Զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, ցավազրկող դեղը՝ երիկամային հիվանդության պատճառ․ ի՞նչ անել
Երիկամային հիվանդությունը հաճախ մնում է չախտորոշված և հայտնաբերվում է միայն այն ժամանակ, երբ երիկամներն արդեն ծանր և անդառնալի ախտահարված են, իսկ բուժումն այլևս լիարժեք չէ։ «Արաբկիր» ԲՀ մեծահասակների երիկամաբանության ծառայության բժիշկ Նանե Ալեքսանյանի հետ զրուցել ենք հիվանդության և բուժման եղանակների մասին։

– Գաղտնիք չէ, որ մարդիկ ունենալով երիկամային հիվանդություն՝ երկար տարիներ չեն հասկանում, որ այն առկա է։ Երիկամային ի՞նչ հիվանդություններ կան, և ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ կա խնդիր։
– Երիկամային հիվանդությունները տարբեր են։ Ցավոք, երիկամները համարվում են լուռ օրգաններ, և չկան սպեցիֆիկ ախտանշաններ, որ բնորոշ կլինեն միայն երիկամային հիվանդություններին։ Բայց արյունամիզությունը, փրփրոտ մեզի առկայությունը բնորոշ են երիկամներին։ Կարող է լինել նաև ոտքի, դեմքի այտուց, ջերմություն, գոտկային շրջանի ցավ։ Երբ երիկամներն այտուցվում են չափերով՝ պատիճը ձգվում է, դրանից ցավ է առաջանում։ Քարի տեղաշարժի դեպքում ևս ցավ կարող է առաջանալ։
– Երբեմն մարդիկ երբ ունենում են մեջքի ցավ՝ դա կապում են նյարդերի կամ մրսածության հետ, բայց արի ու տես, որ կարող է երիկամային քարերի հետ կապ ունենալ։
– Այո, երիկամային քարերի և այլ սուր պաթոլոգիաների հետ կարող է կապ ունենալ։
– Որո՞նք են ամենատարածված երիկամային հիվանդությունները։
– Ամենատարածվածը ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի հետ կապված հիվանդություններն են։ Զարկերակային հիպերտենզիան ազդում է ոչ միայն սիրտ-անոթային համակարգի վրա, այլև մնացած բոլոր օրգան-համակարգերի, այդ թվում՝ երիկամների վրա։ Առաջանում է հիպերտոնիկ նեֆրոպաթիա։ Երիկամները համարվում են լավ անոթավորված օրգաններ, իսկ շաքարային դիաբետն ազդում է ամբողջ անոթային համակարգի վրա և առաջանում է դիաբետիկ նեֆրոպաթիա հիվանդությունը։
– Այսինքն, մարդիկ, ովքեր ունեն զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, եթե դեղ չօգտագործեն՝ երիկամի խնդի՞ր է առաջանալու։
– Շատ հնարավոր է։ Կան մարդիկ, ովքեր ունեն դիաբետ և հսկում են, անոթի ախտահարում չի լինում, հետևաբար՝ երիկամային հիվանդությունը՝ ևս։ Սակայն, եթե հսկողություն չկա, հնարավոր է, որ երիկամային բարդություններ առաջանան։
– Երիկամային հիվանդություններից է երիկամի պոլիկիստոզը, այն ժառանգակա՞ն է։
– Համարվում է ժառանգական հիվանդություն։ Դոմինանտ կերպով է ժառանգվում և ախտանշանները հիմնականում ի հայտ են գալիս 30 տարեկանից հետո։ Սկսում է 1-2 կիստա առաջանալ, և տարիների ընթացքում շատանում են։ Դրանք ոչ միայն երիկամներում, այլև մյուս օրգաններում ևս կարող են լինել, մասնավորապես՝ լյարդում։ Բարդություն կարող են առաջացնել անոթների անևրիզմաները, որոնք շատ վտանգավոր են համարվում, հատկապես, եթե լինեն ուղեղային անոթներում։

– Ժառանգական համարվո՞ւմ է երիկամային քարերի հիվանդությունը։
– Ժառանգական ասելը բարդ է, որովհետև երիկամային քարերը տարբեր տեսակի են լինում՝ կալցիումական, միզաթթվային, ինֆեկցիոն, ցիստինային։ Դրանք ուղղակի ժառանգման ձևով չեն առաջանում, ունեն ռիսկի ֆակտորներ, որոնց դեպքում կարող են առաջանալ։ Օրինակ, սխալ սննդակարգը կարող է առաջացնել տարբեր տեսակի քարեր։ Մարդիկ, ովքեր սիրում են սպորտով զբաղվել և շատ սպիտակուցային սնունդ են օգտագործում, այն կարող է միզաթթվային քարեր առաջացնել։ Կամ՝ վիտամին D-ի չափից ավելի շատ օգտագործումը, կալցիումը շատանում է ու կարող են առաջանալ կալցիումական քարեր։
Ընդհանրապես երիկամները շատ են հեղուկ սիրում, եթե այն քիչ է և աղ շատ են օգտագործում, դա բերում է կալցիումական աղերի առաջացման ռիսկի։
– Երիկամի քարերը երիկամային անբավարարության հանգեցնո՞ւմ են։
– Ստրուվիտային՝ ինֆեկցիոն քարերը չափերով մեծ են լինում և կարող են առաջացնել, բայց առաջնային չեն համարվում անբավարարություն առաջացնելու առումով։
– Մարդիկ, ովքեր նստած ժամանակ ոտքերը շատ են շարժում, ասում են՝ ունեն երիկամի խնդիր, այդպե՞ս է։
– Դա կոչվում է անհանգիստ ոտքերի համախտանիշ։ Այն միայն երիկամների հետ կապելը սխալ կլինի, բայց եթե ունի երիկամային անբավարարություն, ապա դա բարդություններից մեկն է։
– Երևանյան հիվանդությունը ևս հանգեցնո՞ւմ է երիկամային խնդրի։
– Այո, ցավոք, առաջացնում է։ Երևանյան կամ պարբերական հիվանդությամբ տառապողների թիվը, ցավոք, ՀՀ-ում շատ է։ Եթե բուժառուն չի օգտագործում «Կոլխիցին», ապա պարբերաբար առաջացող բորբոքման հետևանքով առաջանում է բորբոքային սպիտակուց, որը նստում է տարբեր օրգան-համակարգերում, այդ թվում՝ երիկամներում, ու առաջանում է երիկամային անբավարարություն։

– Շա՞տ են երիկամային անբավարարություն ունեցողները, թե՞ վաղ բացահայտվում է խնդիրը։
– 1000 հոգի Հայաստանում ստանում է հեմոդիալիզ։ Այսինքն, երիկամային անբավարարությունը հասել է վերջնակետին, չի կարողանում նորմալ ֆիլտրել արյունը, կատարել մնացած ֆունկցիաները։
Իսկ մնացած բուժառուները, ովքեր ունեն տարբեր փուլերի երիկամային անբավարարություն, կարելի է ենթադրել, որ շատ են, որովհետև թե՛ շաքարային դիաբետը, թե՛ զարկերակային հիպերտենզիան տարածված հիվանդություններ են։
– Հեմոդիալիզը մշտապե՞ս է կատարվում։
– Երիկամ փոխարինող թերապիան բաժանվում է մի քանի խմբի․ դա հեմոդիալիզն է, երիկամի փոխպատվաստումը և պերիտոնիալ դիալիզը։ Որպեսզի հասկանանք՝ մեկ անգա՞մ է դիալիզը, մի քանի անգա՞մ, թե՞ ամբողջ կյանքի համար, պետք է հասկանալ՝ բուժառուն ունի սուր երիկամային անբավարարությո՞ւն, թե՞ քրոնիկ։ Եթե սուր է և այնպիսի ցուցանիշ է, որ կարելի է երիկամին օգնել, որպեսզի աշխատի, կարող է մի քանի սեանս կատարվի ու հեմոդիալիզից բացի, այլ բուժում կատարելով՝ սուր վիճակը բուժվի։ Իսկ, եթե քրոնիկ երիկամային անբավարարություն է, որը համարվում է երեք ամսից ավելի երիկամի ֆունկցիայի տուժում, ի տարբերություն սուրի, որը մինչև երեք ամիսն է, ապա, ցավոք, ծրագրային հեմոդիալիզ է պետք լինելու։ Բուժառուն ստանում է շաբաթական երեք անգամ՝ 3-4 ժամ, ըստ իր ինդիվիդուալ ցուցանիշների։
Իդեալականը երիկամի փոխպատվաստումն է։ Լավանում է կյանքի որակը։ Հեմոդիալիզը միայն ֆիլտրացիան է փոխարինում, իսկ երբ փոխպատվաստում է կատարվում, ապա երիկամի ամբողջ ֆունկացիան վերականգնվում է։

– Փոխպատվաստում կատարելու համար դոնոր գտնել է պետք, հե՞շտ է։
– Կենդանի և դիակային դոնորություն կարող է լինել օրենքով, բայց դիակայինի համար ծրագիրը դեռ չի գործում, իսկ ազգակցական կամ կենդանի դոնորությունն արվում է։ 1990-ականներին մոտ 20 բուժառու դիակային փոխպատվաստում է անցել, բայց 2002 թվականից ակտիվորեն կատարվում է կենդանի երիկամի փոխպատվաստում։ Ընդհանուր հաշվով մոտ 300 հոգի փոխպատվաստվել է մինչ օրս։
– Որպեսզի մարդիկ չհասնեն դիալիզի՝ ի՞նչ չպետք է անեն կամ ի՞նչ անեն։
– Շատ է խրախուսվում հեղուկների օգտագործումը։ Հայաստանում շատ է նկատվում, որ տարբեր ցավերի դեպքում օգտագործում են ցավազրկող դեղորայք՝ գլխացավ, ոտքի ցավ, իսկ ցավազրկող դեղորայքը երիկամի համար մեկ թշնամիներից է։ Ցավազրկողներ, հակաբիոտիկներ քիչ պետք է օգտագործել։ Բացասաբար ազդում են ոչ միայն երիկամների, այլև մյուս օրգան-համակարգերի վրա։
– Երիկամաբաժակային ավազանը մաքուր պահելու համար խորհուրդ են տալիս մասուրի հյութ, հապալաս։ Ճի՞շտ է։
– Ավելի շատ ավանդական մեթոդներ են։ Հակառակը՝ մասուրի մազիկները բացասական ազդեցություն կարող են ունենալ։ Դրա համար հատուկ այն օգտագործելու որևէ հիմք չունենք։
