«Ադրբեջանն այդ թեզն օգտագործում է իր դիրքերը բարելավելու համար. այս կարկանդակ ուտողները կվերցնեն իրենց գլուխը ու կփախնեն, ասելով՝ ժողովուրդ, դու ինչպես ուզում ես, քո հարցերը լուծիր». Աշոտ Սևյան

Մոտ երկու շաբաթ առաջ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ հայտարարել էր՝ ՀՀ-ում տեղի են ունեցել նոր ներխուժումներ, ինչը Հայաստանի իշխանությունը թաքցրել է հանրությունից։

Արման Թաթոյանը լուսանկարներով ներկայացրել էր այդ ներխուժումների վայրերը՝ Վայոց ձորում՝ Ջերմուկում և Գեղարքունիքի մարզում։ Թշնամու դիրքերի փոփոխություններն, ինչպես ասել էր նա՝ այս ամենը տեղի է ունեցել 2025 թվականի օգոստոսին։

Չնայած օրեր անց Պաշտպանության նախարարն ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փորձեց հերքել արբանյակային լուսանկարները։

Արցախյան պատերազմների մասնակից, չարեքթարցի Աշոտ Սևյանը խոսելով  ներկայացված այս փաստերի մասին՝ նկատեց՝ նորություն չէր, որ Ադրբեջանն այդքան խորանալով ՀՀ տարածքում, իր դիրքերն առաջ է տալու ու բարելավելու է։

Կարդացեք նաև

«Այս ամենով հանդերձ, մինչև հիմա էլ Ադրբեջանն ասում է՝ գնում ենք «խաղաղության», այս արտահայտությունն օգտագործելով՝ ՀՀ տարածքում իր դիրքերն ավելի է բարելավում։ Խաղաղության գնում են այն պետության հետ, երբ վստահ են, որ դիմացինը պատասխան է տալու, բայց Հայաստանի պարագայում իշխանության ղեկին այնպիսի մարդիկ են, որ ինչ պահանջում է Ադրբեջանը, սրանք  սուսուփուս տալիս են, նրանց ինչի՞ն է պետք խաղաղությունը։

Իհարկե, բոլորս էլ խաղաղություն ուզում ենք, բայց տվյալ պարագայում ասել եմ ու կասեմ՝ Ադրբեջանի հետ խաղաղություն չի լինելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Սևյանը։

Ըստ ազատամարտիկի, եթե ՀՀ-ում նորմալ իշխանություն լիներ, հետևեր Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հայտարարություններին ու հռետորաբանությանը, ապա հստակ կգիտակցեր՝ այդ ամենը խաղաղության գնացող երկրի ղեկավարի խոսույթ չէ։

«Պատկերացրեք, Ալիևն արդեն ասում է՝ «Թավրիզն Ադրբեջանի մասնիկն է»։ Հասկանում ենք, իր չափերից մեծ է խոսում, բայց նրան դրդում են, թե ինչպես խոսի, նա իր թիկունքին ունի աջակիցներ։ Ասում եմ՝ չի լինելու ո՛չ այդ խաղաղությունը, ո՛չ էլ «Թրամփի ուղին», այս ամենը Կառավարության կողմից ժողովրդին մատուցվող միֆեր են։ Նիկոլ Փաշինյանին հրահանգել ու ասել են՝ գնա ժողովրդին զբաղեցրու, նա էլ կարկանդակ ուտելով՝ զբաղեցնում է, ուղղակի այլ ելք չունի։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, թե հայ ազգի դեմ ինչ է արել, դրա համար ատամներով իր աթոռը պետք է պահի, որպեսզի մնա իշխանության։

Իշխանության պահելը կլինի խաբելո՞վ, «խաղաղության ենք գնում» քարոզելո՞վ, թե՞ այլ մանիպուլյացիաներով, արդեն կարևոր չէ նրա համար։ Այս ամենն արդեն ծիծաղելի է։ Հակառակ դեպքում, այս կարկանդակ ուտողները կվերցնեն իրենց գլուխը ու կփախնեն՝ ասելով՝ ժողովուրդ, դու ինչպես ուզում ես, քո հարցերը լուծիր»,- հավելեց Աշոտ Սևյանը։

Ազատամարտիկը վստահ է՝ եթե, օրինակ, 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ Իրանի դիրքորոշումն Արցախի վերաբերյալ այլ լիներ, այսօր Միացյալ Նահանգներն ու Իսրայելն այսպես հեշտ չէին հարձակվի Իրանի վրա, Ալիևն էլ Իրանի մի մասը չէր համարի ադրբեջանական տարածք։

«Գուցե մտածեք՝ մի քիչ ամպագոռգոռ բաներ եմ ասում, բայց ճշմարտությունն եմ ասում՝ ամեն ինչ սկսվեց Արցախից։ Այս ամենը միջոց էր Իրանին «բլոկադայի» ենթարկելու համար, հավանաբար թուրք-ադրբեջանական տանդեմն Իրանին համոզել է, դիվանագիտություն բանեցրել, թե Ջրականը, Ֆիզուլին կտրամադրեն Իրանին բազաներ կառուցելու համար։

Միացյալ Նահանգներին էլ համոզել են, թե «Զանգեզուրի միջանցք» բացեք՝ զորքը Նախիջևանով կգա Իրանի վրա։ Քարտեզին նայելով հասկացել են, էլի, ինչ քայլեր են անում։ Եթե այսօր Արցախը լիներ, Հայաստանը երբեք «Թրամփի ուղու» մասին չէր մտածի։ Արցախը տեղում լիներ, Ալիևն իր գլուխն այսքան չէր բարձրացնի, հռետորաբանությունն այսպես չէր լինի։

Չգիտեմ, Արցախի պատերազմի ժամանակ Իրանը, Ռուսաստանը մտան «խաղի» մեջ, հակառակ դեպքում, Իրանի դեմ այս պատերազմը կարող էր հետաձգվել։ Գուցե վախեցել են խառնվել, չգիտեմ՝ ինչո՞ւ էին նման դիրքորոշում բռնել։ 2022 թվականից արդեն պարզ էր, որ Արցախը գնաց այ հենց այս սիստեմայի համար՝ ցամաքային հարձակումների համար»,- ընդգծեց Աշոտ Սևյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից Միացյալ Նահանգները և Իսրայելը ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ, երկուստեք արդեն կան բազմաթիվ զոհեր։

Տեսանյութեր

Լրահոս