքական կոնյունկտուրայի հարց չէ, արժեհամակարգի հարց է: Արցախի հարցը կարող է փակել միայն հայ ժողովուրդը, այն էլ՝ միայն մոռանալով Արցախի մասին: Սա այն է, ինչ անում է Նիկոլը: Էս կռվի ամենակարևոր, բազային մակարդակը չմոռանալն է, որովհետև եթե դա տեղի ունեցավ՝ վերջ: Դատարկ խոստումներ տալ չի կարելի, բայց հարցը պետք է պահել կենդանի: Արցախի հարցը էքզիստենցիալ ճգնաժամի մեջ է Նիկոլի և Ալիևի համատեղ ջանքերով ու որոշ շրջանակների՝ ոչ բավարար մակարդակով դրա մասին չխոսելու պատճառով: Եթե Արցախին առաջ պետք էր ճանաչումը, հիմա ամեն ինչ այնպես է գլորվել, որ մենք վերադարձել ենք էլեմենտար իրավունքների ապահովմանը՝ վերադարձի, սեփականության իրավունքի, հոգևոր-մշակութային ժառանգության իրավունքի ապահովման հարցին: Դա մեր հետքն է Արցախում: Ալիևը դրա համար է դրանք ջնջում: Երբ աշխարհը վերադառնա կանոնակարգված հարաբերությունների, կարևոր է, որ հայ ժողովրդին ներկայացնի հայ պետությունը:

- Տղերք, եթե TRIPP-ը «Զանգեզուրի միջանցքն» է, ո՞նց եք կողմ TRIPP-ին: Մոտս կոգնիտիվ դիսոնանս է առաջանում: «Զանգեզուրի միջանցքին» LEVIS շալվար են հագցրել ու ասում են՝ TRIPP-ն է: Իրանական պատերազմի պատճառով այդ պրոյեկտը առկախվել է, բայց թուրքերն ու ադրբեջանցիներն ակտիվ աշխատում են իսրայելցիների ու Մեծ Բրիտանիայի լոբբինգով, «Զանգեզուրի միջանցքը» սարքում են ու պատրաստվում են 4-5 տարի հետո բացել… Ընդդիմության մեջ այդ առումով տարօրինակ ինքնահանգստացում եմ տեսնում: TRIPP-ը կարող է չլինել իրանական պատերազմի արդյունքում, այն կարող է հանել ամերիկյան փաթեթավորումը, բայց պանթուրքական կոմպոնենտը չի վերացել, և եթե այսպես շարունակվի, «Զանգեզուրի միջանցքը» լինելու է:
- Եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեց որպես վարչապետ, կունենանք հայկական պետական գրեթե անշրջելի կորուստ, հայ ժողովուրդը երկրագնդի վրա կդադարի լինել որպես գործոն: Հնարավորությունը՝ չանտեսել փողոցը, չհրմշտվել, հասկանալ, որ դիմացի մրցակիցը շատ ավելի լուրջ է և ունի տերեր, որոնք շատ տարբեր են: Խեղդվողի փրկությունը խեղդվողի գործն է: Ոչ մեկի վրա հույս դնել պետք չէ: Էդ տեսակետից մենք շատ անբախտ ժողովուրդ ենք:
Մանրամասները՝ տեսանյութում:



