ԶԵԼԵՆՍԿՈՒՆ ՈՉ ԹԵ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ՊԱՏԺԵԼՈՒ, ԱՅԼ ԻՐ ՇՐՋԱՊԱՏԸ. ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՀԱՇԻՎ Է ՊԱՀԱՆՋԵԼՈՒ. ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Վստահաբար Ուկրաինայի ժողովուրդը զոհ է այս պատմության մեջ։ Հիմնական բանավեճը 2 նարատիվների միջև է։ Ես վաղուց համոզմունք ունեմ, որ սա Արևմուտքի կողմից ստատուս-քվոն խախտելու հետևանք էր, ՆԱՏՕ-ն Ռուսաստանի սահմաններին մոտեցնելու՝ Արևմուտքի փորձի հետևանք։ 
  • Ոմանք ասում են՝ Ռուսաստանը փորձում է վերականգնել ԽՍՀՄ-ը, Վարշավյան պայմանագրի սահմանները․ դա հիմարություն է, որը տարածվում է ամենուր, այդ թվում՝ Հայաստանում, և որը, սակայն, իրականության հետ ոչ մի աղերս չունի։ 
  • ՆԱՏՕ-ն Միացյալ Նահանգների ուժի պրոյեկցիայի ինստիտուտ է։ ՆԱՏՕ-ում որոշումները կայացվում են ԱՄՆ-ում, բայց այդ որոշումները չեն համապատասխանում ԱՄՆ ժողովրդի շահերին։ Խոսքը, նախ և առաջ, ռազմաարդյունաբերական կոմպլեքսի մասին է, նրանք են որոշումների վրա ազդեցություն գործում։ Նույն կերպ եվրոպական քաղաքական վերնախավի՝ Կայա Կալասի ու ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսույթը կիսողները պիտի իմանան, որ դրանք շարքային գերմանացիների կամ ֆրանսիացիների շահերի հետ որևէ կապ չունեն։
  • Հայաստանում տարածվող խոսակցությունները, թե իրենք արևմտամետ են և ձգտում են միանալ արևմտյան արժեքային համակարգին, սին են։ Մենք տեսանք՝ ինչ է կատարվում Պաղեստինում, ու դրա միակ մեղավորն Իսրայելը չէ, այլ նաև ԱՄՆ-ը ու Եվրոպան։ Այնպես որ, արժեքների մասին խոսակցություններն ինձ մոտ ծիծաղ են առաջացնում։
  • Հրապարակված կետից բաղկացած այդ փաստաթղթի վերաբերյալ դիմադրությունը շատ մեծ է թե՛ Ուկրաինայում, ուր մարտի դաշտում վիճակը օրհասական է, թե՛ Եվրոպայից, թե՛ նեոկոնսերվատիվ առաջնորդների կողմից, որ ոչ մի ձևով չեն ուզում, որ այս պատերազմն ավարտվի Ռուսաստանի հաղթանակով։ Տեսնենք՝ կհաջողվի՞ կոտրել այդ դիմադրությունը, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ ամենակարևոր խնդիրը, որի շուրջ պետք է համաձայնության գան, Ուկրաինայի չեզոքության խնդիրն է, որովհետև պատերազմը դրա պատճառով է եղել։ Ռուսաստանը երաշխիքներ պիտի ունենա, որ ՆԱՏՕ-ի էքսպանսիայի քաղաքականությունն ընդհանրապես պետք է դադարեցվի։ Ղրիմի, Դոնբասի ու Լուգանսկի անցումը Ռուսաստանին ԱՄՆ-ը կարծես թե պատրաստ է բավարարել։ Խնդիր է նաև Խերսոնի և Զապորոժիեի հարցը։
  • Եթե ռուս-ուկրաինական համաձայնությունը կայանա այն ձևով, որով այժմ քննարկում է, եվրոպական շատ առաջնորդներ պատասխան կտան, հատկապես, որ նրանք շատ ցածր վարկանիշ ունեն իրենց երկրներում։
  • Թրամփի համար այս համաձայնությունը մեծ քաղաքական հետևանքներ չի ունենա, քանի որ նա ի սկզբանե դեմ էր այս պատերազմին՝ այն անվանելով արկածախնդրություն։
  • Ուկրաինայում վիճակը կատաստրոֆիկ է․ չկա ոչ մի ռազմական մասնագետ, որը կարող է ասել, որ հնարավոր է ռազմադաշտում իրավիճակ փոխել՝ հօգուտ Ուկրաինայի։ Ապշում եմ, որ եվրոպացի առաջնորդներն ասում են՝ պատերազմը մեզ վրա թանկ չի նստում։ Այսինքն՝ ուկրաինացիների զոհվելը խնդիր չէ՞, որ այդ քանակի զոհեր են լինում
  • Ուկրաինայում խնդիրը զենքն ու փողը չէ․դա կա։ Դեֆիցիտը մարդուժն է։ Ուկրաինացի հետևակայինների տարիքն արդեն 45-ին է մոտենում։
  • Այսինքն՝ եվրոպացիները ռուսների հետ համաձայնության չեն գալիս, հրահրում են պատերազմ, ամեն ինչ անում են, որ Ուկրաինայում պատերազմը շարունակվի, բայց մարդուժով չեն օգնում… Պրովոկացիան արեցին այն հույսով, որ դա Ռուսաստանի համար Աֆղանստան կդառնա, Ռուսաստանը սանկցիաները կքայքայեն, Պուտինի ռեժիմը կթուլանա, ինչը տեղի չունեցավ։ Ես դեռ պատերազմի սկզբում էի ասում՝ այս պատերազմն Արևմուտքի հաղթանակով ավարտվելու հեռանկարները շատ մշուշոտ էին։ Այդ ժամանակ հարձակվեցին վրաս։ Բայց դա իմ ցանկությունը չէր, այլ պարզ վերլուծություն։ Ուկրաինան շատ ավելին է այսօր զիջում, քան կարող էր զիջել պատերազմից առաջ կամ անգամ պատերազմից հետո։ Թող բացեն, կարդան՝ Ստամբուլում Ուկրաինային ի՞նչ էր առաջարկվում, այսօ՞ր ինչ է առաջարկվում։ 2-3 տարի երկիրը դրեցին այս վիճակի մեջ, որ հետո այսպես ավարտվի։ Հատուկ շեշտում եմ՝ սա կանխատեսելի չէր։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, 2024թ. դեկտեմբերին ՌԴ նախագահ Վ. Պուտինը հայտարարեց՝ Ռուսաստանը պատրաստ է թե՛ բանակցությունների, թե՛ փոխզիջումների Ուկրաինայում իրադրության կարգավորման շուրջ, բայց նույնպիսի պատրաստակամություն պետք է ունենա նաև երկրորդ կողմը։ Բացի այդ, Մոսկվան Կիևի հետ բանակցությունների համար նախապայմաններ չի դնում։

Նա այս մասին հայտարարել էր «Ուղիղ գծի» և մամուլի ասուլիսի ձևաչափով հարցուպատասխանի ժամանակ։   

«Քաղաքականությունը հենց փոխզիջման արվեստ է: Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք թե՛ բանակցությունների, թե՛ փոխզիջումների: Պարզապես հակառակ կողմը, բառիս բուն և փոխաբերական իմաստով, հրաժարվել է բանակցություններից: Իսկ բանակցությունների արդյունքը միշտ էլ փոխզիջումներն են: Մենք պատրաստ ենք: Բայց անհրաժեշտ է, որ մյուս կողմը պատրաստ լինի թե՛ բանակցություններին, թե՛ փոխզիջումներին»,- ընդգծել էր նա։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը և Ուկրաինան, ըստ էության, համաձայնությունների էին եկել 2022 թվականին Ստամբուլում, սակայն հետո Կիևը հրաժարվեց դրանցից: 

«Ուկրաինական կողմը նախաստորագրել է այդ փաստաթուղթը,  նշանակում է՝ ընդհանուր առմամբ համաձայն էր դրան: Իսկ հետո ինչ-որ պատճառով հրաժարվեցին: Թե ինչո՞ւ, հասկանալի է: Որովհետև ժամանեց ձեր դաշնակիցը՝ պարոն Ջոնսոնը (խմբ.՝ Բորիս Ջոնսոնը, որն այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետն էր), լավ սանրվածքով այդ մարդը, և ասաց, որ նրանք պետք է պատերազմեն մինչև վերջին ուկրաինացին»,- պատմել էր Պուտինը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների առանց նախապայմանների, բայց Ստամբուլի համաձայնությունների հիման վրա և ելնելով տեղում առկա իրողություններից։ «Մենք նախապայմաններ չունենք: Մենք պատրաստ ենք երկխոսություն վարել առանց նախապայմանների, բայց այն բանի հիման վրա, ինչի շուրջ համաձայնության ենք եկել, ես արդեն հարյուր անգամ ասել եմ այդ մասին, 2022 թվականին Ստամբուլում կայացած բանակցային գործընթացի ժամանակ, բայց նաև ելնելով այն իրողություններից, որոնք այսօր ստեղծվել են տեղում»,- ասել էր Պուտինը: 

  • Բրիտանացիները երբեմն մոռանում են, որ այլևս իմպերիա չեն, 2-րդ համաշխարհային պատերազմից հետո այլևս գերտերություն չեն։ Բայց այդ պատրանքը դեռ փայփայում են։
  • Թրամփը ստիպելու խնդիր չունի։ Եթե կարողանա կոտրել ամերիկյան նեոկոնսերվատիվների դիմադրությունը, եվրոպացիների թթվածինը կփակի։ Եվ մի բան էլ՝ 3 տարում ամերիկյան օգնությամբ ոչինչ չեն կարողացել անել, առանց ԱՄՆ-ի ի՞նչ են անելու։
  • Ամերիկյան վերախավում էլ Ուկրաինայի հետ պատերազմը շարունակելու կողմնակիցներ կան, բայց գոնե արդեն ճեղքը կա, կարծիքները կիսվել են։ Շատերի համար ավելի մեծ խնդիր է Չինաստանը։ Եվրոպայում իրավիճակն այլ է։ Կայա Կալասի պես մարդկանց կյանքի նպատակը Ռուսաստանի հետ պատերազմելն է։ Կայա Կալասն էստոնացի ժողովրդի ամոթն է։ Երբեմն ինձ թվում է՝ Կայա Կալասն ուզում է ապացուցել, որ հանրավոր է ունենալ նեգատիվ IQ։
  • Ես հույս ունեմ՝ ռուսները հասկանում են, որ պետք չէ կոշտացնել դիրքորոշումները, որ հիմնական խնդիրն Արևմուտքի ընդլայնումն է։ Մնացած հարցերում կարելի է ճկունություն դրսևորել։
  • Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Զելենսկու վերընտրվելը դժվար եմ պատկերացնում, չնայած Հայաստանի նախադեպից հետո ամեն ինչ հնարավոր է։ Բայց Զելենսկուն ոչ թե ժողովուրդն է պատժելու, այլ իր շրջապատը։ Նրա շրջապատի նացիստները որևէ պարագայում խաղաղություն չեն ուզում։ Բացահայտ սպառնալիքներ կան, որ նման համաձայնության գնալուց հետո Զելենսկին կարող է կորցնել ոչ միայն իշխանությունը, այլև գլուխը։

  • Հայաստանից Արևմուտքը դեռ հաշիվ է պահանջելու:
  • Հստակ է, որ Ուկրաինայում կոնֆլիկտի էսկալացիան իշխանությունն ու մերձիշխանական շրջանակները դիտարկեցին՝ որպես Ռուսաստանից ազատվելու, երկրի ստրատեգիական օրիենտացիան փոխելու հնարավորություն։
  • Վրացիները կարողացան օգուտ քաղել ուկրաինական դասերից, մի բան, որ մենք՝ Հայաստանը, չկարողացավ անել։
  • Թուրքիայի ու Արևմուտքի վերջին տասնամյակի սրացումների ու թուլացումների ժամանակահատվածում տեղի է ունեցել ռուս-թուրքական մերձեցում։ Հայաստանը սա էլ ճիշտ չի գնահատել։ Արևմուտքը Թուրքիային տեսնում է որպես այս ռեգիոնում առաջատար երկիր։
  • Ես խնդիր չունեմ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացման։ Ես միշտ դրա ջատագովն եմ եղել, ոչմիթիզականության ու հայդատականության քննադատը: Խնդիրը մեր պատմական վերքերը չեն։ Թուրքիան ու հատկապես Ադրբեջանը մեզ հետ լրջագույն խնդիրներ ունեն, որոնք չեն թաքցնում, բացահայտ խոսում են՝ «Զանգեզուրի միջանցքից» սկսած, ադրբեջանցիների բնակեցմամբ վերջացրած՝ դրա հնարավոր հետևանքներով։ Զուտ միջազգային հարաբերությունների տեսանկյունից՝ եթե դու ուժերի հարաբերակցության ճեղք ունես ու որևէ անվտանգային համակարգում չես, խոցելի ես։ Հո միայն կոտորե՞լը չէ հարցը, այլ մեր երկրի անվտանգությունը, դեմոգրաֆիական դիմագիծը վտանգի տակ դնելը։
  • Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ոչ մի նոր բան չի ասել։ Թուրքիան Հայաստանի նկատմամբ անկախ քաղաքականություն չի վարում։ Հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական հարաբերություններից են ածանցյալ։
  • Ո՞նց թե Հայաստանի դեմ չի զինվում Ադրբեջանը: Բա ո՞ւմ դեմ է զինվում… երևի Հունգարիայի դեմ է զինվում, որովհետև եթե մեր դեմ զինվեր, զինծառայության ժամկետն այստեղ չէին կրճատի, երբ Ադրբեջանը մեծացնում է ռազմական ծախսերը (սարկազմ է անում,- Ս․Ս․)։ Սա չի կարող մտահոգիչ չլինել։
  • Այն, որ մենք դարձել ենք գեոպոլիտիկ մրցակցության օբյեկտ, այլևս կասկած չի հարուցում։
  • Ես չեմ բացառում, որ առևտուր կամ համաձայնություն կարող է լինել։ Ռուսաստանի համար հիմա կարևորն Ուկրաինան է, և ես չեմ բացառում, որ Ռուսաստանը Կովկասում ինչ-որ բան կարող էր զիջել։ Բայց հստակ գիտեմ, որ երբ Հայաստանը դիմադրեց ճանապարհների ապաշրջափակման ու Ղարաբաղի հարցում ռուսական միջնորդությանը, դրանք դարձան Արևմուտքի հետ բանակցությունների առարկա։
  • TRIPP-ի փաստաթղթում շատ հարցերի պատասխաններ չկան։ Ալիևը հե՞տ է կանգնելու իր այն դիրքորոշումից, որ հայ սահամանապահի երես չի ուզում տեսնել… ինքն էր ասում, որ հայի երես չպետք է տեսնի:  Կամ եթե այդտեղ ամերիկյան զորք չի լինելու, այդ ճանապարհի անվտանգությունն ո՞վ է ապահովելու։ 

  • Մի բան Հայաստանի այս իշխանությանը հաջողվել է անել՝ մարդկանց մեջ մտցնել այն նարատիվը, թե մենք մեղավոր չենք, ռուսները մեզ դավաճանել են, մենք ոչինչ չէինք կարող անել… Այնպես են արել, որ Հայաստանի քաղաքական բանավեճերում հանգիստ խոսելն, իրար համոզելը իսպառ վերացել է։ Ամենաողբերգականը դա է։ Այս բևեռացումը խիստ անհանգստացնող է։
  • Խուցպա բառն էլ է արդեն թույլ՝ բնութագրելու Արեգ Քոչինյանի նման մարդկանց։ Դրսից ֆինանսավորվող մարդն ուրիշներին մեղադրում է ագենտ լինելու մեջ։ Այս աստիճանի լպիրշությունն աներևակայելի է։

  • Ինձ մի քանի անգամ տարբեր խողովակներով հրավիրել են Բաքու, ես մերժել եմ, որ չեմ գնա այնտեղ, քանի դեռ Բաքվում հայ ռազմագերիներ կան։ Ալիևի օգնական Հաջիևի ուղերձները շատ դժվար է տեղավորել այն խոսույթի մեջ, որը գալիս է Ալիևից։ Երբ քո հարևանը քո հանդեպ հավակնություններ ունի, չես կարող նրանց արտահայտված մտադրությունների հիման վրա քաղաքականություն կառուցել։ Որևէ երկրի անվտանգության երաշխիքը կամ սեփական ուժերին ապավինելն է, կամ որևէ անվտանգային համակարգի մաս դառնալը։ Սա ստանդարտ է։ Հիմա մեզ ինչ-որ մարդիկ համոզում են, որ կարևորը Թուրքիայից ու Ադրբեջանից եկող մեսիջներն են։ 
  • Եթե ռուսական 102-րդ ռազմաբազան հանեցին, դու լինելու ես խոցելի։ Դու ալտերնատիվ երաշխիքներ չունես, դա քեզ ոչ ոք չի տալու, Արևմուտքում ոչ ոք նման մտադրություն չունի, ու դու հնարավոր սպառնալիքների ու ագրեսիայի ժամանակ լինելու ես լրիվ մերկ։ Եթե գազը թանկացրեց, ի՞նչ ես անելու, եթե Ռուսաստանը հայկական էքսպորտի վրա սահմանափակումներ դրեց, ո՞վ է դա կոմպենսացնելու։ Ռուսաստանի համար նախկին ԽՍՀՄ սահմանները կարմիր գիծ են։ Եթե Հայաստանն ակտիվ գործողություններ անի արևմտյան ռազմաքաղաքական ստրուկտուրաների մեջ ընդգրկվելու ուղղությամբ, ես չեմ պատկերացնում, որ Ռուսաստանը դա անհետևանք կթողնի։
  • Ժիրայր Լիպարիտյանի հետ ընկերներ ենք եղել, քաղաքական համախոհներ։ Բայց եթե մարդիկ նայում են վերջին տարիների իմ ելույթներն ու Լիպարիտյանի երեկվա խոսույթը, ակնհայտ է, որ մեր միջև տարաձայնություններ կան։
  • Էս տեսակ հեղափոխական իշխանությունները, որոնք հասարակությունը տրանսֆորմացնելու իղձեր ունեն, ուզում են ենթարկեցնել մի ինստիտուտ, որն իրենց ենթակա չէ, հետևաբար՝ վտանգավոր իրենց համար։ Եկեղեցու դեմ հարձակումները, կարծում եմ, դրանով են պայմանավորված, այդ տոտալիտար գործելակերպի մաս են։
  • Ընդդիմությանը պարզ այլընտրանք ու որոշակի կոնսոլիդացիա է պետք․ առանց դրա չի լինի։ Որևէ մեկը, ով վախենում է քարկոծվելուց, ոչ քաղաքականությամբ պետք է զբաղվի, ոչ հանրային խոսք ասի։

Ընթերցողին հիշեցնենք, որ Հայաստանի գրախանութներում կարող եք ձեռք բերել Արման Գրիգորյանի «Ազգայնականության մուրճի ու ազատականության սալի արանքում» գիրքը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս