Վրաստանի բուհերում ուսման առաջին տարին անվճար կլինի բոլորի համար. Ինչպե՞ս է փոխվում բուհերի ֆինանսավորումը հարևան երկրում
Վրաստանի կառավարությունը հաստատել է պետական համալսարաններում ուսման ֆինանսավորման նոր համակարգ, որը կգործի 2026/2027 ուսումնական տարվանից ընդունվող ուսանողների համար։ Այս մասին գրում է «News Georgia»-ն՝ հղում անելով հուլիսի 30-ին կառավարության ընդունած որոշմանը։
Նոր համակարգով՝ պետական բուհ ընդունված ուսանողները առաջին երկու կիսամյակների ընթացքում կսովորեն ամբողջությամբ անվճար՝ անկախ առաջադիմությունից։ Երրորդ կիսամյակից սկսած՝ անվճար ուսման հնարավորությունը պահպանելու համար ուսանողը նախորդ կիսամյակում պետք է հաջողությամբ ավարտած լինի ուսումնական ծրագրի առնվազն 80 տոկոսը։
Սովորական՝ 30 կրեդիտանոց կիսամյակի դեպքում դա նշանակում է, որ ուսանողը պետք է հավաքի առնվազն 24 կրեդիտ։ Եթե այս պայմանը չկատարի, նա ամբողջությամբ չի զրկվի պետական աջակցությունից․ պետությունը կշարունակի վճարել ուսման վարձի 50 տոկոսը, իսկ մնացած 50 տոկոսը ուսանողը պետք է վճարի ինքնուրույն։
80 տոկոս կրեդիտ հավաքելու պահանջը չի տարածվի աուտիզմ ունեցող ուսանողների և պետական ներառական կրթության ծրագրերի մասնակիցների վրա։
Պետությունը ուսման վարձը կֆինանսավորի կրթական ծրագրի սահմանված տևողության շրջանակում։ Չորսամյա բակալավրիատի դեպքում ֆինանսավորումը կտրվի մինչև 8 կիսամյակ, եռամյա ծրագրերի դեպքում՝ մինչև 6 կիսամյակ, իսկ բժշկական կրթության դեպքում՝ մինչև 12 կիսամյակ։ Մագիստրատուրայի համար ֆինանսավորումը կտրամադրվի ծրագրի սահմանված տևողությանը համապատասխան։
Նշվում է, որ նոր համակարգը էապես տարբերվում է գործող կարգից։ Ներկայում Վրաստանում պետական ֆինանսավորումը հիմնականում տրամադրվում է միասնական ազգային քննությունների արդյունքներով։ Դպրոցների շրջանավարտները կարող են ստանալ ուսման վարձի 50, 70 կամ 100 տոկոսի չափով պետական դրամաշնորհ՝ կախված քննությունների արդյունքներից։ Դրամաշնորհի առավելագույն չափը տարեկան 2250 լարի է (մոտ 317.000 դրամ)։
Այս համակարգով 2025/2026 ուսումնական տարում ֆինանսական աջակցություն է ստացել Վրաստանի բուհեր ընդունված 31 705 առաջին կուրսեցիների մոտ մեկ երրորդը։

