Մինչև վերջ չեմ հասկացել՝ ինչ է TRIPP-ը. ամերիկացիներն ու թուրքերը միջանցք են ասում. Սերժ Սարգսյան

«Խաղաղության երաշխիք կարող են լինել միայն ու միայն այն կառույցները, որոնք դրա վրա ազդելու ունակություն ունեն»,- այս մասին այսօր դատարանի բակում լրագողներին տված ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով լրագրողների մի շարք հարցերի։

Նա լրագրողներին ասաց, որ ոչ միայն իր հանդեպ, իր գործով, այլև ընդհանուր առմամբ ավելի վատին պետք է սպասել, այդպես է լինելու։

«Երբ դատախազն իրեն համարում է իշխանության մաս, էլ ի՞նչ եք սպասում, շատ ավելի վատ է լինելու»,- ասաց Սարգսյանը։

Հարցին, թե կարո՞ղ է արդյոք ՀՀ երաշխավորը դառնալ ԹՐԻՓՓ-ը, ինչպես պնդում են ՀՀ իշխանությունները, ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ դժվարանում է միանշանակ պատասխանել, քանի որ չգիտի մինչև վերջ՝ ԹՐԻՓՓ-ն ինչ է։ «Ես դեռ ոչ մի բան չեմ հասկացել։ Ես հասկացել եմ, որ ադրբեջանցիները դա անվանում են միջանցք, թուրքերը դա անվանում են միջանցք, Հայաստանի հանրության մի մասն անվանում է միջանցք, իսկ իշխանություններն անվանում են անվտանգության երաշխիք կամ երաշխավոր, խաչմերուկ։ Բայց ինչպես հայտնի է, իրենց ասածները մեկ շաբաթ հետո կփոխվեն, մեկ ամիս հետ կփոխվեն, երկու ամիս հետո բոլորովին հակառակը կլինի։ Շատ պարզ է, էլի, իրենց ասածով չենք կարող առաջնորդվել»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ շարունակելով, որ երբ փաստաթուղթը տեսնեն, թե ինչ կարգավիճակ ունի դա, այն ժամանակ կասի ռսկեր տեսնում է, թե ոչ։

Կարդացեք նաև

Նա նշեց, որ չթողեցին, որ հայկական բանակը երաշխավոր լինի, այդ փաստաթուղթն ի՞նչ երաշխավոր կարող է լինել։

«Ես հետևյալն եմ ասում՝ տնտեսական հարաբերությունները, ցանկացած տնտեսական գործունեություն կարող է ինչ որ չափով նպաստել խաղաղությանը, բայց խաղաղության երաշխիք երբեք չի կարող լինել։ Խաղաղության երաշխիք կարող են լինել միայն ու միայն այն կառույցները, որոնք դրա վրա ազդելու ունակություն ունեն»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիսում նշել է՝ 2026 թվականի ընտրություններն առանձնահատուկ են լինելու, ինքն ի՞նչ հույսեր ունի, Սարգսյանն արձագանքեց՝ ասելով, որ իր համար դեռևս շուտ է գնահատական տալ այդ ընտրություններին։ «Մի քանի ամիսը մեզ համար կարճ ժամանակ չէ, որովհետև մենք բոլոր շրջաններում, Երևանի բոլոր համայնքներում ունենք գրասենյակներ, կառույցներ։ Նրանք, ովքեր չունեն այդ կառույցները, իհարկե, պետք է իրենց գործը կատարեն։ Բայց մեզ հիմա ներքաշել մարաֆոնի մեջ, մենք չենք ուզում ներքաշվել»,- ասաց Սարգսյանը։

Հարցին, թե քննարկե՞լ են այլ ուժերի հետ ընտրություններին դաշինքով մասնակցելը, Երրորդ նախագահը պատասխանեց, որ ոչ, չեն քննարկել։ Նա նաև կարծիք հայտնեց, որ հնարավոր էլ չէ դա։

Անդրադառնալով ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանության թեմային ու լրագրողի նկարագրած վարկածին, թե ասում են՝ Կուտոյանը կամ պետք է Սերժ Սարգսանի դեմ ցուցմունք տար, կամ հայտնվեր բանտում, ուսստի նախընտրեց ինքնասպան լինել, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախ խնդրեց նման բաներ չտարածել։

«Ասում են․․․ գիտեք, չէ՞, հայտնի անեկդոտն ասելու մասին, Դուք էլ ասեք։ Ո՞վ է ասում, ով ասում է՝ ղալաթ է անում։ Իսկ ի՞նչ ցուցմունք պետք է տար Գեորգի Կուտոյանը Սարգսյանի դեմ։ Հետո՞ ինչ՝ ԱԱԾ տնօրեն էր, հետո՞, դա վարկած չէ, դա հերյուրանք է , այդպիսի բան չէր կարող լինել»,-հստակեցրեց Սարգսյանը։

Խոսելով Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակից՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ իրենք մնում են խոնարհ մեր եկեղեցու հանդեպ և ամեն կերպ մնալու են հավատարիմ իրենց գաղափարներին։ «Եկեղեցին, կարծում եմ, ունի բոլոր հնարավորություններն իր կարծիքն ասելու, տարածելու, բացի դրանից, ունի բոլոր հնարավորությունները ներքին կանոնակարգով կարգի բերելու այն մարդկանց, ովքեր եկեղեցու սպասավորներ են, մեծամասնության կարծիքով՝ խախտում են օրենքները։ Եկեղեցին իր ներքին կանոնակարգով չղեկավարվի, ումո՞վ ղեկավարվի»,- ասաց Սարգսյանը։

Հարցին, թե Փաշինյանի քայլերում հանցակազմ տեսնում է, արդյոք Փաշինյանը գործակալ է, Սարգսյանն արձագանքեց, ասելով, որ չի կարող ասել, որ նա գործակալ է, եթե չտեսնի փաստաթուղթ, մինչև ապացույցները չտեսնի։

«Բայց որ նա ամբողջը մխտռեց, ամբողջը փչացրեց , դա միանանշակ է, ամեն ինչ արեց։ Ես ինչպե՞ս ասեմ, թե թուրքական գործակալ է, եթե ձեռքիս տակ փաստաթուղթ չկա։ Ո՞նց ասեմ»,- ասաց նա։

Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Փաշինյանի գործունեությունում կարող է բազմաթիվ խախտումների մասին խոսել՝ ՀՀ օրենքների ու սահմանադրության։

«Հիմա Դուք բնորոշեք՝ հանցակազմ կա, դավաճանություն կա, գործակալի մասնակցություն կա»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս