Թուրքիայի միջով՝ դեպի Մերձավոր Արևելք. կմիանա՞ Հայաստանը «Զարգացման ճանապարհ» նախագծին
Վերջերս Անկարա կատարած այցի ընթացքում Թուրքիայի և Իրաքի ղեկավարները հաստատել են աջակցությունը «Զարգացման ճանապարհ» նախագծին, որը կոչված է Իրաքի Պարսից ծոցի ափերը Փոքր Ասիայով կապել Եվրոպայի հետ:
«Զարգացման ճանապարհը մեր երկրների միջոցով կմիացնի Արևելքն ու Արևմուտքը»,- հուլիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրաքի վարչապետ ազ Զաիդին՝ հավելելով, որ այս նախագիծը կամրապնդի երկկողմ կապերը և կընդլայնի երկու երկրների տնտեսական ռեսուրսները:
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, որը նաև Թրամփի ներկայացուցիչն է Սիրիայի և Իրաքի հարցերով, ավելի վաղ բարձր է գնահատել Զաիդիի ջանքերը Թուրքիայի, Սիրիայի և այլ երկրների միջև կապերի հաստատման տարածաշրջանային ծրագրի իրականացման ուղղությամբ, որը, նրա խոսքով, կարող է Հորմուզի նեղուցն «արդեն երկու տարի անց անտեղի դարձնել»՝ ծովային ուղիներից առևտուրը վերակողմնորոշելով դեպի ցամաքային լոգիստիկ ցանցեր, որոնց հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Կովկասի երկրները:
Դեռևս 2025 թվականի հոկտեմբերին Իրաքի վարչապետի տրանսպորտի հարցերով խորհրդական Նասեր Ալ–Ասադին պետական լրատվական գործակալությանը հայտնել էր, որ Օմանը և Հայաստանը «Զարգացման ճանապարհ» նախագծին միանալու պաշտոնական հայտեր են ներկայացրել: Նա նշել է, որ նախագիծը «լայն աճող միջազգային հետաքրքրություն է վայելում, ուստի Բաղդադում կարծում են, որ դրան պետք է միանան նաև հարևան երկրները: Այս առումով, օրինակ, «Քաթարը, ԱՄԷ-ն նույնպես պատրաստակամություն են հայտնել աջակցել նախագծին»:
Իրաքում Հայաստանի դեսպանը, պարզաբանել է Ալ–Ասադին, «նաև ցանկություն է հայտնել, որ իր երկիրը նախագծի մաս դառնա հայկական արդյունաբերության համար ազատ գոտու ստեղծման և Իրաքի ու տարածաշրջանի հետ առևտրային փոխանակման միջոցով»,- հավելել է պաշտոնյան:
Խոսքը միջանցքի մասին է, որը Պարսից ծոցի իրաքյան նավահանգիստները կապում է Թուրքիայի սևծովյան նավահանգիստների հետ դեպի Հարավային Եվրոպա ելքի և Իրան, Հորդանանի Աքաբա նավահանգիստ (Կարմիր ծով), Սաուդյան Արաբիա և Պարսից ծոցի ափամերձ միապետություններ մեկնելու հետ:
Այս նախագծին հիպոթետիկ միացման համատեքստում նկատի են առնվում ս.թ. 3 րդ եռամսյակում Հայաստան–Թուրքիա երկաթուղային հաղորդակցության վերականգնումը և Իրանի և Իրաքի տրանսպորտային կապի ամրապնդումը: Այս երկու երկրների միջև նոր երկաթուղային անցումը նախատեսված է մինչև 2029 թվականի սկիզբը:
«Զարգացման ճանապարհ» նախագիծը մեկնարկել է Իրաքի այժմ արդեն նախկին վարչապետ Մուհամեդ շիա աս-Սուդանի կողմից 2023 թվականի մայիսի վերջին Բաղդադում տարանցման թեմայով տարածաշրջանային համաժողովում: Պաշտոնական Բաղդադը հայտարարել է Թուրքիայի հետ համաձայնեցված (2022-23թթ.) նոր տրանսպորտային միջանցք ձևավորելու որոշման մասին, որը թույլ կտա Իրաքին Թուրքիայի հետ միասին առանցքային հանգույց դառնալ Մերձավոր/Միջին Արևելքի և Եվրոպայի միջև բեռնափոխադրումների համար: Նախագծի արժեքը կկազմի մոտ 17 մլրդ դոլար (2024 թվականի սկզբի գներով), իսկ Իրաքում երթուղու երկարությունը մոտ 1200 կմ է:
2024 թվականին Թուրքիան, Քաթարը և Արաբական Միացյալ Էմիրությունները ստորագրել են համագործակցության նախնական համաձայնագիր։ Նախագծի դոփման լուրերի խորապատկերին Հորմուզի նեղուցի խափանումները մեծացրել են ցամաքային երթուղու գրավչությունը՝ որպես Պարսից ծոցում խոցելի ծովային երթուղիների այլընտրանք:
Ընդ որում, համաձայն նախագծի՝ խոսքն առաջին հերթին Իրաքի և դրան հարող հարավարևելյան Թուրքիայի գործող երկաթուղային ցանցի արդիականացման, իրաքյան Բասրա, Ֆաո, Ումմ-Քասր նավահանգիստների արդիականացման և նշված երկաթուղային ճյուղավորումների կառուցման մասին է:
«Զարգացման ճանապարհ» նախագծի իրականացմանը Իրաքի և Թուրքիայի հետ միասին պաշտոնապես մասնակցել են Քաթարը, ԱՄԷ-ն, Քուվեյթը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Օմանը և Սիրիան (Սիրիայի տարածքով՝ երկաթուղային և նավթամուղ ելքեր Իրաքի և Միջերկրածովյան տարածաշրջանի միջև):
Բաղդադի խորհրդաժողովում իր ելույթում Իրաքի վարչապետ Մուհամմեդ շիա աս-Սուդանին ասել է. «…Մենք դիտարկում ենք այս նախագիծը՝ որպես կայուն ոչ նավթային-համալիր տնտեսության հենարան, որպես օղակ, որը կծառայի Իրաքի հարևաններին և ողջ տարածաշրջանին և կնպաստի տնտեսական ինտեգրմանը»:
Ֆորումում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն արտահայտվել է Իրաքի դիրքորոշմանը համահունչ. «…Անկարան առանցքային գործընկեր է զարգացման այնպիսի ուղու համար, որն ապահովում է համընդհանուր օգուտ և էլ ավելի շահավետ հեռանկար»։
Նման նախագիծը կարող է հսկայական նշանակություն ունենալ Իրաքի տնտեսության համար, այդ թվում՝ Իրաքի՝ տարանցիկ երկրի վերափոխման և Թուրքիայի տարանցիկ դերի բարձրացման առումով, ինչն էլ իր հերթին՝ նրանց համար կմեծացնի ֆինանսական միջոցների ներհոսքը:
Ծրագրի առաջին փուլի ավարտը (Իրաք-Թուրքիա, իրաքյան նավահանգիստների արդիականացում) նախատեսված է 2029 թվականին, իսկ մինչև 2050 թվականը կստեղծվի հիմնական նախագծային ենթակառուցվածքը: Թուրքական և իրաքյան կողմերը հնարավոր են համարում դրա ստեղծումը մինչև 2040 թվականը:
«Զարգացման ուղի» նախագծի առաջին հանգույցը Իրաքի գերհարուստ նավթով՝ հարավում գտնվող Ֆաոյի նավահանգիստն է, որը երկաթուղով և մայրուղով երկիրը կապում է Թուրքիայի և Իրանի հետ: Ընդ որում՝ ««Զարգացման ուղի» նախագիծը նախատեսված է ոչ միայն ապրանքների կամ ուղևորների տեղափոխման համար: Դա դուռ է բացում Իրաքի ընդարձակ տարածքների զարգացման համար»,- այդ խորհրդաժողովում հայտարարել է Իրաքի պետական «Նավահանգիստների գլխավոր ընկերության» գլխավոր տնօրեն Ֆարհան ալ-Ֆարտուսին:
Իրաքի կառավարությունը նախատեսում է գործարկել արագընթաց բեռնատար և ուղևորատար գնացքներ, որոնք մինչև 300 կմ/ժ արագություն կզարգացնեն: «Զարգացման ուղին» նախատեսում է նաև ավարտական կամ լրացուցիչ փուլում (2030-ականների վերջին-2040-ականների կեսերին) ուղեկցող բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածքներ՝ զուգահեռ նավթամուղներ, գազատարներ, մայրուղիներ, օպտիկամանրաթելային մալուխներ և այլն:
Նախագիծը հատուկ նշանակություն է ստանում նաև Իրաքում գործող հնացած երկաթուղային ցանցի համեմատությամբ, որով Բաղդադից մինչև Բասրա կամ Ֆիո 500 կիլոմետրը կարելի է հաղթահարել 10-12 ժամում՝ նախագծով նախատեսված առավելագույնը 6,5 ժամվա դիմաց, ինչը հետաքրքիր է նաև հարևան երկրների համար:
Թեև «Զարգացման ուղու» առաջին շահառուները կդառնան Իրաքը և Թուրքիան, ակտիվորեն քննարկվում է դրա միջազգայնացումը՝ ներառյալ նախագծի վերպետական կառավարման տարբերակները: Փաստորեն, խոսքն Իրանի տարածքով անցնող «Հյուսիս–Հարավ» ՄՏՄ երթուղու այլընտրանքի մասին է:
Ալեքսեյ Բալիև
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի


