ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ՁԻՈՒ ՎՐԱ, ԱՅԼ ՈՉ ԱՆՊԱՏԻՎ ՄԱՀ՝ ԲՈՒՆԿԵՐՈՒՄ. ԻՐԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ. ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև:

- 21-րդ դարում ապրում ենք հետճշմարտության կամ մետամոդեռնիզմի դարաշրջանում, և պատերազմներն ու հաղթանակներն էլ տեղավորվում են այս կոնտեքստում: Մինչ այս պատերազմն էլ բանակցությունները նորմալ ընթանում էին, փակուղի չէին մտել, բայց սկսվեց պատերազմ: Այս պատերազմով Իրանը կոտրեց ստերեոտիպեր, և երբ ամբողջ աշխարհն ասում էր՝ Իրանը մի քանի օրից կփլուզվի, Իրանն ապացուցեց, որ իրանական քաղաքակրթությունը ծնել է քաղաքական համակարգ, և այսօրվա Իրանը կոճղի պես պետություն է, որի արմատները գնում են դարերի խորքը: Իրանական հասարակությունն էլ դարձավ միասնական, հետևում մնացին միտինգներն ու անհամաձայնությունները, կրոնական առաջնորդները պատրաստ էին նահատակության: Տասնամյակներով պատժամիջոցների տակ գտնվող պետությունը չփլուզվեց:
- Իրանի կարմիր գծերը սկսեցին աշխատել, և նա սկսեց հարվածել տարածաշրջանի ամերիկյան ստրատեգիական օբյեկտներին: Ո՛չ բլից-կրիգ ստացվեց, ո՛չ Իրանի ներքին փլուզում, ո՛չ իրանական կապիտուլյացիա:
- 21-րդ դարում բոլոր պատերազմներում կողմերն ասում են՝ մենք հաղթեցինք: Անգամ 44-օրյա պատերազմից հետո, որտեղ մենք, ցավոք, պարտվեցինք, որոշ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ մենք հաղթեցինք և ձեռք բերեցինք անկախություն և պետություն: Այս պարագայում էլ Ամերիկան հայտարարում է, որ ինքն է հաղթել, Իրանն ասում է՝ հաղթողն ինքն է: Ես կարող եմ ասել, որ Իրանն ունեցավ անասելի մեծ կորուստներ, բայց բանակցությունների դաշտ դուրս եկավ ավելի լավ դիրքերով, իրանական պետությունն ունեցավ ձեռքբերումներ: Իրանն ապացուցեց, որ կարող է դուրս գալ աշխարհի թիվ մեկ գերտերության, պլյուս Իսրայելի դեմ՝ ապացուցելով, որ իր արժանապատվությունը սակարկման ենթակա չէ: Իրանը հարվածեց և՛ ամերիկյան բազաներին, և՛ Իսրայելի քաղաքներին՝ փլուզելով նրանց այն իմիջը, որ անհնար է խոցել նրանց: Փաստորեն, ֆիքսվեց նաև, որ Հորմուզի նեղուցի վերահսկողությունը տրվում է Իրանին, իսկ այսօր աշխարհը պայքարում է միջանցքների վերահսկողության համար:
- Ինչպե՞ս կարելի է ուրախ-ուրախ ասել, որ կոչնչանա դարավոր մի քաղաքակրթություն, կամ սպանել 86-ամյա հոգևոր առաջնորդին՝ անչափահաս թոռնուհու հետ, ու զվարթ պարային շարժումներով հայտարարել այդ մասին, ինչպես դա արեց Թրամփը: Գալու է ժամանակը, որ էքսցենտրիկ ղեկավարներին փոխարինելու են ոչ էքսցենտրիկ ղեկավարներ: Ոչ էքսցենտրիկ Վենսի միջամտությունից հետո միայն հնարավոր դարձավ ներկայիս հրադադարը: Աշխարհի խաղաղության շահերից է բխում, որ ավարտվի էքսցենտրիկ ղեկավարների կառավարման դարաշրջանը:
- Այս հրադադարը միանշանակ փխրուն է, որովհետև Ամերիկայի և Իսրայելի շարժառիթներն ամբողջովին բավարարված չեն, եթե ոչ շատ դեպքերում՝ ձախողված: Իրանական դասը մեր տարածաշրջանի համար ուսուցանող դաս էր: Արևելյան քաղաքականության ոճն այսպիսին է, ոչ թե այն, ինչ Հայաստանի իշխանություններն են դրսևորում՝ 78 անգամ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ թվերով ու սանտիմետրերով:
- Իրանը նաև ասում է, որ այս հրադադարը չի նշանակում, որ Ամերիկան արդեն բարեկամ է, և Իրանում երբեք չեն մոռանալու այն, ինչ արել են ԱՄՆ-ը և Իսրայելը: Եթե իրանական իմիջը հաղթարշավ է գրանցում, իսրայելական անպարտելիության միֆը երերացել է, և Իսրայելն իմիջային բացասական կոր ունի այժմ:
- Վենսը կանգնել է ամերիկյան շահերի կողքին, ոչ թե գործում է ինչ-որ մեկի դեմ: Այս պատերազմի օրերին Վենսն ակտիվ չէր, երբեմն նույնիսկ անհասանելի՝ մամուլի համար, ինչը նշանակում է, որ Վենսը համաձայն չէր նրա հետ, ինչ տեղի է ունենում Իրանում:
- Կոմֆորտի մեջ ապրող ամերիկյան հասարակության համար անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է իրենց զինվորները զոհվեն Մերձավոր Արևելքում: Այդ դժգոհությունը դրսևորվում է նաև պետական ապարատում: Մենք հիմա ԱՄՆ-ում տեսնում ենք մեղավորների փնտրտուք, ինչպես նաև աղմկոտ հրաժարականներ:
- Չլսելով նեղ մասնագետներին՝ ամերիկյան քաղաքականությունը մտել է այս արկածախնդրության մեջ և հիմա ստիպված է դեմքը փրկելու համար հետքայլ անել:
- Եթե Իրանը, ինչպես Թրամփն է ասում, պարտվել է, ապա ինչպե՞ս է Իրանը նախապայմաններ առաջ քաշում բանակցությունների համար:

- Արժանապատիվ մահ… երբ նահատակվում են հանուն հայրենիքի, հանուն արժեքների… Մեր պատմությունից ևս հայտնի է, որ մեր արքաներն ու զորավարները ևս տանջվել են, երբ մահը վրա չի հասել ձիու թամբին… «Մահ իմացյալ»-ը բնորոշ է մեր տարածաշրջանին, արևելյան քաղաքակրթությանը: Այսպես էլ նահատակվել են իրանցի առաջնորդները: Նրանց համար արժանապատվության հարց էր բունկերներում, թաքստոցներում չթաքնվելը: Ալի Լարիջանին, բացի իր ունեցած պաշտոններից, փիլիսոփայության դոկտոր էր: Այսինքն՝ դուք սպանում եք մի մարդու, որի հետ հնարավոր էր բանակցել: Սիրիայի՝ ապացուցված ահաբեկիչ նախագահին ընդունում եք, իսկ դոկտոր Լարիջանիին համարում եք ահաբեկիչ ու որոշում անպայման սպանել նրան:
- Իրանի հոգևոր առաջնորդի կորուստը շատ մեծ է, բայց նրա մահով պետական բուրգը չի փլվում, նույնը Լարիջանիի, մյուս գեներալների պարագայում: Այսինքն՝ պետությունն իր անվտանգությունը կառուցում է մի քանի հիմքերի վրա: Իրանում էլ, ինչպես միջնադարյան Ֆրանսիայում էր, երբ ասում էին՝ «Մահացավ արքան, կեցցե արքան»՝ նկատի ունենալով նորին, արքային և մյուս առանցքային դեմքերին փոխարինողներին, նույն մտայնությունն է:
Երբ Իրանի ԱԳ նախարարին հարցրին՝ չե՞ք վախենում, որ Ձեզ էլ սպանեն, ասում է՝ թող սպանեն, ես չլինեմ, 5 ԱԳ նախարարի թեկնածու կա, մեկը կլինի: Իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ չլինեմ ես, Հայաստանը վարչապետ չի ունենա, կլինի պատերազմ. սրանով Նիկոլ Փաշինյանն ասում է՝ սա պետություն չէ, կուսակցություն է: Հակադրությունն ակնհայտ է:
- Ես չգիտեմ՝ կապված այս պատերազմի հետ՝ Թրամփն իր վոթսափի համարը փոխե՞լ է, թե՞ չէ: Սրանք պետության անվտանգությունը կապել են Թրամփի հեռախոսի համարին: Չի՛ կարելի անձի հետ կապել քո պետության անվտանգությունը: Իսկ եթե վաղը Թրամփին իմպիչմենտ հայտարարե՞ն, ի՞նչ է լինելու:
- Չի՛ կարելի խաբել Իրան պետությանն ու ասել՝ գիտե՞ք՝ սա «Զանգեզուրի միջանցք» չէ, TRIPP է: Ի՞նչ է, ոմանց թվում է՝ Իրանը թո՞ւյլ է տալու, որ ամերիկյան ռազմականացված ինչ-որ կազմակերպություն գա ու 42 կմ-ի վրա ազդեցություն հաստատի իր հարավո՞ւմ:
- TRIPP-ի պարագայում խիստ ուռճացված էր խաղաղություն բերողի՝ Թրամփի իմիջը: Այս պատերազմով նա ջախջախեց այդ մտայնությունը: Ի՞նչ խաղաղություն բերողի մասին է խոսքը, եթե Թրամփը կարող է հարյուրավոր աղջիկ երեխաներ սպանել ու դրանից վատ չզգալ, ուրախանալ…
- «Զանգեզուրի միջանցքի» պրոբլեմն իմ մասնագիտության մի մասն է: Մեր հեղինակած գիրքը հասանելի է, կարող էին կարդալ: Եվ եթե կարդալուց հետո ասեն՝ «Զանգեզուրի միջանցքը» խնդիր չէ և խաղաղության երաշխիք է, ուրեմն իրենք չեն գիտակցում հարցի խորությունը: Գիտնականը պարտավոր չէ լսել քաղաքական գործիչներին, բայց քաղաքական գործիչները պարտավոր են լսել գիտնականներին՝ կլինի Թրա՞մփը, թե՞ Հայաստանի իշխանական կամ ընդդիմադիր քաղաքական գործիչներից որևէ մեկը: Հետևաբար՝ ես խորհուրդ կտամ, եթե խորությամբ չեն տիրապետում թեմային, գոնե չխոսեն այդ մասին:
- Հետևել եմ ՀՀԿ-ի համագումարին 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին և չեմ կարող չֆիքսել, որ ելույթում TRIPP-ի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին շեշտադրումները հագեցած էին թե՛ քաղաքական փորձառությամբ, և թե՛ օբյեկտիվ փաստերի ճիշտ համադրությամբ: Ասվում էր մի բան, որը որևէ գիտնական չի կարող ասել՝ սխալ է: Այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքական դաշտը հարուստ է քաղաքական գործիչներով, որոնք կարող են իրենց փորձառությունն ու գիտելիքները ծառայեցնել պետության շահերին, բայց ցավոք, այսօր իրենք չեն պետության հարցերը որոշողները: Օբյեկտիվորեն նրանց նման քչերը կան. ՀՀԿ-ում հայկական, հայաստանյան քաղաքական փորձառություն ունեցող մարդիկ են: Պետք չէ խառնել թացը չորին: Խորը հարգանքով եմ նայել համագումարում հնչած ելույթներին, թե ինչպես կարելի է պետությանը վերաբերող հարցերին տալ նման ճշգրիտ գնահատականներ:

- Եթե նայում ենք TRIPP-ի վերաբերյալ ընդդիմադիր որոշ ուժերի գնահատականին, եթե տակը չկարդաս նրանց անունը, կիմանաս՝ ՔՊ-ն է ասում:
- Խաղաղության գնալն ամենևին չի նշանակում մոռանալ քո պատմությունը: Այս իշխանությունը խառնում է երկու տարբեր բաներ՝ խաղաղությունը և պատմական հիշողությունը: Մենք Իրանի հետ բարեկամ երկիր ենք, դա նշանակում է՝ Ավարայրի ճակատամարտի մասին պիտի չխոսենք, Վարդան Մամիկոնյանի արձանն էլ հանե՞նք: Սա այն է, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը՝ ասելով՝ մոռացե՛ք Արցախը, որ պատերազմ չլինի:
- Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եկեք դադարեցնենք ցեղասպանությունների մրցավազքը: Այս կոչն ուղղված է ոչ թե թուրքերին կամ ադրբեջանցիներին, այլ մեր հանրությանը: Սա ցավալի է: Գրոտեսկային մի բան ասեմ՝ կարող է հասնել նրան, ասեն՝ եթե մենք ասում ենք՝ Հայոց ցեղասպանություն, Արցախ, Սումգայիթ, Բաքվի կոտորածներ, ուրեմն Ադրբեջանն էլ կարող է ասել՝ 1918-ի ցեղասպանություն, ուրեմն եկե՛ք մենք չասենք, որ իրենք էլ չասեն…
- Մեծ քաղաքականության մեջ պոռոտախոսությունը և կեղծ հերոսականությունը բերում է ծանր հետևանքների: Մենք տեսել ենք մեր հաղթած 3 նախագահների շփումներն իրենց ռուս և ամերիկացի գործընկերների հետ, բայց երբեք նման բան չենք տեսել, որովհետև եթե 5 րոպե քո խրոխտ ելույթի հետևանքով քո պետությունը հայտնվելու է ծանր դրության մեջ, ուրեմն քո այդ պահվածքը ճիշտ չէ: Ես, բնականաբար, չեմ կարող ուրախանալ Ռուսաստանի նախագահի կամ պետական վերնախավի ակնարկներից ու արդեն արվող գործողություններից, բայց մեծ պետությունների ապտակներն այդ երկրների հանրությունները, որպես կանոն, ցավոտ են զգում: Ես չեմ խոսում վախենալու մասին, բայց եթե դու այդքան համարձակ գործիչ ես, մի անգամ նման պահվածք դրսևորի՛ր Իլհամ Ալիևի հետ հանդիպումներում, որոնց ժամանակ նա խեղճ կեցվածքով է հանդես գալիս:
- ՀԱՊԿ-ից մեր հանրության դժգոհությունը կապված է Սյունիքի, Ջերմուկի վրա ադրբեջանական հարձակումների ժամանակ որևէ կերպ չարձագանքելուն: Նիկոլ Փաշինյանից պահանջվում էր ընդամենը դա ասել Պուտինին:
- Եթե Նիկոլ Փաշինյանի անհիմն պոռոտախոսության արդյունքում ՀՀ քաղաքացիները պետք է տուժեն գազի գնի բարձրացմամբ, օրինակ, ապա թող հիշեն, որ երբ Եվրոպայում լույսերն անջատում են, հակադեպրեսանտների վաճառքի թվերը բարձրանում են… Մեր ժողովուրդն արդյո՞ք պատրաստ է նման զոհողությունների: Հիշե՛ք՝ ի՞նչ տեղի ունեցավ ռուս-վրացական պատերազմի ժամանակ, երբ Սահակաշվիլին փողկապն էր ծամում, որովհետև ռուսները մոտեցել էին Թբիլիսիին, իսկ արևմտյան գործընկերները ոչ մի կերպ չաջակցեցին: Եվ իմ ասածն ամենևին արժանապատվությունը զիջելու մասին չէ:

- ՔՊ-ն մենակ ներքին թշնամիների դեմ է հետևողական ու ատելությամբ լցված: Արտաքին քաղաքականության մեջ նման հետևողականություն չկա: ՔՊ-ն այս առումով ազնիվ է, և մեր հասարակությունը պետք է լուրջ հետևություններ անի: Իր հրապարակած ծրագրով ասում է՝ ով հունիսի 7-ին ինձ ընտրեց, իմացե՛ք, որ ձայն եք տալիս՝ Վեհափառի ու Եկեղեցու դեմ գնալուն: Կաթողիկոսի հեռացումն իրենց նախընտրական ծրագրի մաս է, և այս մասին ժողովուրդը պետք է հստակ իմանա: Ձայն տալով Փաշինյանին՝ ձայն եք տալիս ընդդեմ մեր եկեղեցու, հայի ինքնության ու Եկեղեցու: Սա այն է, ինչ ուզում է Թուրքիան: Հայ Առաքելական եկեղեցին Թուրքիա պետության ինստիտուցիոնալ թշնամին է, և դա ապացուցված է:
Հիշեցնենք. աղանդավորական կազմակերպություններին խրախուսող, պրոպագանդող Նիկոլ Փաշինյանը շարունակելու է Հայ Առաքելական եկեղեցու և Վեհափառ հայրապետի դեմ հարձակումների արշավը: Օրեր առաջ ՔՊ-ն ներկայացրել էր իր նախընտրական ծրագիրը, ճանապարհային քարտեզը, որով ազդարարել էր, որ հունիսի 7-ին ընտրվելու դեպքում շարունակելու է իր հակաեկեղեցական քայլերը:
Ահա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հակաեկեղեցական ծրագրի քայլերը.
ա) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում),
բ) Սահմանված կարգով Կաթողիկոսական տեղապահի ընտրություն,
գ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում․ Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր,
դ) Սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն։
Մանրամասները՝ տեսանյութում:



