Տիրան Խաչատրյանի գործով Օնիկ Գասպարյանը դեռ չի հարցաքննվել. Ինչո՞ւ չպետք է գործը քննի Սյունիքի դատարանը
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, քրեական գործ է հարուցվել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ (18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով` անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ):
Ըստ մեղադրանքի՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի մարտական կարգադրությամբ նշանակված լինելով որպես Զորքերի հարավային խմբավորման հրամանատար՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, այն է՝ չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ՝ իր բոլոր տարրերով, մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Եվ նշվածը, ըստ Քննչական կոմիտեի, հանգեցրել է ԶՈւ բանակային բնագծի պաշտպանության ձախողմանը, խարխլել զորքերի կառավարման համակարգը, խափանվել է առաջադրված մարտական խնդրի կատարումը, արդյունքում հակառակորդն օգտվել է ստեղծված իրավիճակից և անխոչընդոտ տիրացել ռազմավարական բարձունքի, ճեղքել է առկա բնագիծը, մեկ այլ դեպքում շրջանցել է յուրային ստորաբաժանումներին և զարգացնելով գրոհը՝ տիրապետության տակ է վերցրել խմբավորման պաշտպանությանը հանձնված տարածքները:
Այս համատեքստում հիշեցնենք, որ 168.am-ը՝ «Աշոտ Փաշինյանը, պատերազմի ժամանակ նրա հրամանատարը, Ալփաշա բարձունքից նահանջն ու Տիրան Խաչատրյանի գործը» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ ուշագրավ դրվագներ կան:
Հավելենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ «ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը և կարժանանան ազգային հերոսի կոչման»:
Իհարկե, պատերազմից հետո ավելի ուշ իշխանության ներկայացուցիչները սկսեցին ասել, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն էր առաջարկել նրանց արժանացնել ՀՀ ազգային հերոսի կոչման: Այսինքն, պատերազմի ժամանակ իրեն գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանը նաև այս պատասխանատվությունն էր դրել ռազմական ղեկավարության վրա: Իսկ Տիրան Խաչատրյանն այդպես էլ չի վերցրել ՀՀ ազգային հերոսի կոչման «ատրիբուտները», Անդրանիկ Փիլոյանից էլ ոչ պատերազմական քրեական գործի համատեքստում դատարանը պահանջել էր վերցնել ունեցած բոլոր կոչումները:
Ինչևէ, Տիրան Խաչատրյանի գործի շրջանակում իրավական հարթությունում անդրադառնանք մի կարևոր հանգամանքի, որը հնարավոր է՝ 44-օրյային առնչվող այլ գործերի դեպքում է հանդիպում:
Խոսքը վերաբերում է հետևյալ հարցերին՝ ենթադրյալ հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքից դո՞ւրս, թե՞ ՀՀ տարածքում, եթե կատարվել է ՀՀ տարածքում, ապա կատարման վայրը որտե՞ղ է և որտե՞ղ պետք է լինի կատարման վայրի ընդդատությունը, և եթե կատարվել է ՀՀ-ից դուրս, ապա ինչո՞ւ չի գործում ըստ բնակության վայրի ընդդատության կանոնը։
168.am-ի հետ զրույցում այս առնչությամբ Տիրան Խաչատրյանի պաշտպաններից Արմեն Անդրիկյանը նշեց.

«Խնդիրը հետևյալն է. Քրեական դատավարության օրենսգրքի 260-րդ և 261-րդ հոդվածները նախատեսում են առարկայական և տարածքային ընդդատություն: Առարկայական ընդդատությունը դա կոնկրետ դատարանների մասով քննման ենթակա գործերի առանձնահատկությունն է կարգավորում, օրինակ, ընդհանուր իրավասության դատարաններին ենթակա քննվող գործերը, ընդ որում նաև՝ Քրեական օրենսգրքով նախատեսված կոռուպցիոն հանցանքների հետ կապված, որն արդեն Հակակոռուպցիոն դատարանի կողմից է քննվում: Սա առարկայական ընդդատությունն է:
Իսկ Քրեական դատավարության օրենսգրքի 261-րդ հոդվածը վերաբերում է տարածքային ընդդատությանը, ըստ որի՝ որտեղ կատարվել է ենթադրյալ հանցագործությունը, այդ տարածքի դատարանի կողմից պետք է քննվի գործը՝ անկախ նրանից, թե քննչական ենթակայությունը որտեղ է:
Բայց հենց այդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է, որ «այլ պետության տարածքում ենթադրաբար կատարված հանցանքի վերաբերյալ վարույթն ընդդատյա է այն դատարանին, որի դատական տարածքում է գտնվում մեղադրյալի բնակության կամ հաշվառման վերջին վայրը, իuկ եթե հնարավոր չի եղել այն պարզել, ապա այն դատարանին, որի դատական տարածքում է գտնվում մինչդատական վարույթը վերջինն իրականացրած նախաքննության մարմնի նստավայրը»: Այլ իրավական նորմ չկա այստեղ, այսինքն, քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է:
Հիմա, եթե համարում են, որ Արցախի Հանրապետության տարածքն Ադրբեջանի տարածքն է, այս պայմաններում, օրինակ, Տիրան Խաչատրյանի մասով ստացվում է, որ ենթադրյալ հանցանքը կատարվել է «այլ պետության տարածքում», և այս դեպքում, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի 261-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով գործը պետք է քննվի Տիրան Խաչատրյանի բնակության կամ հաշվառման հասցեում, բայց գործը քննվում է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:
Այս հարցը դատական նիստի ընթացքում մենք բարձրացրեցինք, մեզ ասեցին, որ կա ինչ-որ փաստաթուղթ, չգիտեմ ինչի մասին է խոսքը, կամ՝ ընդունված պրակտիկա, որ Արցախում տեղի ունեցած հանցագործությունները պետք է քննվեն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, բայց սպառիչ այլ պատասխան չենք ստացել: Հավելեմ, որ նախնական դատալսումների շրջանակում այդ ընդդատության հարցի վերաբերյալ քննարկմանն այս ամենն ասվել է, և անցել ենք առաջ, դատարանի կողմից ընդդատություն չփոխվեց, իհարկե, այս պահին խնդրի չենք բախվում, բայց իրավական խնդիր, ընդհանուր առմամբ, ես տեսնում եմ այստեղ»:
Հավելենք, որ 2025 թվականի փետրվարի 18-ին Տիրան Խաչատրյանի գործով դատական առաջին նիստին փաստաբան Անդրիկյանի դիտարկմանը.
«Իրավական հարթության մեջ՝ ՀՀ տարածքը ՀՀ իրավասության օրենսդրության ներքո գտնվող տարածքն է։ Մեղադրական եզրակացության մեջ նշված է՝ ԼՂ տարածքում։ Հիմա հասկանանք՝ դա ՀՀ տարա՞ծք է, Դուք իրավասություն ունե՞ք քննել այդ գործը, թե՞ բնակավայրով պետք է քննվի, ՀՀ տարածքից դուրս է կատարվել արարքը»։
Սրան մեղադրող կողմն արձագանքել էր, թե 2020թ․ նոյեմբերի 9-ի տրամաբանությամբ՝ Հայաստանի Հանրապետությունը եղել է ԼՂ-ում տեղակայված ՀՀ ԶՈՒ անվտանգության երաշխավորը:
«Ենթակայության խնդիր չկա, և առնվազն բարոյականության տեսանկյունից, կարծում եմ, որ ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել Արցախում՝ ՀՀ վերահսկողության ներքո գտնվող տեղանքում՝ առնվազն զինվորական տեսանկյունից»,- շարունակել էր դատախազը:
Ի դեպ, ավելի ուշ, Տիրան Խաչատրյանի գործով դատական նիստի ժամանակ, երբ քննարկվում էր խափանման միջոցը փոխելու հարցը, մեղադրող կողմը ՀՀ ԶՈՒ-ն համարել էր փոքր սոցիալական խումբ, որտեղ, թերևս, նրա տրամաբանությամբ՝ հիերարխիկ կապն ամուր է:
Սրանք նուրբ հարցեր են, որոնք, ըստ էության, որոշակի ռիսկեր են պարունակում, որոնք չէինք ցանկանա «բացել»:
Իսկ Տիրան Խաչատրյանի փաստաբանը մեզ հայտնեց, որ այս պահին դատական գործը վկաների հարցաքննության փուլում է:
«Ներկա պահին հարցաքննվել է ավելի քան 10 վկա: Իսկ գործով դատակոչված վկաների թվում են ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, Արտակ Բուդաղյանը, երկուսի հարցաքննություններն էլ դեռ տեղի չեն ունեցել»:
Ավելի վաղ գրել էինք, որ վկաների թիվն անցնում է երկու տասնյակից:
Նշենք, որ ըստ տեղեկությունների, Տիրան Խաչատրյանի դեմ ցուցմունք է տվել հենց Արտակ Բուդաղյանը:




