Կորցրած տարիներ և միլիոնավոր դոլարների վնաս. Fitch-ը հույսերը կապում է Ամուլսարի հետ

Միջազգային վարկանշային Fitch գործակալության կանխատեսումներով, այս տարի Հայաստանի տնտեսության աճը զգալիորեն կդանդաղի։ Նախորդ տարվա 7.1-ի փոխարեն, ակնկալվում է 5.2 տոկոս տնտեսական աճ։

Fitch-ն առանձնացրել է այն 2 հիմնական գործոնները, որոնք հնարավորություն կտան մեղմելու արտաքին հատվածում առաջացած ռիսկերն ու կնպաստեն տնտեսական աճի ձևավորմանը։ Գործակալությունը մեծ հույսեր է կապում հատկապես Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկի հետ։

«Մենք կանխատեսում ենք, որ միջնաժամկետ հեռանկարում տնտեսական աճը կկայունանա շուրջ 5 տոկոս մակարդակում, քանի որ առաջարկի կողմում վերջին տարիներին արձանագրված ցնցումների ազդեցությունն աստիճանաբար կնվազի։ Միևնույն ժամանակ, աճին կշարունակեն նպաստել դինամիկ զարգացող տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը և Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկը»,- արձանագրել է Fitch-ը։

Սա առաջին հայացքից գուցե սովորական տնտեսական կանխատեսում է, բայց իրականում այն Ամուլսարի հետ կապված Նիկոլ Փաշինյանի կառավարությունների վարած 8-ամյա քաղաքականությանը տրված ուղիղ գնահատական է։ Այն ծրագիրը, որը մոտ էր գործարկման, 2018թ. հեղափոխությունից հետո հայտնվեց քաղաքական խարդավանքների ներքո ու տարիներ շարունակ կոնսերվացվեց՝ իր հետ բերելով լուրջ խնդիրներ։

Կարդացեք նաև

Ծրագրի մեկնարկը տվել էին ՀՀ նախորդ իշխանությունները՝ բոլոր պայմանները ստեղծելով դրա իրականացման համար։ Խոսքը ներդրումների ծավալով նմանը չունեցող մի նախաձեռնության մասին է, որին տարիներ շարունակ խոչընդոտեցին գործող իշխանությունները, այդպիսով մի կողմից՝ բարձրացնելով դրա իրականացման գինն ու ֆինանսական խնդիրների առաջ կանգնեցնելով պետությանը, մյուս կողմից՝ հետաձգեցին այն տնտեսական ու ֆինանսական օգուտները, որոնք պիտի վաղուց ստացած լինեինք։  

Ժամանակին գործող իշխանությունը ժառանգեց ոչ թե նախնական փուլում գտնվող նախագիծ, այլ կատարված հարյուր միլիոնավոր դոլարների հասնող ներդրումային ծրագիր, որի արտադրության մեկնարկը նախատեսվում էր արդեն 2018թ.։ Բայց իշխանության ջանքերով տապալվեց ծրագրի իրականացումը։ Բոլոր հնարավոր տարբերակներից ընտրվեց վատագույնը՝ որոշում չկայացնելը։ Ամուլսարի հարցը գիտական և իրավական դաշտից աստիճանաբար տեղափոխվեց քաղաքական հաշվարկների դաշտ։ Իշխանությունները փորձում էին միաժամանակ չհակադրվել բնապահպանական խմբերին, չկրել ծրագրի փակման իրավական պատասխանատվությունը և չկորցնել խոշոր օտարերկրյա ներդրումը։ Այդ երեք նպատակները միասին իրականացնել հնարավոր չէր։ Արդյունքում՝ իշխանությունը պարզապես հետաձգեց հարցի լուծումը։

Բայց դա անկորուստ չէր։ Ամեն անցնող ամիս ու տարի մեծացնում էր հանքի շահագործման արժեքը, խորացնում ներդրողի ֆինանսական խնդիրները, հետաձգում արտահանումը, հարկային մուտքերը և աշխատատեղերի ստեղծումը։

Արդեն 2019թ. վերջին «Լիդիան Ինթերնեյշնլը» հայտնվեց անվճարունակության գործընթացում։ Վերակառուցումից հետո ծրագրի ակտիվներն անցան վարկատուների վերահսկողության տակ։ Հայաստանի խոշոր օտարերկրյա ներդրումներից մեկը, որը նախատեսում էր արտադրություն սկսել 2018թ., մի քանի տարվա ընթացքում դարձավ սնանկացած ընկերություն՝ կանգնելով միջազգային վեճերի և նոր ֆինանսավորում գտնելու խնդիրների առաջ։ 2024թ. հայտնի դարձավ, որ «Amulsar Investor Ventures LLC-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը քննվում է միջազգային արբիտրաժային դատարանում, իսկ կառավարությունը, պետության շահերը պաշտպանելու համար, ստիպված է ներգրավել ամերիկյան իրավաբանական ընկերություն՝ միլիոնավոր դոլարներ վճարելով դրա ծառայությունների դիմաց։

 Ամուլսարի շահագործման հետ կապված շրջադարձը տեղի ունեցավ միայն 2023թ. սկզբին, երբ կառավարությունը, Եվրասիական զարգացման բանկը և «Լիդիան Արմենիան» ստորագրեցին ծրագիրը վերագործարկելու մասին համաձայնագիր։ Ըստ դրա՝ Հայաստանի կառավարությունը պիտի անհատույց ստանար ընկերության բաժնետոմսերի 12.5 տոկոսը և միջոցներ ձեռնարկեր, որպեսզի ծրագիրն իրականացվի առանց խոչընդոտների, իսկ Եվրասիական զարգացման բանկը պիտի մինչև 100 միլիոն դոլարի վարկ տրամադրեր ծրագրի շարունակման համար՝ ընկերության կողմից ներգրավվող միջոցներին զուգահեռ։

 2024թ. հունվարին կառավարությունն ընդունեց «Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի 12.5 տոկոսը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ հատուկ ընդգծվում էր, որ պետությունը բաժնետոմսերը ստանում է առանց ընկերության կապիտալում դրամական ներդրում կատարելու և «առանց կառավարության կողմից որևէ պարտավորության»։ Բայց 1 տարի անց «առանց որևէ պարտավորության» ստացած փայամասնակցության շրջանակներում կառավարությունը «Լիդիան Արմենիային» տրամադրեց մինչև 150 միլիոն դոլարի բյուջետային երաշխիք, որպեսզի ընկերությունը կարողանա վարկային միջոցներ ներգրավել։

Այսպիսով, տարիների ձգձգումից ու քաղաքական խաղերից հետո իշխանությունը վերադարձավ մեկնարկային նույն կետին։ Միայն թե այս անգամ դրա գինը շատ ավելի մեծ էր։ Հանքը մնաց նույնը, ոսկու պաշարները մնացին նույնը, տեխնոլոգիական ծրագիրը մնաց նույնը, փոխվեց միայն պետության վրա ընկնող ռիսկի չափը։

Այս պահին Ամուլսարի հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքները դեռևս շարունակվում են։ Առայժմ հայտնի չէ, թե երբ կմեկնարկի շահագործումը։ Բայց ինչպես տեսնում ենք, Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումների մեջ Fitch-ը լուրջ տեղ է հատկացրել Ամուլսարին։ Այն կարող է նպաստել արտաքին առևտրի հաշվեկշռի բարելավմանը, ստեղծել աշխատատեղեր, հարկեր ու ռոյալթիներ վճարել և խթանել տնտեսական աճը։ Սակայն այդ ամենը բոլորովին չի մեղմացնում այն կորուստները, որոնք 8 տարվա ընթացքում իշխանությունների մեղքով կրել են տնտեսությունն ու պետական բյուջեն։ Չհաշված, որ Ամուլսարի հետ կապված այս ամբողջ պրոցեսը լուրջ հարված էր Հայաստանի ներդրումային վստահությանը։

 Չնայած տարիների ձգձգումից հետո ի վերջո որոշվեց վերականգնել Ամուլսարի հանքի շահագործումը, այդպես էլ որևէ մեկը պատասխանատվություն չկրեց այն կորուստների ու վնասների համար, որոնք առաջացան ծրագրի ընթացքն անհարկի խաթարելու  հետևանքով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031