Համաշխարհային պատերազմ է. թուրքերը հարմար առիթի են սպասում Սյունիքը Հայաստանից կտրելու համար. Ավետիք Քերոբյան
Փաշինյանի վարչախումբն ի սկզբանե հրաժարվել է որևէ ռազմավարությունից, մասնավորապես՝ կապված Հայաստանի ազգային անվտանգության հետ։ Փաշինյանի իշխանության գործելաոճը ռազմավարական անկարողությունն է։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման վարչության անդամ, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ (2018-2020 թթ.) Ավետիք Քերոբյանը՝ խոսելով նախորդ օրը «ՀայաՔվե»-ի ներկայացրած ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգի և Հայաստանի անվտանգության սպառնալիքների թեմայի շուրջ։

Ավետիք Քերոբյանը հիշեցնում է, որ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության փաստաթուղթը վերջին անգամ ընդունվել է հեռավոր 2007 թվականին, իսկ 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմից մի քանի ամիս առաջ, Նիկոլ Փաշինյանի վարչակազմի կողմից հրապարակված՝ նույն վերտառությամբ փաստաթուղթը չի ստացել իրավական կարգավիճակ։
Քերոբյանի խոսքով՝ «ՀայաՔվե»-ն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության իր առաջարկած հայեցակարգում որդեգրել է ազգային շահերի մի համախումբ՝ որպես հիմնաքար հարատև անվտանգության և հարատև հայկական պետություն կառուցելու։ Այս ռազմավարությունը մշակելով, ինչպես ինքն է նշել հայեցակարգի ներկայացում-շնորհանդեսի ժամանակ, իրենք նպատակ ունեն «սեղանի շուրջ ուտելիքից վերածվելու ուտողի, խոսակցության թեմայից վերածվելու խոսակցություն վարողի»։
Ինչպես մեկնաբանում է Ավետիք Քերոբյանը՝ հայեցակարգում նշվում է տարածաշրջանային բախումների հավանականության աճը և Հայաստանի տարածքի՝ այդ բախումների թատերաբեմ դառնալու հավանականությունը՝ որպես արտաքին սպառնալիք։
Այս համատեքստում խոսելով ԱՄՆ-Իսրայել-Իրան արդեն երկու շաբաթ շարունակվող ռազմական գործողությունների և դրանցից բխող սպառնալիքների մասին՝ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի նախկին ղեկավարն ընդգծեց, որ գործ ունենք լայնածավալ պատերազմի հետ։
«Սա իրական պատերազմ է։ Միացյալ Նահանգները և Իսրայելը չկարողացան հասնել իրենց առաջնային նպատակին, այն է՝ փոխել ռեժիմը, և լրիվ հակառակը տեղի ունեցավ՝ զառամյալ առաջնորդի փոխարեն՝ իշխանության եկավ վրեժի ծարավով լցված և ի սկզբանե ռադիկալացված նոր առաջնորդ։ Մենք գործ ունենք վրեժի ծարավով լցված իշխանության հետ, և դատելով, թե ինչ է տեղի ունենում՝ Միացյալ Նահանգների ու Իսրայելի նպատակներին հակառակ իրավիճակ է, և այս հարձակմանը զուգահեռ՝ Իրանում տեղի է ունենում ներքին շատ ուժեղ համախմբում»,- նշում է զրուցակիցը։
Քերոբյանի գնահատմամբ՝ Իրան-ԱՄՆ-Իսրայել հակամարտությունը «մեծ պատերազմի» էլեմենտ է։ Նա կարծում է, որ իրանա-իսրայելյան հակամարտությունը, Լիբիան, Լիբանանը, Սիրիան, Իրաքը, Եմենը, Հնդկաստան-Պակիստանը, Հնդկաստան-Չինաստանը, Ռուսաստան-Ուկրաինան և մյուս հայտնի հակամարտությունները բավարար են այս ամենը համաշխարհային պատերազմ կոչելու։
«Հաշվի առնելով, թե ինչ է տեղի ունենում աշխարհում Միացյալ Նահանգների մասնակցությամբ, արդեն համաշխարհային պատերազմ է, որը դեռ չի ընդունել այն ձևը, որը մենք կոչում էինք Համաշխարհային պատերազմ, այսինքն՝ մեծ կոալիցիաներ չեն ձևավորվել և այդ կոալիցիաները չեն բախվում իրար հետ, բայց դրա հերթն էլ կգա»,- եզրակացնում է փորձագետը։
Մեր զրուցակցի տվյալներով՝ Չինաստանը շատ լրջորեն պատրաստվում է հակամարտության Միացյալ Նահանգների հետ։

Ավետիք Քերոբյանը հստակ վտանգներ է տեսնում իրանական պատերազմի հետնապատկերին։ Քերոբյանի խոսքով՝ թուրքերը հարմար պահի են սպասում Սյունիքը Հայաստանից կտրելու։ Ըստ նրա՝ Թուրքիան և Ադրբեջանը մեծ հավանականությամբ կներգրավվեն Իրանի դեմ ցամաքային գործողության մեջ, եթե Միացյալ Նահանգները և Իսրայելն այդպիսի պահանջ դնեն նրանց առջև։
«Թուրքիան շատ հմուտ դիվանագիտական խաղ է խաղում՝ ինչպես միշտ, թեև պարզ է, որ Թուրքիայի ռազմական ենթակառուցվածքը ցանկացած պահի կարող է օգտագործվել Իրանի դեմ հարձակումը մեծացնելու համար, և ես կարծում եմ, որ իրենք կմտնեն Իրանի դեմ պատերազմի մեջ, եթե հաշվարկեն, որ կարող են դա մարսել, այսինքն՝ դա իրենց վնաս չի պատճառի կամ՝ այնպիսի վնաս, որն ընդունելի չլինի։ Մեզ համար այստեղ հստակ վտանգ կա. եթե հյուսիսային և արևմտյան ճակատներ բացվեցին Իրանի դեմ ցամաքային պատերազմում, ապա Հայաստան-Իրան կարճ սահմանը Թուրքիան, շատ հավանական է, կվերցնի ռազմական վերահսկողության տակ՝ ԱՄՆ-ի լուռ կամ գործուն համաձայնությամբ, և սա հղի է անդառնալի հետևանքներով։ Թուրքերը, ինչպես գիտեք, որտեղ որ թուրք զինվորի ոտքը մտավ, համարում են, որ «թուրքական հող է»։
Իսկ իրենք ուղղակի հարմար առիթի են սպասում Սյունիքը Հայաստանից կտրելու։ Մենք պետք է այս սպառնալիքները հստակ հասկանանք և հստակ պատկերացնենք, թե մեզ ինչ է պետք դրանց դիմագրավելու համար։ Ամենակարևորը՝ հասկանալ մեր շահը և ունենալ երկրում իշխանություն, որն այդ շահին է հետամուտ»,- կանխատեսում և վերլուծում է Ավետիք Քերոբյանը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



