Թուրքիայում տարեց բնակչության թիվը հասել է 9.5 միլիոնի
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2025-ի տարեցների վիճակագրության վերաբերյալ տվյալներ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ Թուրքիայում 65 տարեկան և բարձր բնակչության թիվը վերջին 5 տարվա ընթացքում զգալիորեն աճել է՝ հասնելով 9 մլն 583.000-ի։ 2020-ին տարեց բնակչության թիվը կազմել էր 7 մլն 953. 555։ Միջանկյալ նշենք, որ Թուրքիայի բնակչությունը կազմում է 86 մլն։
Ըստ հրապարակված տվյալների՝ տարեց բնակչության 44.7%-ը կազմում են տղամարդիկ, իսկ 55.3%-ը՝ կանայք։ Բացի այդ նշվել է, որ կանայք տղամարդկանցից ավելի երկարակյաց են ու նրանց կյանքի միջին տևողությունը հաշվարկվել է 78.1 տարի։ Տարեց բնակչության տարիքային խմբերի բաշխման մեջ 65-74 տարիքային խումբն ունի ամենամեծ մասնաբաժինը՝ 62.9, 75-84 տարիքային խումբը կազմում է 29.3%, իսկ 85 և բարձր բնակչությունը՝ 7.8%։ Թուրքիայում 100 տարեկան և բարձր մարդկանց թիվը 2025-ին կազմել է 8290:
Ըստ Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ)` տվյալների տարեց մարդիկ կազմում են աշխարհի բնակչության 10.4%-ը, իսկ Թուրքիան տարեց բնակչության համամասնությամբ 194 երկրների շարքում զբաղեցնում է 75-րդ տեղը։



