Պաշտոնական վիճակագրությունը բացահայտեց Նիկոլ Փաշինյանի սուտը
Բոլորովին վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե տուրիզմը Հայաստանում իր լավագույն ժամանակներն է ապրում, թե տուրիզմի ոլորտում զբաղված մեր տնտեսվարողները կարիք չունեն ասելու՝ լավ ա լինելու, որովհետև հիմա արդեն լավ է, որովհետև այն ապագան, որի մասին մտածում էինք տարիներ առաջ, այսօր է, ու շարունակ այսպես է լինելու։
Պաշտոնական վիճակագրությունը հրապարակել է այս տարվա առաջին 9 ամիսների տուրիզմի ցուցանիշները՝ բացահայտելով Նիկոլ Փաշինյանի ստերը։
Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները վկայում են, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել ու մոլորության մեջ է գցել հասարակությանը։ Տուրիզմը Հայաստանում ամենևին էլ իր լավագույն ժամանակները չի ապրում։
Պաշտոնական տվյալներով, 9 ամսում Հայաստան է այցելել 1 մլն 734.000 զբոսաշրջիկ, որը նախորդ տարվանից ավելի է, ուշադրություն՝ ընդամենը 0.8 տոկոսով։
Ու սա այն պարագայում, երբ նորանոր վարկեր ու պարտքեր են վերցնում, զբոսաշրջային նոր կլաստերներ են իբր ստեղծում՝ Հայաստանում տուրիզմը խթանելու համար։ Տուրիզմը այդքան «խթանելուց» հետո, այցելուներն ընդամենը 0.8 տոկոսով են ավելացել։ Էլ չենք ասում, որ այս տարի շատ ավելի քիչ զբոսաշրջիկներ են եկել, քան նույնիսկ 2 տարի առաջ։
2023թ. 9 ամիսներին 1 մլն 839 տուրիստ էր եկել Հայաստան՝ 105.000-ով ավելի շատ, քան այս տարի։
Տուրիստական հոսքերի այն չնչին աճը, որն այս տարի արձանագրվել է, նույնիսկ աճ դժվար է համարել, էլ ուր մնաց, թե՝ կարելի է խոսել լավագույն ժամանակների մասին։ Բայց դա չի խանգարում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը փորձի իր բերած կեղծ «խաղաղությունը» ծախել ժողովրդի վրա։ Իբր «խաղաղությունն» արդեն տալիս է իր արդյունքները՝ տուրիստներն այլևս անհանգստանալու առիթ չունեն ու շտապում են Հայաստան։ Այն դեպքում, որ 2 տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյանի բերած «խաղաղությունը» դեռևս սարերի հետևում էր, Հայաստան շատ ավելի մեծ քանակությամբ տուրիստներ էին գալիս։ Այս տարի 2023թ. համեմատ տուրիստների թիվը գրեթե 6 տոկոսով կրճատվել է։
Այսպիսին են Նիկոլ Փաշինյանի հայտարարած՝ «տուրիզմի լավագույն ժամանակները», որի գործում իրենց լուման են սկսել ունենալ նաև ադրբեջանցիները։ Ճիշտ է, առայժմ ադրբեջանական տուրիստների քանակը Հայաստանում մեծ չէ, բայց այն, ինչ անում են ՔՊ-ականները, առաջիկայում հաստատ ավելանալու է։
Տարեսկզբի առաջին 9 ամիսներին, որպես այդպիսին՝ Ադրբեջանից 3 տուրիստ է եկել Հայաստան։ Բայց այս թվի մեջ չի մտնում վերջին շրջանում ակտիվացած այցերը՝ քաղհասարակության մակարդակով։ Այդ այցերի շրջանակներում, իշխանության հովանավորությամբ, տասնյակ ադրբեջանցիներ են գալիս Հայաստան, շրջում Երևանի փողոցներով, տեսարժան վայրերով, երբեմն անպարկեշտ հայտարարություններ ու գրառումներ անում, բայց դա խոչընդոտ չէ, որպեսզի արժանանան բարձր ղեկավարության սիրալիր վերաբերմունքին։
Ծախեցին Արցախը, զոհաբերեցին հազարավոր տղաների, հազարավորների հաշմանդամ դարձրեցին, որպեսզի այսօր ադրբեջանցիները հանգիստ շրջեն Երևանում։
Մի օր կգան՝ որպես զբոսաշրջիկ, մի օր էլ, երևի՝ որպես «սեփականատեր»։
Տուրիստական հոսքերը Հայաստան այս տարի հիմնականում 3-4 ուղղություններից են։
Որպես այդպիսին՝ առաջինն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ Ռուսաստանը, չնայած Ռուսաստանից հոսքերը շարունակել են կրճատվել։ Ինն ամսում այդ երկրից 713.000 զբոսաշրջիկ է եկել։ Նախորդ տարվա համեմատ՝ եկածների քանակը գրեթե 4 տոկոսով կամ ավելի քան 27.000-ով պակասել է։ Երկու տարի առաջվա նկատմամբ տարբերությունն անհամեմատ ավելի մեծ է։
2023թ. 9 ամսում Ռուսաստանից 931.000-ից ավելի այցելու էր եղել. 218.000-ով կրճատվել է։
Այսպես են զարգացրել տուրիզմն ու պայմաններ ստեղծել, որպեսզի տուրիստների քանակը, ամենաշատ հոսքեր ապահովող երկրից, ավելանան։
Հայաստան եկող տուրիստների երկրորդ խոշոր խումբը Հայաստանի քաղաքացիներն են, որոնք ապրում ու աշխատում են տարբեր երկրներում։ Այդպիսիք այս տարի եղել են 252.000։ Նրանց քանակը ոչ շատ, բայց ավելացել է։ Գրեթե 3000-ով ավելի շատ Հայաստանի քաղաքացիներ են այցելել։
Երրորդ երկիրը Վրաստանն է, որտեղից այցելել է 210 հազար քաղաքացի։ Նրանք հիմնականում Վրաստանում ապրող հայերն են, ինչ-որ չափով՝ նաև վրացիները։
Ի տարբերություն Վրաստանից եկողների, Հայաստանից շատ ավելի մեծ քանակներ են գնում՝ տարեկան շուրջ 1 միլիոն մարդ, ու դա բոլորովին էլ մեր երկրում տուրիզմի առավելությունների մասին չի խոսում։
Չորրորդ խոշոր գործընկերը զբոսաշրջության առումով հարևան Իրանն է։ Այս տարի էլ Իրանից եկող տուրիստների քանակն ավելացել է, հասել է 138.000-ի։ Ենթադրվում է, որ դրա վրա ուղղակի ազդեցություն է ունեցել նաև իրանա-իսրայելական պատերազմը, որի ընթացքում Իրանից բազմաթիվ քաղաքացիներ տեղափոխվեցին Հայաստան, Հայաստանով՝ նաև այլ երկրներ։
Տարօրինակ շրջադարձ է տեղի ունեցել Հնդկաստանի պարագայում։ Թվում է, թե Հայաստանում հնդիկներին տեղ ու դադար չկա, բայց պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ այս տարի էապես կրճատվել է հնդիկ տուրիստների հոսքը Հայաստանը։ Անցած տարի Հնդկաստանի 33.200 քաղաքացի էր տուրիզմի նպատակով եկել Հայաստան, այս տարի՝ 20.800։
Ավելի քան 37 տոկոսով նվազում կա։ 12.400-ով պակաս տուրիստներ են եկել այդ երկրից։
Պաշտոնական տվյալներով, այս տարի նաև ավելի շատ Հնդկաստանի քաղաքացի է Հայաստանից գնաց, քան եկել։
Տուրիստական հոսքեր այլ երկրներից էլ կան, դրանք ավելացել կամ պակասել են, ու արդյունքում այնպես է ստացվել, որ այս տարի Հայաստան եկած զբոսաշրջիկների քանակի ընդամենը 0.8 տոկոս աճ է գրանցվել։ Սա այն աճը չէ, որի մասին կարելի է դարակազմիկ հայտարարություններ անել, ինչպես անում են Նիկոլ Փաշինյանն ու պետական որոշ պաշտոնյաներ։
Քանի դեռ Հայաստանում այսպիսի արատավոր բարքեր են արմատավորվում իշխանությունների կողմից, քանի դեռ ամեն ինչ այսքան թանկ է, քանի դեռ ամեն քայլափոխի մարդիկ են սպանվում, քանի դեռ չկա տարրական անվտանգային միջավայր, զբոսաշրջությունը Հայաստանում չի կարող զարգանալ, հոսքերն էլ՝ էապես ավելանալ։
Նման պայմաններում ծիծաղելի է խոսել այն մասին, որ տուրիզմը լավագույն ժամանակներն է ապրում։ Դա ընդամենը որոշ մարդկանց հիվանդ երևակայության արդյունքը կարող է լինել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

