Էդ մանկլավիկները ծնված էլ չէին, երբ հայրս ԵՊՀ-ում էր. անբարոյականության գագաթնակետն է. իրենք ոչ մի բան են, այդ մեկ հոգին է որոշել. ամեն ինչ պատրաստ եմ տանել՝ նստացրեցին, փորձեցին պատժել, ճնշեցին, այս մեկը չեմ ների. Դավիթ Ղազինյան
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին տնօրեն, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանն է:
Հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 24-ին վերացրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքով պատգամավոր ընտրված Դավիթ Ղազինյանի «կալանք» խափանման միջոցը։ Նրա փաստաբանները դատարանում պնդում էին, որ հուլիսի 21-ին Ղազինյանին տրվել է պատգամավորի մանդատ, հետևաբար՝ ունի պատգամավորի կարգավիճակ և անձեռնմխելի է։ Նրան անձեռնմխելիությունից կարող է զրկել միայն Ազգային ժողովը։ Դատախազն առարկում էր և միջնորդում ոչ թե վերացնել խափանման միջոցը, այլ փոխարինել 1 մլրդ դրամ գրավով։
Դավիթ Ղազինյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Հիշեցնենք, որ 2026թ. հունիսի 17-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փակ նիստում քննել և բավարարել էր Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը: Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել նաև ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ, որը նույնպես բավարարվել է: Դատարանը Դավիթ Ղազինյանին 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել: Առաջադրված մեղադրանքն առնչվում է Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությանը, որտեղ խոսվում է Դավիթ Ղազինյանի կողմից 1,4 մլն դրամ ենթադրյալ ընտրակաշառք տալու նախապատրաստության մասին։
Հարցազրույցի կարևոր թեզերը՝ ստորև.

- Ճիշտ եք նկատել. դեռևս 2025 թվականին, երբ իշխանությունների կողմից արշավը սկսվեց Սամվել Կարապետյանի դեմ, թիրախում առաջին հերթին հայտնվեց ՀԷՑ-ը, հետևաբար՝ նաև իմ անձը, երկու նպատակով։ Առաջինը՝ փորձում էին Սամվել Կարապետյանին ներկայացնել՝ որպես «թալանող» կերպար, ինչը, բնականաբար, չստացվեց, երկրորդը՝ փորձեցին վարչական ռեսուրս ապահովել իրենց համար։ Կրկնում եմ՝ իրենց մոտ թալանչու կերպար ստեղծելն ուղղակի չստացվեց։ Բոլորը տեսան՝ ինչ է կատարվում։
- Ով փորձում է ուղիղ խոսել, չվախենալ իրենց հետապնդումներից, ռադիկալ ընդդիմադիր հայացքներ կրել, այս իշխանությունների տրամաբանությամբ՝ անպայման պետք է պատժվի։
- Համոզված եմ, որ ՀԷՑ-ում մանրակրկիտ ուսումնասիրել են իմ աշխատանքը։ Համոզված եմ, որ բոլոր հնարավոր թույլատրելի և անթույլատրելի մեթոդներով փորձել են ինչ-որ բան կարել, սարքել, բայց չի հաջողվել։ Իրենց համար հնարավորություն առաջացավ՝ ընտրակաշառքի ենթադրյալ նախապատրաստման հոդվածը դրվեց իմ վրա։ Ծիծաղելի է՝ բառիս բուն իմաստով, որովհետև այնտեղ նյութ չկար։ Դրա համար ես դատարանում հայտարարեցի՝ շատ ափսոս, որ պատգամավորի կարգավիճակից ելնելով՝ պետք է դուրս գամ կալանքից։
- Շատ կարճ՝ էսպես ասեմ, ԱԱԾ մեկուսարանում էլ կյանք կա, թող ոչ ոք չվախենա։ Ճիշտ է, մյուս քրեակատարողական հիմնարկների հետ համեմատած՝ ավելի խիստ ռեժիմ է։ Այնտեղ իրար հետ շփվելու, տեսնելու հնարավորություն չկա, ոչ մեկին չես կարող տեսնել։ Չեմ ուզում շատ բան ասել, ավելի ծանր պայմաններ են, բայց երբ գիտես, որ ճիշտ ես, երբ գիտես, որ Աստծո առաջ մաքուր ես, և ամենակարևորը՝ երբ գիտես, թե ինչի համար ես այս ամեն ինչը կրում, հավատացած եղեք, բավականին հեշտ է, չկա որևէ խնդիր։
- Միակ գործիքը, որ սրանք ունեն, նստեցնելով վախեցնելն է. մեր ղեկավարը՝ Սամվել Կարապետյանը, ցույց տվեց իր կամքի ուժով՝ 6 և ավելի ամիս այդ պայմաններում նստելով, և 6 և ավելի ամիս էլ՝ տնային կալանքի պայմաններում, դրանով մեզ հնարավոր չէ վախեցնել: Այնպես որ, խորհուրդ կտամ չվախենալ։
- Արդեն դատաքննություն է ընթանում, կարծում եմ՝ նախաքննական գաղտնիք, որպես այդպիսին, չկա, փորձեմ ներկայացնել «գործի» էությունը…
Կալանքի նիստի ժամանակ ուղիղ հայտարարում եմ՝ ես այդ նախընտրական կամ այդ կուսակցությունների դաշինքի շտաբում եղել եմ այդ ժամանակահատվածում 3-4 անգամ։ Անգամ խնդրում եմ, որպեսզի հեռախոսների, այսպես ասած, բիլինգ համակարգով ճշտեն՝ երբ եմ եղել այդ շտաբում։ Խնդրում և պահանջում եմ, որպեսզի հրապարակեն։ Չէ՞ որ, վերջին հաշվով՝ եթե գաղտնալսումն այնտեղ դրված է, եթե ես էլ եմ այնտեղ եղել, ուրեմն ենթադրվում է, որ ինչ-որ բան խոսացած պետք է լինեի։ Ասում եմ՝ բերե՛ք այն, ինչ ես եմ խոսել այնտեղ, չէ՞ որ ասում եք՝ ես եղել եմ այդտեղ: Բնականաբար, մերժվում է։ Ներկայացվել են կոնտեքստից կտրված, մոնտաժված խոսակցություններ: Չկա որևէ հիմնավորում կամ ապացույց, որ ես գումար եմ տվել. ընդամենը բանավոր խոսակցությունների հիման վրա է գործ հարուցվել։

Երբ հարցնում եմ՝ լավ, ում որ, ըստ ձեզ, տվել եմ այդ գումարը, ինքն ասո՞ւմ է, որ տվել եմ, ասում են՝ «ոչ»։ Հարցնում եմ՝ «որտե՞ղ եմ տվել», ասում են՝ «դեռևս պարզված չէ»։ Հարցնում եմ՝ «իսկ ե՞րբ եմ տվել», ասում են՝ «դեռևս պարզված չէ»։ Հետո ասում են՝ «ձեր մոտ ինչ-որ խնդիրներ եղան, չստացվեց, էդ գումարը հետ եկավ քեզ», ասում եմ՝ «լավ, այսինքն՝ չե՞նք տվել»։ Ասում են՝ «հա՛, դե, նախապատրաստությունը դա է»։ Ասում եմ՝ «լավ, իսկ ո՞ւմ միջոցով է տրվել ուղիղ կամ ինչ-որ ձևով», ասում են՝ «պարզված չէ»։ Ասում եմ՝ «ե՞րբ են հետ տվել», ասում են՝ «պարզված չէ»։ Ասում եմ՝ «որտե՞ղ են հետ տվել», ասում են՝ «պարզված չէ»։
Այսինքն՝ վերցրել են մաքրուհու և մոր հեռախոսային կենցաղային խոսակցությունները, կապել, փորձել մարդկանց անձնական կյանք մտնել, այդ ներքին անձնական հարաբերությունները բերել հրապարակային դաշտ և փորձել ինչ-որ բան կպցնել։ Առնվազն ծիծաղելի է։ Այդ իսկ պատճառով էլ մեր կողմից եղավ բողոքարկում, որը, բնականաբար, Վերաքննիչ դատարանը չէր բավարարելու։
- Երբ դատարանում փաստաբանները քննիչին և դատախազին հարց են տալիս՝ միջնորդե՞լ եք Դավիթ Ղազինյանին հարցաքննելու, ինչո՞ւ չեք հարցաքննել, պատասխանում են․ «Ձերբակալման ժամանակ ցուցմունք չտվեց, մտածեցինք, թե էլ պետք չէ»։ Առերեսումներ, բացարձակապես որևէ գործողություն չի արվել. պահանջել ենք առերեսում, պահանջել ենք ակտիվ նախաքննություն, բայց բացարձակապես ոչինչ չի արվել։ Պարզ էր՝ խնդիրն ինձ ուղղակի այնտեղ պահելն էր։
- Վաղուց արդեն դատախազության գործողությունները տրամաբանություն չունեն։
- Շատ կարևոր մի հանգամանք նշեմ. հունիսի 5-ին եկել են մեր տուն խուզարկության որոշումով։ Իմ բնակարանը, ի տարբերություն Նարեկ Կարապետյանի, մեկ անգամ են խուզարկել, մի քանի անգամ չի եղել։ Այսինքն՝ ես հունիսի 5-ից, երբ խուզարկության որոշումը կար, արդեն տեղյակ եմ եղել՝ ինչ են ուզում անել: Հունիսի 6-ին հրապարակվում է հայտնի տեսահոլովակ-ձայնագրությունը, բայց ես ձերբակալվում եմ հունիսի 17-ին։ 12 օր ազատության մեջ եմ եղել, որևէ խափանման միջոց չեմ ունեցել, որևէ կարգավիճակ չեմ ունեցել՝ ոչ վկա, ոչ մեղադրյալ․․․ Ու այդքանից հետո կալանքի հիմքերի շարքում նշել են նախաքննությանը խոչընդոտելը, փախչելու և նոր հանցանք կատարելու ռիսկերը… կրկնում եմ՝ 12 օր ամեն օր սպասել եմ, որ գալու են հետևիցս… նույնիսկ իմ տղայիս պետք է ճանապարհեի ուսման, ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց՝ «դու օդանավակայան մի արի, հանկարծ չմտածեն, թե փախնում ես, մի հատ էլ շոու կազմակերպեն»… Անկեղծ՝ չեմ գնացել օդանավակայան, որ շոու չսարքեն, թե՝ փախնում էր…
Ինչ վերաբերում է նախաքննությանը խոչընդոտելուն․ երբ հարցնում ենք՝ «լավ, 12 օր ուներ, ունե՞ք ինչ–որ տվյալ, որ Դավիթ Ղազինյանը խոչընդոտել է կամ փորձել է խոչընդոտել, ինչ–որ մեկի վրա ազդել», ասում են՝ «ոչ»։ Հարցնում ենք՝ «որտեղի՞ց է ձեր մոտ այդ կարծիքը, որ կա ռիսկ, թե կխոչընդոտի»․ չկա պատասխան, ասում են՝ «ունենք այսպիսի ենթադրություն, որ կարող է խոչընդոտել»։ Այսինքն՝ կալանքի հիմքեր, որպես այդպիսին, ընդհանրապես չկային։
- Ստորության գագաթնակետը. համոզված եմ՝ համապատասխան մարմինները շատ լավ իմացել են, որ Նարեկ Կարապետյանի 10 տարեկան երեխայի ծնունդն է այդ օրը, մտել են խուզարկության: Ավելին, իրենք էլ լավ գիտեին, որ խուզարկությամբ ոչ մի բան չեն կարող հայտնաբերել, որովհետև չի էլ եղել։ Երրորդ անգամ խուզարկություն անելու իմաստը ո՞րն է…
Այս փոքրիկ խմբակն ունի մի հատկություն՝ քանի որ իրենք վախկոտ են, վախենում են նստելուց, հետապնդումներից և այլն, իրենց թվում է, թե դիմացիններն էլ են վախենում։ Ազգային ժողովի նիստից առաջ փորձում են ևս մեկ անգամ իբրև թե վախեցնել… Իմ կարծիքով՝ նպատակը դա է:
- Բռնելու, նստեցնելու գործիքն արդեն չի աշխատում։ Հիմա, ասենք, ինձ որ երկրորդ անգամ տարան նստեցրին, բա՞ն է փոխվելու, կամ որ Սամվել Կարապետյանին մեկ տարուց ավելի պահում են, ինչ-որ բա՞ն է փոխվել նրա դիրքորոշումներում… Բացարձակ։ Եվ դա է հենց իշխանություններին հունից հանում։ Իրենք այդպիսին են, մտածում են՝ դիմացինն էլ պետք է այդպիսին լինի։ Դիմացինը չի կոտրվում, իրենք հունից դուրս են գալիս:
- Մենք բոլորս կյանքում տեսել ենք և՛ հաղթանակներ, և՛ պարտություններ։ Որևէ տեղ այսպիսի «հաղթող» չեմ տեսել։ Եթե այս իշխանությունն իրեն համարում է հաղթող, ապա հաղթողն այսպիսի նյարդային հոգեվիճակում չի լինում։ Եթե հաղթել եք, ի՞նչն է ձեր խնդիրը։ Եթե հաղթել եք, ինչո՞ւ եք հերթով բոլորին ձերբակալում։
- Իրենք նյարդային են, որովհետև իրենց «եղբայրների»՝ Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ ունեն պարտավորություններ, եվրոպացիներին էլ համոզել էին, որ ունենալու են սահմանադրական մեծամասնություն, բայց չեն ստացել այդքան ձայներ:
Ընտրությունների գիշերը, ժամը 2-ին Փաշինյանի հայտարարությունն ուղղված էր Ադրբեջանին, Թուրքիային, Եվրոպական միությանը, որ՝ «ես հաղթել եմ»։ Կարծում եմ՝ դրսի համար էր՝ որ՝ հանգիստ եղեք… Բայց այս պարագայում արդեն ինքը շատ լուրջ կախվածություն ունի նրանցից, որտեղ չի կարող նրանց հետ, որպես հաղթող, հավասարը հավասարի պես խոսել։ Իսկ դա արդեն բերելու է մեր երկրից անընդհատ զիջումների… Ադրբեջանն էլ է արդեն շատ խիստ դնում իր պահանջները ՀՀ Սահմանադրական փոփոխությունների, տարածքային զիջումների մասին… Հենց ընտրություններից հետո Ադրբեջանը սաստկացրեց հռետորաբանությունը, որովհետև հասկանում են՝ իրենց պրոտեժեն խնդիր ունի…
- Ճիշտն ասած՝ մեկուսարանից դուրս գալուց հետո եմ իմացել հորս նկատմամբ հետապնդումների, ԵՊՀ-ից նրան հեռացնելու մասին. հայրս արգելել էր որևէ մեկին խոսել այդ մասին՝ հաշվի առնելով, որ ես այնտեղ եմ։ Ինձ համար դա շատ ցավոտ թեմա է. նորմալ հայկական ընտանիքում կա դրվածք, և ես միշտ այդպես եմ ապրել․ ինձ ինչ ուզում եք՝ արեք, բայց երբ խոսքը վերաբերում է իմ ընտանիքի անդամներին, ես այդտեղ խոսելու բան չունեմ իրենց հետ։

Այսինքն՝ իմ հորը, ով 1972 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, 1977 թվականից այնտեղ աշխատում է (այսինքն՝ ամբողջ կյանքում աշխատել է այնտեղ տարբեր պաշտոններում): Փոքր գաղտնիք բացեմ. 2024 թվականին ընդհուպ Անվտանգության խորհրդի նիստում է քննարկվել հորս վերընտրման հարցը, չնայած, որ հայրս չէր էլ ուզում վերընտրվել, հայրս տանը խոսելիս ասում էր՝ «դե հերիք է, պետք է երիտասարդներին տեղ տրվի»…
ԵՊՀ-ի այս վերջին ծանուցումը, որ իրեն՝ որպես հիմնական աշխատողի, որպես դասախոսի, սեպտեմբերի 1-ից պայմանագիրը չեն երկարացնելու, պարզապես ամոթալի է… Ի դեպ, անցյալ տարի, եթե չեմ սխալվում, հորս պատվավոր պրոֆեսորի կոչում էր տրվել. ես այդ ժամանակ չէի զբաղվում ակտիվ քաղաքականությամբ, եղբայրս էլ արդեն Ազգային ժողովում չէր, իրենց կարծիքով՝ ամեն ինչ հանգիստ էր, և պատվավոր պրոֆեսորի կոչում տվեցին հենց համալսարանից… Ոչ թե հայրս է, դրա համար եմ ասում, բայց այդ տեսակի մարդու նկատմամբ այդպես վարվեն, բառիս բուն իմաստով՝ այդ «մանկլավիկները»… որոնք ծնված էլ չէին եղել, երբ այդ մարդն այնտեղ է եղել։ Իրենք, այդ ռեկտորն ու մնացածը, ոչ մեկն են եղել բոլորը միասին… ես դրանց հետ որևէ խնդիր չունեմ այն առումով, որ իրենք ոչ մի բան են, իրենք որոշող չեն, իրենք իրենց «ես»-ը չունեն։ Իրենք չէին կարող որևէ պարագայում ասել՝ «լավ, այս արեցինք, այն արեցինք, բայց այս մարդուն չի կարելի, ճիշտ չէ նման բան անելը»։ Այնպես որ, դա մեկ հոգու խնդիր է, ես դա համարում եմ իմ քաղաքական գործունեության հետևանք՝ պատժամիջոց։ Ուղղակի անբարոյականության գագաթնակետն է նրանց այդ քայլը… Իրենց ծանուցման համաձայն՝ նա սեպտեմբերի 1-ից այլևս չի դասավանդելու համալսարանում:
Իրավական բոլոր ճանապարհները կան, իհարկե, դրա դեմ պայքարելու ենք։ Իրենք չեն հասկանում՝ ինչ է ընտանիքը, չեն հասկանում՝ ինչ է նշանակում՝ մարդուն փորձել ճնշել ընտանիքի միջոցով։ Անբարոյականության գագաթնակետն է։ Ինձ համար դա զարմանալի չէ, իրենք դա են։ Կրկնում եմ՝ մեր ուղիղ կռվի մեջ ամեն ինչ պատրաստ եմ տանել, դա բացարձակ զրո է իմ համար՝ տարան, նստեցրեցին, փորձեցին պատժել, ճնշել (իհարկե, չստացվեց), դա խնդիր չէ, բայց ընտանիքի անդամների հետ կապված այս հետապնդումները… էդ մեկը երբեք չեմ ների։
- Ուղիղ հարց եմ տալիս իշխանությանը․ եթե պարզել եք, որ եղել են հավելագրման դեպքեր (որը մենք չենք բացառում, մենք էլ ենք շատ հայտնաբերել, և այլն), ո՞ւր են ձեր հարուցած քրեական գործերը։ Ո՞վ կա դրանով ազատազրկված, մեղադրյալ կա՞։ Անընդհատ նույն բանն է հայտարարվում առանց ապացույցի։
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր. «Ժամանակավոր կառավարման շուրջ մեկ տարվա ընթացքում ՀԷՑ-ում աշխատանքից ազատումների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 1.150 անձ, որից տարաբնույթ խախտումների հետևանքով (մեծամասամբ՝ հավելագրումների/թերգրանցումների) աշխատանքից ազատվել են շուրջ 700 աշխատակիցներ։ Բացահայտված իրավախախտումների փաստերով նախաձեռնվել են շուրջ 30 քրեական վարույթներ. կան բազմաթիվ ձերբակալվածներ ու կալանքի որոշումներ»։

- Սո՛ւտ է խոսում։ Ուղիղ հայտարարում եմ՝ սուտ է խոսում, որովհետև, եթե չեմ սխալվում, ՀԷՑ-ն ունի 2000 տեսուչ: 700 աշխատակցի (որպես նյութական պատասխանատու եմ ասում, որոնք կիլովատտի հետ կապ ունեն), ազատելու դեպքում ուղղակի գույքագրող չի լինի այնտեղ։ Հակառակն է․ դրա մեծ մասն իրենց մարդկանց տեղավորելու համար ազատված մարդիկ են։ Այսինքն՝ մարդկանց ազատել են և իրենց յուրայիններին բերել աշխատանքի։
Այս գործով հավելագրում բացահայտելն ընդամենը մեկ ժամվա գործ է։ Ստուգում ես, գտնում ես հավելագրումը, ներքին անվտանգությունը հարցաքննում է տեսուչին, պարզում գործի հանգամանքները, փորձում ես քանակով ճշտել՝ արդյո՞ք պետը կարող է կապ ունենալ, թե՞ ոչ, տրված ցուցմունքների հիման վրա անում ես եզրակացություն՝ մարդուն հեռացնում ես, պատժի ենթարկում, և այլն։ Մի տարի ի՞նչ եք քննում։ Մի տարի է՝ մարդկանց ուզում եք համոզել, որ իմ անունը տան, ու չե՞ն տալիս։ Ձեր ասած այդ 30 գործն ո՞ւր է, ինչո՞ւ դատարանում չի արդեն, ինչո՞ւ չունենք մի հատ որոշում, որտեղ նշված է, թե այսինչը ցուցմունք է տվել, որ Դավիթ Ղազինյանն իրեն ասել է՝ «գնա հավելագրում արա» կամ «թերգրանցում արա»։
- Համատարած հոսանքազրկումների պատճառը. ներդրում չի կատարվում, տանում են վարկը փակում են, ասում՝ «ուժեղ տղա եմ»։
- Այս նույն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահն ինձ ուղիղ ասել է, որ՝ քո բլոկի պես բլոկ չկա։ Քո բլոկի և՛ պայքարը՝ խնդիրների լուծման ուղղությամբ, և՛ ամեն ինչը շատ ճիշտ է տարվում, անգամ…
- Տղամարդկություն ունե՞ք (ուղիղ ասում եմ)՝ հրապարակեք անուն-ազգանուններով, ժամանակով, զեկուցագրերով՝ ինչքան մարդ է ազատվել հենց կոնկրե՛տ հավելագրում անելու համար։
- Այս իշխանությունը ՀԷՑ-ը ձեռք բերելու համար ծիծաղելի գումար՝ 380 000 դոլար էր առաջարկել սեփականատերերին՝ Սամվել Կարապետյանին։
- Սամվել Կարապետյանն ավելի քան 70 միլիարդ իր դիվիդենտ չի վերցրել ՀԷՑ-ից, որովհետև որ պահին դա վերցներ՝ ընկերությունը կսնանկանար։ Չէր կարող իրեն թույլ տալ էդպիսի բան։ Սամվել Կարապետյանի՝ իր դիվիդենտները վերցնելու դեպքում՝ չէին արվելու այն ներդրումները, որոնք արվել են այս տարիների ընթացքում։ Ընդամենը վերցրել է շատ փոքր տոկոսը։
- Թող միջազգային կազմակերպություն հրավիրեն, գնահատի ՀԷՑ-ի իրական արժեքը. Հայաստանում չկա գնահատող ընկերություն, որը կարող է իշխանությունների ճնշումներին դիմանալ ու իրենց ասածը չանել։ Միջազգային հեղինակավոր որևէ ընկերություն թող անաչառ գնահատի, կոնկրետ գինն ասի։ Իրենք վախենում են դրանից, որովհետև դա լինելու է մոտ մինչև 1 միլիարդ դոլար (750-800 միլիոնից մինչև 1 միլիարդ), իրենք էլ դա շատ լավ գիտեն։
- Այս իշխանությունները չունեն բարոյականություն, չունեն կարմիր գծեր։

- Նաև իշխանությունների հրահանգ կատարողներին ահդրադառնամ․․․ Ամեն հրահանգ, ամեն հրաման չէ, որ պետք է կատարել կամ կարելի է կատարել։ Գագիկ Ծառուկյանին 10-15 հոգով փորձում էին պառկեցնել գետնին, տեսանյութում երևում է՝ երկու հոգով ոտքին խփում են, գցում են գետնին… Ասենք՝ լա՞վ եք զգում դրանից։ Տեսաք՝ Ծառուկյանը՝ ժպիտը դեմքին, կանգնած էր…
Համացանցում տեսնում եմ, որոշ մարդիկ ասում են՝ բա ինչո՞ւ Սամվել Կարապետյանին այնպես չտարան: Ասեմ, Սամվել Կարապետյանին կալանավորելու ժամանակ ևս փորձում էին նման շոու սարքել, ուղղակի չկարողացան, որովհետև Սամվել Կարապետյանը տանն էր, մենք բոլորս էնտեղ էինք՝ իր համակիրներով, իր ընկերներով։ Նրանք ուզում էին դա անել, բայց ամբողջ գիշեր կանգնած էինք նրա կողքին, թույլ չէինք տալու…
- Իմ անհամաձայնությունն եմ հայտնում՝ որպես անձ, որպես քաղաքացի՝ Ռուսաստանի վարած քաղաքականությանն այն առումով, որ ոչ թե իրենց շահերի տեսանկյունից, այլ որպես հայ մարդ եմ ասում, որ մեկ հոգու պատճառով Հայաստանի քաղաքացուն չարժեր էս վիճակի մեջ դնել։
- Սխալ է մեղադրել Ռուսաստանին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին կամ առհասարակ Եվրոպային այն բանի համար, թե իբր ինչ-որ բան չեն արել մեզ համար: Մեր ժողովուրդը տեղյակ չէ իրականությանը, որը թաքցվում է իրենցից: Ներկուլիսային խոսակցություններն ու բանակցությունները ոչ ոք չի հրապարակում, մենք ողջ ճշմարտությունը չենք իմանում։ Չէ՞ որ Պուտինը չի կարող հրապարակել, թե, օրինակ, 2020թ. հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմը կանգնեցնելուց առաջ, ինչ է խոսվել ՀՀ իշխանությունների հետ։ Այդ հրադադարն այսօր էլ ներկայացվում է այնպես, իբր Պուտինն է ամեն ինչում մեղավոր. թե՝ «մենք ամեն ինչ լավ էինք անում, բայց հանկարծ Պուտինը որոշեց սանկցիաներ կիրառել Հայաստանի դեմ, և Ռուսաստանը վատն է»։ Ռուսաստանն ասում է՝ եթե գնում ես Եվրոպական միություն, խնդիր չկա, դա քո որոշումն է, բայց տե՛ր կանգնիր քո որոշմանը։ Ես, օրինակ, ինչո՞ւ ոչ, նաև կողջունեի իշխանությունների վարած քաղաքականությունը, եթե նրանք հստակ ասեին «ոչ» Ռուսաստանին և դրա հետ մեկտեղ՝ նաև մեր ժողովրդին այլընտրանք տային։ Այսինքն՝ սուտն ու կեղծիքը հենց սրանում է․ ասում են՝ «չէ՛, ԵԱՏՄ-ն պետք է չլինի, թող քանդվի»։ Նախ, սա ծիծաղելի է, որովհետև ԵԱՏՄ-ի կառուցվածքում մենք հիմնականում սպառողի դերում ենք։ Երկրորդ՝ դու այլընտրանք չունես․ անգամ ձեր սիրելի Թուրքիան չունի այն ռեսուրսը, որը կարող է ձեզ օգնել։ Եվ ամենակարևորը՝ Թուրքիան Ադրբեջանի միջոցով վարում է իր քաղաքականությունը, չէ՞ որ նրանք արդեն տանկերով չեն գալու, այլ մեքենաներով, ինչպես հայտարարել է Ալիևը։
- Մենք ունենք հարևան Իրան, որը ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչ է նշանակում ազգ, պետություն և համախմբում։ Ինձ համար դա շատ հուզիչ էր, և անկեղծ նախանձով էի նայում, երբ ասում էին՝ «խփենք ձեր կամուրջներին, ենթակառուցվածքներին», և միլիոնավոր մարդիկ գնացին ու կանգնեցին կամուրջների վրա։

- Իրանի նախագահը շնորհակալություն հայտնեց պատերազմի ժամանակ Հայաստանի իշխանություններին և, իմիջիայլոց, տողատակերում շատ ավելի շատ շնորհակալ էր Հայաստանի ժողովրդին։ Իրանցիները տեսել են, որ Հայաստանի ժողովուրդն անկեղծորեն իրենց կողմն է՝ անկախ նրանից՝ ՔՊ-ն է իշխանությո՞ւն, թե՞ ուրիշը (խոսքն իշխանությունների մասին չէ)։
Հիմա հարցը հասել է երկաթգծին․ Փաշինյանը հայտարարում է հայկական երկաթուղու կառավարումը ռուսական կողմից հետ վերցնելու մասին՝ նշելով, թե այլընտրանք չկա։ Արդեն տևական ժամանակ է, որ այս ուղղությամբ քայլեր է անում, իսկ Ռուսաստանից պատասխանում են, որ այդ դեպքում Հայաստանը պետք է փոխհատուցի բոլոր ներդրումներն ու կատարված աշխատանքները։
- Ես չեմ կարծում, որ երկաթուղու հարցում կգնան մինչև վերջ։ Իմ կարծիքով՝ ամեն ինչ արվում է զուտ խոսակցությունների և շփումների համար․ փորձում են մի փոքր կծմծել, որ իրենց բանի տեղ դնեն Ռուսաստանում, որպեսզի վերջում նստեն ու խոսեն։ Ըստ իս՝ ամբողջ նպատակը սա է։
- Եթե նման որոշում ես կայացրել, պետք է ժողովրդի հետ ազնիվ խոսել։ Պետք է ասել՝ «ժողովուրդ ջան, մենք սոված ենք մնալու, եթե կտրվենք Ռուսաստանից, դուք չեք կարողանալու վաճառել ձեր գյուղմթերքը, ծաղիկը և մյուս ապրանքները»։ Պետք է ազնիվ լինել (ինչին ես չեմ հավատում այս իշխանությունների պարագայում) և բացահայտ ասել, թե ինչ իրավիճակ է, որպեսզի վերջնական որոշումը կայացնի ժողովուրդը:
- Այո, մենք կարող ենք կանգնել նաև էներգետիկ ճգնաժամի առջև։ Այո, որոշակի առումով ինքնաբավ ենք արևային կայանների շնորհիվ, բայց դրանց ծավալը չի բավարարում գիշերային ժամերին, քանի որ չունենք կուտակիչներ, որոնք ցերեկային էներգիան կպահեստավորեն գիշերի համար։
- Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահն արդեն հայտարարել է, որ գազի գնի բարձրացման դեպքում միանշանակ վերանայվելու է նաև էլեկտրաէներգիայի սակագինը։ Անկախ գազի գնից՝ ես համոզված եմ, որ էլեկտրաէներգիան թանկանալու է։ Եվ, եթե գազն էլ թանկանա, պատկերացնում եք, թե ինչ կկատարվի մեր երկրում։
- Իշխող քաղաքական ուժը հայտարարում է, թե նախկին խորհրդային երկրների համեմատությամբ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն ամենաբարձրերից է։ Լավ, բա ո՞ւմ եք մեղադրում սրա մեջ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է սահմանում սակագինը, այսինքն՝ պետությունն է դրա կարգավորողը, և երբ իշխանությունները հայտարարում են, թե Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն ամենաբարձրն է, հարց է առաջանում՝ մի՞թե Սամվել Կարապետյանն էր որոշում Հայաստանում 1 կիլովատտ էլեկտրաէներգիայի արժեքը։ Դուք եք որոշողը, ո՞ւմ եք մեղադրում:
- Ատոմակայանի համար նախատեսվել է որպես կանխատեսվող այլ ֆինանսական եկամուտ՝ 12,7 միլիարդ դրամ, որտեղի՞ց, Աստված գիտի։
12 միլիարդ դրամ նախատեսեցին, որպեսզի սակագինը զրոյական վիճակում պահեն՝ ոչ թանկանա, ոչ էլ իջնի։ Արդեն երևի տասներորդ անգամ եմ հարցնում այս իշխանություններին՝ բացատրե՛ք, ատոմակայանի ո՞ր մասից է գոյանալու այդ 12 միլիարդի այլ ֆինանսական եկամուտը։ Իմ անձնական կարծիքով՝ այդ թիվն ինչ-որ տեղից ուղղակի դրվեց, որպեսզի թանկացումը զսպվի։ Եվ այս պարագայում արդեն, եթե չեմ սխալվում, նոյեմբերին պետք է վերանայվի սակագինը։ Ես համոզմունք ունեմ, որն անգամ հանձնաժողովի նախագահը չբացառեց՝ այն բարձրանալու է, ընդ որում՝ անկախ գազի գնից։

- Սամվել Կարապետյանն ուղիղ հայտարարել էր. «Իմ ջանքերով 10 տարի՝ 2015-2025 թվականներին, չեմ թանկացրել, և խոստանում եմ ևս 10 տարի չթանկացնել՝ անկախ գազից, անկախ նրանից, թե աշխարհում ինչ ուզում է կատարվի. ախպե՛ր, իմ գրպանից փող կբերեմ, կդնեմ, բայց չեմ թանկացնի», ոնց որ եղել էր մինչ օրս։ Հիմա արդեն այս իշխանությունների վարած քաղաքականության պատճառով՝ ինչ ուզում է լինի, արդեն պրոբլեմը կա, որովհետև դու չես կարող դա հավերժ պահել։ Կապ չունի՝ կթանկացնես, թե ուրիշ տեղից փող կվերցնես այդ գումարը ու կսուբսիդավորես, միևնույն է՝ մի օր մեր ժողովուրդն է փակելու այդ գումարը։
Մի՞թե Սամվել Կարապետյանի ասածը, որն իրականություն էր և շարունակելու էր այդպես մնալ, չէր գործելու։ Չէ՞ որ չէր թանկանալու, բայց դուք ձեր քինախնդրության պատճառով այլ ընթացք տվեցիք։ Մարդն ուղղակի պաշտպանելով Եկեղեցուն, ասել էր՝ «Հերիք է, ստոպ, կանգ առեք, արդեն հասել եք կարմիր գծերին»։
- Ինչ վերաբերում է Նարեկ Կարապետյանի գործին, Ազգային ժողովում փորձելու են նրան զրկել անձեռնմխելիությունից. Գլխավոր դատախազությունը թող գա, եթե ուզում են ծաղրի ու ծիծաղի առարկա դառնալ, խնդրեմ՝ թող գան։ Եթե չեմ սխալվում, ամբողջ այդ բազմահատորանոց գործում «Նարեկ» անունը շոշափվում է ընդամենը մի տեղ, ընդ որում՝ պարզվում է, որ խոսքն էդ Նարեկի մասին չէ։
- Ազգային ժողովում բացարձակապես չենք մտնելու իշխանությունների օրակարգի մեջ։ Նախ, մենք համոզված ենք, որ այս Ազգային ժողովը մինչև վերջ այս իշխանությունով չի գնալու, և երկրորդ՝ ժողովրդին ցույց ենք տալու նրանց կատարած ամենախայտառակ գործողությունները։ Մեր ուժի ռեսուրսը ոչ մի ընդդիմություն չի ունեցել։
- Եթե իշխանություններն ԱԺ-ում իրենց նորմալ կպահեն, կլինի նորմալ վերաբերմունք, իսկ եթե լինի այլ վերաբերմունք, կստանան տասնապատիկ ավելին. ինձ թվում է՝ հասկացաք, թե ինչի մասին է խոսքը։
- Ես չեմ պատրաստվում այնտեղ որևէ մեկի հետ բարեկամություն անել կամ որևէ հարաբերություն ունենալ։ Մենք չենք պատրաստվում ժողովրդի տված քվեն օգտագործել փողոցային կռիվների կամ նմանատիպ այլ միջոցների համար։ Մենք ունենք շատ մեծ պատասխանատվություն։ Մենք ունենք շատ մեծ աշխատանք կատարելու, և պատասխանատվություն՝ առանց հոգնելու ամեն ինչ ժողովրդին բացատրելու, նաև տեղերում աշխատանքներ տանելու միջոցով։
- Սամվել Կարապետյանը երբեք չի ձգտել երկիրը ցնցումների ենթարկելու միջոցով գալ իշխանության։ Նա այնքան է սիրում մեր երկիրը, որ ցնցումների միջոցով իշխանության գալը համարում է անթույլատրելի։
- Օգոստոսի 7-ին մենք բոլորս լինելու ենք Վեհափառ Հայրապետի, Եկեղեցու կողքին:

