Բարիատրիկ վիրահատությունից հետո մարդն ազատվում է ոչ միայն ավելորդ քաշից, այլև շաքարային դիաբետից. Լևոն Գրիգորյան
Ճարպակալումը հիվանդություն է, որից փորձում են ազատվել տարբեր եղանակներով, դրանցից մեկն էլ բարիատրիկ վիրահատությունն է։ Այս մասին զրուցել ենք «Սլավմեդ» ԲԿ էնդոսկոպիկ ծառայության ղեկավար, ճարպակալման վիրաբույժ Լևոն Գրիգորյանի հետ։
– Բժիշկ, բարիատրիկ վիրահատությունը համարվում է ճարպակալումից երկար ժամանակով և արդյունավետ ազատվելու միջոց։ Ո՞րն է այդ վիրահատության արդյունավետության գաղտնիքը։
– Բարիատրիկ վիրահատությունը ճարպակալման բուժման ոլորտում էվոլյուցիոն գործողություն է, որովհետև ցավով պետք է ասեմ, որ այն դեռևս մնում է անգերազանցելի մեթոդ, իսկ մյուս կողմից, հուրախություն մեզ, այնուամենայնիվ, կան վիրահատություններ, որոնք կարող են քրոնիկական և կրկնվող պրոբլեմին տալ ավելի կայուն, տևական լուծում։
Ինչ վերաբերում է արդյունավետության գաղտնիքին, ապա բարիատրիկ վիրաբուժությունն արդեն կայացած գիտություն է։ Այն կոնկրետ մեկ վիրահատություն չէ, գործողությունների շարք է, որոնց ընտրությունը կատարում է վիրաբույժը և առաջարկում բուժառուին՝ կախված նրա առողջական խնդիրներից, ճարպակալման բնույթից, ուղեկցող հիվանդությունների քանակից։
– Ընդհանրապես ո՞ւմ է առաջարկվում վիրահատության այս տեսակը։
– Ներկայումս ճարպակալման բարիատրիկ վիրահատությունն առաջարկվում է առանց ցուցումների, և այստեղ գուցե շուկայական այն հարաբերությունն է գործում, որ պահանջարկը ծնում է առաջարկ և՝ հակառակը։ Ինձ շատ են դիմում բուժառուներ, ովքեր տեղեկացել են, որ կա մեթոդ, որը թույլ է տալիս զգալիորեն ձերբազատվել ավելորդ զանգվածից և ունենալ ավելի գեղեցիկ, կոկիկ տեսք, սակայն կան մարդիկ, որոնց դա ցուցված չէ։ Ռիսկերը պետք է գնահատել մինչև վիրահատությունը։
Եթե խոսում ենք ճարպակալման մասին, դա մարդու զանգվածի ինդեքսն է (body mass index (BMI))։ Հեշտ բանաձև է, կիլոգրամներով ցույց է տալիս մարդու քաշի հարաբերությունները։ Եթե այս ցուցանիշը 30+ է, մենք խոսում ենք ճարպակալման մասին։ Եվ եթե կա ճարպակալում ու այն սկսվում է 35 միավորից, պարզ է, որ այդ ճարպակալումը կարող է վիրաբուժական մեթոդի կիրառման համար ցուցում հանդիսանալ։ Եթե այն նվազ է 35-ից և չկան ուղեկցող խնդիրներ, ապա այն գտնվում է, այսպես կոչված, մոխրագույն զոնայում, և ցուցումները դեռ այնքան էլ հստակեցված, արդարացված չեն։ Սակայն, եթե բուժառուի մոտ կան մետաբոլիկ հիվանդություններ, որոնցից է շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշումը, լիբիդների փոխանակության խանգարումները, հենաշարժական համակարգի խնդիրները, օստեոարթրոզ, խնդիր է դրված պրոթեզավորման, առաջին աստիճանի ճարպակալման դեպքում վիրաբույժն իրավասու է առաջարկել այս մեթոդի կիրառությունը։

– Որոշ հոդվածներում նշվում է, որ վիրահատությունից հետո մարդիկ ազատվում են շաքարային դիաբետից, զարկերակային գերճնշման խնդրից։ Բայց այս հիվանդությունները քրոնիկ բնույթ չե՞ն կրում։
– Այո, դրանք քրոնիկ հիվանդություններ են, ճիշտ այնպես, ինչպես ճարպակալումը, որի հետ փոխկապակցված են բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում՝ իմ կողմից վերը նշվածները։ Նաև ապացուցված է, որ թվով 13 քաղցկեղային հիվանդությունների ռիսկերը մեծանում են ճարպակալմանը զուգընթաց և՝ ընդհակառակը, դրանց ռիսկերը նվազում են մարմնի զանգվածի նորմալացմանը զուգընթաց։
Եվ, այո, այդ քրոնիկ հիվանդությունները, որքան էլ ժամանակին թվում էր, որ անբուժելի են, եթե անգամ չխոսենք դրանց բուժման մասին, ապա ճարպակալման դեմ պայքարելով՝ մենք տեսնում ենք, թե որքան լուրջ հիվանդություններ ենք կարողանում դարձնել վերահսկելի, իսկ հաճախ ստանալ դրանց կայուն, անգամ ցմահ ռեմիսիա՝ այսինքն, հիվանդության վերացում կամ, գոնե, դրա արտահայտման ցուցանիշների նորմալացում։ Որովհետև մենք ունենք բազմաթիվ հիվանդներ, որոնց վիրահատել ենք 2-րդ տիպի շաքարային դիաբետի կապակցությամբ․ արյան մեջ շաքարի ցուցանիշը նախավիրահատական շրջանում անգամ ինսուլինաթերապիայի կիրառման արդյունքում հնարավոր չի եղել 18, 20 միավորից ավելի նվազեցնել։ Բայց մենք բազմիցս տեսել ենք, որ վիրահատությունից 1-4 ամիս հետո մարդիկ ընդհանրապես հրաժեշտ են տվել շաքարը կարգավորող դեղորայքների կիրառմանը։
– Ինչպե՞ս է կատարվում վիրահատությունը, ի՞նչ է արվում ստամոքսի հետ։
– Ինչքան էլ հայ հասարակությանը ներկայացնում են, որ վիրահատությունը միայն ստամոքսի վրա է կատարվում՝ այդպես չէ։ Կատարում ենք ստամոքսի բալոնավորումից մինչև ստամոքսի մասնահատում։ Դրանք ստամոքսաղիքային համակարգի վրա արվող վիրահատություններ են, հատկապես բարակ աղիքային համակարգի վրա, որը հնարավորություն է տալիս այս կամ այն ձևափոխության արդյունքում օրգանիզմում ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեն ընդունվող կալորիաների, արդեն իսկ ընդունված կալորիաների յուրացման նվազմանը։ Գործողությունների էությունը կայանում է նրանում, որ աղեստամոքսային տրակտի վրա փոփոխություններ կատարելով՝ նվազեցնում ենք ընդունվող սննդի քանակությունը, և բուժառուներն ուղղակի ֆիզիկապես հնարավորություն չեն ունենում ընդունել 50, 100 միլիլիտրից ավելի։
Եվ երկրորդ տիպի վիրահատությունները նաև հավելյալ ազդեցություն են գործում աղիքային համակարգի վրա, կարճացնում են մարսողական այն ուղին, որով պետք է անցնեին ընդունված սննդանյութերը և յուրացվեին 100 տոկոսով։ Բայց մեր գործողությունից հետո այդ յուրացումը նվազում է։ Կալորիաների մի մասն ուղղակի առանց յուրացվելու հեռանում է օրգանիզմից։ Օրգանիզմը սկսում է այրել իր սեփական ճարպերը, և ունենում ենք նիհարելու էֆեկտ։
Բայց այստեղ տեղի է ունենում օրգանիզմի նյութափոխանակության «ռեստարտ»՝ վերաթողարկում, և շատ տարբեր փոփոխություններ են տեղի ունենում, որոնք հետագայում բերում են այս իրավիճակի զգալի կարգավորման։
– Ասում եք՝ սկսում են քիչ ուտել, բայց արդյո՞ք ճարպակալումը միշտ կապված է շատ ուտելու հետ։
– Բնականաբար, ոչ։ Դրա համար բոլոր հիվանդները պետք է անցնեն հետազոտությունների համապատասխան փուլերը։ Պետք է վեր հանենք բոլոր հնարավոր, հավանական պատճառները, որոնք կարող են լինել ճարպակալման գործարկող մեխանիզմները։ Եթե այդպիսիք կան, բնականաբար, առաջին քայլը վիրահատությունը չէ, պետք է ստանան համապատասխան թերապիա՝ դեղորայքային, հոգեթերապիա և այլն։

– Պարբերաբար հոդվածներ են հրապարակվում, որ Հայաստանում ճարպակալումը բարձր մակարդակի վրա է, անգամ երեխաների մոտ է հանդիպում։ Նրանց և՞ս վիրահատում են։
– Ցավոք, հոդվածները ճիշտ են, ես ունեմ իմ սեփական հետազոտությունը։ Փորձեցինք պարզել, թե մեզ դիմածների քանի՞ տոկոսն ունի ուղղակի ճարպակալում, և տվյալներն ուղղակի ցնցեցին․ մոտ 45 տոկոսն ունի ճարպակալում։ Ցավալի ցուցանիշ է։ Երեխաների մասով պետք է ասեմ, որ, ցավոք, ճարպակալման թիվն այս տարիքային խմբում ևս զգալիորեն մեծացել է, և կան որոշ տվյալներ, որ անգամ հասնում է 45-50 տոկոսի։ Մանկական, պատանեկան տարիքում շատացել է նաև շաքարային դիաբետի հանդիպելիությունը, իսկ դա լուրջ հիվանդություն է, բավականին դժվար է վերահսկվում։ Խոսքը 2-րդ տիպի շաքարային դիաբետի մասին է։
Ինչ վերաբերում է վիրահատությանը, ապա, այո՛, համագործակցում ենք մանկական կլինիկաների հետ, մշակում մոտեցումներ, փորձում հարցին տալ համակարգային լուծում։ Վիրահատության մասին կարող ենք խոսել 12 տարեկանից սկսած։ Գործնականում ունենք դեռահասներ, ովքեր վիրահատվել են, գրանցվել են լավ արդյունքներ։
– Վիրահատությունից հետո մի շարք ցուցումներ կան, որոնց պետք է հետևեն, բայց երեխաների դեպքում բարդ չէ՞։
– Դա հարցերից մեկն է։ Այդ պատճառով բալիկների հետ պետք է համապատասխան մասնագետները զրուցեն, բացատրեն։ Եղել են դեպքեր, որ ծնողներ են դիմել՝ ասելով, որ որոշում են կայացրել, այլ տարբերակ չկա, երեխան պետք է վիրահատվի։ Այո՛, կարևոր է վիրահատությունը, բա հետո՞ն։ Կարևոր է, որ երեխան պատրաստ լինի, և դրա մասին զրուցում ենք։
– Մեծահասակների դեպքում ի՞նչ ցուցումներ կան, և արդյո՞ք բոլորը հետևում են։
– Հաճախ զարմանում եմ, երբ ինձ դիմում են բուժառուներ, ովքեր վիրահատվել են այլ տեղերում և ասում են, թե՝ մենք դեղորայքային, հետվիրահատական ցուցումներ չենք ստացել։ Սա անընդունելի է, որովհետև եթե խոսում ենք ճարպակալման բուժման մասին, պետք է հասկանանք, որ այն վիրաբույժը, ով հանձն է առնում անգամ խոսել այս թեմայի շուրջ, առավել ևս՝ վիրահատական գործողություն առաջարկել և կատարել, պարտավոր է հետվիրահատական շրջանում ևս բուժառուին տալ այն բոլոր խորհուրդները, որոնք անհրաժեշտ են այդ շրջանն ավելի անցնցում անցնելու համար։ Խորհուրդների ցանկում ընդգրկված է ուտելու ձևից մինչև վիտամինային, սննդային աջակցություն։ Շատ ժամանակ բուժառուները թերանում են այդ խորհուրդները կատարելու հարցում, և մենք պարտավոր ենք հսկել այդ մարդկանց։ Բնականաբար, ոչ մեկի տուն չենք գնա, բայց ունենք ուղեցույց, որի համաձայն՝ կանչում ենք բուժառուներին։
– Խորհուրդներից մեկն է՝ շուտ-շուտ ուտել, բայց քիչ-քիչ։ Բայց առօրյայում անգամ չվիրահատված մարդիկ չեն կարող այդպես ապրել։ Այս դեպքում էլի ճարպակալո՞ւմ կլինի։
– Համաձայն չեմ, որովհետև եթե ուզում ենք գրանցել հաջողություն, եթե ունենք խնդիր, որի լուծման համար դիմել ենք մասնագետի, ով իրականացրել է գործողություն, որն այսօրվա դրությամբ համարվում է առավել արդյունավետ տարբերակը՝ խնդրի լուծման համար, ապա ցանկացած բուժառու պետք է ունենա նաև պատասխանատվություն՝ հետևել ցուցումներին։ Պետք է հասկանանք՝ հնարավոր չէ, որ բժիշկը քայլի կամ ուտի բուժառուի փոխարեն։
Բացարձակ խնդիր չէ՝ օրվա մեջ 15 րոպե 2, 3 կամ 5 անգամ 2 գդալ ինչ-որ բան ուտել։ Մնացածը, հավանաբար, պատասխանատվությունից խուսափելու, սեփական գործողությունները չանելու պատճառաբանություններ են։
– Վիրահատությունն ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել մարդու համար․ ռիսկերը որո՞նք են։
– Եթե չկան ցուցումներ՝ գործողություն չի կարելի անել։ Ցավոք, նման իրավիճակներ տեսել ենք։ Այսպիսի լավ խոսք կա, որը միշտ շատ եմ սիրել ու կսիրեմ մինչև իմ կյանքի վերջին օրը, երբ դեռ աշխատում եմ՝ որպես ակտիվ վիրաբույժ․ «Ամենալավ վիրահատությունն այն վիրահատությունն է, որից հնարավոր է խուսափել»։ Եթե կան չվիրահատվելու տարբերակներ, իհարկե, պետք է չվիրահատվել։ Եթե չկան վիրահատվելու ցուցումներ՝ չպետք է մտածել վիրահատության մասին։
Կան կյանքին սպառնացող ռիսկեր, որոնցից ամենախիստ արտահայտվածը և վտանգավորը մահն է, և ցանկացած վիրահատության ժամանակ կարող է գրանցվել բուժառուի մահ։ Կարող են լինել ալերգիկ ռեակցիաներ, անբացատրելի իրավիճակներ՝ սրտի կանգ, սրտամկանի ինֆարկտ, ներվիրահատական արյունահոսություններ, բորբոքային խնդիրներ և այլն։

– Հնարավոր բարդություններից է սակավարյունությունը, վիտամինների պակասը։
– Այո, հնարավոր բարդություններից մեկը սակավարյունությունն է, ավելի հաճախ դա պայմանավորված է երկաթի դեֆիցիտով, վիտամին B12-ի անբավարարությամբ, և այստեղ, երբ խոսում ենք վիտամինների տեսակների մասին, պետք է հստակ նշենք, որ եթե խոսում ենք մասնահատման մասին, բարդության ռիսկը շատ ավելի ցածր է, եթե խոսում ենք շունտավորման՝ շրջանցող գործողությունների մասին, ապա ավելի բարձր է։ Երկուսի դեպքում էլ վիտամինաթերապիան պարտադիր է։ Հետազոտությունները, հետվիրահատական հսկողությունը պարտադիր են, որպեսզի սակավարյունությունը չհասնի կրիտիկական թվերի, և մենք կարողանանք կանխարգելել։
Եթե մենք անում ենք շունտավորման գործողություններ՝ բուժառուները պետք է պատրաստ լինեն, որ ամբողջ կյանքում և ամենօրյա ռեժիմով անհրաժեշտ է ընդունել այդ վիտամինները։ Մասնահատումների դեպքում նույնպես պետք է ընդունեն, բայց դա անհատականացված մոտեցում է։
– Արագ նիհարելու միջոց է համարվում լապարասկոպիկ վիրահատությունը։ Արդյո՞ք այդպես է։
– Ոչ, այդպես չէ։ Լապարասկոպիան ուղղակի մեթոդի կիրառությունն է։ Կարող եմ ասել, որ 100 տոկոս դեպքերում իմ կողմից կատարված բարիատրիկ վիրահատություններն անցել են լապարասկոպիկ եղանակով։ Դրանք սովորաբար 3,4 կամ 5 անցքից կատարվող գործողություններ են, իսկ լապարասկոպիան ընդամենը վիրահատական եղանակ է և, կարող եմ ասել, հեղափոխական եղանակ է բժշկության մեջ, որովհետև հնարավորություն է տալիս խուսափել մեծ կտրվածքներից, որոնք էլ ավելի կարող են մեծացնել վերը նշված բարդությունների քանակը։
Ասեմ ավելին՝ պատրաստվում ենք ռոբոտային վիրաբուժության, որը հնարավորություն է տալիս էլ ավելի ճշգրիտ և նուրբ աշխատել հյուսվածքների հետ։ Որովայնի խոռոչում չկան վիրաբույժների ձեռքեր, մեծ գործիքներ, չենք ճզմում օրգանները, իսկ ռոբոտային վիրաբուժությունն էլ ավելի նրբություն է ապահովում, արագ ապաքինում։
– Վիրահատության դիմողները սովորաբար իրենց արտաքին տեսքի՞, թե՞ առողջության մասին մտածելով են դիմում։
– Գնալով ավելի շատանում են այն մարդիկ, ովքեր գիտակցում են, որ ճարպակալումը հիվանդություն է, և սրա հետ կապված հիվանդություններն են բուժառուին, ընտանիքի անդամներին ստիպում, որ գան բարիատրիկ վիրաբույժի մոտ։ Բայց այո, իհարկե, գեղեցկությունը հետին պլանում չէ, և մարդիկ մտածում են նաև դրա մասին։ Երևի թե գնալով շատանում է առողջության հետ կապված դեպքերի դիմելիությունը։
– Նրանց, ում վիրահատել եք, խորհուրդ եք տալիս այլևս սև զգեստ չկրել։ Հաշվե՞լ եք, թե քանի հոգու կյանքի գույնն եք վերադարձրել։
– Իրականում չեմ հաշվել։ Բուժառուների քանակը մեծ է։ Համոզված եմ, որ առողջացած և գունավորված կյանքերով մարդկանց քանակը կարողանալու ենք էլ ավելի շատացնել։ Շատ ժամանակ բուժառուներն իրենք են փոխվում։ Նրանց կյանքը նոր գույներ է ստանում, և երբ տեսնում եմ, որ նրանց կյանքն այլ գույների մեջ է, բայց շարունակում են մնալ սև զգեստների մեջ՝ այդ խորհուրդը տալիս եմ։ Կարծում եմ, որ մարդը պետք է գունափոխի իր կյանքը, լինի ուրախ գույների մեջ։ Մեր ազգը շատ է տառապել, և չեմ ցանկանում, որ իմ որևէ բուժառու շարունակի մնալ տառապանքի գույների մեջ, ու փորձում եմ իմ թիմի հետ ամեն ինչ այնպես անել, որ թե՛ կյանքի, թե՛ առողջության գույներն ավելի վառ լինեն։

