Բաժիններ՝

Ճարպակալում. բուժման նպատակների նոր հեռանկար

Ճարպակալման եվրոպական կոնգրեսում ներկայացված հետազոտության համաձայն՝ ճարպակալման բուժման մոտեցումներում հարկավոր է փոխել շեշտադրումը։ Պետք է մտածել ոչ թե քաշի նվազեցման ուղղությամբ, այլ, թե ինչպիսին է տվյալ անձի կյանքի որակը, ֆունկցիոնալ վիճակը, ընդհանուր ինքնազգացողությունը, և փորձել այն կարգավորել:

Ըստ հետազոտության հեղինակների՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախ առողջական վիճակի բարելավում է նկատվել այն մարդկանց շրջանում, որոնք քաշի քիչ կորուստ են ունեցել, բայց փոխել են կյանքի որակը։ Դա ավելի նկատելի է հատկապես այն անձանց մոտ, ովքեր ունեցել են ուղեկցող հիվանդություններ։ Խոսքը վերաբերում է զարկերակային ճնշմանը, գլյուկոզայի մակարդակին, լիպիդային պրոֆիլին, քնին, շարժունակությանը և այլ ցուցանիշներին:

Վերլուծությունները վկայում են ճարպակալման բուժման հաջողության չափանիշների վերանայման անհրաժեշտության մասին: Մարմնի զանգվածի որոշակի տոկոսով նվազեցման միակ նպատակի փոխարեն՝ առաջարկվում է օգտագործել համալիր, ավելի անհատականացված գնահատման համակարգ՝ մետաբոլիկ ցուցանիշների դինամիկան, բարդությունների արտահայտվածության նվազումը, առօրյա ֆունկցիոնալության մակարդակի բարձրացումը, ինքնազգացողության և կյանքից բավարարվածության սուբյեկտիվ գնահատականը: Նման մոտեցումը կարող է բուժումը դարձնել ավելի նշանակալից և կայուն:

Հետագայում նախատեսվում է մշակել ճարպակալման թերապիայի մոնիթորինգի կառուցվածքային համակարգ, որը կներառի՝ ինչպես օբյեկտիվ կլինիկական ցուցանիշներ, այնպես էլ՝ հենց պացիենտների սուբյեկտիվ գնահատականները՝ էներգիայի մակարդակը, ֆիզիկական ակտիվության կարողությունը, մասնակցությունը սոցիալական կյանքին, էմոցիոնալ վիճակը:

Կարդացեք նաև

Ըստ հեղինակների՝ այս եզրակացությունները ստիպում են նորովի նայել առօրյա կլինիկական պրակտիկային: Հաճախ կրկնակի այցի ժամանակ՝ մեկ կամ երկու ամիս անց, բժիշկները սևեռվում են քաշի սպասված դինամիկայի բացակայության կամ «չափազանց դանդաղ» արդյունքի վրա՝ աչքաթող անելով այլ կարևոր փոփոխություններ:

«Փորձելով լինել օբյեկտիվ՝ բժշկական մասնագետները երբեմն չեն նկատում առաջընթացը, եթե այն արտահայտված չէ կիլոգրամներով: Դրանով իսկ ակամա փոխանցվում է անհաջողության զգացողություն, ինչը կարող է ապամոտիվացնել պացիենտին:

Ճարպակալման բուժման մեջ պացիենտակենտրոն մոտեցումը սկսվում է ընդունելության ժամանակ ուշադրության կենտրոնի փոփոխությունից: Կարևոր է տալ հետևյալ հարցերը. «Ի՞նչ է փոխվել Ձեր ինքնազգացողության մեջ: Ի՞նչն է դարձել մի փոքր ավելի հեշտ: Ի՞նչ նոր սովորություններ է հաջողվել ներդնել»,- գրում է medspecial.ru-ն։

Հաջողության չափանիշներն արժե ձևակերպել պացիենտի հետ համատեղ, որպեսզի նա զգա առաջընթացը նույնիսկ քաշի նվազագույն փոփոխությունների դեպքում: Չէ՞ որ կայուն դրական փոփոխությունները միշտ չէ, որ անմիջապես երևում են կշեռքի վրա, բայց հենց դրանք են, ի վերջո, հանգեցնում կյանքի որակի բարելավմանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս